
ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՇՈՒՐՋ
Իսլամացված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ` հայաստանյան գիտական դիսկուրսում ծառացել է նաեւ հետեւյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը: Մեզանում, շատ հաճախ, արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, եւ ըստ այդմ` այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է: Մինչդեռ, իսլամացված հայերի եւ նրանց սերունդների գոյությունը փաստ է, եւ առնվազն անարդար կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրենց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց: Այս հարցում հավասարապես քննադատելի են չարդարացված ժխտողական եւ անտեղի լավատեսական գնահատականները: Մենք չպետք է առաջնորդվենք ցանկալիով, այլ այն պատկերով, որ այսօր մեզ պարտադրվել է, իսկ իրողությունն այն է, որ կա հայերի կամ ծագումով հայերի մի շերտ, որն արտաքնապես կամ իրականում դավանում է իսլամ:
Մասնավորապես, ներհայաստանյան դիսկուրսում քննարկվում է տերմինի հարցը, այն է` արդյոք ճի՞շտ է «մուսուլման հայ» հասկացությունը: Հիմնական փաստարկն այն է, որ հայը պետք է լինի միայն առաքելական քրիստոնյա, իսկ ով այդպիսին չէ, ուրեմն հայ չէ կամ հայ է որոշ վերապահումներով: Հարկ ենք համարում շեշտել, որ թեեւ Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի, ինքնության, պատմության մեջ կարեւորագույն եւ առանձնահատուկ դեր ունի, սակայն էթնիկ եւ կրոնական պատկանելությունները, այնուամենայնիվ, տարբեր են, եւ մենք հայ էինք նաեւ մինչեւ 301 թվականը: Մեծանուն Րաֆֆին, ով պատկանում է այս հարցում ավելի լայնախոհ մտածողների թվին, խոսելով կրոնական եւ դավանանքային միասնության մասին, նշում է. «Դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը, միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ»:
Լինելով նաեւ իրատես` Րաֆֆին առաջարկում է գործել արդեն ստեղծված իրավիճակից բխող մարտավարությամբ, այլ ոչ թե ցանկալին տեսնելու երեւակայությամբ: «Շատ ցավալի է տեսնել Թուրքիայում կրոնի պատճառով հայերի մի մասն անջատված ազգային ամբողջությունից: Բայց քանի որ դա արդեն պատմական կատարված իրողություն է, ուրեմն պետք է միավորելու հնարներ որոնել եւ ոչ թե բաժանող վիհն ավելի եւ ավելի լայնացնել: Կրկին թթված ազգասիրությամբ քարոզել այն մաշված թեման, թե մենք մի կրոնական ժողովուրդ ենք, թե մեր ազգությունը ճանաչվում է մեր եկեղեցիով, թե ով որ լուսավորչական չէ, հայ եւս համարվել չի կարող եւ այլն, այդ տեսակ քարոզներ գուցե մի ժամանակ հարկավոր լինեին, իսկ այժմ շատ եւ շատ հնացել են»:
Ազգային միասնության հիմք կարող է հանդիսանալ ոչ թե կրոնական, այլ ազգային պատկանելությունը, եւ այս մասին Րաֆֆին ասում է. «Կաթոլիկությունը, բողոքականությունը եւ մինչեւ անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, եւ ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել»: «Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասերներին, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում»:
Հայտնի գրող Լեւոն Շանթը եւս, անդրադառնալով այս խնդրին, նշում է, որ կրոնը կարեւոր լինելով հանդերձ` չի կարող լինել այն կապը «որով ժողովուրդ մը կ’ուրոյնանայ ու կ’անջատուի միւսներէն», քանի որ պատահում է այնպես, որ միեւնույն ազգի տարբեր հատվածներ պատկանում են տարբեր եկեղեցիների: Ամփոփելով այս խնդրի շուրջ մտորումները` Շանթը գալիս է հետեւյալ եզրահանգման. «Ժողովուրդ մը ուրիշ ժողովուրդներէն զատողն ու առանձնացնողը իր ազգութիւնն է եւ ժողովուրդի մը մասերն ու անհատները իրարու կապողը` իր ազգային գործերը»:
Մեր կարծիքով, այս հարցում պետք է որդեգրել երկու մոտեցում` հեռահար եւ կարճաժամկետ: Մեր հեռահար նպատակն է իսլամացված հայության հայադարձումը, որտեղ կարեւոր տեղ է զբաղեցնում առաքելական քրիստոնեությունը, իսկ ներկայումս նրանց հետ շփման համար պետք է ընտրել ավելի ճկուն մարտավարություն եւ նրանց ընդունել այնպես, ինչպես կան: Բացի այդ, իսլամի ընդունումը շատերի համար եղել է ժամանակավոր, եւ նպատակ է դրվել առաջին իսկ առիթի դեպքում վերադառնալ քրիստոնեությանը, ուղղակի հանգամանքները ոմանց թույլ են տվել, ոմանց` ոչ: Օրինակ` Երվանդ Օտյանը վերապրելով աքսորի տառապանքները եւ մի կերպ հասնելով արաբական վիլայեթներ, մասնավորապես Համայ, ստիպված է լինում տեղի տալ եւ արտաքուստ ընդունել իսլամ: Նա փոխում է նույնիսկ իր անունը` դառնալով Ազիզ Նուրի, սակայն ինչպես հենց ինքն է խոստովանում. «Ոչ ոք մեզ լրջօրէն իսլամ կը նկատէր»:
Շատ է խոսվում վտանգների մասին. օրինակ, որ իսլամացված հայերը կգան եւ Հայաստանում մզկիթներ կբացեն: Նախ` սահմանենք, որ մենք չենք ցանկանում այդ մարդկանց տեղափոխել Հայաստան, քանի որ մեծ մասամբ նրանք ապրում են իրենց պատմական հայրենիքում, եւ հենց իրենք էլ չեն ցանկանում լքել այն: Մեր զրույցների ժամանակ, երբ ասում էինք, թե իրենք հավատարիմ չեն մնացել կրոնին, նրանք որպես հակափաստարկ նշում էին, թե մնացել են ամուր կառչած հողին: Այսինքն` մենք կարիք ունենք միմյանց հետ շփվելու, քանի որ բոլորիս էությունն ինչ-որ տեղ աղճատվել է մի դեպքում` հայրենիքի կորստի, մյուս դեպքում` կրոնի պատճառով: Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին` մենք նաեւ խնդիր ենք դնում վերականգնել մեր աղճատված ինքնությունը, չէ՞ որ նրանք մնացել են Հայրենիքի այն հատվածում, որը մեզ համար կորուսյալ է, նրանք են ծածուկ այցելել եւ այցելում մեր անարգված սրբավայրերը… Այս աղճատվածության գիտակցումը կա նաեւ կրոնափոխ հայերի շրջանում: Մասնավորապես, երբ Երեւանում շրջում էինք Թուրքիայի իսլամադավան համշենահայերից մեկի հետ եւ նա փողոցում պատահական անցորդի հետ խոսքի բռնվելով նշեց, որ ինքը Թուրքիայից է, այդ կինն ասաց. «Ափսո՜ս, մեր հողերը մնացին այնտեղ», ինչին հետեւեց համշենցու պատասխանը. «Ոչի՛նչ, մայրիկ, մի՛ անհանգստացիր, մենք դեռ այնտեղ ենք, շուռ տված ենք, բայց դեռ կանք»:
Կրոնափոխ հայերի խնդիրը կարեւոր է նաեւ հայության ամբողջական ռեսուրսների ճշգրտման առումով: Ինչպես գրում է արեւելագետ-պատմաբան Արա Պապյանը. «Առանց գերագնահատելու օտարախոս եւ այլադավան հայերի դերն ու նշանակությունը, անհրաժեշտ է ընդգծել նրանց կարեւորությունը հայոց պետականության շահերի առաջմղման եւ, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, որոշակի ծրագրերում նրանց հնարավոր ընդգրկման հարցում: Ցանկացած պետություն, անկախ հզորության չափից, կարիք ունի այլ պետություններում իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կազմակերպված խմբերի առկայության: ՍՍՀՄ-ը դա անում էր կոմունիստական կուսակցություններ ստեղծելով, ամերիկացիք անում են զանգվածային մշակույթի տարածումով, մենք կարող ենք անել սփռված հայության միջոցով եւ հայության վերազարթոնքով»:
Այն տեսակետները, թե իսլամացված հայերը եւ նրանց սերունդները չեն ցանկանում պահել լեզուն, մշակույթը, էթնիկ նկարագիրը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը եւ ներքին ամուսնությունների, արմատների որոնման ու այլ գործընթացներ հերքում են այդ տեսակետները, գոնե` մասնակի:
Կամ ասում են` նշեք մեկ օրինակ, երբ իսլամացված հայը մասնակցել է հայ ազատագրական պայքարին եւ անմիջապես բերում առարկություն չընդունող պատասխանը. «Այդպիսի օրինակներ դուք չեք գտնի»: Կամ էլ` «Ոչ մի դեպք չգիտենք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության է եկել»: Խուսափելով անիմաստ բանավեճից` բավարարվենք մեկ-երկու օրինակով, երբ իսլամացված հայը գործուն մասնակցություն է ունեցել հայ ազատագրական պայքարին կամ հայությանը վերաբերող հարցերին: Մասնավորապես, ծնունդով Տարոնի Բուլանըխ գյուղից ուսուցիչ Ավետիսը եղել է 19-րդ դարի վերջերի հայ հեղափոխական պայքարի անդամներից, որի պատճառով էլ ձերբակալվել է եւ ենթարկվել անասելի կտտանքների: Չդիմանալով այս ամենին` Ավետիսը կրոնափոխ է լինում, ընդունում իսլամ, ավելին` դառնում ոստիկան եւ այդ ոլորտում զբաղեցնում բարձր պաշտոն` դառնալով «բաշ կոմիսեր Մեհմեդ էֆենդի» այսինքն` գլխավոր կոմիսար: Ոստիկան Մեհմեդ էֆենդին արտաքուստ դառնում է հայերի խիստ հակառակորդը եւ իր բոլոր լծակներով պայքարում նրանց դեմ: Նրա թաքուն կյանքի կարեւոր դրվագներ է ներկայացնում Ռուբեն Տեր-Մինասյանը, որը հեղափոխական պայքարի տարբեր փուլերում համագործակցել է բաշ կոմիսեր Մեհմեդի հետ: Խոսելով ուրացած Ավետիսի մասին` Ռուբենը գրում է. «Ան մահմետական էր, բայց մնացած էր քրիստոնեայ. կինն ու որդիներն էլ նոյնպէս ներքուստ մոլեռանդ քրիստոնեաներ էին»: Մեհմեդ էֆենդիի մասին «Հայրենիք» ամսագրում հոդվածով հանդես է եկել Ա.Աստվածատրյանը, որը նշում է, որ Մեհմեդ էֆենդին ապրում էր մեծ ողբերգություն, քանի որ շարունակում էր շրջապատի համար լինել մոլեռանդ մուսուլման, իսկ գիշերները աղոթում տան մի անկյունում սարքած գաղտնի եկեղեցում. «Այդ դժբախտ ընտանիքի իսկական կեանքը գիշերն էր»: Ռուբեն Տեր-Մինասյանը, խոսելով Մեհմեդ էֆենդիի հայանպաստ գործունեության եւ արտաքուստ հակահայ մուսուլմանի կերպարի հակասությունների մասին, գրում է. «Այս կեղծիքը, սակայն, ազնիւ էր, հարկադրանքի տակ եղած ծպտում էր: Մեհմեդ էֆենդիի ոտիկանական շորերուն ներքեւ կ’ապրէր նոյն հին ազատասէր, հայրենասէր, յեղափոխական հայը»: Իր գործունեության պատճառով Մեհմեդ էֆենդին երբեմն կասկածի տակ է ընկնում, սակայն շարունակում է նվիրումով ծառայել հայությանը` ընտրելով պայքարի այդպիսի մարտավարություն: Ավելի ուշ Մեհմեդ էֆենդին տեղափոխվում է Ստամբուլ, եւ ամենահետաքրքիրն այն է, որ Զավեն պատրիարքի միջոցով մկրտում է իր զավակներին` վերադարձնում քրիստոնեության, իսկ ինքը մնում է իսլամ մինչեւ կյանքի վերջը:
Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյանի գրքում եւս հանդիպում են իսլամացված հայերի հետ կապված որոշ փաստեր, եւ ուշագրավ է, որ հայ հոգեւորականը ներկայացնում է, թե ինչպես էին արտաքուստ կրոնափոխված հայերը ջանում օգնել աքսորյալ հայերին: Պալաքյանի հայտնի «Հայ գողգոթան» գրքի այն գլուխը, որը վերնագրված է «Իսլամացած կեսարացի հայ կիներու անձնվիրությունը», նկարագրում է, թե ինչպես բռնի կրոնափոխ հայ կանայք անհրաժեշտ սննդամթերք էին հասցնում աքսորյալների քարավաններին` այդպիսով վտանգելով նաեւ իրենց կյանքը:
Ցեղասպանության ժամանակ արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ մուսուլման համշենցիները փրկել են իրենց քրիստոնյա եղբայրներին: Հովակիմ Հովակիմյանն իր «Պատմութիւն հայկական Պոնտոսի» աշխատության մեջ գրում է. «Մեծ Եղեռնի շրջանին լեռները ապաստանած Հայերուն առաւելապէս օգտակար եղան մահմետական Հայերը»:
Բռնի կրոնափոխ հայերի մասին Հայաստանում հնչող կատեգորիկ, ժխտողական հայտարարությունները մեծապես վնասում են իսլամացված հայերի վերազարթոնքին, եւ արդեն առաջին «արդյունքները» կան: Մասնավորապես, Կրասնոդարի «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը, խոսելով Միջին Ասիայից Կրասնոդար գաղթած իսլամացված համշենահայերի եւ նրանց շրջանում վերազարթոնքի մասին, փոխանցում է. «Իսլամացված հայ չի լինում ասելով` մենք խանգարում ենք այն ահագին աշխատանքին, որ պետք է տարվի իսլամացված հայերի հետ»:
Ամփոփելով` ցանկանում ենք մեջբերում անել Հայ Ավետարանական եկեղեցու պաշտոնաթերթ «Բանբերում» 1969թ. տպագրված մի հոդվածից, որտեղ խոսվում է ուծացած հայության նկատմամբ մեր պարտավորությունների մասին: Հոդվածագիր Պագգալյանը գործելու կոչնակ է հնչեցնում` ասելով. «Այսօր սակայն որ առիթ եւ կարելիութիւն ունինք անոնց օգնութեան հասնելու, եթէ այս վերջին ոսկեղէն պատեհութիւնն ալ փախցնենք, անշուշտ օր մը Աստուած պիտի հարցնէ մեզի- քեզի եւ ինծի. «Ո՞ւր է քու եղբայրդ…»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]