• am
  • ru
  • en
Версия для печати
12.04.2010

ԱՄՆ ԼՈԲԲԻՆԳԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Руский

   

Կարեն Վերանյան

Լոբբինգի ինստիտուտը

«Լոբբիզմ» եզրն առաջացել է անգլերեն lobby բառից, որը նշանակում է «կուլուարներ»։ Մասնագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ այն առաջացել է 19-րդ դարի երկրորդ կեսին Ամերիկայում, երկրի 18-րդ նախագահ Ուլլիս Սիմփսոն Գրանտի նախագահության ժամանակաշրջանում (1869-1877թթ.)։ «Լոբբինգ» եզրը կրել է Վաշինգտոնի Willard կոչվող հյուրանոցի սպասասրահի անունը («կուլուարներ»), որտեղ նախագահը, նախարարներն ու սենատորները հանդիպում էին տարբեր մարդկանց հետ, լսում նրանց խնդրանքներն ու ցանկությունները՝ պետության քաղաքականության հարցերի հետ կապված։ Հավաքված մարդիկ փորձում էին համոզել նախագահին ընդունել կամ մերժել այս կամ այն որոշումը՝ դրանով իսկ որոշակիորեն ազդելով պետության ներքին կամ արտաքին քաղաքականության վրա։

Լոբբինգը հասարակության առանձին խմբերի կազմակերպման պրակտիկա է և հատուկ համակարգ։ Այն քաղաքական համակարգի յուրահատուկ ինստիտուտ է, որը մասնավոր ու հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, արհմիությունների կորպորացիաների ազդեցության մեխանիզմ է հանդիսանում տվյալ պետության կառավարության, խորհրդարանի կողմից որոշումների ընդունման գործընթացի վրա։

Սկզբնական շրջանում Ամերիկայում իշխանության մարմինների հետ լոբբիստների փոխհարաբերությունները կրել են կոռումպացված բնույթ, իսկ լոբբիստի մասնագիտությունը երկար ժամանակ համարվում էր ոչ այնքան վայելուչ։ Միայն 19-րդ դարի վերջերին Ամերիկայում սկսեց տարածվել ընտրողների ու իշխանության ներկայացուցիչների միջև անշահախնդիր միջնորդության ավանդույթը։ Որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցության տարածված կոռուպցիոն ավանդույթներից առաջինը «նահանջեց» հայտնի լոբբիստ Սեմ Ուորդը (1814-1884թթ.), որը կազմակերպում էր ընթրիքներ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, գործընկերային հարաբերություններ հաստատում սենատորների և պետքարտուղարների հետ։ Սեմ Ուորդը համոզում էր նրանց ոչ թե գումարով, այլ խոսքով, ինչը հեղափոխություն առաջացրեց ամերիկյան լոբբիստական գործունեությունում։ Արդյունքում` Ամերիկայում լոբբիստական գործունեությունն աստիճանաբար հարգանք ձեռք բերեց և դարձավ բարձր վարձատրվող մասնագիտություն։

ԱՄՆ լոբբիստական գործունեությունը զարգացած սոցիալական, քաղաքական ինստիտուտ է, որն իր սուբյեկտների՝ ճնշման խմբերի ու շահերի խմբերի հետ միասին, կազմում է պետություն-լոբբիստական խումբ յուրահատուկ հարաբերությունները։ Լոբբիստներն այսպիսով տարբեր գործարքներում միջնորդի դեր են իրականացնում շահերի խմբերի ու քաղաքական գործիչների, իշխանության օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների միջև՝ դրանով իսկ զգալի ազդեցություն ունենալով երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Այս տեսանկյունից լոբբինգը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի ժողովրդավարության մեխանիզմում և նրա ժողովրդավարության ցուցիչներից է։

Լոբբիստական խմբեր

Լոբբիստական գործունեությամբ կարող են զբաղվել ինչպես անհատ գործիչները, այնպես էլ քաղաքական, տնտեսական ու սոցիալական խմբերը, կազմակերպություններն ու շարժումները, հասարակական-քաղաքական, պետական ինստիտուտները։ Նշված սուբյեկտները լոբբիստական գործունեությամբ միմյանցից տարբերվում են իրենց նպատակներով, դրանց հասնելու միջոցներով, կիրառվող տեխնոլոգիաներով։ Նման խմբերն ընդունված է անվանել լոբբիստական, այլ կերպ՝ ճնշման խմբեր, շահերի խմբեր։

Լոբբիստական խմբերը կարելի է դասակարգել ըստ լոբբիստական գործունեության ուղղվածության1, որոնք են.

  1. Քաղաքական լոբբիստական խմբեր. ֆինանսատնտեսական ու սոցիալական խմբեր են, որոնք ձգտում են հասնել տվյալ երկրի իշխանության գործադիր ու օրենսդիր մարմինների վրա անհրաժեշտ ազդեցության՝ քաղաքական պայքարում և նախընտրական արշավներում մասնակցություն ցուցաբերելու միջոցով։
  2. Սոցիալական լոբբիստական խմբերի (օր.՝ արհմիություններ) ներուժն ուղղակի համաչափ է տվյալ ճյուղի տնտեսական նշանակությանը, որը նրանք ներկայացնում են։ Օրինակ, նավթային ոլորտում ներգրավված լոբբիստները, սոցիալական այլ ոլորտի ներկայացուցիչների համեմատությամբ (օր.՝ գիտություն, կրթություն), տիրապետում են իրենց շահերը լոբբինգավորելու անհամեմատ ավելի զգալի ռեսուրսների։ Սոցիալական լոբբիստական խմբերից են վետերանների, կանանց, երիտասարդական, բնապահպանական միություններն ու կազմակերպությունները։
  3. Տնտեսական լոբբիստական կազմակերպություններ, որոնց համար պետական որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցության լծակներում տիրապետող են տնտեսական գործոնները։ Տնտեսական լոբբիստական խմբերի շարքին են դասվում շուկայում մենիշխան դիրքեր զբաղեցնող ֆինանսաարդյունաբերական խմբերն ու կորպորացիաները։ Տնտեսական լոբբիստական խմբերն ունեն նաև սեփական ֆինանսաբանկային կառույցներ, ԶԼՄ, ներկայացուցիչներ իշխանական բարձրաստիճան շրջանակներում, քաղաքական կուսակցություններում։
  4. Տարածաշրջանային լոբբիստական խմբեր, որոնք ձգտում են ստանալ որոշակի արտոնություններ և առավելություններ իրենց տարածքային շրջաններում կամ նահանգներում։
  5. Օտարերկրյա լոբբիստական խմբեր (կամ ճնշման խմբեր), որոնք մասնագիտական գրականությունում ավելի շուտ հանդիպում են որպես էթնիկ խմբեր (ethnic interest groups)։ Էթնիկ խմբերի ակտիվ գործունեության օրինակ է Միացյալ Նահանգները։
  6. Հատուկ լոբբիստական խմբեր. իրական լոբբիստները հաճախ գործում են ոչ ինքնակամ, այլ իրենց ներկայացուցիչների միջոցով։ Հատուկ լոբբիստական խմբերը գործի են դրվում այն ժամանակ, երբ տվյալ ընկերությունն օբյեկտիվ պատճառներով չի կարող արդյունավետ և ուղղակի դերակատարում ունենալ լոբբիստական գործընթացում, ուստի ֆինանսավորում է հատուկ լոբբիստական խմբերին2։

Էթնիկ լոբբիստական խմբեր

Էթնիկ լոբբիստական խմբերը, որոնք ձևավորվում են մշակութային, էթնիկական, կրոնական կամ ռասայական կապերի հիման վրա, հետապնդում են բնակության երկրի արտաքին քաղաքականության վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության միջոցով իրենց հայրենիքին կամ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու նպատակ։

ԱՄՆ-ում ազգային փոքրամասնությունների էթնիկական ինքնագիտակցությունը զգալիորեն խթանվեց Առաջին աշխարհամարտից հետո, որոնք սկսեցին հիմնել տարբեր լոբբիստական խմբեր՝ աջակցելու պատերազմի մեջ գտնվող իրենց եվրոպական հայրենիքներին։ Սառըպատերազմյան շրջանում ԱՄՆ էթնիկ լոբբիստական խմբերի ազդեցությունը երկրի օրենսդիր մարմիններում որոշակիորեն սահմանափակված էր՝ պայմանավորված միջազգային ռազմաքաղաքական համակարգով ու ԱՄՆ սառըպատերազմյան արտաքին քաղաքականությամբ, որը գտնվում էր ԱՄՆ գործադիր իշխանության ձեռքում։

Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում էթնիկ լոբբիստական գործունեության ակտիվացմանը զգալիորեն նպաստել են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, ինչի արդյունքում լոբբիստական գործունեությունը դարձել է առավել ազատ։ ԱՄՆ Կոնգրեսում լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների գործունեությունն առավել ակտիվացավ Կոնգրեսում «խորհուրդների» (caucus) ստեղծման գործընթացի հետ։ Այդ խորհուրդներում սենատորներն ու Ներկայացուցիչների պալատի անդամները ներկայացնում են տարբեր էթնիկական խմբեր և նրանց շահերը՝ այս կամ այն որոշման ընդունման կամ մերժման գործընթացում։

Ոլորտում հայտնի մասնագետներից մեկի՝ Ջեյմս Լինդսիի (James Lindsay) կարծիքով, առկա են մի շարք պայմաններ, որոնք ներգաղթած խմբերին վերածում են էթնիկական լոբբիստական կազմակերպությունների։ Առաջին` Ամերիկա ներգաղթածները, որոնք եկել են երկիր՝ որպես քաղաքական փախստականներ (օր.՝ կուբացիները), առավել հաճախ են կազմակերպում էթնիկ խմբեր, քան «տնտեսական» պատճառներով ներգաղթածները (օր.՝ իտալացիները)։ Երկրորդ՝ իրենց հարևան պետությունների հետ հակամարտող երկրներից գաղթածները (Իսրայել, Հայաստան), առավել ակտիվ են լոբբիստական գործունեություն իրականացնում ի պաշտպանություն իրենց հայրենիքի շահերի, քան առավել բարենպաստ երկրներից ներգաղթածները (Նորվեգիա, Գերմանիա և այլն)։ Երրորդ՝ առավել ուժեղ քաղաքականացված լոբբի ձևավորում են տնտեսապես հաջողակ էթնիկ խմբերը (հրեաներ, հայեր, հնդիկներ, հույներ)։ Եվ չորրորդ՝ էթնիկ լոբբիստական գործունեությունն առավել հաջողակ է, երբ նրանց նպատակներն աջակցություն են գտնում ԱՄՆ քաղաքական էլիտաների կողմից և հակառակը։

ԱՄՆ-ում գործող էթնիկ լոբբիստական խմբերի գործունեությունը հիմնականում հետևյալն է.

  • Լոբբիստական խմբերը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ու կառավարության ներկայացուցիչներին մատակարարում են անհրաժեշտ տեղեկատվություն այս կամ այն հիմնահարցի մասին:
  • Լոբբիստական խմբերն ակտիվորեն մասնակցում են Կոնգրեսի օրինագծերի մշակման և որոշումների կայացման գործընթացին՝ կապված երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության հիմնահարցերի հետ:
  • Կազմակերպում են քարոզչական և լրատվական մեծածավալ գործունեություն՝ երկրի հասարակական կարծիքի նպատակային ուղղորդման նպատակով:
  • Առանձնահատուկ նշանակություն է տրվում նախընտրական արշավների ժամանակ «սեփական» թեկնածուների ֆինանսական ու քաղաքական աջակցության հարցերին։

ԱՄՆ լոբբինգի ինստիտուտի իրավական հիմքերը

ԱՄՆ-ում լոբբիզմն իրականացվում է 1789թ. ընդունված երկրի առաջին սահմանադրական փոփոխության համաձայն, որը երաշխավորում է քաղաքացիների իրավունքն իրենց բողոքներով իշխանության պաշտոնական մարմիններին դիմելու հարցում։ Երկրում լոբբիստական գործունեության վերահսկման նպատակով 1876թ. ընդունվեց օրենք, որի համաձայն` լոբբիստական գործունեությամբ զբաղվող բոլոր անձինք պարտավոր էին տեղյակ պահել իրենց մասին և պաշտոնապես գրանցվել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում։

Երկար ժամանակ ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն ասելով հասկացվում էր առաջին հերթին արտաքին քաղաքականության հարցերի լոբբինգը, և հենց այդ գաղափարն էր ամրագրված 1938թ. ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքում (FARA)։ Օրենքն ընդունվել է որպես ԱՄՆ-ում նացիստական և կոմունիստական քարոզչական գործունեության կանխարգելման փորձ։ Այն պարտավորեցնում էր նրանց գրանցվել և հաշվետու լինել կատարած գործունեության համար։ Օրենքի պահանջները կիրառվում էին, եթե կողմերից մեկը գործում էր օտարերկրյա կառավարության, օտարերկրյա քաղաքական կուսակցության, ինքնուրույն կամ այլ սուբյեկտի անունից, որը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ կամ էլ հանդես է գալիս օտարերկրյա պատվիրատու կառավարության կողմից։

1946թ. երկրում ընդունվեց հատուկ օրենք լոբբիստական գործունեության կարգավորման մասին (Federal Regulation of Lobbying Act), որտեղ սահմանվեց բոլոր պրոֆեսիոնալ լոբբիստների գրանցման անհրաժեշտության պահանջը։ Օրենքի հիմնական նպատակն էր լոբբիստների գրանցման ու բացահայտման վերաբերյալ համապարփակ համակարգի ստեղծումը, երկրի իշխանության օրենսդիր մարմինների վրա լոբբիստական խմբերի գործադրած ճնշումների վերաբերյալ պետական տեղեկատվության ապահովումը։ Ակտը տարածվում էր միայն այն լոբբիստների վրա, որոնք գործունեություն էին ծավալում ԱՄՆ Կոնգրեսում։ Օրենքը տարածվում էր յուրաքանչյուր անհատի վրա, որն «անմիջականորեն իր ներկայացուցիչների, կամ ծառայողների կամ այլ անձանց միջոցով հավաքագրում կամ ստանում է դրամական միջոցներ կամ էլ այլ արժեքներ՝ հիմնականում հետևյալ նպատակներին ծառայեցնելու համար. ա) ԱՄՆ Կոնգրեսի կողմից որևէ օրենսդրական ակտի ընդունում կամ մերժում, բ) ուղղակի կամ անուղղակի ազդեցության կիրառում Կոնգրեսի կողմից որևէ օրենսդրական ակտի ընդունման կամ մերժման վրա»։ Ըստ օրենքի` արգելվում էր Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների բացահայտ կաշառումը, որոնց համար սահմանվել են պատասխանատվության ենթարկման հետևյալ տույժերը՝ մինչև $5.000 տուգանք, կամ էլ ոչ ավելի, քան 12 ամսվա ազատազրկում, կամ առաջին և երկրորդ տույժերը միաժամանակ։

ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության դեմ հզոր ալիք նախաձեռնվեց 20-րդ դարի 70-ականներին։ 1971թ. ընդունվեց «Դաշնային ընտրարշավների մասին» օրենքը, որը երաշխավորում էր երկրի երկու հիմնական կուսակցությունների կողմից նախագահի թեկնածուների պետական ֆինանսավորումը։ Ընդունված օրենքը նպատակաուղղված էր ճնշման խմբերի ազդեցության սահմանափակմանը, որոնք ցանկանում էին նախընտրական արշավում առաջ մղել նախագահի իրենց թեկնածուին։ 1974թ. ընդունվեց օրենսդրական փոփոխություն, որի համաձայն` սահմանափակվեցին անհատների, լոբբիզմով ու նախընտրական քարոզչությամբ զբաղվող «Քաղաքական գործողության հանձնաժողովների» ներդրած գումարների չափերը, որոնց միջոցով լոբբիստները ստանում էին անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ «Քաղաքական գործողության հանձնաժողովները» պետք է հավաքագրեին կամ կուտակեին քաղաքացիների, խմբերի, միությունների միջոցները և Կոնգրեսի ընտրությունների ժամանակ այդ միջոցների բաշխման հարցում որդեգրեին որոշակի միասնական մոտեցում։

1995թ. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրեց նոր՝ լոբբիստական գործունեության բացահայտման մասին առավել խիստ մոտեցումներով օրենք (Lobbying Disclosury Act)։ Օրենքում նշվում էր. «ԱՄՆ կառավարությունը պահանջում է դաշնային կառավարության օրենսդիր ու գործադիր մարմինների պետական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն գործելու համար վարձատրված լոբբիստների գործունեության վերաբերյալ պետական տեղեկատվության ապահովում»։ Օրենքը տարածվում էր նաև լոբբիստական գործունեության վրա ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես ամրագրված էր նախորդ իրավական ակտերով, այլև իշխանության գործադիր մարմիններում։ Օրենքի համաձայն, «լոբբիստները և լոբբիստական ընկերությունները պարտավոր են գրանցվել ԱՄՆ Սենատի հասարակական արձանագրությունների գրասենյակում (Senate Office of Public Records), յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ գրասենյակին տրամադրել իրենց գործունեության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Խստացումներ մտցվեցին նաև լոբբիստական գործունեության ընթացքում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ, ինչի արդյունքում տույժերը մեծացան հինգ անգամ, սակայն ազատազրկում իրավախախտներին չէր սպառնում։

Նման օրենքի ընդունումը ժամանակի հրամայականն էր, ինչը պայմանավորված էր աշխարհում քաղաքական-հասարակական զարգացումների ու գործարարության գլոբալացմամբ, ինչի արդյունքում ԱՄՆ-ում ուժեղացավ էթնիկ լոբբիստական գործունեության ազդեցության աստիճանը։ Նոր օրենքի ընդունումը կարևորվում էր նաև նրանով, որ մինչ այդ երկրում գործող հինգ լոբբիստներից միայն մեկն էր, որպես կանոն, գրանցվում, իսկ մյուսները գերադասում էին չհրապարակել իրենց գործունեությունը և հանդես էին գալիս որ-պես փորձագետներ, խորհրդատուներ։

ԱՄՆ լոբբիստական գործունեության նոր սահմանափակումներ մտցվեցին՝ կապված 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ։ Անվտանգության միջոցառումների ուժեղացումը սահմանափակումներ դրեց ԱՄՆ Կոնգրեսի շենք լոբբիստների ու լոբբիստական կազմակերպությունների մուտքի հարցում։ Արդյունքում` լոբբիստական կապերի հաստատման գործում սկսեցին կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծվեցին պրոֆեսիոնալ էլեկտրոնային կայքեր՝ օրենսդիրների հետ հեռահար հաղորդակցման ու հարցերի քննարկման նպատակներով։

Գալով իշխանության՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր հերթին սկսեց մեծ ուշադրություն դարձնել երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունում լոբբիստական գործունեության վրա։ 2009թ. հունվարի 21-ին Օբաման հրապարակեց «Գործադիր իշխանության անձնակազմի բարոյական հանձնարարականներ» որոշումը, որտեղ հստակեցվում էին գործադիր իշխանության յուրաքանչյուր պաշտոնյայի համար լոբբինգի բարոյական նորմերը։ Նա արգելեց Սպիտակ տան վարչակազմին նվերներ ստանալ լոբբիստներից ու լոբբիստական կազմակերպություններից։ Երկրորդ՝ օրենքով արգելվում էր նորանշանակ պաշտոնյային նշանակման օրվանից երկու տարվա ընթացքում զբաղվել նախկին լոբբիստական գործունեության հետ առնչվող գործարքներով։ Եվ երրորդ՝ «պահանջվում էր, որպեսզի կառավարական աշխատանքի տեղավորման հարցում առաջնորդվեն որակական հատկանիշներով, գիտելիքներով ու փորձառությամբ, այլ ոչ թե քաղաքական կապերով»3։

2009թ. մարտ-հուլիսին Բ.Օբաման ստորագրեց մի շարք հուշագրեր, որոնք կոչված էին կառավարելու գրանցված լոբբիստների և իշխանության գործադիր մարմնի՝ 2009թ. ընդունված «Ամերիկյան վերականգնման ու վերներդրումային ակտի» (American Recovery and Reinvestment Act of 2009) հիմնադրամները ղեկավարող ծառայողների միջև հաղորդակցությունները4։ Սպիտակ տան վարչակազմը որոշակի սահմանափակումներ մտցրեց լոբբիստների գործունեությունում՝ կապված «Ամերիկյան վերականգնման ու վերներդրումային ակտի» հետ, քանզի մտավախություն կար, որ լոբբիստները կարող էին զգալի ազդեցություն ունենալ ակտի իրագործման գործընթացների ու նպատակների ուղղությամբ։ Սահմանափակումները վերաբերում էին լոբբիստների ու իշխանության գործադիր մարմնի ծառայողների միջև ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցություններին։ Այդ սահմանափակումները տեղ գտան, մասնավորաբար, 2009թ. մարտի 20-ի նախագահական հուշագրում (Presidental Memorandum), որը «Վերականգնման ակտի» հիմնադրամների բաշխման հարցում գործադիր իշխանության դեպարտամենտների ու գործակալությունների համար սահմանում էր 4 քաղաքական ուղեգիծ.

  1. երաշխավորել, որ ընդունվող որոշումն արժանահավատ է դրամաշնորհներ ու դաշնային ֆինանսական աջակցության այլ ձևեր տալու համար,
  2. խուսափել «ոչ խելամիտ» նախագծերի ֆինանսավորումից,
  3. երաշխավորել գրանցված լոբբիստների հետ հաղորդակցությունների թափանցիկությունը,
  4. հուշագրի իրականացման համար ապահովել «Կառավարման և բյուջեի գրասենյակի»՝ դեպարտամենտներին ու գործակալություններին ցուցաբերվող աջակցություն5։

Սպիտակ տունը չսահմանափակվեց գործադիր իշխանության հետ հաղորդակցության գործում գրանցված լոբբիստների ու լոբբիստական կազմակերպությունների իրավական սահմանափակումներով։ Անցած տարվա սեպտեմբերի 23-ին նախագահ Օբաման հայտարարեց նոր քաղաքականության մասին, որով սահմանափակումներ էին մտցվելու գործակալությունների խորհրդատվական հանձնաժողովներում («Դաշնային խորհրդատվական հանձնաժողովներ»/Federal Advisory Committees) գրանցված լոբբիստների թվաքանակի մեջ՝ «Վաշինգտոնում հատուկ շահերի խմբերի ազդեցության թուլացման կամ նվազեցման նպատակներով»6։ Նախաձեռնությունը հիմնականում ուղղված էր նրան, որպեսզի գործակալությունների խորհրդատվական հանձնաժողովներում այսուհետ չկարողանան նշանակվել գրանցված լոբբիստները։ Գործադիր իշխանության գործակալությունների խորհրդատվական հանձնաժողովները նոր նշանակումների ժամանակ այլևս չպետք է վերանշանակեին այն անհատներին, որոնք գրանցված լոբբիստներ են։

ԱՄՆ նախագահի՝ Էթիկայի ու կառավարության բարեփոխումների հարցերով հատուկ խորհրդական Նորմ Լ. Էյսենի բնորոշմամբ, «նախագահը կոչ արեց ամերիկացի ժողովրդին նվազեցնել Վաշինգտոնում լոբբիստների ազդեցությունը, որոնք անցյալում չափից ավելի հաճախ են հասել անհամաչափ ազդեցության կառավարության որոշում կայացնողների վրա...»։

1Перегудов С.П., Семененко М.С., «Лоббизм в политической системе России», Мировая экономика и международные отношения, 1996г., N 9.

2Thomas P. Lyon, John W. Maxwell, “Astroturf: Interest Group Lobbying and Corporate Strategy”. Journal of Economics & Management Strategy, Volume 13, Number 4, 2004.

3Executive Order 13490. “Ethics Commitments by Executive Branch Personnel”, 74 Federal Register 4673. January 26, 2009.

4«Ամերիկյան վերականգնման և վերներդրումային ակտը», որն ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2009թ. փետրվարի 29-ին, տնտեսության խթանման ծրագրերի ու գործողությունների փաթեթ է՝ $787 մլրդ արժողությամբ։ Ակտը վերաբերում էր պետության գործունեության տարբեր ոլորտների զարգացման խթանմանը (առողջապահություն, կրթություն, գործազրկության և կենսաթոշակային հիմնադրամներին աջակցում, էներգետիկա, գիտահետազոտական ասպարեզ և այլն)։

5The President: “Memorandum of March 20, 2009: Ensuring Responsible Spending of Recovery Act Funds”, 74 Federal Register 12531, March 25, 2009.

6The White House. “ Lobbyists on Agency Boards and Commissions”, Blog Post. September 23, 2009.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր