ՌՈՒՍԱՍՏԱՆ – ԳԵՐՄԱՆԻԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող զարգացումները դուրս են եկել տարածաշրջանային ձևաչափից և տեղափոխվել գլոբալ քաղաքականություն։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ, անկախ դիվանագիտական գործընթացների ներկա փուլի արդյունքներից, Երևան-Անկարա հարաբերությունների հարցը երկար է մնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգում, քանի որ այն ռազմավարական բնույթ է կրում և կարևորությամբ չի զիջում ԼՂՀ-ի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած խնդրին։ Պետք է նաև ամրագրել, որ մինչև այժմ ՀՀ վարած քաղաքականությունը համակարգված էր և դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից գերազանցում էր թուրքական կողմին, որը բանակցային գործընթացում լուրջ քաղաքական վրիպումներ թույլ տվեց։ Այսպիսով, մեկնաբանների անհանգստությունը, թե «կայսերական» փորձ ունեցող թուրքական դիվանագիտությունը կարող է «խորամանկել» ՀՀ քաղաքական գործիչներին, հիմնովին փարատվեց։ Թուրքիայի հետ կապված զարգացումների արդյունքում Հայաստանի շուրջ ձևավորվեց բարենպաստ քաղաքական մթնոլորտ և, ի լրումն, հերթական անգամ արդիականացվեց «Հայկական հարցը». այն վերստին դարձավ տարբեր երկրների կառավարությունների ու պառլամենտների քննարկման առարկա։
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հայ-թուրքական գործընթացները հարստացրին հայ քաղաքական միտքը և լրացուցիչ առիթ հանդիսացան ակտիվացնելու ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում նոր ռեսուրսների և հնարավորությունների փնտրտուքը։ Այդ տեսանկյունից ուշադրության արժանի են բազմաբևեռ համակարգի ձևավորման հետևանքով ընթացող գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունները։ Մասնավորապես, այդ նույն տրամաբանությանն են ենթարկվում նաև Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող զարգացումները. որոնք, ըստ մեզ, նոր հնարավորություններ են պարունակում ՀՀ արտաքին քաղաքականության համար։
«Հետամերիկյան» տարածաշրջան. Համառոտ ակնարկում դժվար է ներկայացնել գլոբալ հարթությունում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների համալիրը, քանի որ դրանք պարունակում են բազմաթիվ նրբերանգներ, քաղաքակրթական, տնտեսական և այլ բնույթի բաղադրիչներ։ Միևնույն ժամանակ, փորձենք սխեմատիկ ձևով դիտարկել այն հիմնական միտումները, որոնք հետևանք են բազմաբևեռ աշխարհակարգի բավական հիվանդագին ձևավորման։ Փոփոխություններն ընթանում են աստիճանաբար, այդ պատճառով, ի տարբերություն երկբևեռ համակարգի հեղափոխական փլուզման ժամանակ տեղի ունեցածի, կարճատև ժամանակային հատվածներում միշտ չէ, որ տեսանելի են։ Միևնույն ժամանակ, համակարգային փոփոխությունները, ինչպիսի ինտենսիվությամբ էլ որ տեղի ունենան, մշտապես հղի են անկանխատեսելի հետևանքներով. պատահական չէ, որ որոշ քաղաքագետներ ներկա իրողությունները համեմատում են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը տիրող իրավիճակի հետ։
Այդ պայմաններում, շրջանցելով Չինաստանի գերհզորացման խնդիրը և դրա հետ կապված հնարավոր սցենարները (դրանք առանձին դիտարկման կարիք ունեն)՝ Հայաստանի համար հեռանկարային քաղաքականության մշակման տեսանկյունից ամենահրատապը տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցության հարաբերական նվազումն է։ Դրա արտահայտություններից են, մասնավորապես, Թուրքիայի հետ կապված այն դժվարությունները, որոնք ունեցավ այդ տերությունը հայ-թուրքական զարգացումներում միջնորդական առաքելություն կատարելիս։ Հատկանշական է, որ ինչպես նախորդ դարի սկզբին, այսօր էլ ԱՄՆ ընտրանու ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ ԱՄՆ-ի կողմից «մեկուսացման» քաղաքականություն վարելու անհրաժեշտությանը։ Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունում ներկայումս առաջատար դիրք գրավող և 2012թ. նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու, կոնգրեսական Ռոն Փոլը վերջերս հանդես եկավ ոչ միայն Իրաքից ամերիկյան զինուժն ամբողջովին դուրս բերելու օգտին, այլև կոչ արեց դուրս գալ ՄԱԿ-ից և ՆԱՏՕ-ից, լուծարել Դաշնային պահուստային (ռեզերվային) համակարգը և սահմանափակել ԱՄՆ միջամտությունն այլ երկրների գործերին։
Մինչդեռ ամերիկյան նահանջը, համաձայն մի շարք վերլուծաբանական զեկույցների, կարող է հանգեցնել Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային Ասիայի (այսպես կոչված Եվրասիական Բալկանների) տարածքում պայթյունավտանգ իրավիճակի ձևավորմանը։ Նկատենք, որ այդ տարածաշրջանն այժմ նույնպես, հատկապես Իրաքում և Աֆղանստանում ընթացող գործընթացների շնորհիվ, գտնվում է բավական անկայուն վիճակում, ինչը հիմնականում հարուցվել է նույն ամերիկացիների կողմից։ Սակայն ամերիկյան ներկայությունը, որքան էլ տարօրինակ է հնչում, ապահովում է այդ «անկայունության կայունությունը», ստացիոնարությունը։ Այսինքն` ստեղծված քաոսն այս կամ այն չափով կառավարելի է, ինչը դժվար թե պահպանվի ամերիկացիների հեռանալուց հետո. ընդունված է համարել, որ անգլոսաքսերի նահանջն ավելի վտանգավոր է, քան նրանց հարձակումը։
Ակնհայտ է, որ նման անկառավարելի տարածաշրջանի ստեղծումը, որի երկրները կամ ունեն, կամ էլ ձգտում են ունենալ միջուկային զենք (որոնց թվում՝ Թուրքիան), Հայաստանի համար նոր մարտահրավեր է, որին ադեկվատ դիմակայելու համար անհրաժեշտ են նոր ռեսուրսներ և քաղաքական գործընկերներ։ Այդ առումով որոշակի հնարավորություններ են պարունակում Եվրոպայում ընթացող նոր զարգացումները։
«Գերմանական» Եվրոպայի ձևավորումը. Հայտնի է, որ «Միացյալ Եվրոպա» ստեղծելու նախագծերը բավական հարուստ պատմություն ունեն, իսկ ներկայիս ԵՄ-ի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները մշակվել են դեռևս Երկրորդ համաշխարհայինը չավարտված, գլխավորապես անգլո-ամերիկյան քաղաքական ղեկավարության ջանքերով (այդ գործում հատկապես մեծ ավանդ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը)։ Հետո արդեն այդ ուղղությամբ կատարվեցին առաջին գործնական քայլերն ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի կողմից 1951թ. Մաասթրիխտում կնքված պայմանագրի։
ԵՄ-ը ստեղծվել էր որպես մի կառույց, որի հենքում դրված է փոխկապվածությունը, ինչը և պետք է խոչընդոտեր առանձին երկրների և առաջին հերթին՝ Գերմանիայի ինքնուրույն գործելու և որպես հզոր տերություն վերականգնվելու հնարավորությանը։ Այդ մեխանիզմը բավական արդյունավետ էր գործում երկբևեռ և միաբևեռ համակարգերում։ Արդյունքում` ԵՄ-ը, որն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, գլոբալ հարթությունում չունի որևէ լուրջ աշխարհաքաղաքական դերակատարում։ Սակայն բազմաբևեռ աշխարհակարգի և ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ սկսեցին առավել կարևորվել սեփական ազգային շահերը, մեկնարկեցին տարանջատման գործընթացները։ Դա արտահայտվում է և՛ ԱՄՆ-Եվրոպա կապերի թուլացումով ու նրանց միջև մրցակցության մեծացումով, և՛ ԵՄ երկրների տնտեսական և այլ ոլորտների զարգացման մակարդակների տարբերության խորացմամբ։
Ստեղծված նոր իրավիճակներին առավել պատրաստ գտնվեց Գերմանիան։ Բավական է նշել, որ վերջին 10 տարում գերմանական ապրանքների և ծառայությունների մրցունակությունը՝ ԵՄ այլ երկրների համեմատ, աճել է 25%-ով։ Արդյունքում` Գերմանիան այսօր տնտեսական առումով ոչ միայն ԵՄ ամենահզոր տերությունն է, այլև այն երկիրն է, որը թելադրում է (և արդեն ավելի քիչ հենվելով հարևան Ֆրանսիայի վրա) ԵՄ գործունեության կանոնները։ Բնորոշ է, որ կանցլեր Անգելա Մերկելին համաշխարհային ԶԼՄ-ում հաճախ անվանում են «ֆրաու Եվրոպա»։
Աճել են նաև այդ երկրի ռազմաքաղաքական հավակնությունները. ներկայումս գերմանական ընտրանու ներկայացուցիչները հնչեցնում են ՆԱՏՕ բարեփոխման (նկատի ունենալով բուն եվրոպական դերակատարման մեծացումը), միջուկային զենքին տիրապետելու, ամերիկյան հենակայանները երկրից դուրս բերելու և նման այլ գաղափարներ։ Դա վկայում է այն մասին, որ ոչ հեռու ապագայում «գերմանականացված» ԵՄ-ը կամ, որոշ սցենարներում՝ ԵՄ ձևաչափից դուրս իր դաշնակիցների հետ գործող Գերմանիան, ձգտելու է իրեն վայել տեղ զբաղեցնել գլոբալ աշխարհաքաղաքական հարթությունում։
Ռուսաստան, Գերմանիա և «Մեծ Եվրոպա». Վերոնշյալ միտումների տեսանկյունից առանձնապես ուշագրավ է գերմանական զինվորական շրջանակների առաջարկած «արևելյան սպառնալիքներին հակազդելու» նպատակով «Մեծ Եվրոպա» ձևավորելու նորովի խմբագրված նախագիծը, համաձայն որի` ենթադրվում է Ռուսաստանի ներգրավումը ՆԱՏՕ կառույցին և այսպիսով, փաստորեն, այդ կառույցի «եվրասիականացումը»։ Այդպիսի սցենարը հատկապես կարող է ակտուալանալ, եթե Միացյալ Նահանգներում նկատվող ինքնամեկուսացման ձգտումը (հիշենք կոնգրեսական Ռոն Փոլի հայտարարությունը ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին) տեսական դատողությունների ոլորտից տեղափոխվի գործնական հարթություն։ Ակնհայտ է, որ նման զարգացումն առաջին հերթին ենթադրում է Ռուսաստանի պատրաստակամությունը` հաշվի առնելով վերջինիս բարդույթը ՆԱՏՕ-ի և նրա «ընդարձակման» հանդեպ։ Սակայն այսօր ռուսական քաղաքականությունում նկատվում են միտումներ, որոնք կարող են իրատեսություն հաղորդել «Մեծ Եվրոպա» նախագծին, և դա պայմանավորված չէ միայն Մոսկվա-Բեռլին աշխարհաքաղաքական առանցքի վերաբերյալ ավանդական պատկերացումներով։
Ներկայումս Գերմանիան ՌԴ հիմնական տնտեսական գործընկերն է, նրանք իրագործում են խոշոր, աշխարհատնտեսական էներգետիկ ծրագրեր։ Քաղաքական ոլորտում նույնպես առկա են որոշակի համաձայնություններ (մասնավորապես, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու խնդրում)։ Կարևոր է նաև այն, որ վերջին տարիներին Ռուսաստանը սկսել է նախապատվությունը տալ նաև անուղղակի գործողություններին, այսինքն` վարում է ավելի նուրբ ռազմավարություն։ Օրինակ, Ուկրաինայի նախագահական ընտրություններում «պաշտոնապես» ռուսամետ Յանուկովիչի մրցակից Տիմոշենկոն նույնպես հակառուսական ուղղվածություն չուներ, այսինքն` ի տարբերություն նախկինի, բարենպաստ քաղաքական դաշտը ձևավորվել էր նախապես1։ Բարյացակամ էին նաև եվրոպացիների` ընտրություններին տված գնահատականները. նրանք, ԱՄՆ հնարավորությունների հարաբերական թուլացման պայմաններում, ավելի ադեկվատ են ընկալում ռուսական ազդեցության վերականգնումն իրենց «օրինական» տարածքներում և ձգտում են արդեն ոչ թե «պոկել» Ուկրաինան, այլ վերածել այն ԵՄ-ՌԴ համագործակցության հարթակի։ Ռուսաստան-Գերմանիա կապերի ամրապնդման մասին է անուղղակիորեն վկայում նաև այդ թեմային նվիրված բազմաթիվ վերլուծական նյութերի հայտնվելը տեղեկատվական դաշտում2։ Եվրոպական ինտեգրացիայի որոշակի միտումներ են նկատվում նաև Մոսկվա-Վարշավա հարաբերություններում
