• am
  • ru
  • en
Версия для печати
17.05.2010

ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Բռնի իսլամացված հայերի եւ նրանց սերունդների խնդրի ուսումնասիրությանը զուգահեռ ի հայտ են գալիս նրանց աշխարհագրական սփռվածությանը վերաբերող նոր եւ հետաքրքիր մանրամասներ: Մասնավորապես` Թուրքիայի կրոնափոխ հայերի թեմայի ուշագրավ եւ, միեւնույն ժամանակ, յուրահատուկ մասն է կազմում ներկայումս Եվրոպայում բնակվող իսլամացված հայերի սերունդների հարցը: Հայտնի է, որ ընդհանրապես կրոնափոխ հայության ներկայիս վիճակի մասին տվյալները, փաստերը շատ քիչ են, եւ եթե վերջին տարիներին Թուրքիայի իսլամացված հայերի մասին որոշ տվյալներ ի հայտ են գալիս, ապա Եվրոպայում բնակվողների վերաբերյալ նյութերն անհամեմատ ավելի քիչ են: Միայն վերջերս օտարազգի եւ հայ որոշ հեղինակներ սկսել են անդրադառնալ այս խնդրին եւ փոխանցել որոշ տեղեկություններ, որոնք, առավելապես, ունեն նկարագրական բնույթ:

Նախ, անդրադառնանք կրոնափոխ հայերի Եվրոպա տեղափոխվելու խնդրին եւ փաստենք, որ 1950-ական թվականների վերջերին Եվրոպայում ու մասնավորապես` Գերմանիայում առաջանում է էժան աշխատուժի կարիք եւ այդ պատճառով մի շարք երկրների հետ կնքվում են արտագնա աշխատավորների մասին պայմանագրեր: Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ նմանատիպ պայմանագիր է կնքվում 1961թ., որից հետո սկիզբ է առնում Թուրքիայի հազարավոր բնակիչների արտագաղթը դեպի Գերմանիա, իսկ հետագայում` նաեւ Եվրոպայի այլ երկրներ: Հենց այս արտագաղթի հետեւանքով է այսօր Եվրոպայում ձեւավորվել մի քանի միլիոնի հասնող թուրքական համայնքը: Համաձայն որոշ տվյալների, Թուրքիայից արտագաղթողների մեջ եղել են նաեւ հայեր, ընդ որում` ինչպես բացահայտ քրիստոնյա, այնպես էլ կրոնափոխ կամ ծպտյալ: Կրոնափոխ հայերը եւ նրանց սերունդները մի քանի տասնամյակների ընթացքում գաղթել եւ հաստատվել են Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում, եւ այսօր նշյալ երկրներում կան կրոնափոխ հայության սերունդներից կազմված համայնքներ կամ համայնքատիպ կառույցներ:

Տեղափոխվելով աշխարհագրական նոր միջավայր` կրոնափոխ հայերի եւ նրանց սերունդների շրջանում սկիզբ են առել որոշակի գործընթացներ ու երեւույթներ, որոնք կապված են իրական ինքնությանը վերադառնալու հետ: Եվրոպաբնակ կրոնափոխ հայության շրջանում ամենատարածված եւ ուշագրավ երեւույթը, անշուշտ, կրոնադարձությունն է` քրիստոնեության վերընդունումը: Եվ այսօր Եվրոպայի կրոնափոխ հայերի մեջ ակունքներին վերադարձածների թիվը բավական մեծ է: Ինչպես փոխանցում են մի շարք աղբյուրներ, կրոնադարձության, արմատների որոնման գործընթացը տարբեր զարգացումներ է ունեցել եւ այսօր էլ շարունակվում է: Մասնավորապես` քրիստոնեություն ավելի արագ վերընդունել են ծպտյալ հայերը, որոնք ամեն բարենպաստ առիթ օգտագործել են ակունքներին վերադառնալու համար եւ Եվրոպա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց կամ անմիջապես հետո ընդունել են քրիստոնեություն: «Յոյս» երկշաբաթաթերթի վերջին համարներից մեկում Թամար Կեւոնյանը մեջբերում է մի պատմություն, համաձայն որի` Թուրքիայից Գերմանիա տեղափոխված արտաքուստ մուսուլման երեւացող մի խումբ մարդիկ հենց մաքսատանն ինքնաբացահայտվում են եւ պաշտոնյային ներկայացնում ոչ թե անձնագրերում առկա մուսուլմանական, այլ` հայկական անուններ: Այս ուշագրավ օրինակը ցույց է տալիս տասնամյակներ թաքցրած իրական ինքնությանը վերադառնալու ցանկությունը: Ինչպես նշում է նույն աղբյուրը, վերոհիշյալ հայերն այսօր Գերմանիայում համայնք եւ եկեղեցի ունեն:

Տարբեր աղբյուրներ փաստում են, որ այսօր Եվրոպայում բնակվող եւ քրիստոնեություն վերընդունած հայերը կրոնի հարցում շատ ավելի ջերմեռանդ են: Այստեղ կա նաեւ հոգեբանական կողմ, այն է` շրջապատին ապացուցել հայկականության հանդեպ իրենց հավատարմությունը: Իրական ինքնությանը վերադարձած հայերի շրջանում նկատվում են նաեւ որոշ հոգեբանական եւ հոգեկան խնդիրներ: Ոմանք անգամ բուժման կուրսեր են անցել հոգեբան-բժիշկների մոտ. վերջիններիս ախտորոշումը եղել է այն, որ կրոնադարձ հայերի հոգեվիճակի մեջ կարեւոր եւ որոշիչ դեր են ունեցել Հայոց ցեղասպանության տրավմատիկ հիշողությունները, տասնամյակներով ապրած վախի ու սպառնալիքի մթնոլորտը եւ այն, որ շարունակ թաքցրել են իրական ինքնությունը:

Այսօր Գերմանիայի տարբեր քաղաքներում կան կրոնադարձ հայերի խմբեր, որոնց մի մասը ինտեգրված է տեղի այլ հայերի հետ, իսկ մի մասը խորթության հանդիպելով հին համայնքի կողմից` շարունակում է վարել մեկուսի կենսակերպ եւ համայնքային կյանքից դուրս է մնում:

Գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընը բազմաթիվ փաստեր է ներկայացնում Եվրոպայում ապրող կրոնափոխ հայերի մասին եւ մեզ ուղարկած իր նամակում նշում է. «Ես Գերմանիայում մարդկանց գիտեմ, որոնք առաջացած տարիքում անգամ վերընդունում են քրիստոնեություն եւ մկրտվում»: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւս անդրադառնում է խնդրին եւ որոշ հետաքրքիր փաստեր ներկայացնում:

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, ըստ Համո Մոսկոֆյանի, կա կրոնափոխ հայերի ռեստորան-հավաքատեղի, որը կոչվում է «Անի»: Հիշյալ քաղաքում ապրում են նաեւ կրոնադարձված մի խումբ հայեր, որոնցից, օրինակ` Նուրեդդին Գյունդենը, որը վերանվանվել է Սիմոն, պնդում է, թե սերում է մեծ ֆիդայի Հրայր Դժոխքի տոհմից:

Բելգիայում բնակվող կրոնադարձ հայերի մասին հետաքրքրական հոդվածով է հանդես եկել Դավիթ Զենյանը, համաձայն որի` հիմնականում Շըրնաքից եւ Սիլոպից գաղթած քրդացած-քրդախոս հայերն այսօր վերադառնալով իրենց ինքնությանը` կազմում են տեղի առաքելական համայնքի հիմքը եւ հանդես գալիս որպես ջերմեռանդ քրիստոնյաներ: Նրանց երեխաները սովորում են հայերեն, եւ այդ միջոցով մայրենիին են սկսում տիրապետել նաեւ ծնողները: Բրյուսելի քրդացած կամ քրդախոս հայերի համայնքի կարեւոր դեմքերից եւ հիմնադիրներից Մեսրոպ Աֆշարը, պատմելով հայրենիքում իրենց վիճակի մասին, նշում է. «Վախը եւ ճնշվածության զգացումը մեր մշտական ուղեկիցներն էին: Ճնշումները շատ էին, բայց մեր մեծերը մշտապես հիշեցնում էին մեզ, որ չնայած լեզվի կորստին` մենք հայ ենք»: Աֆշարը Թուրքիայում իրենց կենսակերպի մասին որոշ մանրամասներ է պատմում, որոնցից պարզ է դառնում, որ նրանք ծպտյալ հայեր են եղել եւ գաղտնի շարունակել են քրիստոնեական սովորույթները, ասորի քահանայի միջոցով գաղտնի մկրտել իրենց երեխաներին, կատարել հարսանյաց, թաղման քրիստոնեական արարողություններ: Ինչպես շատ վայրերում, այնպես էլ Շըրնաքում վերապրած ծպտյալ հայերն ունեցել են կրկնակի անձնանուններ` տան եւ դրսի համար: Մեսրոպ Աֆշարն այս մասին պատմում է. «Մերոնց շրջապատում մենք հայեր էինք: Մկրտելիս մեր երեխաներին տալիս էինք հայկական անուններ, օրինակ` Սարգիս, Դավիթ, Նուբար, Գեւորգ եւ Սարո, բայց արտաքին միջավայրում մենք նման էինք քաղաքի մնացած բնակիչներին: Մենք կրում էինք քրդական անձնանուններ, օրինակ` Էուզ, Յալիք, Օդեմիշ, Բիրջին»:

Ավելորդ չէ նշել, որ հայերի այս խմբի փրկության եւ հայկականության վերադարձի մեջ եւս լուրջ դեր է ունեցել Պոլսո պատրիարք, լուսահոգի Շնորհք Գալուստյանը, ում ջանքերով 1960-ականների կեսերին հայության այս բեկորները նախ սկսել են Շըրնաքից եւ Սիլոպից տեղափոխվել Ստամբուլ, իսկ այնուհետեւ` 1980-ականներին, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա:

Ինչպես վերը նշվեց, այսօր կրոնադարձված հայերի խմբեր կան նաեւ Շվեդիայում, որոնցից է ծնունդով Ադանայից Սուլեյման Ֆարուքը, որը, գտնելով իր իրական ինքնությունը, ընդունել է քրիստոնեություն եւ փոխել անունը` դառնալով Հայկ Արամյան: Նա մեկն է բազմահազար ուծացած հայերից, որոնք ապրում են թուրքի կամ քրդի արտաքին ինքնության քողի տակ: Դեռ մանկուց կասկածներ ունենալով իր ինքնության շուրջ` նա որոնել է իր արմատները եւ 1983թ. Դամասկոսում տեղի հայկական եկեղեցում մկրտվել, իսկ երկու տարի անց` 1985թ. տեղափոխվել ու հաստատվել է Շվեդիայում: Իր ինքնության մասին նա նշում է. «Ներքուստ ես միշտ զգում էի, որ ուրիշ եմ: Ես կարող էի քուրդ մնալ, բայց ես այլ կերպ որոշեցի»: Հաստատվելով Ստոկհոլմում` Հայկ Արամյանն ամուսնացել է այնտեղ բնակվող դիարբեքիրցի հայուհու հետ, իսկ իր երկու զավակներին անվանել Մասիս եւ Անի: Երեխաները, ի դեպ, սովորել եւ տիրապետում են հայերենին: Հատկապես ուշագրավ է, որ ակունքներին վերադարձած Հայկ Արամյանը ձգտում է իր երեխաների մեջ արմատավորել ու էլ ավելի վառ պահել հայկականության զգացումը եւ այդ նպատակով նրանց մի քանի անգամ արդեն բերել է Հայաստան, մասնավորապես` նաեւ Արցախ: Նա նշում է. «Ես այնքան շատ բան էի բաց թողել, ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան` իմանալով, թե իրենք ով են: Ես ուզում եմ, որ իմ որդին հպարտանա իր հայկական ծագումով»:

Այսօր Արամյանը շվեդահայ համայնքի ակտիվ անդամներից է: Հարկ է նշել, որ Հայկի ընտանիքի մի մասը մնացել է Ադանայում, այսինքն` կա այնտեղ հալածվելու վախը, ինչը, սակայն, չի կարողացել խոչընդոտել նրան իրական ինքնությանը վերադառնալու համար: Ավելին` մի քանի տարի առաջ Շվեդիա է տեղափոխվել նաեւ նրա եղբայրը եւ կրկին վերադարձել արմատներին` ընդունելով Արամ անունը:

Նշենք, որ եվրոպաբնակ այս հայերը խնդիրներ ունեն ինքնությունը բացահայտելու հարցում, քանի որ նրանց ազգականները ներկայումս էլ բնակվում են Թուրքիայում եւ կարող են դառնալ հալածանքի թիրախ, ուստի եւ երբեմն նրանք կողմ չեն շատ բաց արտահայտվելուն: Կան ընտանիքներ, որոնք կրոնադարձվելուց հետո որոշակի անհանգստություն ունենալով Թուրքիայում մնացած ազգականների համար` այդքան էլ բացահայտ չեն խոսում վերագտած ինքնության մասին եւ անգամ կյանքի երկակի բնույթ ունեն: Նմանատիպ մի օրինակ է Հոլանդիայում հաստատված դիարբեքիրցի Մերջանյանների ընտանիքը. նրանք 1970-ականներին Ամստերդամ տեղափոխվելուն պես վերընդունել են քրիստոնեություն, սակայն այսօր էլ Դիարբեքիրում ունեն ազգականներ: Ինչպես նշում է թուրք հետազոտող Ուղուր Ունգորը. «Այսօր, երբ նրանք այցելում են Դիարբեքիրում մնացած իրենց ազգականներին, Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ ինքնաթիռային թռիչքների ժամանակ կարելի է ականատես լինել մի կրոնից մյուսին անցման յուրահատուկ դրսեւորման. կանայք արդեն ինքնաթիռում գլուխները ծածկում են գլխաշորով, հայկական անունների փոխարեն օգտագործում մուսուլմանական անուններ եւ Դիարբեքիրում իրենց պահում են մուսուլմանների պես»:

Ամփոփելով` նշենք, որ եվրոպաբնակ կրոնադարձ հայերի թեմայի ուսումնասիրությունն ունի ոչ միայն գիտական կարեւորություն, այլեւ խիստ այժմեական ու գործնական նշանակություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր