• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2010

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

   

«НиК». Ադրբեջանից նավթի և նավթամթերքների արտահանման ծավալն անցած տարի, համաձայն երկրի վճարային հաշվեկշռի վիճակագրության, կազմել է $19137,5 մլն: Անցած տարվա արդյունքներով` երկրից նավթի արտահանումը կազմել է ամբողջ արտահանման ավելի քան 90%-ը: Նավթի արտահանման $1195,7 մլն-ն բաժին է ընկել նավթամթերքներին, $17,9 մլրդ-ն` հում նավթին: Նավթի հիմնական արտահանողն է եղել Ադրբեջանի միջազգային գործառնական ընկերությունը (ԱՄԳԸ), որը $16,8 մլրդ-ի արտահանում է ապահովել: Անցած տարվա արդյունքներով` նավթի արտահանումը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ԱՊՆԸ) գծով կազմել է $913,5 մլն` ներառյալ Շահ-Դենիզ գազահանքի $200,7 մլն-ի կոնդենսատը:

«НиК». Բենզինի ներմուծումն Իրան 2010թ. ապրիլին կպահպանվի մարտի մակարդակին, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով թրեյդերներին: Ապրիլին Իրանը սփոթ շուկայում կգնի օրական մոտ 128 հազար բարել բենզին: Չնայած Իրանը խնդիրներ չունի մատակարարների հետ, բայց ստիպված է բենզինը գնել մերձավորարևելյան նավթի բազային գնով` գումարած $90-100 մեկ բարելի դիմաց: Գարնանային վաճառքի գնի ավելացումը 10-15%-ով ավելի կլինի հունվար-փետրվարի համեմատ, պնդում են թրեյդերները: Ավելի վաղ լրատվական գործակալությունների լրահոսով տեղեկատվություն տարածվեց Իրանի տրանսպորտի և վառելիքի կոմիտեի ղեկավար Մոհամեդ Ռոայանի հայտարարության մասին, որն ասել էր, թե իր երկիրը կարող է հասնել այն բանին, որ արդեն այս տարի ինքն իրեն ապահովի վառելիքով և վառելիքաքսուքային նյութերով: Mehr գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է. «Նկատի առնելով այն ջանքերը, որ գործադրում է նավթի նախարարությունը, դյուրավառ վառելիքի արտադրությունը մոտ ժամանակներս կաճի օրական 10 մլն լիտրով»: Ռոայանը պնդում է, որ ներկա պահին Իրանում սպառվում է օրական 62 մլն լիտր, որից 45 մլն-ն արտադրվում է երկրի տարածքում: Ռոայանը հայտարարել է, որ նորմալ պայմաններում Իրանը չէր կարողանա հասնել ինքն իրեն ապահովելուն, բայց իսլամական հանրապետությունում դյուրավառ վառելիքի ներմուծման սանկցիաներ մտցնելու դեպքում հնարավոր է բենզինի արտադրության կտրուկ ավելացում «մեկ եռամսյակի ընթացքում»:

«Нефть России». Իրանը համաձայնագիր կստորագրի իրանա-ավստրալական ինչ-որ կոնսորցիումի (KIPC) կողմից նավթի երեք աշխարհամասային հանքավայրերի` «Քուհմոնդի», «Կակիի» և «Բուշգանի» մշակման մասին: Ֆինանսավորումը կատարվում է Չինաստանի կողմից: Այս մասին տեղեկացնում է Իրանի նավթագազային Shana տեղեկատվական գործակալությունը:

Այս մասին տեղեկացրած բարձրաստիճան պաշտոնյան` Բախման Սամիմին, որն աշխատում է Իրանի ազգային նավթային ընկերությունում և ծանր նավթի հետ կապված նախագծերի պատասխանատուն է, ոչ մի մանրամասն չի նշել` հայտարարելով միայն, որ պայմանագիրը կստորագրվի իրանական օրդիբեխեշթ ամսին, որն սկսվում է ապրիլի 21-ին:

«ՌԻԱ Նովոստի». Ռուսական ԼՈւԿօյլ խոշոր նավթային ընկերությունը մի քանի միջազգային ընկերությունների հետևից կդադարեցնի նավթամթերքների մատակարարումն Իրանին, որի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցն է քննարկվում:

«ԼՈւԿօյլ-ը մտադիր է դադարեցնել (նավթամթերքների- խմբ.) մատակարարումներն Իրան»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ապրիլի 8-ին ասել է Ռուսաստանի ամենախոշոր մասնավոր նավթային ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը` չնշելով նման որոշում կայացնելու պատճառների մասին:

Ռոյթըր գործակալության տվյալների համաձայն, որը վկայակոչում է թրեյդերներին, ԼՈւԿօյլ-ը Իրանին ամսական մատակարարում է մոտ 250-500 հազար բարել բենզին: «Այն միակ խոշոր մատակարարը չէ Իրանի շուկայում, այն մատակարարում է առիթից առիթ»,- թրեյդերներից մեկին մեջբերում է գործակալությունը:

Մարտին բենզինի մատակարարումն Իրանին դադարեցրեց անգլո-հոլանդական Royal Dutch Shell կոնցեռնը: Հոլանդա-շվեյցարական Vitol Holding և Trafigura թրեյդերները և շվեյցարական հումքային Glencore թրեյդերը նույնպես դադարեցրել են բենզին մատակարարել Իրանին:

«Новости-Азербайджан». Հունվար-մարտին Թուրքիայի Ջեյհան նավահանգստից համաշխարհային շուկաներ է ուղարկվել 8,2 մլն տ ադրբեջանական նավթ, տեղեկացրել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության մամլո ծառայությունում:

Մարտին այդ ցուցանիշը կազմել է 2,84 մլն տ:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից հետո ապրիլի 1-ի դրությամբ Ջեյհան նավահանգստից համաշխարհային շուկաներ է առաքվել ընդհանուր առմամբ 112,8 մլն տ ադրբեջանական նավթ:

«Lenta.Ru». Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան ապրիլի 13-ին պայմանավորվել են Սև ծովի ափին հեղուկ բնական գազի (ՀԲԳ) երկու տերմինալի շինարարության մասին:

Տերմինալներից մեկը կկառուցվի Ռումինիայում, մյուսը` Վրաստանում: Ամբողջ նախագծի արժեքը գնահատվում է 2-4 մլրդ եվրո: Տերմինալներում կմշակվի Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով Արևելյան Եվրոպա ուղարկվող գազը:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Ադրիան Վիդյանուի խոսքերով` ՀԲԳ տերմինալների կառուցման նախագիծը Nabucco գազատարի լրացուցիչ նախագիծ է: Ռումինական կողմը պնդում է, որ նախագիծը պետք է դառնա ԵՄ-ի համար գերակա նախագծերից մեկը:

Nabucco-ն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի շարունակությունը և կանցնի Թուրքիայի ու Բալկանյան երկրների միջով մինչև Ավստրիա: Նոր գազատարը, որի կառուցումը գնահատվում է 7,9 մլրդ եվրո, պետք է վառելիք հասցնի Եվրոպա Միջին Ասիայից` շրջանցելով Ռուսաստանը: Նախագծին մասնակցում է վեց երկիր` Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Ավստրիա և Գերմանիա:

«Ռեգնում». «ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2010թ. վերջին ծրագրում է ավարտել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի արդիականացումը: Այս մասին REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` 300 մվտ հզորությամբ էներգաբլոկն ամբողջովին կվերակառուցվի և կլրացվի 180 մվտ հզորությամբ նոր բլոկով: «Սա աննախադեպ նախագիծ է, որն արդյունքում թույլ կտա մեզ էժան էլեկտրաէներգիա արտադրել և, հույս ունենք, արտահանել այն»,- նշել է Կ.Կարապետյանը: Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ շատ երկրների մասնագետներ են դիմում «ՀայՌուսգազարդին»` խնդրելով հնարավորություն տալ ուսումնասիրելու այս եզակի փորձը:

Նշենք նաև, որ ներկայումս «ՀայՌուսգազարդը» էլեկտրաէներգիա չի արտահանում, թեև ոչ վաղ անցյալում մատակարարումներ էր իրականացնում դեպի Վրաստան: «Մենք ձգտում ենք դիրքեր գրավել այդ շուկայում»,- այս առիթով հայտարարել է Կարեն Կարապետյանը: «Սպառման այլընտրանքային շուկաների որոնումը, դիվերսիֆիկացիան մեր ռազմավարական խնդիրն է»,- ավելացրել է նա:

«Ռոյթըր». Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների տնտեսությունը, որն, ընդհանուր առմամբ, բավական կայուն էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում, առաջիկա երկու տարիներին աստիճանաբար կվերականգնեն ՀՆԱ աճի տեմպերը` ոչ մեծ ինֆլյացիոն ճնշման պայմաններում, ասվում է Զարգացման ասիական բանկի (ԶԱԿ) տեսությունում:

ՀՆԱ աճ սպասվում է հետխորհրդային բոլոր ութ հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում ու Վրաստանում` տարածաշրջանի միակ երկրներում, որոնցում 2009թ. նկատվել է տնտեսության անկում: Ի տարբերություն նախորդ տարիների` ինֆլյացիայի մակարդակը կբնութագրվի միանիշ թվերով, բացառությամբ Տաջիկստանի:

Ընդհանուր առմամբ, Ասիայի զարգացող երկրների տնտեսությունները 2010թ. կարող են 7,5 տոկոսի աճ գրանցել անցած տարվա 5,2 տոկոս աճից հետո, կանխատեսում է բանկը:

«Finansmag.ru». 2010թ. ապրիլի 14-ին Վրաստանի իշխանությունները հանդես եկան օտարերկրացիներից կազմված խմբի ձերբակալության մասին հայտարարությամբ այն մասին, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ բարձր հարստացված ուրան։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է երկրի նախագահ Մ.Սահակաշվիլին վերջերս Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովում։ Հիշեցնենք, որ դեռևս 2009թ. օգոստոսին Թբիլիսիում ձերբակալվել էր ՌԴ քաղաքացի, որը փորձել էր վաճառել բարձր հարստացված ուրան (100 գրամ)։

«Ռիա-Նովոստի». Վրաստանի ու Ադրբեջանի իշխանությունները տարբեր մեկնաբանություններ են տալիս ապրիլի 13-ին վրաց-ադրբեջանական սահմանին՝ Էրիսիմեդի գյուղում արձանագրված միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում մահացել էր Վրաստանի անչափահաս մի քաղաքացի։ Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով, 16-ամյա Ահմեդ Գաուրգաշվիլին զոհվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից այն ժամանակ, երբ կովերին դաշտ է դուրս բերել արածացնելու։ Հարազատների պնդմամբ, պատանին զոհվել է ադրբեջանցի սահմանապահի արձակած հրազենային կրակից։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տվյալներով, Ադրբեջանի Բալաքանի շրջանում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի հատման փորձ, որը և կանխվել է։

«Նեզավիսիմայա գազետա». Ապրիլի 13-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի միջև ստորագրվել է գազամատակարարումների ոլորտում համագործակցության պայմանագիր, որի համաձայն` Ադրբեջանը Վրաստանի տարածքով Ռումինիային է մատակարարելու հեղուկացված գազ։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել բնական գազի հեղուկացման գործարան, ինչպես նաև տերմինալ Վրաստանում և Ռումինիայի Կոնստանցա սևծովյան նավահանգստում։ Նախագծի ընդհանուր արժեքը 2-4 մլրդ եվրո է։ Համաձայնագրի իրականացման ընթացքում Ռումինիան պետք է ստանա 7 մլրդ մ3 գազ, իսկ հետագայում հնարավոր է գազի մատակարարումների ծավալների աճ մինչև 20 մլրդ մ3։

«Կոմսոմոլսկայա պրավդա». Վրաստանի խորհրդարանը սկսել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը, որի համաձայն` երկրի կինոթատրոններում արգելվում է ռուսերեն թարգմանությամբ օտարերկրյա ֆիլմերի ցուցադրությունը։ Նախատեսվում է փաստաթուղթն ընդունել մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջը։

«Պրավդա». Ապրիլի 19-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդես եկավ հայտարարությամբ, որ վրացական կողմը ժնևյան բանակցություններում պատրաստ է ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի Դաշնության և ոչ թե Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։ Նշենք, որ կողմերի վերջին հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 30-ին, ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու առաջարկը հնչեց ռուսական կողմից։


դեպի ետ