ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ
Ըստ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինի՝ 2-3 տարի հետո աշխարհում կսկսվեն մեծամասշտաբ պատերազմներ տեղեկատվական ոլորտում։
Նոգովիցինի կարծիքով՝ այդ պատերազմներում հիմնական խնդիրն է լինելու հակառակորդի առանցքային ռազմական, արդյունաբերական և վարչական օբյեկտների գործունեության խափանումը, ինչպես նաև տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունը բնակչության և բանակի վրա։
Նոգովիցինն ընդգծեց, որ տեղեկատվական ազդեցությունն ի վիճակի է ամբողջությամբ կազմալուծել պետական կառավարման ողջ համակարգը, ուստի, ըստ նրա՝ պետական սահմանները երկրի անվտանգության ապահովման համար արդեն հատուկ նշանակություն չեն ունենում։
Նոգովիցինն անհրաժեշտ է համարում ստեղծել նախազգուշացման համակարգ, որը կկարողանա հայտնաբերել և որոշել տեղեկատվական ցանցերի աշխատանքի խափանումները, ինչպես նաև ծրագրային ապահովման սխալները։
Որպեսզի Ռուսաստանը պատրաստ լինի նման պատերազմներ վարել, գլխավոր շտաբը մտադիր է մշակել երկրի տեղեկատվական անվտանգության համապարփակ ռազմավարություն, սակայն չճշգրտեց, թե կոնկրետ ինչպես պետք է մշակվի ռազմավարությունը, և պաշտպանության ինչ միջոցներ պետք է ներառվեն։
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Չինաստանում ստեղծվել է ինտերնետ-գրաքննության նոր գերատեսչություն, որի խնդիրն է ստուգել սոցիալական ցանցերում, բլոգերում և ֆորումներում տեղադրված տեղեկատվությունը։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ այն կգործի արդեն գոյություն ունեցող Տեղեկատվության վերահսկման պետխորհրդի բյուրոյի մարմնի հետ համաժամանակյա։
Տեղեկության համաձայն՝ նորությունները կոորդինացնող բյուրոյի ստեղծման համար պատճառ է հանդիսացել այն, որ իշխանությունների համար չափազանց դժվարացել է այն հաղորդագրությունների վերահսկումը, որոնք զետեղվում են մասնավոր բլոգերում և սոցիալական ցանցերում։ Անցյալ տարի ՉԺՀ իշխանությունները, հնարավորություն չունենալով ստուգել Twitter-ում, Facebook-ում և YouTube-ում տեղակայված հաղորդագրությունների և տեսանյութերի բովանդակությունը, ստիպված էին ժամանակավորապես արգելափակել մուտքն այդ ծառայություններ։
Որպես արևմտյան բլոգերի և սոցիալական ցանցերի այլընտրանք՝ Չինաստանի բնակիչներին առաջարկվեց օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Sina.com-ը, QQ.com-ը, ինչպես նաև հաղորդագրություններ թողնել Կոմունիստական կուսակցության հրատարակության կայքում։ Չնայած դրան՝ ինտերնետի չինացի օգտվողները, որոնց թիվը մոտ 400 մլն է, տեղական սոցցանցերի փոխարեն գերադասում են օգտվել դրանց արևմտյան նմանօրինակներից։
Որպես կանոն, արևմտյան ինտերնետ-կորպորացիաների համար չինական շուկա մուտք գործելու պարտադիր պայման է չինական իշխանությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան ինքնագրաքննության իրականացումը։ Դրա դիմաց ընկերությունները երկրում անխոչընդոտ գործելու երաշխիք են ստանում։
Չնայած դրան՝ 2010թ. չինացի հաքերների մի խումբ, որոնք ենթադրաբար վարձվել էին իշխանությունների կողմից, փորձեցին հարձակվել Google ընկերության սերվերների վրա։ Այս ամենի արդյունքում բռնկված սկանդալի հետևանքով Google-ը հրաժարվեց ինքնագրաքննության իրականացման պարտավորությունից։ Հետագայում ընկերությունը որոշում ընդունեց գործունեությունը տեղափոխել Հոնկոնգ։
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱԿԱՑԱՆՑԱՀԵՆԱՅԻՆ ՕՐԵՆՔ
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է Digital Economy Bill օինագիծը, որը նպատակ ունի պաշտպանել հեղինակային իրավունքները համացանցում։ Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 189 խորհրդարանական, դեմ՝ 47։
Թեև օրինագծի վերջնական տարբերակում բացակայում են մի քանի առանցքային դրույթներ, որոնք նախատեսվում էին սկզբում, այնուամենայնիվ, «երեք հարվածների համակարգի» բրիտանական տարբերակն ընդունվեց։
Արժե նշել, որ մինչև օրենքի ուժ ստանալն այն պետք է արժանանա թագավորական հավանության, բայց դա ընդամենը ձևականություն է։ Հենց որ օրենքն ուժի մեջ մտնի, բրիտանական պրովայդերները ստիպված կլինեն համագործակցել հեղինակային իրավունք ունեցողների հետ իրենց հաճախորդների դեմ պայքարում, որոնք փոխանակում են պաշտպանված հեղինակային իրավունքներ ունեցող նյութեր կամ խախտում են հեղինակային իրավունքն այլ եղանակներով։
Մասնավորապես, պրովայդերները պարտավորվում են «տեխնիկական միջոցներ» կիրառել խախտումներ իրականացնողների դեմ, այսինքն՝ նախատեսվում է տվյալների փոխանակման արագության սահմանափակում, որոշակի նյութերի հասանելիության արգելափակում կամ սահմանափակում, ծառայությունների մատուցման դադարեցում և, վերջապես, մատուցվող ծառայությունների սահմանափակում «այլ միջոցներով»։ Այնքան էլ հստակ չէ՝ արդյո՞ք վերջինս նախատեսում է բաժանորդի լրիվ «անջատում»՝ պայմանագրի չեղյալացմամբ։
Տեղի Ցանցահենային կուսակցությունն ապրիլի 7-ն անվանել է «Բրիտանիայի թվայնացված ապագայի մռայլ օր», իսկ նոր օրենքը՝ «վիշապային»։
«Օրենքը չի վերացնի հեղինակային իրավունքների խախտումները, այն միայն կստիպի խախտողներին դիմել թվայնացման և գաղտնիության պահպանման մեթոդների և, ըստ էության, հանցագործ կդարձնի ավելի քան 6 մլն բրիտանացիների՝ երեխաների, դեռահասների և մեծահասակների, և այդ ամենը՝ մահացող արդյունաբերությունը պաշտպանելու հովանավորչական փորձի համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի Ցանցահենային կուսակցության հաղորդագրության մեջ։
«ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԵՐՄԱՅՐՈՒՂԻ» ՆԱԽԱԳԻԾԸ
2009թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Ադրբեջանի կառավարության առաջարկած նախագիծը` Անդրեվրասիական տեղեկատվական գերմայրուղու (Trans-Eurasian Information Super Highway) ստեղծման վերաբերյալ:
Նախագծի նպատակն է Արևմուտքի և Արևելքի միջև ստեղծել տեղեկատվական գերմայրուղի և տարածաշրջանային երկրների համար առավել հասանելի դարձնել տեղեկատվական և հաղորդակցային հնարավորությունները: Մայրուղին միավորելու է ավելի քան 20 երկիր, այդ թվում` Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրները, Թուրքիան, Իրանը, Կենտրոնական Ասիայի երկրները (Աֆղանստան և Պակիստան), Հնդկաստանը, Չինաստանը և այլն:
Նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Չինաստանը, որը հանդես է եկել մեծածավալ ներդրումներ կատարելու առաջարկով:
Ապրիլի 27-29-ը Չինաստան է այցելել Ադրբեջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը՝ մասնակցելու վերոհիշյալ նախագծին նվիրված ֆորումին:
ՀԱՄԱՑԱՆՑՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ընթացիկ տարում .az դոմենային տիրույթում գրանցված դոմենների թիվը հասել է 9981-ի: Հունվարի 11-ի տվյալների համեմատ՝ գրանցված դոմենների թիվն աճել է 703-ով:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեծացել է նաև համակարգիչ ունեցողների թիվը, մասնավորապես՝ Բաքվում: Համաձայն Business Insight հետազոտական ընկերության տվյալների՝ Բաքվի բնակչության 61,7%-ը տանը համակարգիչ ունի, իսկ 81%-ը օգտվում է համացանցից, մինչդեռ անցյալ տարի վերջին ցուցանիշը չէր գերազանցում 41%-ը:
ԲԱՔՎՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐ
Ադրբեջանական «Սինամ» ընկերությունը, որին պատկանում է համակարգչային սարքավորումների արտադրության «Քյուր» գործարանը, մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը նախատեսում է Բաքվում ստեղծել համացանցային կրպակների համակարգ: Դրանք կտեղադրվեն Բաքվի հասարակական վայրերում և միացված կլինեն WiMAX անլար համացանցային համակարգին: Դրանց միջոցով ամեն ոք հնարավորություն կունենա ցանկացած ժամանակ մուտք գործել համացանց:
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊՈՐՏԱԼ
Ստեղծվել է ինտերնետ պորտալը (www.history.az), որը նվիրված է Ադրբեջանի պատմությանը: Այն նախաձեռնել են Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և «Իրելի» հասարակական կազմակերպությունը: Կայքում տեղակայված են Ադրբեջանի պատմության բոլոր դարաշրջաններին վերաբերող էլեկտրոնային գրադարան, քարտեզներ, տեսա- և ֆոտոնյութեր, պեղումների նյութեր:
Կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԱՅՔ «ՀԱՅԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանական «Մտավոր սեփականության օգնություն» հասարակական միավորումը սկսել է մի նախագիծ, որը կոչվում է Ադրբեջանի հոգևոր արժեքների նկատմամբ «հայկական ոտնձգությունների» փաստերի ներկայացում միջազգային հանրությանը: Այն իրականացվում է Ադրբեջանի նախագահին կից հասարակական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Նախագծի շրջանակներում կստեղծվի երկլեզու (անգլերեն և ադրբեջաներեն) կայք, որտեղ էլ կզետեղվեն, այսպես կոչված, «հայկական գրագողության» փաստեր:
դեպի ետ