ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՍՊՐԴԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ

ԻՐԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ը ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՍՈՒՆՆԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բրիտանական Sunday Times-ը հրապարակել է «Թալիբանի» դաշտային ինչ-որ երկու հրամանատարների հարցազրույցը, որոնք հայտարարել են, թե հարյուրավոր գրոհայիններ ուսուցում են անցնում Իրանում: Եռամսյա դասընթացները գործում են ձմռանը և վճարվում իրանական կողմից:
Ելակետ ընդունելով այս հրապարակումը` ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում կատարելով հետախուզական շրջանակների ոմն ներկայացուցչին, տեղեկացրել է, որ աֆղանական արմատական «Թալիբան» շարժման գրոհայինները պատրաստվում են Իրանում:
Սրան հետևել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Էդվարդ Շոլթիսի տեղեկությունը, թե Պենտագոնը տվյալներ ունի, որ «Իրանը Աֆղանստանի թալիբներին տրամադրել է և´ նյութատեխնիկական ապահովում, և´ պատրաստված գրոհայիններ»: Նա նշել է նաև, որ հայտնի չէ` ահաբեկիչները պատրաստվում են «Թեհրանի աջակցությամբ», թե «ուսուցումն իրականացվում է կառավարական վերահսկողությունից դուրս»:
Թեհրանը զայրույթով հերքել է բոլոր մեղադրանքները: Ըստ էության, ակնհայտ է տեղեկատվական գրոհն Իրանի դեմ, որն սկսվել է հակառակ մեղադրանքներից մեկ ամիս անց. Թեհրանը հայտարարել էր, թե տեղեկություններ ունի այն մասին, որ ամերիկացիներն ու բրիտանացիներն աջակցում են հակակառավարական ծայրահեղական «Ջունդալլահ» խմբավորմանը:
ԱՀԱԲԵԿՉԻՆ ՎԱՅՐ ԻՋԵՑՐԻՆ
2010թ. հունվարի 12-ին Թեհրանում սպանվեց համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Մասուդ Ալի Մոհամադին: Հեռահար կառավարմամբ ռումբը գտնվում էր նրա տան մոտ կանգ առած մոտոցիկլում: Իրանի իշխանություններն անմիջապես սպանության մեջ մեղադրեցին ԿՀՎ-ին և «Մոսադին»: Մեկ շաբաթ անց, հունվարի 20-ին, Դուբայում սպանվեց ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մահմուդ ալ-Մաբհուհը: Լրատվամիջոցները հավաստիացնում էին, թե նա սերտ կապեր է ունեցել Իրանի հատուկ ծառայությունների հետ:
Բայց փետրվարի 23-ին Իրանն արդյունավետ հատուկ գործողություն իրականացրեց` բռնելով թիվ 1 թշնամուն` սուննիական «Ջունդալլահ» կազմակերպության պարագլուխ Աբդուլմալիք Ռիգիին: Սա լուրջ հաջողություն էր, եթե հաշվի առնենք, որ ամենազոր ԿՀՎ-ն արդեն տասը տարի ապարդյուն փորձում է հայտնաբերել Ուսամա բեն Լադենին:
Իրանի ՌՕՈւ երկու կործանիչներ հայտնաբերեցին և ստիպեցին Բենդեր Աբաս քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարել Դուբայ-Բիշքեկ չվերթ կատարող Boeing 737-300 ինքնաթիռը: Այն պատկանում էր «Իստոկ-Ավիա» ընկերությանը: Բայց չվերթն իրականացվում էր, ինչպես պարզել է ղրղզական АКИpress լրատվական գործակալությունը, «Ղրղզստան» ավիաընկերության համար: Ինքնաթիռում 119 ուղևոր կար, բայց Բիշքեկ հասավ 117 մարդ: Իրանի հատուկ ծառայության չորս սևդիմակավոր աշխատակիցներ ձերբակալեցին ինքնաթիռում գտնվող Աբդուլմալիք Ռիգիին («Ջունդալլահ» սուննի զինված խմբավորման պարագլխին) և նրա տեղակալին:
Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի պետական նախարարությունը բողոք է ներկայացրել, բայց պաշտոնական ամփոփագրում ընդգծվում էր, որ «ՂՀ ԱԳՊՆ ունեցած տեղեկատվության համաձայն` մի շարք լրատվամիջոցներում հրապարակված լուրերը ղրղզական ինքնաթիռում օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման մասին իրականությանը չեն համապատասխանում»:
Նշանակում է` ձերբակալությունը կատարվել է ոչ թե ինքնաթիռում, որը կարող է ղրղզական տարածք համարվել: Ուղևորներին խնդրել են դուրս գալ, և ահաբեկիչներին բռնել են արդեն իրանական հողում: Ղրղզստանի ԱԳՆ-ն պատասխան բողոքի նոտա է ստացել, քանի որ Ռիգին տեղեկացրել է, որ թռչում էր «Մանաս» օդանավակայան` ամերիկացիների հետ իրենց ռազմակայանում հանդիպելու համար, որն արդեն որոշ ժամանակից ի վեր անվանվում է Տարանցիկ փոխադրումների կենտրոն (ՏՓԿ):
Իրանցիները հայտարարել են, թե Ռիգին խոստովանել է, որ ահաբեկիչները պատրաստվում են «Մանաս» ռազմակայանում: Սակայն դա հազիվ թե հնարավոր է նույնիսկ տեսականորեն, քանի որ ամերիկյան ՏՓԿ-ն կիսում է տարածքը «Մանաս» քաղաքացիական օդանավակայանի հետ: Այնտեղ պարզապես տեղ չկա տակտիկական պատրաստվածություն անցնելու, պայթեցման գործով և հրաձգությամբ զբաղվելու համար:
Այլ բան է Պենտագոնի` Բաթկենի մարզում (Ղրղզստանի հարավում) հակաահաբեկչական ուսումնական կենտրոն ստեղծելու մասին գաղափարը` $5,5 մլն նախնական ֆինանսավորմամբ: Այս առաջարկությունն արժանացել է պաշտոնական Բիշքեկի հավանությանը 2010թ. մարտի 10-ին Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Փեթրեուսի այցելության ժամանակ: Ուսումնական կենտրոնում ծրագրվում է մարզել «Սքորփիոն» հատուկ նշանակության ջոկատը: Այստեղ էլ հենց հնարավոր է ուսուցանել «յուրայիններից» ինչ-որ մեկին: Այլ հարց է, թե ինչու գրոհայինները պետք է գնան ինչ-որ տեղ, եթե Պակիստանում գրոհայինների պատրաստման բավականաչափ ճամբարներ կան, որտեղ փորձառու մասնագետներ են դասավանդում:
«Ջունդալլահի» մամլո քարտուղար Քամել Նարուին հայտարարել է, թե Ռիգիին Ղանդահարում ձերբակալել են ամերիկյան հատուկ ծառայությունները` աֆղանական ոստիկանության հետ միասին: Եվ հանձնել են Իրանին: Ըստ երևույթին, շատ էին ուզում համոզել բոլորին, որ ԱՄՆ-ը կապ չունի ահաբեկիչների պարագլխի հետ, որն ազատ երթևեկում էր իրենց պատասխանատվության տակ գտնվող գոտում և արտասահման, անգամ Եվրոպա էր գնում-գալիս:
Սակայն Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամադ-Նաջարը նույնպես սկզբում հայտարարում էր, թե Ռիգին ձերբակալվել է Իրանի սահմաններից դուրս, երբ հերթական սադրանքն էր պատրաստում: Որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, թե ահաբեկչին ձերբակալել և Իրանին է հանձնել Պակիստանի հետախուզությունը: Ինչ-որ մեկը շատ էր ուզում նսեմացնել Իրանի հատուկ ծառայությունների հաջողությունը:
ՄԱՔՍԱՆԵՆԳԸ ԵՎ ԱՀԱԲԵԿԻՉԸ
Իրանի` հետախուզության գործերով նախարար Հեյդար Մոսլեհին մամուլին տեղեկացրել է, որ Ռիգիի մոտից աֆղանական անձնագիր են վերցրել, որը նրան տվել են ամերիկացիները: Հայտարարվել է նաև, որ ձերբակալությունից 24 ժամ առաջ Ռիգին գտնվել է Աֆղանստանում, ամերիկյան ռազմակայանում, և դա հաստատում են իրանական գործակալների արած լուսանկարները: Ինքը` «Ջունդալլահի» պարագլուխը, «եռակի» գործակալ էր, որն աշխատում էր ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունների համար:
ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հաշվով կասկածելը դժվար է, դրանք ավելի վաղ նույնպես «իրենց մատնել են» «Ջունդալլահի» հետ կապերում, իսկ ահա «Մոսադը»` Պաղեստինի ու շրջակա արաբական երկրների վերահսկողությամբ ծանրաբեռ, հազիվ թե ժամանակ ունենար քոչվոր բելուջների հետ կապեր հաստատելու համար, այն էլ` Պակիստանի տարածքում: Սա, ավելի շուտ, «ծիսական» մեղադրանք է:
ԱՄՆ և Արևմուտքի հատուկ ծառայություններն ընդհանրապես բավական հեշտ են շփումների մեջ մտնում իրենց թշնամիների թշնամու հետ: Այս առումով միանգամայն հատկանշական է իրանական հակակառավարական «Մոջահեդին-է-հալք» զինված կազմակերպության հետ կապված պատմությունը: Ահաբեկչական այս կազմակերպության մի քանի հազար գրոհայիններ տեղակայված էին Իրաքում, Իրանի հետ սահմանի երկայնքով, դեռ Սադամ Հուսեյնի օրոք, որը ֆինանսավորում էր նրանց և ապահովում զենքով: ԱՄՆ-ը և Եվրամիությունը «մոջահեդիններին» ընդգրկել էին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Բայց Իրաքի դեմ արևմտյան դաշինքի հարձակման ժամանակ իրանական զինված ընդդիմադիրներն ամերիկամետ դիրքորոշում որդեգրեցին: Արդյունքում` նրանց ոչ միայն չզինաթափեցին, այլև հանեցին ահաբեկիչների ցուցակներից` գրանցելով բարեհույսների ցանկում: Սակայն գրոհայինները, որոնք պետք է երբևէ վերադառնային Իրան` մի ինչ-որ ժողովրդական հակակառավարական խռովության աջակցելու համար, այնքան էին վարժվել կուշտ ու հանգիստ կյանքին, որ խմբավորումը գրեթե անհետացավ քաղաքական հորիզոնից: Եվ Իրանի գլխավոր թշնամու տեղն անմիջապես զավթեց «Ջունդալլահը»:
«Ջունդալլահի» («Ալլահի զինվորներ») ինքնատիպությունն այն է, որ ստեղծել է կիսագրագետ մաքսանենգ Աբդուլմալիք Ռիգին, որը էթնիկ քրեական հանրույթը վերածեց կրոնական ծայրահեղական խմբավորման: Այստեղ ներառված են իսլամի սուննիադավան բելուջներ, ի տարբերություն Իրանի բնակչության` շիա դավանող մեծամասնության: 10 միլիոն բելուջ ապրում է Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի հարավային մասերում: Նրանք մի քանի կազմակերպություն և կուսակցություն ունեն, որոնք զինված պայքար են մղում Պակիստանի կառավարության դեմ ինքնորոշման կամ էլ գոնե իրենց տարածքներում բնական գազի արդյունահանումից ստացվող եկամուտների արդարացի բաշխման համար: «Ջունդալլահը» նույնպես մարտնչում է, բայց բացառապես Իրանի տարածքում, թեև հիմնականում հանգրվանում է այդ նույն Պակիստանում: Եվ դա անուղղակիորեն հաստատում է նրա կապն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:
«Ջունդալլահը» ի հայտ է եկել ի պատասխան Իրանից Հարավային Պակիստանի միջով մինչև Հնդկաստան ձգվող գազատարի նախագծին: Դրա անցկացումը լրջորեն կփոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Իրանը կդիվերսիֆիկացներ ածխաջրածինների առևտուրը և կամրապնդեր արտաքին քաղաքական դիրքերը: Հնդկաստանը և Պակիստանն, իրենց կամքից անկախ, կսկսեին կարգավորել հարաբերությունները: Կփոխվեր ուժերի դասավորությունն Ասիայում, ինչը կհանգեցներ ԱՄՆ ազդեցության նվազմանը: Բայց անհանգիստ Բելուջստանը լրիվ խափանում է նման հեռանկարները:
«Ջունդալլահը» կազմավորվել է 2003թ. մաքսանենգների ավազակախմբից, որոնք, եթե պատահում էր, չէին խորշում ավազակությունից: Նրանց գլխավոր ապրանքը զենքն էր և թմրանյութերը: Իսկ թմրանյութերի համար Իրանում կախում են: Ավազակների վերածումը հավատի պաշտպանների տեղի ունեցավ «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» օգնությամբ: Չպետք է մոռանալ, որ ծայրահեղականնները գոյություն ունեն հովանավորների փողերով, և այդ փողերը երբեմն փոքր չափի չեն: Նորահայտ «Ջունդալլահը» անմիջապես սկսեց ֆինանսավորում փնտրել. ահաբեկություն ծավալեց Իրանի Սիստան և Բելուջստան նահանգում: Գրոհայինները սպանում էին զինծառայողների, պաշտոնյաների, հասարակ քաղաքացիների: Տվյալներ կան, որ «Ալլահի զինվորներն» ուսուցանվում էին Ուզբեկստանի Իսլամական շարժման (ՈւԻՇ) ճամբարներում, որոնց, չգիտես ինչու, ամերիկացիները ձեռք չէին տալիս: Հավանաբար, հենց այդ ժամանակվանից էլ Աբդուլմալիք Ռիգին բարեկամացավ ԿՀՎ-ի հետ:
«Ջունդալլահի» վերջին աղմկալի ահաբեկչական գործողությունը 2009թ. հոկտեմբերի պայթյունն էր, երբ զոհվեց 42 իրանցի, այդ թվում` 15 սպա, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի փոխհրամանատարը և բելուջական կլանների 10 առաջնորդ, որոնք եկել էին բանակցելու իշխանությունների հետ:
ԲՈԼՈՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ
«Լավ» ահաբեկիչների հետ ամերիկացիների` գործնական կապեր ունենալու հակման մասին է վկայում ԱՄՆ քաղաքացի Դևիդ Հեդլիի գործը, որն առնչություն ուներ հնդկական Մումբայ քաղաքում պակիստանցի ծայրահեղականների կատարած ահաբեկչության հետ: Այժմ ամերիկացիները փորձում են ամեն կերպ սահմանափակել նրա հետ հնդիկ քննիչների հանդիպումները և քողարկել իրենց մասնակցությունն այդ գործին:
Աֆղանստանը և Պակիստանը լի են «Թալիբանի» և տասնյակ այլ ծայրահեղական կազմակերպությունների համար գրոհայիններ պատրաստող ճամբարներով: Դրանցից մի քանիսը, որոնք, մասնավորապես, կռվում են Հնդկաստանի դեմ Քաշմիրում, առհասարակ վայելում են իշխանությունների հովանավորությունը: Դրանցում որպես հրահանգիչ են աշխատում փորձառու մասնագետներ, որոնք անձամբ են մշակել ահաբեկչության մարտավարությունը դեռ խորհրդային զորքերի դեմ մարտերում, իսկ հետո մարտական փորձը համալրել են ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների դեմ պատերազմի տասնամյակում: Նման պայմաններում պարզապես անհեթեթություն է, որ թալիբները սովորելու գնան լեզվով ու կրոնով իրենց խորթ Իրան:
Եվ գլխավորը. Իրանն ինքն է վաղուց և հետևողականորեն կռվում թալիբների դեմ: Այդ պատերազմն սկսվել է դեռ ամերիկացիների գալուց առաջ: Այն ժամանակ Մոսկվան զենքով ու զինամթերքով աջակցում էր հակաթալիբական Հյուսիսային դաշինքին, իսկ Թեհրանը` ֆարսի լեզվով խոսող շիա խազարներին: Հիմա Իրանում մեկուկես միլիոն փախստական կա Աֆղանստանից: Իրան-աֆղանական սահմանը, փաստորեն, ամբողջովին ամրացված շրջան է, որը միաժամանակ իրանցիներին հարազատ և սուննի թալիբների համար ամենևին էլ ոչ բարեկամ ցեղերով բնակեցված բուֆերային եզրագիծ է:
Իրանը և ԱՄՆ-ը, օբյեկտիվորեն, «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում գտնվում են միևնույն կողմում: Ջանքերը միավորելով` նրանք կկարողանային անհամեմատ ավելի մեծ հաջողությունների հասնել ահաբեկչության դեմ պայքարում: Սակայն երեք գործոն Իրանը դարձնում են ԱՄՆ ոխերիմ թշնամին. նավթը, ռազմավարական դրությունը և 30 տարի առաջ հեղափոխական ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը: Ամերիկացիները վիրավորանքը երբեք չեն ներում: Բավական է նայել Կուբային, որն արդեն 50 տարի շրջափակման մեջ են պահում:
Մարտին Իրանի ոստիկանությունը ձերբակալեց 30 մարդ` նրանց մեղադրելով ԱՄՆ փողերով իսլամական հանրապետության դեմ կիբերպատերազմ վարելու մեջ: Հայտարարվեց 29 լրտեսական կայքերի բացահայտման մասին, որոնք ֆինանսավորվում էին ԿՀՎ-ի կողմից: Կայքերն իբր իրավապաշտպան բնույթի էին, բայց իրականում, իբր, գաղտնի տեղեկատվություն էին հավաքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նաև հակակառավարական ելույթներ էին սադրում, կեղծ լուրեր ու ռեպորտաժներ տարածում նախագահի անցած տարվա ընտրությունների ժամանակ` ի պաշտպանություն «Ջունդալլահի» և ընդդիմության: Հրապարակային գործողությունների անհավանական հավաքածու, որն ամենևին չի կապվում լրտեսի սուսուփուսիկ «արհեստի» հետ: Անհամեմատ ավելի լուրջ մեղադրանք է ԱՄՆ-ում ստեղծված ծրագրի 70 մլն պատճենների տարածումը: Ծրագիրն օգտվողներին թույլ է տալիս շրջանցել իրանական հատուկ ծառայությունների տեղադրած ինտերնետ-ֆիլտրերը: Ի դեպ, 70 մլն-ն Իրանի ողջ բնակչությունն է` մեծից մինչև փոքր:
Մարտի 30-ին տեղեկություն ստացվեց իրանական հատուկ ծառայությունների նոր հաջողության մասին: «Հետախուզական բարդ գործողության» արդյունքում նրանք ազատեցին իրանցի դիվանագետի` Փեշավարում առևտրային կցորդ Խասմաթուլա Աթար-զադեին, որին «Ալ-Քաիդայի» գրոհայինները բռնել էին 2008թ. նոյեմբերի 13-ին: Դա Իրանում ահաբեկչական խմբավորումների մի քանի բարձրաստիճան անդամների ձերբակալության պատասխանն էր:
դեպի ետ