ՀԱՅԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԸ (Ծագումը, էվոլյուցիան, հանգուցալուծումը)

վաղուց առաջարկված այս բանաձևը
ճիշտ է սահմանում հայ ժողովրդի դրությունը մեր աշխարհում։
Հայ ժողովրդի պատմական առաքելությունը,
որը թելադրված է նրա զարգացման
ողջ ընթացքով, Արևելքի և Արևմուտքի
սինթեզը որոնելն ու գտնելն է։
Մեր օրերում մոդայիկ է դարձել քաղաքակրթությունների երկխոսության մասին խոսելը, սակայն չպետք է մոռանալ մշակույթների և քաղաքակրթությունների անհամատեղելիության մասին, ինչը հաճախ հանգեցնում է հակամարտությունների՝ ողբերգական հետևանքներով։
Նման փաստերից է նաև հայասպանությունը, որի բազմաթիվ պատճառների մեջ էր նաև մշակութային գործոնը։ Ըստ էության, այն դարձավ Բալկաններից մինչև Անատոլիա և Կովկաս երկար ձգված էթնիկական հակամարտության, հայ քրիստոնյաների ու սուննի թուրքերի հակամարտության հետևանք։ Ի վիճակի չլինելով «մարսել» իրեն խորթ մշակույթը՝ թուրք ազգայնական վերնախավը ժամանակի ընթացքում որդեգրեց այն ոչնչացնելու և արմատախիլ անելու ռազմավարական գիծը։
Եվ այսպես. 1915թ. ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և Օսմանյան կայսրության մնացած մասում, այդ երկրի կառավարության որոշմամբ և թուրք ժողովրդի կամքով, ծավալվեցին իրադարձություններ, որոնք ուղղված էին Հայկական հարցի վերջնական լուծմանը, այն է՝ զինաթափված և անպաշտպան ժողովրդի բնաջնջմանը, իրադարձություններ, որոնք դաշնակից տերությունների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների 1915թ. մայիսի 24-ի Հռչակագրում բնութագրված են որպես հանցագործություն «մարդկայնության և քաղաքակրթությունների դեմ»։
Թուրքերի գործողությունները նախապես մտածված և հանգամանալի պլանավորված էին, նպատակը պարզ էր. «ամբողջովին վերացնել մի ամբողջ ժողովուրդ», մեկընդմիշտ վերջ տալ մեզ` «Հայաստան» անվան հետ միասին և ջնջել երկրի երեսից նրա քաղաքակրթությունը, Արևմտյան Հայաստանը վերածել տրամաբանական անհեթեթության՝ «Արևելյան Անատոլիայի», յուրացնել նրա մշակույթը1 [1], թալանի ու բռնության թուրքական ավանդույթի օգնությամբ հափշտակել կայսրության հայերի հսկայական նյութական հարստությունը2։
Թուրքական ճարտար միտքն այս չարագործությունը փայփայում էր տասնամյակներ շարունակ և սկսեց երկրի տեղանվան միտումնավոր փոփոխությունից ու ժողովրդագրության աղավաղումից։ 1862թ. կատարվեց կայսրության նահանգների արմատական վերակազմակերպում։ Արդյունքում՝ նախկինում հսկայական տարածք ունեցող «Էրմենիստան էյալեթը» մասնատվեց Էրզրումի, Բիթլիսի և Վանի, որոնցից յուրաքանչյուրին, ժողովրդագրական կազմը փոխելու նպատակով, միացվեցին («ծուռ, արհեստականորեն անցկացված» սահմաններով) իսլամական բնակչություն ունեցող շրջաններ։ Այնուհետև, 1878թ., Բեռլինի կոնգրեսից երկու տարի անց, էլ ավելի կրճատելու համար բնիկ բնակչության տեսակարար կշիռը, Արևմտյան Հայաստանում նոր վարչատարածքային բաժանումներ անցկացվեցին։ Իսկ 1880-ական թթ. արգելվեց «Հայաստան» բառի կիրառությունը։ Ժամանակ առ ժամանակ նման գործողությունները նպատակ ունեին սեփական երկրում ապրող հայերին ձուլել խորթ՝ «մուսուլման» կոչվող խառնացեղ խաժամուժի միջավայրին։
