• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2008

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Руский

   

Արաքս Փաշայան

Իսլամական կրոնաքաղաքական հոսանքները, այդ թվում` սուննի իսլամի առավել արմատական ուղղություն համարվող սալաֆիականությունը (որ հաճախ անվանվում է վահաբականություն եզրով), Ադրբեջան է ներթափանցել 1990-ականների սկզբներից, հիմնականում ռուս-չեչենական պատերազմների, նաեւ` սաուդյան միսիոներների քարոզչության արդյունքում՝ աստիճանաբար վերաճելով ներքին վտանգի։ Վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներում որոշակի լարվածություն է առաջացրել «Անտառային եղբայրներ» անունով սալաֆիական մի խմբավորում:

Իր բնույթով «Անտառային եղբայրները» ջամաա է, որն իսլամում ունի ինչպես համայնքի, այնպես էլ ենթակառուցվածքներ եւ միասնական առաջնորդ (էմիր) ունեցող ռազմական խմբավորման նշանակություն: Նման կառույցն առաջնորդվում է ռազմական ջիհադի հայեցակարգով, նրա գաղափարախոսության հիմքում ընկած է շարիաթական պետության ստեղծման սկզբունքը։

«Անտառային եղբայրների» կազմում (որն ունի հյուսիսկովկասյան ծագում) ներգրավված են չեչեններ, արաբ-աֆղանցիներ, դաղստանցիներ եւ ադրբեջանցիներ։ Գործում է հիմնականում Դաղստանի հարավային եւ Ադրբեջանի հյուսիսային` մեծ մասամբ լեզգիաբնակ շրջաններում։ Կառույցի անդամները կապ ունեն չեչենական եւ դաղստանյան ջիհադական շարժման հետ։ Նրա մի շարք անդամներ մարտնչել են ծագումով լակ դաշտային հրամանատար Ռաբանի Խալիլովի հետ, ով մինչեւ իր մահը (2007թ.) հայտնի է եղել որպես «Կովկասի դիմադրության ուժերի դաղստանյան ճակատի էմիր» եւ 1999-ից Դաղստանում` Խատտաբի հրամանատարությամբ կռվել է ռուսական բանակի դեմ։

«Անտառային եղբայրների» մարտավարությունը փոխառված է դաղստանյան ջամաաներից, որոնք իրենց հերթին կրում են աֆղանական ջիհադական շարժման եւ մոջահիդների ազդեցությունը: Այդ ինստիտուտը (որն աֆղանական պատերազմի ժամանակ ներդրվել է ամերիկյան եւ սաուդյան հատուկ ծառայությունների կողմից) հետագայում իր դրսեւորումներն ունեցավ Լեռնային Ղարաբաղի, Չեչնիայի եւ Բոսնիայի պատերազմներում։

Հատկանշական է, որ կառույցի անդամները Դաղստանից պարբերաբար անարգել կարողացել են ներթափանցել Ադրբեջան եւ իրականացնել տարաբնույթ գործողություններ։ Խմբավորման հանգուցային դեմքերից էին Զաքաթալայից ծագումով լեզգի, դաղստանյան ջամաայի առաջնորդ էմիր Իլղար (Էլդար) Մոլլաչիեւը (Աբդուլմաջիդ մականունով), նաեւ նրա բարեկամ Սամիր Մեհտիեւը (Սուլեյման մականունով)։

Դեռեւս 2007-ին Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում ձերբակալեցին «Անտառային եղբայրների» 17 ակտիվիստների, այդ թվում խմբավորման առաջնորդներից մեկին՝ ծագումով արաբ, Սաուդյան Արաբիայի քաղաքացի Նաիֆ Աբդ Ալ-Քերիմ Ալ-Բադավիին (Աբու Ջաֆար մականունով)։ Դրանից հետո Մոլլաչիեւը եւ Մեհտիեւը փորձել էին վերականգնել կառույցի գործունեությունը եւ երկրում իրականացնել ահաբեկչական գործողություններ։

Հուլիսին նրանք Դաղստանից անցել էին Ադրբեջան, ծրագրել ստեղծել «Սումգայիթ ջամաան» (որը պետք է Բաքվում կողոպուտների արդյունքում ձեռք բերեր զինամթերք եւ իրականացներ ռազմական գործողություններ), ինչպես նաեւ՝ «Ղուփա-Քուսար ջամաան», որը երկրի լեզգիաբնակ լեռնային շրջաններում պետք է հիմներ ռազմական հենակետեր եւ զինանոցներ։ Նրանց էական օգնություն են ցույց տվել նաեւ տեղացի առանձին ադրբեջանցիներ։

Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների` 2008թ. օգոստոսի 17-ին երկրում նախահագահական ընտրությունների նախօրեին Բաքվի սուննիական Աբու Բաքր մզկիթում իրականացված աննախադեպ ահաբեկչությունը կազմակերպել էին «Անտառային եղբայրները», իսկ ավելի ստույգ` Ի.Մոլլաչիեւի խումբը։ Մզկիթում իրականացված պայթյունից հետո, օգոստոսի վերջին, խմբավորումը ռազմական գործողություններ է իրականացրել արդեն Ադրբեջանի իրավապահ ուժերի դեմ` Քուսարի շրջանի Հեզրե գյուղի մոտակայքում եւ հաջողել նահանջել. արդյունքում` սպանվել է ադրբեջանցի մի զինվորական։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների` իրավապահ ուժերը պայքարել են «վահաբական զինված խմբավորումների դեմ, ովքեր ձգտում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ արդյունքում` Հյուսիսային ու Հարավային Կովկասում ստեղծել իսլամական պետություն»։

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ուժերին հաջողվեց Դաղստանում վերացնել Մոլլաչիեւին, իսկ դրանից հետո Ադրբեջանի իշխանություններն իրականացրին «Անտառային եղբայրների» զանգվածային ձերբակալություններ:

Հատկանշական է, որ Մոլլաչիեւի սպանությունից եւ կառույցի բազմաթիվ անդամների ձերբակալությունից հետո «Անտառային եղբայրներն» Ադրբեջանի տարածքում ոչ միայն նահանջ չապրեցին, այլեւ ընդլայնեցին իրենց գործունեությունը: Ասվածի ապացույցն է հերթական՝ այս անգամ նոյեմբերի 10-ին եւ դրան հաջորդած օրերին կառույցի անդամների եւ Ադրբեջանի պաշտպանական ուժերի միջեւ ռազմական գործողությունների ծավալումը Քուսարի եւ Ղուփայի շրջաններում։ Նոյեմբերի 11-ին ռազմական գործողությունների փաստը հերքեց երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ հյուսիսային շրջաններում ներքին զորքերի տեղաշարժը կապելով հերթական զորավարժությունների հետ։ Սակայն նոյեմբերի 10-ին ադրբեջանական APA գործակալությունն արդեն իսկ հայտնել էր, որ նոյեմբերի 9-ից ադրբեջանական ներքին զորքերը զինամթերքի որոնման նպատակով շարժվում են դեպի Քուսարի եւ Ղուփայի լեռնային ու անտառային շրջաններ։ Առկա տվյալները հիմք են տալիս արձանագրել, որ գրոհայիններին հաջողվել է մի քանի օր դիմադրություն ցույց տալ ադրբեջանական ներքին զորքերին: Մամուլում տեղ գտած նյութերից պարզ է դառնում, որ Բաքվի իշխանությունները ռազմական գործողությունների գոտի են տեղափոխել ծանր զրահատեխնիկա։ Չի բացառվում, որ գրոհայինների թիվը քիչ չի եղել, որոնք, ամենայն հավանականությամբ, ցանկացել են ցուցադրական ռազմական ակցիա իրականացնել, քանի որ խմբավորման ղեկավարները հազիվ թե համոզված լինեին, թե կարող են հասնել քաղաքական որեւէ լուրջ նպատակի։

Ադրբեջանում «Անտառային եղբայրների» գործունեությունը, ըստ ամենայնի, եզրեր ունի նաեւ լեզգիական գործոնի հետ: Հայտնի է, որ լեզգիները, որոնք պատմական Աղվանքի (Կովկասյան Ալբանիա) հնագույն ժողովուրդներից մեկն են, բաժանված են երկու հատվածների: Նրանց մի մասն ապրում է Դաղստանում, մյուս մասը` Ադրբեջանի հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան շրջաններում1: Լեզգիները, որոնք դավանում են իսլամի սուննի ուղղությունը, մեծ մասամբ բնակվում են Քուսարում, Խաչմազում, Ղուփայում, Զաքաթալայում, Իսմայիլիում, նաեւ՝ Բաքվի մերձակայքում։ Քուսարի շրջանում լեզգիները կազմում են բնակչության 90-95 տոկոսը։

Չնայած ադրբեջանական իշխանություններին (մասնավորապես Հեյդար Ալիեւի օրոք) հաջողվեց ժամանակի ընթացքում չեզոքացնել լեզգիական ազգայնական շարժումը եւ դրա առաջատարը համարվող «Սադվալ» կազմակերպությանը (որը 1990-ականներից ի վեր պայքարում էր սկզբում՝ Դաղստանի եւ Ադրբեջանի տարածքներում լեզգիական ինքնավարությունների, իսկ ապա՝ անկախ Լեզգիստան պետության ստեղծման համար), սակայն այսօր էլ լեզգիական քաղաքական օրակարգը չի կորցրել նշանակությունը։ Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում լեզգիական ազգային գործընթացում որոշակի նշանակություն սկսեց ձեռք բերել նոր բաղադրիչ՝ իսլամը։ Դեռեւս 1990-ականներից լեզգիական շրջաններում զգալի տարածում ստացան իսլամական կրոնաքաղաքական գաղափարները։ Արդյունքում` լեզգիական ազգային տարածքներում բնակչության մի հատված դարձավ սուննի կրոնական գործառույթի ակտիվ հետեւորդ։ Լեզգի բազմաթիվ երիտասարդներ սկսեցին անդամագրվել տարաբնույթ ջամաաներում, որոնք գործում էին Չեչնիայում եւ Դաղստանում։

Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս լեզգիական խնդրի լուծումը տեսնում են ուժային մեթոդների մեջ։ Ասվածի ապացույցն է լեզգիական շրջաններում ժամանակ առ ժամանակ կրոնական գործիչների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, մտավորականների ձերբակալությունների փաստը: Լեզգի հասարակական-քաղաքական գործիչներն ադրբեջանական իշխանություններին, որպես կանոն, մեղադրում են մայրենի լեզուն սովորելու հետ կապված անհաղթահարելի դժվարությունների եւ լեզգիական շրջաններում սոցիալական տարաբնույթ խնդիրների առկայության մեջ: Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում 2008թ. հունիսին Ադրբեջանի լեզգիների, ավարների եւ ծախուրների միացյալ հայտարարությունը, որն ունի «Ադրբեջանական պետական ֆաշիզմի դեմ» խորագիրը (դրանում Ադրբեջանի լեզգիների, ավարների եւ ծախուրների միացյալ թիվը ներկայացված է մեկ միլիոն): Հայտարարության մեջ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները միջազգային հանրությանը զգուշացնում են էթնիկ զտման եւ բռնի տեղահանման վտանգի մասին: Որպես ապացույց բերվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ տասնյակ հազարավոր լեզգի, ավար եւ ծախուր երիտասարդների բռնի կերպով ռազմաճակատ ուղարկվելու փաստը:

Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ եղած դժգոհությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ լեզգիները հիմնականում սուննի ինքնության կրողներ են, ի տարբերություն շիա ադրբեջանցիների: Պատահական չէ, որ սուննիական կրոնաքաղաքական ուժերը, որոնք շիաների նկատմամբ ավանդականորեն վերապահ կեցվածք ունեն, կարողանում են համակրանք շահել հենց այդ շրջաններում: Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության խնդիրներով զբաղվող շվեյցարական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (ISN) աշխատակից Կարլ Ռահդերի համոզմամբ` պատահական չէ, որ ռուսական բանակի հետապնդումներից խուսափող չեչեններն ու դաղստանցիներն Ադրբեջանի հյուսիսային շրջաններում «զգում են իրենց ինչպես տանը»: Նրանք լսարան են գտնում Ղուփայի եւ Զաքաթալայի սուննի մզկիթներում: Այս շրջաններում է, որ ժամանակ առ ժամանակ զենք է հայտնաբերվում կամ տեղական ոստիկանության հետ բախումներ են արձանագրվում:

Պատահական չէ, որ «Անտառային եղբայրները» ծրագրել էին հենց լեզգիական շրջաններում ստեղծել ռազմական ճամբարներ: Չի բացառվում, որ Մոլլաչիեւը ցանկանում էր, որպեսզի սույն խմբավորումը դառնա ինքնուրույն ջամաա՝ Հյուսիսային Կովկասի դիմադրության շարժման մեջ ներքաշելով լեզգիների, ովքեր իրենց գործունեությունը կկարողանային ուղղորդել նաեւ Բաքվի դեմ՝ հետամուտ լինելով լեզգիական հիմնախնդիրների լուծմանը:

Ադրբեջանին սպառնացող վտանգների մեջ կրոնական եւ էթնիկ բաղադրիչները մեծապես խոցելի են դարձնում այդ երկիրը։ Առանձին տվյալներ փաստում են, որ իսլամական կրոնական արմատականությունը թափանցել է նաեւ ադրբեջանական բանակ, որի ապացույցը 2007թ. աշնանը Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների դեմ ծրագրված ահաբեկչության բացահայտումն էր, որը փորձել է իրականացնել վահաբական մի խմբավորում՝ ի դեմս Պաշտպանության նախարարության լեյտենանտ Ք.Ասադովի, ով առեւանգված զենքն ու զինամթերքը թաքցրել էր լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանում։

Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներում կրոնական եւ էթնիկ գործոնի ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաեւ արտաքին դերակատարությամբ։ Դրանով կարող են հետաքրքրված լինել տարածաշրջանի աշխարհաքաղաքական բոլոր խաղացողները: Ոմանք կարող են եզրակացնել, որ Ադրբեջանում իսլամական կրոնաքաղաքական հոսանքների ակտիվացումը Ռուսաստանի նախաձեռնությունն է: Համարվում է նաեւ, որ Ռուսաստանը լեզգիական գործոնն օգտագործում է իր կովկասյան քաղաքականության մեջ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը, խոցելի դարձնելով Ադրբեջանը, ձգտում է վերահսկողություն ունենալ տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների վրա։ Այն, որ «Անտառային եղբայրների» գրոհայինները կարողացել են անարգել ներթափանցել Ադրբեջան, խոսում է այն մասին, որ մի կողմից` այդ իրողությունը չնկատելու է տրվել ռուսական սահմանապահ ուժերի եւ հատուկ ծառայությունների կողմից, մյուս կողմից` չպետք է բացառել, որ Ռուսաստանն իր հերթին խնդիր ունի վերահսկել նախ` Դաղստանում սալաֆիական կառույցների գործունեությունը, ապա՝ ռուս-ադրբեջանական սահմանը, չնայած այն հանգամանքին, որ 1996թ. Ադրբեջանի հետ ձեռք է բերվել երկուստեք սահմանն ամրապնդելու պայմանավորվածություն, որն ամրագրվել է համապատասխան պայմանագրով։

Ադրբեջանում իսլամական գործոնի ակտիվացումը կարելի է դիտարկել նաեւ որպես իսլամական կրոնաքաղաքական արմատական կառույցների միջոցով շրջանն ապակայունացնելու եւ այնտեղ լայն ազդեցություն ունեցող Ռուսաստանի դիրքերը թուլացնելու ձգտում, որին հետամուտ է Արեւմուտքը։

Միեւնույն ժամանակ, փաստը, որ վերջին տարիների ընթացքում սա «Անտառային եղբայրների» հետ կապված բազմաթիվ դեպքերից մեկն է միայն, խոսում է այն մասին, որ իսլամական արմատականությունը դառնում է Ադրբեջանին առնչվող անվտանգության օրակարգի բաղկացուցիչը, եւ չի բացառվում, որ առաջիկայում այդ ուղղությամբ նոր զարգացումներ լինեն։

1Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների` լեզգիները երկրի բնակչության 2-2,5 տոկոսն են: 1999թ. մարդահամարի տվյալներով` նրանց թիվը 178.000 էր: Լեզգիական աղբյուրներով` Ադրբեջանում բնակվում է 500.000-700.000 լեզգի բնակչություն: Ադրբեջանցի ուսումնասիրող Արիֆ Յունուսովի համոզմամբ` Ադրբեջանի լեզգիների թիվը 250.000-260.000-ի շրջանակներում է: Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի (UNHCHR) 2006թ. զեկույցի (Minorities in the North Caucasus)` Բաքվի արվարձաններում լեզգիները բնակչության 15 տոկոսն են, իսկ Բաքվում գործում է հին լեզգիական մզկիթը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր