• am
  • ru
  • en
Версия для печати
04.05.2010

ԻՍՐԱՅԵԼԸ ՄՌԱՅԼ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 62-ԱՄՅԱԿԸ

English

   

Ամեն տարի, Անկախության օրվան նվիրված տոնակատարություններն սկսելուց առաջ, իսրայելցիները 24-ժամյա սուգ են անում զոհված զինվորների հիշատակին։ Մինչև երկրի 62-ամյակի կապակցությամբ տրվող հրավառությունը կլուսավորի երկինքը, եթերը լցվում է զոհված զինվորների մասին ցավալի պատմություններով, և քադիշի սգո աղոթքը հավերժացնում է այս փոքր երկրի մեծ կորուստները պատմության ընթացքում։

Այսպիսով, ոչ մի անսովոր բան չկա նրանում, որ իսրայելցիներն իրենց ընդհանուր հաղթանակները նշում են թախծով ու հուզմունքով։ Դա տեղի է ունենում մշտապես, հատկապես ձախ քաղաքական հայացքների տեր մարդկանց շրջանում, որոնք զայրացած են, որ Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի ավարտը չի երևում։

Բայց այս տարի տրամադրություններն ավելի մռայլ են։ Այս անգամ անհանգստացած են և՛ ձախ քաղաքական ուժերը, և՛ աջերը, հիմնականում նույն պատճառներով՝ հատկապես Իրանի միջուկային ծրագրի և Օբամայի վարչակազմի հետ կապված լարվածության հետևանքով։

«Առկա է երկու խիստ անհանգստացնող երևույթի համաձուլում,- ասել է The Jerusalem Post թերթի աջ ուղղության տեսաբան Մայքլ Ֆրոյնդը հեռախոսազրույցի ընթացքում։ - Մեկն իրանական սպառնալիքն է՝ ուղղված գոյատևման դեմ։ Դրան գումարենք այն փաստը, որ վերջին շրջանում Սպիտակ տանը գործող նախագահն այնքան էլ զգայուն չէ հրեական պետության և նրա շահերի նկատմամբ։ Եթե այդ երկուսը համադրենք, ապա դա վատ կանդրադառնա յուրաքանչյուրի, նույնիսկ այնպիսի լավատես մարդու տրամադրության վրա, ինչպիսին ես եմ»։

Այս երկրի փոքրաթիվ ձախակողմյան քաղաքական ուժերի տեսակետն արտահայտող «Հաարեցը» խորապես ընկճված է։ Թերթի երկուշաբթի օրվա խմբագրականում ասվում էր, որ Իսրայելը «մեկուսացված է գլոբալ հարթությունում և հակամարտության մեջ է ներքաշված մի գերտերության հետ, որի հետ բարեկամությունն ու նրա աջակցությունը կենսական կարևոր են Իսրայելի գոյության համար»։

«Այն, տարածքներից կառչելուց և որևէ քայլից խուսափելուց բացի, դիվանագիտական ոչ մի ծրագիր չունի»,- ասվում է խմբագրականում։ «Երկիրն ընկղմված է իր գոյատևման սպառնալիքի զգացման մեջ, որն աստիճանաբար խորանում է ժամանակի ընթացքում։ Այն, որպես ապատիայի և պասիվության մեջ ընկնելու պատրվակ, կառչում է հակասեմիթիզմի ցանկացած (իրական, թե մտացածին) դրսևորումից»։

Անկախության օրը ճիշտ պահն է երկրի ձեռքբերումները գնահատելու համար։ Իսկ այդ ձեռքբերումները դրական են։ Տարեկան կտրվածքով ներքին համախառն արդյունքը բնակչության մեկ շնչի համար կազմում է մոտ $30,000, ինչը երկու անգամ ավելի է, քան Ռուսաստանում և մոտ է Գերմանիայի ցուցանիշին։ Իսրայելի քաղաքացիների կյանքի միջին տևողությունը 80 տարեկանից ավելի է, ինչպես Նորվեգիայում։ Սպանությունների թիվը կազմում է Միացյալ Նահանգների ցուցանիշի մեկ երրորդը։ Իսրայելի բնակչությունն անցել է 7,5 միլիոնից՝ ինն անգամ ավելի, քան 1948թ.՝ երկրի ստեղծման ժամանակ էր, և այն աճում է տարեկան 1.8 տոկոսով, ինչը զարգացած երկրների մեջ աննախադեպ ցուցանիշ է։

Բայց անհանգստությունը մեծէ, և տոնական տրամադրությունն այս տարի այն չէ։ «Կալկալիստ» օրաթերթի հրատարակիչ և խմբագիր, կենտրոնամետ Յոել Էաթերոնը նյութ է գրել Անկախության օրվա առթիվ, որում գովերգում է Իսրայելի «Հայթեքի» կատարելությունը, բայց միևնույն ժամանակ անհանգստություն է հայտնում, որ այն շրջապատված է զարգացածության անբավարար մակարդակով։ Ըստ նրա՝ Թել Ավիվում և շրջակայքում բնակվող երկրի բիզնես էլիտան ավելի շատ մտահոգված է անձնական բարեկեցությամբ և կորցրել է ձգտումն ավելի մեծ, հավաքական նպատակների հանդեպ։

«Ես շատ մարդկանց հետ եմ խոսել վերջին օրերին, ոչ միայն այս նյութը պատրաստելու նպատակով, այլև հենց այնպես, և նրանք ասում են. «Գիտե՞ք, մենք մտահոգված ենք, ինչ-որ վհատության զգացում կա, նախազգացում գործարարների շրջանում, որ երկրի հեռանկարներն այդքան էլ պայծառ չեն։ Եվ նման տրամադրությունները տիրում են և՛ աջ, և՛ ձախ ուղղության մարդկանց շրջանում»։

BBC-ի հարցման ընթացքում (ի՞նչ վերաբերմունք ունեն աշխարհի մարդիկ այլ երկրների հանդեպ) Իսրայելը հայտնվել է այնպիսի երկրների շարքում (Իրան, Հյուսիսային Կորեա և Պակիստան), որոնց հանդեպ բացասական վերաբերմունք կա։

Իսրայելցիները խորապես մտահոգված են իրենց մեկուսացվածությամբ։ Ձախ ուժերը մեղադրում են կառավարությանը, որ վերջինս ի վիճակի չէ դուրս բերել իսրայելական ուժերն Արևմտյան ափից, տեղափոխել հրեական բնակավայրերը և համաձայնության գալ պաղեստինցիների հետ Երուսաղեմը բաժանելու հարցում։ Աջ ուժերն, իրենց հերթին, մեղադրում են պաղեստինցիներին և արաբներին անհաշտության, փոխզիջման չգնալու, իսկ Արևմուտքին՝ թուլամորթության մեջ, և ասում, որ հրեաները միշտ էլ անբարյացակամությամբ են ընդունվել, և այդ զիջումները ոչինչ չեն փոխի։

Միակ բանը, ինչում համամիտ են թե՛ ձախ, թե՛ աջ ուժերը, այն է, որ կառավարության խնդիրներն Օբամայի վարչակազմի հետ եկող տարի կարող են ճակատագրական դառնալ երկրի ապագայի համար, մանավանդ, եթե Իրանն ավելի մոտենա միջուկային զենքի ստեղծմանը։

Աջակողմյան անգլիախոս ներգաղթյալների տեսակետների արտահայտիչThe Jerusalem Post-ը երկուշաբթի օրվա խմբագրականը վերնագրել է «62. ԱՄՆ-ը ամպի տակ», որում մտահոգություն է հայտնում, որ Օբամայի վարչակազմը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ «հետ է կանգնել նախկին վարչակազմերի դիրքորոշումից, ինչը վնաս է հասցնում մեր համագործակցության հիմնական ուղղություններին»։ Այստեղ նաև ասվում է, որ «Իսրայելն առայսօր ճնշման է ենթարկվում և մերժվում է արաբական աշխարհի մեծ մասի կողմից ոչ թե այս կամ այն քաղաքական գծի, այլ իր իսկ գոյության փաստի պատճառով»։

Կենտրոնամետ մտավորական Արի Շավիթը, որը գրում է «Հաարեցի» համար, համաձայն է, որ խնդիրների մեծ մասը կապված է Իսրայելի թշնամիների հետ։ Բայց երկուշաբթի օրվա հոդվածում, որն ուղղված է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասում է, որ հարցն այն չէ, թե ում պետք է մեղադրել, այլ այն, թե ինչպես փրկել երկիրը։

Ի տարբերություն «Հաարեցի» այլ հեղինակների, պ-ն Շավիթը դրականորեն է արտահայտվում պրն Նեթանյահուի և աջ այլ քաղաքական գործիչների մասին։ Իր հոդվածում նա նշում է, որ անցած տարվա ընտրություններից հետո նա մտել էր պրն Նեթանյահուի գրասենյակ, որտեղ նրան գրկաբաց են ընդունել։

Նա գրում է նաև, որ պրն Նեթանյահուն անպայման պետք է հանգուցային ընտրություն կատարի։ Նրա խոսքերով՝ աշխարհը վերաբերվում է Իսրայելին ոչ այնպես, ինչպես մի երկրի, որը տուժել է Հոլոքոստից։ Եվ պրն Նեթանյահուն պետք է արմատական քայլեր ձեռնարկի։ «Այսօր ոչ թե դիակիզարանները, այլ անցակետերն են ձևավորում Իսրայելի ընկալումն աշխարհի կողմից։ Ոչ թե գնացքները, այլ՝ բնակավայրերը»։ Նա գրում է, որ Իսրայելը նորից պետք է դառնա Արևմուտքի անբաժանելի մասը՝ ավելացնելով. «Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Իսրայելին՝ որպես օկուպացիոն պետություն»։

Նա համոզված է, որ հենց սա կուզենային ասել իրենց վարչապետին շատ իսրայելցիներ Անկախության օրվա առիթով։ Կարևոր չէ՝ ճիշտ է նա, թե ոչ, կամ արդյո՞ք կիսում են նրա ընկալումն այստեղ, բայց նրա անհանգստությունն արտացոլվում է համարյա բոլոր խոսակցություններում։

Երուսաղեմ
19 ապրիլի 2010թ.


դեպի ետ