Այս հարցում թուրքական դիրքորոշման «սրբագրման» առիթ դարձավ հայերի նկատելի տնտեսական և քաղաքակրթական վերելքը 19-րդ դարի կեսին։ Անգլիացի հոգևորական Բ.Բարեյլը նշում է, որ արևմտահայերի Ազգային սահմանադրության ընդունումը (1860թ.) «հեղափոխություն էր նշանակում Արևելքի սովորություններում ու սովորույթներում»։ Ուստի, «շուտով հայերը կասկածելի տարր դարձան ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի համար, և այդ օրվանից նրանք այլևս հանգիստ կյանք չունեցան» [2, էջ 15-16]։
Հիրավի հանրահայտ թուրքական նախանձն ու մաղձը բացառիկ դեր խաղացին հայասպանության էթնոհոգեբանական հիմքի նախապատրաստման գործում3։ «Գլխավոր փաստարկն», այնուամենայնիվ, հայերի հայրենիքը՝ Հայաստանը, «սեփականելու», այն օրինական տերերից զավթելու թուրքերի անզուսպ ցանկությունն էր։ Հայ բնակչության գլխովին ջախջախումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Թուրքիայում կարող էին սուլթաններ ու կառավարիչներ փոխվել, կարող էր փոխվել նրանց քաղաքական երանգավորումը, սեռը, հավատն ու ազգությունը, բայց ոչ նրանց գլխավոր նպատակը՝ Հայաստանի ոչնչացումը։
Եվ երբ Լենինի ու Աթաթուրքի համագործակցության շրջանում Հայաստանի ու հայերի վերջնական բնաջնջման հեռանկարն իրական ուրվագծեր ստացավ, արդեն քեմալական Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Մուհթարը արևելյան ռազմաճակատի (բանը հասել էր Արևելյան Հայաստանին) հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին «բացատրում» էր. «Հայաստանը գտնվում է ընդարձակ մուսուլմանական տարածքների վրա (պատկերացնո՞ւմ եք), դրա համար էլ այն պետք է վերացնել ինչպես քաղաքականապես, այնպես էլ ֆիզիկապես։ Հարկ է նկատի ունենալ, որ ընդհանուր քաղաքական իրադրությունը և մեր ուժը նպաստում են այս ծրագրի իրականացմանը» [3, с. 76-77]։
Նշենք, որ Հայաստանի ոչնչացման պլանը ձևակերպել և կյանքի է կոչել Աբդուլ Համիդը, որի զինակիցները և հետևորդները, ընդհուպ մինչև Քեմալը, նրա սկսած գործը շարունակողներն էին։ Եվրոպական ուժերի հզոր ճնշման (մեծ տերությունների քաղաքականություն, ազգային-ազատագրական պատերազմներ և այլն) տակ կքած կայսրության կայունացման և միավորման գործընթացը Համիդն «ուղղեց» դեպի Արևելք։ Նրա նպատակն էր ելքը դեպի Արևմտյան Արաբիա, մահմեդական սրբավայրեր և Հայաստան [4, с. 29]։ Բալկանյան պատերազմներն ավելի ամրացրին նրա այս մտադրությունը։ «Ես չեմ ափսոսի Բալկանյան երկրների կորստի համար, որոնք քամում են մեր ուժերը»,- ասում էր Աբդուլ Համիդը։ «Մենք ուզում ենք մնալ Անատոլիայում և պետք է առանձին ապրենք»,- հռչակում էր «արյունոտ սուլթանը» [5, էջ 812, 827]։
Համիդյան դրույթ-գաղափարն արժանացավ Եվրոպայի ըմբռնմանը։ Այս առումով միանգամայն պերճախոս է բարոն Հանս ֆոն Վանտենհեյմի դիմումը գերմանական նացիոնալ-սոցիալիզմի «նախակարապետին»՝ «Իթթիհաթի» կենտրոնական կոմիտեին (1914թ. պատերազմի նախօրեին). «Ձեզ համար շահավետ է միությունը Բուլղարիայի հետ։ Հարկավոր է դուրս գալ դեպի Բեռլին-Կոստանդնուպոլիս գիծը՝ զինելով նեղուցները, զրկել Ռուսաստանին դրսի օգնությունից և համատեղ ջանքերով ճզմել նրան։ Ձեզ տալով Կովկասը՝ մենք ուզում ենք բացել ձեր ճանապարհը դեպի Թուրան։ Դուք պետք է ոչնչացնեք միասնական Թուրքիային խոչընդոտող տարրը (հայերին- Լ.Շ.), իսկ հետո գրավեք նաև Պարսկաստանը...» [6, с. 18]։
Եվ այսպես, 1914թ. Գերմանիայի դեսպանը խոսում էր այն մասին, ինչի մասին երկու տարի առաջ կանխագուշակել էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը («...Հայկական հարցը Թուրքիայի գլխավոր գլխացավանքներից մեկն է, և ժամանակի ընթացքում այն կուժեղանա, քանի դեռ թուրքերը ստիպված կլինեն նահանջել այդ վայրերում»)։ Իսկ եվրոպական տերությունները, միմյանց հետ համաձայնությամբ, Հին աշխարհից դուրս էին մղում քաղաքակրթորեն իրենց խորթ տարրը՝ միջնադարյան ենիչերիին։ Նրան ուղղում էին դեպի Արևելք։ Այդ ճանապարհին էր գտնվում Հայաստանը։ Ուստի, քրիստոնեական Եվրոպայի օգնությունն աստվածաշնչյան երկրին, «քաղաքակրթության օրրան» (Դևիդ Լենգ) Հայաստանին, չափավոր էր։
Այնինչ, արյան ծարավ թուրքը որդեգրել էր համապատասխան մարտավարություն, որն իրականացրեց երեք փուլով.
- 1876-1915թթ. – հայերի տեղահանության, բռնի իսլամացման և կոտորածի լոկալ, բայց ընդլայնվելու և ծավալվելու միտում ունեցող քաղաքականություն։
- 1915-1918թթ. – Հայկական հարցի վերջնական լուծման համընդգրկուն գործընթաց։ Թուրքերը չհասցրին իրականացնել դա մասամբ մնացած հայերի (բազում մարտերում թրծված կամավորական գնդերի զինվորներ ու սպաներ) դիմադրության (հայկական զորագնդերի գրեթե ութամսյա մարտերը Երզնկայից (Էրզինջան) մինչև Սարդարապատ ու Բաքու, 1918թ. սեպտեմբերի 19-ին «Հայկական լեգեոնը» ճեղքեց սիրիա-պաղեստինյան ճակատը), մասամբ էլ միջազգային իրադրության պատճառով։
- 1919-1923թթ. – մի կողմից՝ հույների ոչնչացման, Արևելյան Հայաստանում և Անդրկովկասում անավարտ մնացած հայասպանության շարունակման և նոր հողերի զավթման քեմալական քաղաքականությունը, մյուս կողմից՝ թուրքական պետության և ազգի կողմից մեղքը չընդունելն ու պատասխանատվությունից հրաժարվելը։
Այսուհետ, ըստ ցեղասպան թուրքական պետության մտահղացման, «խնդիրն այն էր, որպեսզի ստիպեն հայերին հաշտվել փաստացի իրավիճակի հետ։ Հարկավոր էր հարկադրել հայերին՝ իրենց գաճաճ պետությունը (նկատի ունենք 1918թ. հանրապետությունը- Լ.Շ.) ճանաչելու դիմաց հրաժարվել իրենց տարածքներից հօգուտ Թուրքիայի։ Գրեթե լիակատար դեբելյացիան (հպատակումը) և անեքսիան այսպիսով կարող էին ներկայանալ որպես ցեսիա՝ տարածքների կամավոր հանձնում, իսկ հայ բնակչության ցեղասպանությունը՝ որպես անցյալի` ափսոսանքի արժանի իրադարձություններ» (Յու.Բարսեղով) [7, с. 215]։
Այնուամենայնիվ, Ցեղասպանությունը ծնեց Թուրքիայի և թուրքերի պատասխանատվության հարցը.
ա) աշխարհը ցնցած հանցագործությունը մտահղացած և իրականացրած ֆիզիկական անձանց քրեական պատիժ։ Նրանք միայն մասամբ են պատիժ կրել («Նեմեսիս» գործողությունը՝ հայկական Նյուրնբերգը, իրականացվում էր խորհրդային իշխանության ակտիվ դիմադրության պայմաններում),
բ) թուրքական պետության քաղաքական պատասխանատվություն և Հայաստանի ստեղծում Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման համապատասխան,
գ) նյութական պատասխանատվություն որպես ռեստիտուցիա (հայերի իրավունքների վերականգնում, բռնի խլված ունեցվածքի վերադարձում և այլն) [8]։
Պարզ է, որ հայերի հետագա պայքարը շատ բանով պայմանավորված կլինի երկրորդ և երրորդ կետերով։ Դա կհանգեցնի աշխարհում առաջին ցեղասպանության՝ հայասպանության հետևանքների վերացմանը և մեկընդմիշտ կկանխի նման հանցագործությունների կրկնությունը4 [9, p. 216, 240]։
Հատկանշական են Վուդրո Վիլսոնի՝ որպես պատգամ հնչող խոսքերը. «Հայաստանը պետք է ստանա այն, ինչի նկատմամբ պատմական իրավունք ունի։ Նա ավելի շատ կյանքի իրավունք ունի, քան Թուրքիան... Վաղ թե ուշ Թուրքիան կկանգնի դատարանի առջև և հաշիվ կտա, և այդժամ նրանից կպահանջեն վերադարձնել թալանածն իր իսկական տիրոջը» [10, с. 186-187]։
1Գերմանացի արվեստաբան Էռնստ Դիցի կարծիքով՝ սելջուկների արվեստը հայկականի շարունակությունն է։
2Ցեղասպանության տարիներին հայերի` թուրքերի կողմից հափշտակված ունեցվածքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլրդ ամերիկյան ոսկի դոլար։ Այդ հարստության մի մասը գրպանեցին իրենք՝ հափշտակիչները և իշխանական վերնախավը, իսկ առյուծի բաժինն օգտագործվեց քեմալական շարժման կարիքների, մասնավորապես՝ Արևելյան Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի համար։
3Առաջին անգամ տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել արաբ գիտնական, պատմաբան Մուսա Փրինսը (Moussa Prince) 1967թ.։
4Հատկանշական է, որ զանգվածային կոտորածների» տաք հետքերով քաղաքակիրթ աշխարհն սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին և այդ իրադարձությունները բնութագրեց որպես «ողջակիզում» (holocoust), զազրելի, հրեշավոր «ողջակիզում» («ghastly holocoust»).
Աղբյուրներ և գրականություն
- Dietz Ernst, Սելջուկյան արվեստը (գերմաներեն), Կոստանդնուպոլիս, 1948.
- Մաղաքիա Օրմանյան, Հայ եկեղեցին, Կոստանդնուպոլիս, 1911։
- Саркисян Е., За кулисами: как рождался Московский договор 1921г., «Литературная Армения», 1991, N1.
- Раздел Азиатской Турции по секретным документам бывшего Министерства иностранных дел. Под редакцией Е.А.Адамова, М.,1924.
- Յազըճյան Գ., Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II, Բեյրութ, 1980։
- Рифат Мевлан заде, Темные страницы османской революции и программы Иттихата по уничтожению армян, Ереван, 1990.
- Геноцид армян: ответственность Турции и объязательства мирового сообщества. Документы и комментарий. В 2-х т., М; 2005, т. 2, ч. 2.
- Барсегов Ю.Г., Геноцид армян – преступление по международному праву, М., 2000.
- Hocking Joseph, The path of glory, London, New York, Toronto, 1918.
- Чалхушьян Г., Красная книга, Ростов-на-Дону, 2008.
դեպի ետ