Վերոնշյալ բնույթի օրինակները բազմաթիվ են, և առանց մանրամասնելու կարելի է փաստել, որ «Մեծ Եվրոպա» ձևավորելու գաղափարը, ադեկվատ լինելով և՛ քաղաքակրթական ընդհանրությունների տրամաբանությանը, և՛ բազմաբևեռ աշխարհի իրողություններին, կարծես թե ընդունելի է դառնում կողմերի համար։ Ստեղծված պայմաններում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ի տարբերություն նախկինում Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների խորացման հարցում ունեցած կտրուկ բացասական դիրքորոշման, նույնպես պետք է որ սկզբունքորեն դեմ չլինեն «Մեծ Եվրոպա» նախագծին, քանի որ նման դաշինքը, որոշ աշխարհաքաղաքական սցենարներում, կարող է բնական պատնեշ հանդիսանալ հնարավոր արևելյան-չինական էքսպանսիայի պարագայում։
Նախագծի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանում. Տեղակայված լինելով «Եվրասիական Բալկանների» հարևանությամբ, որտեղ առկա են կառավարելիության և վերահսկման նվազման միտումներ, Հայաստանի ռազմական անվտանգության գլխավոր երաշխիքներից են շարունակում մնալ ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությունը և վերջինիս ռազմական հենակայանը։ Այդ տեսանկյունից ՌԴ հնարավոր մասնակցությունը գերմանական շեշտադրումներով «Մեծ Եվրոպա» նախագծին, անշուշտ, կմեծացնի մեր դաշնակցի հնարավորությունները։ Նման իրադրությունում օգտակար դերակատարում կարող է ունենալ գերմանական ներկայությունը։
Գերմանիան, որոշակի ազդեցություն ձեռք բերելով եվրասիական ռազմաքաղաքական դաշտում, կարող է մեր տարածաշրջանը որպես հարթակ դիտարկել իր աշխարհաքաղաքական հավակնություններն իրագործելու նպատակով (այդօրինակ ձգտումներ են ցուցաբերում գերմանացիները, օրինակ, Աֆղանստանում), և նման պարագայում այդ հավակնությունները չպետք է որ հակասեն մեր ազգային շահերին։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.
- Գերմանիան մեր տարածաշրջանում չունի շեշտված նավթային շահեր, ինչը որոշիչ գործոն է այլ արևմտյան տերությունների քաղաքականությունում և վերջիններիս կողմից արտահայտվում է Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով։
- Պաշտոնական Բեռլինը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, և այստեղ դերակատարում ունի նաև այն փաստը, որ Գերմանիայում ապրում է շուրջ 3 մլն թուրք, որոնցից 1.7 մլն-ը Թուրքիայի քաղաքացի է, նրանց զգալի մասը սկզբունքորեն, իսկ մասամբ էլ հետևելով Անկարայի ուղղակի ցուցումներին` չի ձգտում ինտեգրվել տեղի հանրությանը։ Այդ գործոնը քաղաքակրթական և ժողովրդագրական բնույթի խնդիրներ է առաջացրել գերմանական հանրությունում, ինչն էլ մասամբ արդեն արտահայտվում է արտաքին քաղաքական մոտեցումներում։
1Ռուսաստանյան նոր ռազմավարության առումով բնութագրական է Ղրղզստանում վերջերս տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունը», որն ակնհայտորեն «մոսկովյան» ծագում ունի։
2Տե՛ս, օրինակ, «Российско-германские отношения в контексте европейской безопасности», под ред. проф. В.И. Дашичева, -М.: ИЭ РАН, 2009.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]