• am
  • ru
  • en
Версия для печати
06.04.2010

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

001 (original)Այսօր տեղի է ունենում ցանցային մեդիա-կապերի հայեցակարգային փոփոխություն: Վերջին տարիներին ինտերնետում տեղեկատվության տարածման համար առավել կարևոր գործոն են եղել որոնման համակարգերը, որոնք, փաստորեն, գերակա են դարձել տեղեկատվության տարածման բնագավառում: Կայք ունեցողների համար տեղեկատվական դաշտ մտնելու հիմնական գործոն է եղել և շարունակում է այդպիսին մնալ համապատասխան հարցումների գծով որոնման գործիքների գերակայությունը: Միևնույն ժամանակ, նկատվում է նաև տեղեկատվական դաշտի ձևաչափը փոխելու և հօգուտ սոցիալական ցանցերի անցման միտում:

Որոնման գործիքներից դեպի սոցիալական խորհուրդներ

Որոնման գործիքները տալիս են արդյունքներ կոնկրետ հարցման գծով` ելնելով կայքի հեղինակավորության առանձին մշակված և շարունակաբար թարմացվող սկզբունքներից, նրա «թարմությունից», բովանդակությունից և ավելի քան հարյուր այլ սկզբունքներից, որոնց մի մասը գաղտնի է պահվում (որպեսզի կայք ունեցողներն արհեստական հնարքներ չբանեցնեն) և փոփոխվում են որոնման համակարգից կախված:

Տրվող տեղեկատվության հսկայական քանակության առկայությունը հանգեցնում է նրան, որ որոնման գործիքները վերջնական օգտագործողի համար բացում են հարցումների ընդամենը ամենառելևանտ արդյունքները: Այսպես, Google-ը տալիս է միայն առաջին հազար արդյունքները` անտեսելով մնացած բոլորը: Միևնույն ժամանակ, վիճակագրության համաձայն, օգտագործողների մեծամասնությունը դիմում է միայն հարցման առաջին 10 արդյունքներին (իսկ դրանցից օգտագործողների մեծ մասը նայում է միայն առաջին երեք արդյունքները):

Մեդիա-հոսքի ավելացումը և օն-լայն մեդիայի էքսպոնենցիալ աճը հանգեցրին այն բանին, որ որոնման համակարգերն անցան առանձին սերվիսների, որոնք նորությունների ավտոմատ ընտրություն են տրամադրում` իրական ժամանակի ռեժիմում: Այսպես, 2003թ. հուլիսին ռուսալեզու որոնման հիմնական սերվիսն ազդարարեց Яндекс.Новости նոր ծառայության մասին: Այն ժամանակ ընկերությունն ազդարարում էր, որ օգտագործողներին տրամադրվում է միանգամայն նոր սերվիս. բովանդակությամբ մոտ նորությունների միավորում և օրվա գլխավոր թեմաների առանձնացում: Яндекс.Новости-ն միաժամանակ մուլտիմեդիա նախագիծ դարձավ. կայքում ներկայացված էին ոչ միայն տեքստեր, այլ նաև ֆոտո-, աուդիո- և տեսաֆայլեր. «Նորությունների մշակումը և համակարգումը տեղի են ունենում ավտոմատ կերպով. Яндекс-ը սեփական նորություններ չի թողարկում, այլ անաչառ ներկայացնում է օրվա տեղեկատվական պատկերը: Տվյալների վերլուծության և դասդասման ալգորիթմերը Яндекс-ի ինքնատիպ մշակումն էին, որոնք հենված էին տեղեկատվական հոսքերի բովանդակությամբ մոտ տեքստերի և խմբավորման (կլաստերացման) վրա»1:

Google ընկերությունը նույնատիպ Google News սերվիս թեստային ռեժիմում ուներ դեռ մեկ տարի առաջ` 2002թ. ապրիլին, բայց նորությունների որոնման վերջնական ամփոփումը կատարվեց միայն 2006թ.: Համանման սերվիսներ մտցվեցին նաև որոնման այլ համակարգերում: (Բացի այդ, ի հայտ եկան առանձին սերվիսներ, որոնք նորությունները դասդասում էին ըստ մեդիա-հարթակների): Որոնողական հսկաների` այդ պահին հեղափոխական համարվող ձեռքբերումները խթան հանդիսացան օն-լայն մեդիա-ռեսուրսնե-րի զարգացման համար:

Միևնույն ժամանակ, ինտերնետի հետագա զարգացումը հանգեցրեց այն բանին, որ տեղեկատվական շուկան սկսեց զավթվել ավանդական երկու մրցակիցների կողմից: Մի կողմից` էլ ավելի տարածված էին դառնում բլոգները, որոնք դարձան տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ: Բլոգոսֆերայում սկսեցին ստեղծվել նյութեր, որոնք իրենց օպերատիվությամբ և բովանդակությամբ մրցակցում էին խոշոր ԶԼՄ-ի հետ: Հետագայում սկսվեց բլո-գոսֆերայի ինտեգրումը ավանդական մեդիահարթակների հետ: Սակայն մեդիա-թրաֆիկի բաշխման որակական փոփոխություններ մտցրին սոցիալական ցանցերի (social networks) ի հայտ գալն ու տարածումը: Վերջին հինգ տարիներին սոցիալական ցանցերը չափազանց մեծ աճ են գրանցել, ակտիվ օգ-տագործողների թվաքանակն առանձին սոցիալական ցանցերում հասնում է տասնյակ և նույնիսկ հարյուր միլիոնների, դրանց տարածումը գլոբալ մասշտաբ ունի:

Շատ սոցիալական ցանցեր տեղայնացված են. օրինակ, չինական www.51.com սերվիսը` ավելի քան 100 միլիոն գրանցված օգտագործողով, կամ էլ ռուսալեզու Одноклассники.ру կայքը (գրանցված է 45 միլիոն օգտագործող, այցելուների թիվը` 10 մլն օրական)2, կամ VKontakte.ru-ն (ամենաակտիվ ռուսալեզու սոցիալական սերվիսն է, ավելի քան 65 մլն գրանցված օգտագործող): Միևնույն ժամանակ, հիմնական սոցիալական ցանցերը օգտագործողների թվաքանակից ելնելով` գլոբալ են և բազմալեզու: Այսպես, ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook.com-ը, գոյության 4 տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 450 մլն գրանցված օգտագործող և շարունակում է դինամիկորեն աճել:

Դինամիկ զարգացող սոցիալական ցանցերից նշենք Twitter-ը, որտեղ օգտագործողների ձևավորած կոնտենտը սահմանափակվում է 140 նիշով: Հաղորդումների հարկադրական կարճությունը և, միևնույն ժամանակ, դրանց հրապարակման թեթևությունը (Թվիթերում հաղորդումներ կարելի է հրապարակել ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային հեռախոսների ծրագրի միջոցով, СМС-հաղորդագրություններ) հանգեցրին այն բանին, որ սերվիսն սկսեց ակտիվորեն օգտագործվել ինչպես ավանդական մեդիա - միջոցներով (իրենց նյութերը տարածելու համար), այնպես էլ որպես քաղաքացիական ժուռնալիստիկայի միջոց: Թվիթերը փաստորեն սկսեց փոխարինել ավանդական մեդիա-միջոցներին կատակլիզմների և սոցիալական հուզումների շրջանում (օրինակ, այն ժամանակ, երբ Իրանում ընդդիմությունը բախվում էր ոստիկանության հետ, կամ Հաիթիի երկրաշարժից հետո և այլն): Այսօր Թվիթերում ամեն օր մոտ 50 միլիոն նոր գրառում է հայտնվում: Սոցիալական ցանցերը սկսեցին արտադրել հսկայաքանակ կոնտենտ: Բացի այդ, այստեղ ստեղծվեցին պայմաններ նյութերի, հղումների, մուլտիմեդիա նյութերի տարածման համար: Ի տարբերություն որոնման համակարգերի, սոցիալական ցանցերում ձևավորվում են օգտագործողների կլաստերներ, որոնք փոխադարձաբար վստահում են միմյանց, ի հայտ են գալիս հեղինակավոր օգտագործողներ: Համապատասխանաբար, կոնկրետ օգտագործողների խորհուրդներն ավելի ընդունելի են դառնում միջին օգտագործողի համար, քան որոնման հարցումների այն արդյունքները, որոնք տալիս են Google, Yahoo, Yandex-ի նման գործիքները: Էական է նաև տեղեկատվության հոսքի ավելացման գործոնը: Այսպիսի պայմաններում միջին օգտագործողն ի վիճակի չէ, անգամ արդիական որոնման համակարգերից օգտվելով, առանձնացնել անհրաժեշտ նորությունները` զտելով երկրորդականներից: Համապատասխանաբար` բարձրանում է հեղինակավոր օգտագործողների դերը, որոնք ի վիճակի են ինքնուրույն աշխատել տեղեկատվության հետ: Այսպիսով, սոցիալական ցանցերը դառնում են խորհրդատվական սերվիսներ, որոնք արտադրում են մեդիա-ռեսուրսների հսկայաքանակ անցումներ: Այսպես, օրինակ, Яндекс ընկերության տվյալներով` Թվիթերի ռուսալեզու հատվածում բոլոր գրառումների 8%-ը հղումներ են ԶԼՄ-ին3:

Այսօր սոցիալական ցանցերը դառնում են գերակշռող խորհրդատվական սերվիսներ, որոնց սկսում են զիջել որոնողական հսկաները: Այսպես, 2009թ. կեսերից միայն սոցիալական Facebook ցանցից անցումները հաղորդող ընկերությունների կայքեր գերազանցեց Google News սերվիսի թրաֆիկը (տե´ս Աղյուսակ 1): 2009թ. վերջին Facebook օգտագործողների թիվը գերազանցեց Yahoo.com.-ի լսարանը (տե´ս Աղյուսակ 2): 2010թ. մարտին Facebook-ն այցելությունների թվով առաջ անցավ Google-ից (տե՛ս Աղյուսակ 3)։ Ընդհանուր առմամբ, սոցիալական Facebook ցանցից անցումները խոշոր կայքերին գերազանցում, իսկ երբեմն էլ՝ էապես են գերազանցում Google համակարգի համանման ցուցանիշները (տե´ս Աղյուսակ 4):

Այսպիսով, ԶԼՄ ազդեցությունն ինտերնետում ուղղակիորեն կապված է դառնում ոչ միայն որոնման համակարգերում, այլ նաև սոցիալական ցանցերում ունեցած դիրքերի հետ: Համապատասխանաբար` փոխվում է, օրինակ, մեդիա-նյութերի ձևաչափը: Այսպես, սոցիալական ցանցերի առանձնահատկությունը ենթադրում է ավելի մեծ ուշադրություն նյութերի վերնագրերին:

Հայաստանը և սոցիալական ցանցերը

Հայաստանում սոցիալական ցանցերը հաղորդակցման կարևոր գործոն են դառնում ինչպես երկրում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հաղորդակցության առումով: Այսպես, հայկական ցանցային լրատվամիջոցները բավական սահմանափակ լսարան ունեն: Հիմնական ԶԼՄ-ն օրական միջինը 2-3 հազար այցելու ունի: Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերը ինտերնետ մտնելու հիմնական կետերն են հայ օգտագործողների համար: Այսպես, Odnoklassniki.ru ցանցն ավելի քան 200 հազար օգտագործող ունի Հայաստանում, ինչը ծավալով համադրելի է ողջ Հայաստանում ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվին:

Բացի այդ, հայ օգտագործողներն այժմ ակտիվորեն յուրացնում են նաև անգլիալեզու սոցիալական ցանցերը, մասնավորապես, Facebook-ը, Twitter-ը (արժե նշել, որ այս ցանցեր էապես ավելի քիչ են մտնում, քան ռուսալեզու Odnoklassniki.ru, VKontakte.ru սերվիսներ): Ավելին, ձևավորվում են տեղային, զուտ հայկական ցանցեր, որոնք առայժմ բավական սահմանափակ օգտագործողներ ունեն:

Այսպիսով, սոցիալական ցանցերը դառնում են տեղեկատվության հիմնական աղբյուրները նաև հայ օգտագործողների համար: Ընդ որում, արդեն հայկական օն-լայն լրատվամիջոցներն են սկսել մտնել սոցիալական ցանցեր` հուսալով էապես ավելացնել սեփական լսարանը: Սոցիալական ցանցերի ներգործությունն առաջիկայում կարող է հանգեցնել ինտերնետի հայկական հատվածի կառուցվածքի և հայկական օն-լայն մեդիայի որակական փոփոխությունների (օրինակ, հանգեցնել դրանց թվի ավելացման` մի կողմից, և առանձին ռեսուրսների միջև խզման էական մեծացման` մյուս կողմից, լսարանի չափի առումով):

Աղյուսակ 1

 

01_1 (original)

 

http://www.readwriteweb.com/archives/facebook_drives_3x_traffic_to_broadcast_than_googl.php

Աղյուսակ 2

 

01_2 (original)

 

http://www.briansolis.com/2010/03/optimizing-brands-for-social-search/

Աղյուսակ 3

 

01_3 (original)

 

http://www.searchenginejournal.com/did-facebook-just-beat-google-as-the-most-visited-site/

Աղյուսակ 4

 

01_4 (original)

 

http://www.briansolis.com/2010/03/optimizing-brands-for-social-search/
http://img.skitch.com/20100221-f47495bpwkwd1dnmskjtnsdwus.jpg
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր