ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԼՂՀ կառավարությունը և ՀՅԴ-ն կազմակերպել էին գիտաժողով՝ «Բռնի կրոնափոխությունը՝ որպես ցեղասպանության բաղադրիչ» խորագրով: Ելույթներով հանդես եկան մասնակիցներ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից:
Բացման խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը և քաջալերեց թեմայի ուսումնասիրությունների շարունակումը: Առաջինը ելույթով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ «Հայերի բռնի կրոնափոխության խնդիրը. ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ» թեմայով: Ֆրանսուհի սոցիոլոգ Լորանս Ռիթերն իր զեկույցում հենվելով նաև տեղում կատարած հետազոտական աշխատանքների վրա՝ անդրադարձավ Թուրքիայի կրոնափոխ հայության շրջանում գոյություն ունեցող կատեգորիաներին: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանի եկույթը նվիրված էր կրոնափոխ համշենահայության խնդիրներին, իսկ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը խոսեց ծպտյալ և իսլամացված հայության խնդրի որոշ կողմերի և հատկապես նրանց թվաքանակին առնչվող հարցերի մասին: Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեց ՀՅԴ «Դրօշակ» ամսագրի խմբագիր Կարեն Խանլարյանի «Թաքուն հայեր» ֆիլմը, որից հետո ֆիլմի հեղինակը համառոտ ելույթ ունեցավ և պատասխանեց ներկաների հարցերին: Ուշագրավ էր Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանի ելույթը («Իսլամացված հայերի բեկորներ Արցախում»), որի ընթացքում բանախոսը ներկայացրեց հարցի նախապատմությունը, ինչպես նաև անդրադարձավ նորագույն շրջանին (մինչև 1988թ.): Լ.Հովհաննիսյանի ելույթում տեղ էին գտել տվյալներ հեղինակի հետազոտական աշխատանքներից, որոնք հեղինակը կատարել էր ԼՂՀ այն բնակավայրերում, ուր նախկինում ապրել են իսլամացված հայերի սերունդները: Գիտաժողովին ելույթով հանդես եկավ նաև երիտասարդ ուսումնասիրող, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ Մհեր Աբրահամյանը: Նրա զեկույցը վերաբերում էր 1894-96թթ. համիդյան ջարդերի ժամանակ հայերի բռնի իսլամացման հարցին: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռուբինա Փիրումյանը տեխնիկական պատճառներով չկարողացավ մասնակցել գիտաժողովին, սակայն հնչեցվեց նրա ուղարկած զեկույցը` «Կրոնափոխ հայերի խնդիրը գրականության մեջ»:
Գիտաժողովն ընթանում էր ակտիվ քննարկումների մթնոլորտում: Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված այս գիտաժողովն ուշագրավ էր նրանով, որ բռնի կրոնափոխությունը ներկայացվում էր որպես ցեղասպանության բաղադրիչ և ցույց էր տրվում, որ հայերի բռնի կրոնափոխության հարցի ուսումնասիրությունը կարող է նաև նպաստել Հայոց ցեղասպանության խնդրի քիչ հետազոտված էջերի լուսաբանմանը: Այս նույն համատեքստում հարկ է մեջբերել նաև 2010թ. ապրիլի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելույթից մի հատված, որտեղ Վեհափառը նշել է. «Ցեղասպանության զոհեր են ստիպողաբար իսլամ ընդունած հայերը և նրանց սերունդները, ովքեր վախենում են խոսել իրենց ինքնության մասին»:
դեպի ետ