• am
  • ru
  • en
Версия для печати
02.04.2010

ՀՀ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

Դավիթ Ջամալյան

Հոգեբանական անվտանգությունը երկրի անվտանգության համակարգի բաղադրիչներից է: Հրադադարի պայմաններում ապրող ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար հոգեբանական անվտանգության ապահովումը երկու երկրների կենսունակության գրավականներից է, առանց որի նրանք լիարժեք պաշտպանված լինել չեն կարող:

Գաղտնիք չէ, որ սեփական շահերը կենսագործելու նպատակով երկրները գտնվում են մշտական հոգեբանական պայքարի մեջ: Հոգեբանական անվտանգությունը պետք է դիտարկել որպես հոգեբանական պայքարի մի մասը, վերջինիս պաշտպանական կողմը: Այսպես. եթե հոգեբանական պատերազմը մի շարք մասնավոր հոգեբանական գործողությունների ամբողջություն է, ապա հոգեբանական անվտանգությունը դրանց հակազդելու միջոցառումների ամբողջությունն է, ըստ էության` անընդհատ գործընթաց:

Հոգեբանական պատերազմի նպատակն է ցանկալի ուղղությամբ փոփոխել այս կամ այն հարցի վերաբերյալ հակառակորդ երկրի ազգաբնակչության դիրքորոշումները, խախտել մարդկանց հոգեկան հավասարակշռությունը, կազմալուծել խմբի նպատակաուղղված գործունեությունը` մարդկանց հնարավորինս կառավարելի դարձնելով:

Ժամանակակից հոգեբանության բնագավառում դիրքորոշում ասելով հասկանում են համապատասխան կերպով գործելու ներհոգեկան պատրաստականության վիճակը: Ձևավորված դիրքորոշման շնորհիվ անձն ընկալում է ապագա իրադարձությունները որոշակի ուղղվածությամբ: Դիրքորոշումը նախորդում է գործունեությանը և պահպանում նրա ընթացքը հստակորեն նպատակաուղղված ձևով: Փոփոխել անձի, խմբի դիրքորոշումը կամ ձևավորել նորը` նշանակում է կառավարել, վերահսկել նրա գործունեությունը: Հենց այս հեռանկարի համար էլ մղվում է հոգեբանական պայքարը:

Երկրի հոգեբանական անվտանգության ապահովման նպատակն է բացառել վերը նշվածը` չեզոքացնել հակառակորդի հոգեբանական գործողությունները` երկրում ապահովելով կայունություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Իսկ վերջինս ենթադրում է մեծ թվով հոգեպես կայուն, իրավիճակին համարժեք գործելակերպի ունակ և թշնամուն հաղթելու վճռական դիրքորոշում կրող քաղաքացիների առկայություն:

Հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է տեղեկատվական-հոգեբանական հարթություն: Վերջին տարիներին ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ իրականացվող հոգեբանական հարձա-կումները վկայում են, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր պատերազմի: Նույնի մասին է վկայում նաև ալիևյան վերնախավի ռազմամոլ հռետորաբանությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ադրբեջանական հանրությանը հաղթական պատերազմին հոգեբանական նախապատրաստություն: Եվ ակներև է մի բան. ինչպիսի իշխանություն էլ որ լինի Ադրբեջանում, այն ևս մեկ անգամ փորձելու է հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով:

ՀՀ և ԼՂՀ հոգեբանական անվտանգության ապահովման մեթոդաբանական հենքը պետք է կազմի պատերազմի անխուսափելիությունը, ինչպես նաև այն անժխտելի իրողությունը, որ մեր երկրները հրադադարի հաստատումից առ այսօր վերածվել են ադրբեջանական հոգեբանական պատերազմի թիրախի. հոգեբանական պատերազմ, որի նպատակն է թուլացնել ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությունը, հոգեբանորեն պարտության մատնել հայաստանյան հանրույթին դեռ մինչև պատերազմ սկսելը` այդպիսով դյուրացնելով ռազմա-կան հաղթանակը:

Գաղտնիք չէ, որ ՀՀ և ԼՂՀ հանրույթի բարոյահոգեբանական կայունությունը այն հիմնական գործոններից է, որը կանխում է պատերազմի վերսկսումը: Հետևապես, երկու երկրների միջև բարոյահոգեբանական հաշվեկշռի խախտումը, մասնավորապես` ներքաղաքական անկայունությունը, ադրբեջանական վտանգի հանդեպ ՀՀ և ԼՂՀ հանրության զգոնության բթացումը, նոր պատերազմին նրանց անպատրաստ մնալը, կջլատի Հայության պաշտպանական ներուժը և խոցելի կդարձնի մեր երկրները` հետևաբար` էապես կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

ՀՀ և ԼՂՀ հոգեբանական անվտանգության ապահովման աշխատանքները հարկավոր է տանել երկու հիմնական ուղղություններով, որոնք միաժա-մանակ կարելի է դիտարկել որպես ռազմավարական խնդիրներ.

  1. Բացահայտել և վերացնել ՀՀ և ԼՂՀ հանրության հոգեբանորեն խոցելի այն կողմերը, որոնք կարող են վերածվել ադրբեջանական տեղեկատվական-հոգեբանական պատերազմի թիրախի:
  2. Ի հայտ բերել հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական գործողությունները և չեզոքացնել դրանք:

Այս ռազմավարական ուղղություններից յուրաքանչյուրում խմբավորված են ՀՀ և ԼՂՀ հոգեբանական անվտանգությանը սպառնացող մի շարք մարտահրավերներ: Վերջիններս մենք դիտարկում ենք իբրև մարտավարական խնդիրներ, որոնց կանդրադառնանք ստորև:

ՀՀ և ԼՂՀ հանրության հոգեբանորեն խոցելի կողմերի բացահայտում և վերացում

  • Հայաստանյան հասարակությանը ադրբեջանական հավանական ագրեսիային հոգեպես նախապատրաստում:

Պատերազմում հաղթելու արդյունքում ադրբեջանական վտանգի հանդեպ երկրի, հատկապես Երևանի բնակչության զգոնությունը թուլացել է: Հարկավոր է հանրության մեջ ամրապնդել Ադրբեջանից բխող սպառնալիքի աներկբայության, մեր և նրանց էթնոքաղաքական շահերի հակադրությամբ և քաղաքակրթական տարբերություններով պայմանավորված` Ադրբեջանի թշնամական կեցվածքի կայուն և տևական լինելու մասին համոզմունքը: Հայությունը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի, գիտակցի, որ ապրում է ընդամենը հրադադարի պայմաններում: Հակառակ դեպքում ադրբեջանական ցանկացած վայրագություն մեզ համար կլինի անսպասելի, իսկ կորուստներն էլ, հետևաբար` մեծ: Այդ պատճառով հարկավոր է հասարակության շրջանում ադրբեջանական զինուժի հանդեպ իրատեսական գնահատական ձևավորել` զերծ սեփական հնարավորությունները թերագնահատելու կամ գերագնահատելու ծայրահեղություններից: Պատրաստ լինելով պատերազմին և ունենալով հաղթելու վճռականություն` մենք կկանխենք այն, քանզի Ադրբե-ջանը նախահարձակ կլինի միայն այն դեպքում, երբ խախտվի ուժերի հաշվե-կշիռը, այդ թվում նաև` բարոյահոգեբանական հաշվեկշիռը:

Տեղին է բերել Իսրայելի օրինակը, որն իր գոյության առաջին իսկ օրից ապրում է ամենօրյա արտաքին վտանգի պայմաններում: Իսրայելցիները տասնամյակներ շարունակ ապրում են արտաքին ագրեսիային ցանկացած պահի դիմադրելու պատրաստակամությամբ: Արտաքին վտանգը չի բարոյալքում իսրայելյան հասարակությանը, այլ էթնոսի ուժերը մոբիլիզացնելու և դեպի արդյունավետ պետական շինարարություն ուղղորդելու լուրջ խթանի է վերածվում: Թշնամական միջավայրում Իսրայելի կենսունակության գրավականներից է այն, որ այս երկրի հասարակությունն ունակ է խաղաղ, ստեղծագործ կենսակերպից արագ անցնել ռազմականացված կենսակերպի: Այդ է պատճառը, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելի Պաշտպանության բանակի շարքերն արագ համալրվում են ռեզերվիստներով:

Հավանական պատերազմին ՀՀ և ԼՂՀ հանրությունները հոգեպես նախապատրաստելը հոգեբանական անվտանգության ապահովման այն մարտավարական խնդիրներից է, որին պետք է ձեռնամուխ լինել անմիջապես և անհապաղ:

  • Ադրբեջանական հանրույթի հանդեպ իրատեսական պատկերացումների ձևավորում:

Վերջին տարիներին Ադրբեջանում տարվող տոտալ հայատյացության քարոզչությունն անհետևանք մնալ չի կարող: Հետևապես, ՀՀ և ԼՂՀ հավանա-կան հակառակորդի հանդեպ Հայության շրջանում տիրապետող դիրքորո-շումը պետք է լինի իրատեսական, այն է` ադրբեջանական հանրույթը թշնամական է: Շեշտենք. ասվածը չի ենթադրում ադրբեջանցու հանդեպ շինծու փաստարկներով արհեստականորեն տոտալ և իռացիոնալ անհանդուրժողականության սերմանում: Բնավ ոչ. խոսքը առողջ պաշտպանական դիրքորոշման մասին է, որն ընդամենը արտահայտում է առկա իրողությունը և թույլ է տալիս սթափ գնահատել վտանգը` պատրաստ պահելով դիմակայել դրան:

ՀՀ և ԼՂՀ հանրույթները հնարավոր պատերազմին հոգեպես պատրաստելու, Հայության հոգեկերտվածքում ադրբեջանական հանրույթի հանդեպ իրատեսական պատկերացման ամրապնդման նպատակով անհրաժեշտ է հասարակական մեծ հնչողություն հաղորդել ադրբեջանական ագրեսիայի յուրաքանչյուր դրսևորման:

Այսպես, ադրբեջանական հանրույթը ագրեսիայի տարատեսակ դրսևորումների կայուն պարբերականությամբ հուշում է մեզ իր թշնամի լինելու մասին: Հայ հանրույթի զգոնությունը մշտարթուն պահելու համար անհրաժեշտ է մանրամասն լուսաբանել պատմության աղավաղման յուրաքանչյուր փորձ, ադրբեջանական պաշտոնյայի յուրաքանչյուր ագրեսիվ-թշնամական հայտարարություն, հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք` զուգահեռաբար ներկայացնելով մեր զորքերի համարժեք պատասխանը: Ընդ որում, այդ լուսաբանումը չպետք է լինի մեկանգամյա: Ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին անհրաժեշտ է անդրադառնալ կայուն պարբերականությամբ` դրանց տարելիցների կապակցությամբ1:

  • Ադրբեջանական հանրույթի հանդեպ հանդուրժողականության մակերեսային քարոզչության կանխում:

Վերջին տարիներին մեզանում որոշ հասարակական կազմակերպությունների կողմից տարվում է ադրբեջանցիների հանդեպ հանդուրժողականության քարոզչություն, որի համար վերջիններս դրամաշնորհներ են ստանում մի շարք արևմտյան հիմնադրամներից: Այդ դրամաշնորհային հանդուրժողականությունը պարունակում է միակողմանի զիջողականություն և հայրենասիրության, առողջ ազգայնականության վարկաբեկում, և վերջիններս որակվում են որպես ծայրահեղականություն:

Մինչդեռ ադրբեջանական հանրույթը մեր հանդեպ բնավ հանդուրժող չէ և այդպիսին չի դառնա տեսանելի հեռանկարում: Այսպես. Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն, Ադրբեջանում 2005թ. կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հարցման 1000 մասնակիցների 93,5%-ը Հայաստանը համարում է թշնամի երկիր: Պարզվել է նաև, որ հարցման մասնակիցների 85,1%-ը հայերին արհամարհում է, 76,9%-ը հայերի հանդեպ համակված է զայրույթով, իսկ 41,6%-ը` անթաքույց ատելությամբ2: Այս տվյալները լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի հարցման մասնակիցների 85,1%-ի կողմից հայերին արհամարհելու հանգամանքը:

Հույզերի և, մասնավորապես, արհամարհանքի ուսումնասիրությունն ի հայտ է բերում հետևյալ օրինաչափությունը. «արհամարհանքն առաջանում է ոչ միայն միջանձնային շփումներում, ոչ միայն երկու մարդկանց հարաբերություններում, այլև մրցակցող թիմերի և նրանց երկրպագուների միջև: Արհամարհանքը կարող է լինել առանձին ընտանիքի, որոշակի շրջանի կամ քաղաքի բնակիչների, դասակարգի, էթնիկական խմբի կամ ամբողջ ռասայի բնութագիրը»3: Բացի այդ, ապացուցված է, որ արհամարհանքը «հաճախ առաջանում է ոչ թե առանձին, մեկուսացված, այլ կամ զայրույթի, կամ զզվանքի, կամ էլ երկուսի հետ միաժամանակ: Այս երեք հույզերի խումբն անվանում են թշնամական եռյակ»4: Հետևաբար, վերը նշված հետազոտության արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնությունը Հայության հանդեպ համակված է թշնամանքով: Ի դեպ, ուշադրության է արժանի հույզերի հոգեբանության ամերիկյան հետազոտող Քերոլ Է. Իզարդի հետևյալ համոզմունքը, որ «բոլոր նախապաշարմունքները և այսպես կոչված «սառնասրտորեն» կատարված սպանությունները արհամարհանքի հետևանք են»5: Քերոլ Է. Իզարդի հետազոտություններով պարզվել է, որ արհամարհանքը սերտորեն կապված է գերազանցության զգացողության հետ: Բանն այն է, որ եթե մարդ արհամարհում է որևէ մեկին, ապա վերջինիս համարում է ցածրակարգ, մարդկային որակներից զուրկ մեկը, որին վնասելու մեջ դատապարտելի ոչինչ չի տեսնում: Արհամարհանքը դյուրացնում է բռնության գործադրումը, հոգեբանական տարածություն ստեղծում ագրեսորի և զոհի միջև` ազատելով ագրեսորին իր բռնարարքի համար բարոյական ապրումներից, առաջին հերթին` մեղքի և ամոթի զգացումներից: Բնավ պատահական չէ, որ հիտլերյան քարոզչությունը հրեաներին, սլավոններին, գնչուներին հռչակում էր «ենթամարդիկ», ցածրակարգ ռասա` այդ կերպ նրանց հանդեպ գերմանական հասարակության և բանակի անձնակազմի մոտ խոր արհամարհանք առաջացնելով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ արհամարհանքը վայրագության հոգեբանական նախադրյալներից է: Վերը նշվածից հետևությունը մեկն է. ադրբեջանական հանրույթի մի ստվար հատված առանց վարանելու պատրաստ է կրկնել Սումգաիթը, եթե, իհարկե, Հայությունը թուլանա և կորցնի զգոնությունը:

Հետևաբար, ինչպիսի՞ հանդուրժողականություն է մեզ հրամցնում այս դրամաշնորհային խաղաղասիրությունը. հանդուրժողականություն հայի տեսակի հանդեպ թշնամու վայրի անհանդուրժողականության ու ատելությա՞ն, նրա կողմից մեր իսկ հայրենիքում մեր ապրելու իրավունքը չընդունելո՞ւ հանդեպ: Միակողմանի հանդուրժողականությունը խիստ վտանգավոր է: Ադրբեջանական վայրագություններին, ռևանշիստական կոչերին ի պատասխան հանդուրժողականություն քարոզելը նշանակում է ժխտել իրականությունը և բթացնել հայ հանրույթի զգոնությունը: Վտանգն այն է, որ այս դեպքում ադրբեջանցիները հային ընկալում են իբրև թույլ զոհ: Ագրեսիայի ասպարեզում ժամանակակից հոգեբանության ձեռքբերումները փաստում են. զոհի խաղաղասիրական կեցվածքը ագրեսորի կողմից ընկալվում է իբրև թուլություն, հեգնանք է առաջացնում և ուժեղացնում նրա ագրեսիվ մղումները, առավել ևս, եթե ագրեսորը չի զղջում իր կամ նախնիների կատարած բռնարարքների համար6:

Հետևապես, հարկավոր է խոչընդոտել նման հանդուրժողականության տարածմանը` զուգահեռաբար մեզանում սերմանելով հետևյալ դիրքորո-շումը. պատրաստ լինել ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցության, հանդուրժել նրանց ապրելու և պետություն կերտելու իրավունքը, սակայն ոչ` ի հաշիվ մեր անվտանգության, ոչ` մեր պատմական հայրենիքի տարածքի վրա, ոչ` մեր քաղաքակրթությունը ոչնչացնելու և մշակութային կողոպուտի գնով` բացառելով միակողմանի զիջումները:

Հատկանշական է, որ ադրբեջանցիները հրաժարվում են համագործակցել միջազգային կառույցների հետ այն դեպքերում, երբ դա հակասում է իրենց պետական շահերին: Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի վկայությամբ, իրենք ժամանակին հրաժարվել են համագործակցել մի արտասահմանյան կազմակերպության հետ ադրբեջանցի «փախստական» երեխաների հոգեբանական վերականգնման շրջանակներում, քանի որ դրան զուգահեռ խնդիր էր դրված նաև վերացնել հայերի` իբրև թշնամու կերպարի ընկալումը: Իսազադեն դա հիմնավորում է նրանով, որ դեռ պարզ չէ, թե ինչպիսի վերջ է սպասում արցախյան հիմնախնդրին: Ըստ նրա, եթե բանը հասնի պատերազմին, ապա այդ դեպքում հայերի` որպես թշնամու կերպարի բացակայությունը կնշանակի «ռիսկի ենթարկել մարդկանց (ադրբեջանցիների) ևս մեկ սերունդ»7:

  • Պարբերաբար հիշատակել ադրբեջանցիների վերաբերյալ Հայության, և հայերի վերաբերյալ ադրբեջանցիների մեջ առկա ասացվածքները` այդպիսով անընդհատ թարմ պահելով ադրբեջանցու իրական կերպարը:

Պակաս ազդեցիկ չէ նաև ադրբեջանցիների վայրագությունների մասին օտարերկրացիների, հատկապես անվանի անձանց վկայություններն ու բնորոշումները հաճախակի հիշատակելը: Դա էլ ավելի կշեշտի ադրբեջանական հանրույթից բխող վտանգի օբյեկտիվ բնույթը:

Եվ, թերևս, ամենակարևորը. անհրաժեշտ է հայաստանյան հասարակությանը պարբերաբար «հիշեցնել» հայերի մասին ադրբեջանցիների մեջ առկա ագրեսիվ ասացվածքները, որոնք այս դեպքում արդեն ակնհայտ անհանդուրժողականություն են ներկայացնում, նախապաշարմունք սերմանող կարծրատիպեր: Մեզանում ադրբեջանցիների վերաբերյալ ասացվածքներում չկա ագրեսիվ-նվաճողական, հարձակողական բովանդակություն: Հակառակը. այստեղ առկա է առողջ պաշտպանական դիրքորոշում: Հայության շրջանում ադրբեջանցու վերաբերյալ տարածված ասացվածքները ներկայացնում են նրա հարևանությամբ ապահով ապրելուն, նրա բռնության զոհի չվերածվելուն ուղղված Հայության հարմարվողական ռազմավարություն: Հետևապես, նրանց հաճախակի հիշատակումը հայաստանյան հանրույթի շրջանում ձևավորում է ադրբեջանցու հանդեպ ոչ թե տոտալ ատելություն և անհանդուրժողականություն, այլ նրա պոտենցիալ բռնությանը հակազդելու առողջ պատրաստակամություն: Այսպես, օրինակ, երբ մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», ապա հասկանում ենք, որ նա ամեն վայրկյան կարող է շինծու, կեղծ բարյացակամությունից անցնել բռնությունների: Իսկ ահա ադրբեջանցիների մեջ տարածված է հետևյալ ասացվածքը. «Հասան-Հասան բոյասան, էրմենին քյոքը քյասասան»` «Հասան-Հասան մեծացիր, հայի արմատը կտրիր»8: Այստեղ առկա է տոտալ անհանդուրժողականություն, ատելություն և իռացիոնալ ագրեսիա ծնող նախապաշարմունք: Ընդ որում, այն հստակորեն ուղղորդված է ադրբեջանցիների մատաղ սերնդին: Մինչդեռ ամերիկյան սոցիալական հոգե-բանների և պերսոնոլոգների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը նախապաշարմունքները պատրաստի ձևով յուրացնում է մանուկ հասակում` այդպիսով չունենալով ստացված տեղեկությանը քննադատաբար մոտենալու հնարավորություն: Հետագայում, մանավանդ իննից տասնմեկ տարեկանում, մեծահասակների ազդեցության տակ այդ նախապաշարմունքներն էլ ավելի են կարծրանում, ինչի արդյունքում դրանք արդեն հետագայում փոփոխելը դառնում է գրեթե անհնարին9:

Ինչպես հայտնի է, կարծրատիպերն ու նախապաշարմունքները տվյալ հանրույթի ինքնագիտակցության մի մասն են10: Այդ է պատճառը, որ հակահայկական կարծրատիպացված ագրեսիվ ասացվածքները կայուն են, այնքան կայուն, որ չվերացան անգամ յոթանասունամյա խորհրդային իշխանության կողմից պարտադրված եղբայրության ընթացքում: Ավելորդ է ասել, որ վերջին տարիների հայատյացության քարոզչության արդյունքում դրանք էլ ավելի ամրապնդված կլինեն ադրբեջանական հանրույթի մոտ: Ապացույցը վերը հիշատակված հետազոտության արդյունքներն են, համաձայն որոնց Ադրբեջանում Հայության հանդեպ ատելությամբ առաջին հերթին աչքի է ընկնում երիտասարդությունը11:

Հակահայկական ասացվածքները հասունացնում են հայերի հանդեպ բռնությունը, դյուրացնում և հավանական դարձնում այն ցանկացած պահի: Այս անժխտելի իրողության գիտակցումը Հայության հավաքական հոգեկերտվածքում պետք է միշտ վառ մնա:

Համաձայն այդ նույն հետազոտությունների, Հայաստանում երիտասարդությունը (16–25 տարեկան մասնակիցները) հասարակության հենց այն հատվածն է, որն աչքի է ընկնում ադրբեջանցիների հանդեպ հիմնականում հակասական զգացումներով: Այս տվյալներն ակնհայտորեն հուշում են թշնամուց բխող վտանգի զգացման բթանալու մասին:

Հակառակորդի հոգեբանական գործողությունների չեզոքացում

ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության թուլացման նպատակն իրականացնելու համար ադրբեջանական կողմը փորձում է լուծել երկու ռազմավարական խնդիր. պառակտել հայաստանյան հանրույթը և Հայության շրջանում հասունացնել Արցախյան հակամարտությունը միակողմանի զիջումներով կարգավորելու դիրքորոշումը: Վերջիններիս լուծմանն են կոչված ՀՀ և ԼՂՀ հանրույթների համար նախատեսված բազմաթիվ քարոզչական թեզեր12: Ի մի բերելով հայաստանյան հանրույթում վերջին շրջանի զարգացումները` հանգում ենք այն հետևության, որ այդ թեզերի տարածմամբ ադրբեջանական կողմը լուծում է հետևյալ մարտավարական խնդիրները.

  • Հասունացնել Արցախը Ադրբեջանին զիջելու դիրքորոշումը` հիմնավորելով այն նոր պատերազմ թույլ չտալու անհրաժեշտությամբ: Այսպիսի «խաղաղասիրությունը» կոչված է Արցախը ներկայացնել որպես հայաստանյան հանրույթի խաղաղ ապագայի սպառնալիք:
  • Հայաստանյան հանրույթի շրջանում վարկաբեկել Արցախի ազատագրման և հաղթանակին տեր կանգնելու գաղափարը` ներկայացնելով Արցախը իբրև Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտ, երկրի սոցիալ-տնտեսական պրոբլեմների պատճառ:

Այս երկու թեզերը կոչված են հայաստանյան հանրույթում ժխտողական դիրքորոշումներ ձևավորել Արցախի հանդեպ: Ադրբեջանական հոգեբանական այս գործողությունները չեզոքացնելու համար հարկավոր է առողջացնել Արցախի հանդեպ հայաստանյան հանրույթի դիրքորոշումները` հետևողական հակաքարոզչությամբ կանխելով բնակչության սոցիալ-տնտեսական դժգոհություններն Արցախի հետ կապելու ցանկացած փորձ, իսկ Արցախի պաշտպանությունը հայաստանյան հանրույթին հրամցնելով որպես համայն Հայաստանի պաշտպանվածության գրավական: Մասնավորապես, հայաստանյան հանրույթի շրջանում հարկավոր է զարգացնել հետևյալ հակաթեզերը.

  • Արցախի կորուստն անխուսափելիորեն հանգեցնելու է Սյունիքի կորստին: Ադրբեջանը բնավ չի բավարարվելու Արցախի նվաճմամբ, այլ ամեն գնով փորձելու է ցամաքային կապ ստեղծել անկլավային վիճակում գտնվող Նախիջևանի հետ, ինչը ադրբեջանական պետականության համար ունի կենսական նշանակություն: Արցախի անկումից հետո Սյունիքի պաշտպանությունը կդառնա գրեթե անհնարին:
  • Արցախի և Սյունիքի կորստով Հայոց պետականությունը կդադարի լինել կենսունակ, քանզի զրկվելով Իրանի հետ կապից` Հայաստանը կհայտնվի լիակատար հաղորդակցային կախվածության մեջ իր թշնամիներից, ինչն ուղղակի անհնարին կդարձնի մեր երկրի տնտեսական կայուն զարգացումը: Հետևապես, Արցախը Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտ լինել չի կարող:

Չկա որևէ հիմք պնդելու, որ տեսանելի հեռանկարում ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալած հոգեբանական պատերազմը թուլանալու է: Հետևաբար, վերջինիս ակտիվորեն հակազդելը վերածվում է օրվա հրամայականի:

11991թ. հունվարի 22-ին Ադրբեջանի կառավարությունը «որոշում է կայացրել ոչ միայն արգելել Ար¬ցախում հայ եկեղեցու գործունեությունը, այլև վերացնել Գանձասարի և Ամարասի վան¬քերը», Ա.Նալչաջյան, «Էթնիկական հոգեբանություն», Երևան, 2001, էջ 137:

2Армения и Азербайджан на перепутье “ни мира, ни войны”.- Ереван, Исследовательский центр “Регион” Журналистов-расследователей, 2005.

3Керрол Э. Изард, Психология эмоций, СПб, 1999, стр. 281.

4Ա. Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ, Երևան, 1997, էջ 446 :

5Керрол Э. Изард, նշվ. աշխ., стр. 290.

6Налчаджян А., Этнопсихологическая самозащита и агрессия, Ереван, 2000, стр. 276, 278.

7Армения и Азербайджан на перепутье ''ни мира, ни войны ''. – Ереван, Исследовательский центр ''Регион'' Журналистов-расследователей, 2005, стр. 62.

8Ղարախանյան Լ., «Էթնիկական ստերեոտիպերի պաշտպանական ֆունկցիան», թեկ¬նա¬ծու¬ա¬կան ատենախոսություն, Երևան, 2009:

9Лурье С.В., Историческая этнология. Москва, 1998.

10Солдатова Г.У., Психология межэтнической напряженности. Москва, 1998, стр. 66.

11Армения и Азербайджан на перепутье “ни мира, ни войны”.- Ереван, Исследовательский центр “Регион” Журналистов-расследователей, 2005.

12Այդ մասին մանրամասն տե´ս Կարեն Վրթանեսյան, Հայ-ադրբեջանական հակամարտության քա¬րոզչական թեզերը, «Գլոբուս. ազգային անվտանգություն», թիվ 2 (6), 2009, էջ 35-47:


դեպի ետ