• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2010

ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

   

Վերա Սահակյան

1 (original)Օսմանյան կայսրությունը 16-17-րդ դարերում հասել էր իր հզորացման գագաթնակետին՝ նվաճելով տարածքներ արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից: Նվաճված տարածքների վրա ապրող բնակչության ողջ կարողությունը թե՛ տնտեսական և թե՛ հոգևոր յուրացրել էր: Եթե չլիներ գերիշխանության տակ գտնվող ժողովուրդների բարձր մշակութային զարգացվածությունը, դժվար թե կայսրությունն այդքան կարճ ժամանակահատվածում կարողանար հասնել նման մեծ ձեռքբերումների: Գաղութացված ժողովուրդներից հատկապես մեծ է եղել հայերի վաստակը: Կայսրությունում հայերի ունեցած դերը նշանակալի էր թե՛ արվեստի, թե՛ արհեստների զարգացմանը, գրականության, պատմության, բժշկության և համարյա բոլոր բնագավառներում:

2 (original)Թուրքիայի և Միջին Արևելյան մի շարք երկրների լուսանկարչական արվեստի հիմնադրման գործում մեծ վաստակ ունեն ստամբուլահայերը: Թուրքիայում առաջին լուսանկարչական ստուդիան հիմնվում է Պոլսի Բեյօղլու թաղամասում (Բերայում), որը հանդիսանում էր քրիստոնյաներով բնակեցված ամենահոծ թաղամասը: Արվեստի այս տեսակը մշտապես եղել է հայերի մենաշնորհը Թուրքիայում: Հայերն իրեց երեխաներին պարտադիր սովորեցնում էին որևէ արհեստ կամ արվեստ, և լուսանկարչությունը դարձել էր այդ արվեստներից մեկը:

«Թաքվիմ-ի Վեքայի» եռալեզու թերթում 1839թ. հոկտեմբերի 28-ին առաջին անգամ հրապարակվել է Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդներին լուսանկարի հայտնության մասին: 1857թ. Պոլսո Բեյօղլու թաղամասում լուսանկարչական կենտրոն է բացում հայազգի Պասկալ Սեբահը: Նա այն եզակի մարդկանցից էր, որ սուլթանի կողմից պարգևատրվում է Մեջիդեյի երրորդ աստիճանի շքանշանով: Նրա արված լուսանկարները, ցավոք, չհասան մեզ, որովհետև 1881թ. տեղի ունեցած մեծ հրդեհի հետևանքով նրա լուսանկարչատան բոլոր աշխատանքներն այրվեցին:

Օսմանյան շրջանի ամենահայտնի լուսանկարիչները Սառռաֆ Միքայել Աբդուլլահյանի որդիներն են՝ Վիչեն, Գևորգ, Հովսեփ Աբդուլլահ եղբայրները: Կայսրությունում լուսանկարների մեծացման մենաշնորհ պատկանել է նրանց: 1836թ. սկսած լուսանկարչական արվեստը դառնում է եղբայրների մենաշնորհը: Նույն թվականին Աբդուլլահյանները դառնում են սուլթան Աբդուլազիզի հատուկ լուսանկարիչները: 1867թ. Բերայի ռուսական դեսպանատան մոտ բացում են լուսանկարչատուն, որն անվանում են «Աբդուլլահ եղբայրներ»: Նույն թվականին Փարիզում կայացած միջազգային լուսանկարչական ցուցահանդեսում ստանում են մրցանակ: Երեք եղբայրներից Վիչենն անձնապես շատ մոտ էր Սադրազամ Ֆուադ փաշային: Վիչենն անձամբ էր նկարում Սադրազամին և Օսմանյան մեջլիսի ողջ անդամներին: Աբդուլհամիդի կառավարության տարիներին եղբայրները եղել են պալատական նկարիչներ: Սուլթանի անմիջական հրամանով նրանք լուսանկարել են կայսրության ամբողջ տարածքը:

Արված լուսանկարներից սուլթանն ընտրում էր առաջադեմ նկարները, ուղարկում Եվրոպական երկրներ՝ ցույց տալու համար, թե իր կայսրությունում ինչքան լավ են ապրում մարդիկ: Բնական է, որ այդ նկարները վերաբերում էին մեծմասամբ Արևմտյան Հայաստանին, որովհետև այն աչքի էր ընկնում խիստ Եվրոպական վարք ու բարքով: Սուլթան Աբդուլհամիդի պատրաստած «աստղային ալբոմներ» կոչվող հավաքածուներում ներգրավված էին ավելի քան 35.000 լուսանկարներ: Այս հավաքածուների ստեղծման գործում իրենց մեծ ավանդն ունեն Աբդուլլահ եղբայրները: Նրանք պարգևատրվել են Օսմանյեյի չորրորդ աստիճանի և Մեջիդիեյի երրորդ աստիճանի շքանշաններով: 1899թ. այս արվեստանոցն իր բոլոր նեգատիվներով վաճառվում է Սեբահ և Ջոյլեր ընկերությանը:

Բերայի լուսանկարիչների ցուցակը հաջորդում է Պողոս Թարքուլյանը: Հատկապես հմուտ էր դիմանկարների և ձեռքով դրանք ներկելու արվեստի մեջ: Աբդուլհամիդ Երկրորդի պալատական նկարիչներից մեկն է: Պարգևատրվել է Մեջիդիյեյի հինգերորդ կարգի շքանշանով: Այս լուսանկարչի արվեստանոցը պահպանվում է մինչև հանրապետության հռչակումը: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո Թարքուլյանը դառնում է Աթաթյուրքի հայտնի լուսանկարիչներից մեկը: Բացի Աթաթյուրքից, նա լուսանկարում է նաև Շահ Մուզաֆֆերեդին, Վիլհելմ Երկրորդին, Կառլ Առաջինին և ժամանակի հայտնի մի շարք պաշտոնյաների: Առաջին թողարկված 50, 100, 500, 1000 թղթադրամների վրա արտատպված Աթաթյուրքի դիմանկարի լուսանկարիչը կատարել է Պողոս Թարքուլյանը:

3 (original)Աբդուլհամիդի պալատական լուսանկարիչներից էին նաև Գյուլմեզ եղբայրները (Երվադ, Արթին, Գրիգոր): Նրանք մեծ համբավ էին ձեք բերել հատկապես դիմանկարներ և տեսարժան վայրեր նկարելու մեջ:

Թերթերի և ամսագրերի համար լուսանկարներ էր կատարում մեկ այլ հայազգի լուսանկարիչ՝ Աշիլ Սամանջըն: Հայտնի էին Ջեռոմ Սըվաջյանը, Փափազյան եղբայրները, Անտուան Զիլփոջյանը: Վերջինս 1882թ. Եգիպտոսում էր, և Ալեքսանդրապոլի Ռաս էլ Թին քաղաքի գրավման ժամանակ մեծ թվով լուսանկարներ է կատարել:

«Նվագող աղջիկը» և «երաժիշտները» լուսանկարների հեղինակի՝ Գ.Լեքեգյանի մասին կայսերական արխիվներում ոչ մի փաստաթուղթ չկա, քանի որ հավանաբար երբ սկսվել են Կարմիր սուլթանի կոտորածի տարիները, նա տեղափոխվել է Եգիպտոս: 1887թ. հաստատվում է Կահիրեում, թողնում նկարչական արվեստն ու սկսում զբաղվել լուսանկարչական գործով: Մի քանի միջազգային ցուցահանդեսների ժամանակ արժանանում է ամենաբարձր մրցանակներին, և մեծ հռչակ ձեռք բերում: Աբաս երկրորդը նրան հայտարարում է պալատական նկարիչ:

Օսմանյան շրջանում լուսանկարիչների արած նկարները հետագայում մեծ վարպետությամբ օգտագործեց Մաքս Ֆրուխթերմանը: Նա արված լուսանկարները օգտագործում էր նամականիշների պատրաստման մեջ: Նրա հավաքածուն, որը Ֆրուխթերմանի մահից հետո նրա կինը վաճառեց, բաղկացած է 600 000 նամականիշներից:

Հայերի վաստակը մեծ է թե՛ Ստամբուլում, թե՛ միջինարևելյան մի շարք երկրներում: Եսայի Կարապետյանը, ով հոգևորական էր Կեսարիայում, 1858թ. գալիս է Ստամբուլ, Աբդուլլահ եղբայրների մոտ շուրջ մեկ տարի ուսանում, ապա տեղափոխվում Պաղեստին: 1859թ. Քուդուսում հիմնում է Միջին Արևելքում առաջին նկարչական դպրոցը: Նրա աշակերտների մեծ մասը հայեր էին: 1865թ. ընտրվում է Երուսաղեմի հայոց պատրիարք: Հատկապես մեծ հարստություն է թողել հայերին՝ նկարելով Երուսաղեմի հայոց պատրիարքության հոգևորականներին:

Երբ հայերը ստիպված թողնում էին իրենց տունն ու հողը և բնակություն հաստատում այլ տեղ, լուսանկարչությունն էլ իրենց հետ էին տանում: Այդ իսկ պատճառով էլ այն տարածվեց միջինարևելյան մի շարք երկրներում: Հայերն ամբողջ Մերձավոր Արևելքում ու Կովկասում առաջին ներմուծողներն են եղել լուսանկարչական արհեստ-արվեստի: Պարբերական հալածանքների և կազմակերպված ջարդերի զոհ դարձած հայերը սփռվել են գլխավորապես Միջին Արևելքում. Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, Իրանում: Բնակության նոր վայրերում լուսանկարչությունը նրանց համար դարձավ գոյատևման միջոց: Հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում: Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում, հատկապես Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Տրապիզոնում, արաբական երկրներում` Կահիրե, Ալեքսանդրիա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Ամման, նաև Երուսաղեմ, Հայֆա և մյուս քաղաքներում, ինչպես նաև Պարսկաստանի տարբեր վայրերում, իսկ մյուս կողմից` Ռուսական կայսրության կովկասյան տարածաշրջանում` Թիֆլիս, Երևան, Կարս, Ալեքսանդրապոլ, Բաքու, Բաթում, նաև՝ Ռոստով, Օդեսա, Վառնա և այլուր, հայ լուսանկարիչները մենաշնորհային դիրք են ունեցել այս ասպարեզում իրենց եվրոպական տիպի ստուդիաներով, կենցաղայինից մինչև պաշտոնական ծառայությունների մատուցմամբ:


դեպի ետ