• am
  • ru
  • en
Версия для печати
29.04.2009

ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎՐԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

   

Վահրամ Հովյան

Vahram Hovyan (original)Հայտնի է, որ Վրաստանը, 1999թ. անդամակցելով Եվրոպայի խորհրդին, վերջինիս առջեւ պարտավորություն է ստանձնել լուծելու 1944թ. Վրաստանից արտաքսված թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը։ Իսկ Եվրոպական միությունը այս հարցի լուծման նպատակով անգամ 40-50 մլն եվրոյի դրամական աջակցություն է առաջարկել Վրաստանին` խոստանալով նաեւ թուրք-մեսխեթցիների վերադարձից հետո իր վրա վերցնել հետագա ծախսերը։

Սակայն ակնհայտ է, որ թուրք-մեսխեթցիների` իրենց նախկին բնակավայրեր վերադարձի հարցը զուտ մարդասիրական նկատառումներով չէ միայն պայմանավորված. այս խնդրում տարածաշրջանի մի շարք պետություններ ունեն քաղաքական որոշակի շահագրգռություններ։ Ուստի անկախ Եվրոպայի խորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունից, թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադառնալու հարցը միշտ էլ գտնվելու է մեր տարածաշրջանի պետությունների տեսադաշտում։ Պատահական չէ, որ ԵԽ-ին Վրաստանի անդամակցությունից առաջ էլ այդ հարցը առկա է եղել տարածաշրջանի քաղաքական օրակարգում։ Իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս հենց Թուրքիայի ակտիվ ջանքերի արդյունքում է թուրք-մեսխեթցիների վերադարձի ապահովումը որպես պարտավորություն դրվել Վրաստանի առջեւ։

Թուրք-մեսխեթցիների ինքնության մասին

Թուրք-մեսխեթցիների ինքնության վերաբերյալ շրջանառվում է երեք հիմնական տեսակետ.

Վրացական տեսակետ, համաձայն որի` թուրք-մեսխեթցիները իսլամացած վրացիներն են, այսինքն` ծագումով վրացի են։

Թուրքական տեսակետ, համաձայն որի` նրանք ծագումով թուրք են եւ հաստատվել են Սամցխե-Ջավախքում Օսմանյան կայսրության շրջանի բնակչության տեղաշարժերի հետեւանքով։

Չեզոք տեսակետ, համաձայն որի` նրանք ո՛չ թուրք են եւ ո՛չ էլ վրացի։ Նրանք ունեն իրենց առանձին էթնիկ ինքնությունը։ Անգամ խոսվում է նրանց առանձին լեզվի մասին։

Վերոնշյալ տեսակետներից առավել տարածված են առաջին երկուսը։ Երրորդն այնքան էլ մեծ տարածում չունի։ Ինչ վերաբերում է թուրք-մեսխեթցիների ժամանակակից էթնիկ ինքնագիտակցությանը, ապա նրանք հիմնականում իրենց համարում են թուրք։

Թուրք-մեսխեթցիների թվաքանակի շուրջ

1944թ. դրությամբ, երբ տեղի է ունեցել թուրք-մեսխեթցիների տեղահանությունը, նրանց թվաքանակը կազմում էր մոտ 90 հազար։ 1944թ., թշնամուն աջակցելու, մաքսանենգությամբ զբաղվելու եւ թուրքական հետախուզության համար լրտեսներ հավաքագրելու մեղադրանքով, խորհրդային իշխանության կողմից այդ բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղահանության է ենթարկվել եւ բնակեցվել Միջին Ասիայի հանրապետություններում` Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում։ Տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 120 հազար։ Սակայն բոլոր տեղահանվածները չեն, որ թուրք-մեսխեթցիներ են եղել։ Միեւնույն մեղադրանքով թուրք-մեսխեթցիների հետ տեղահանության են ենթարկվել նաեւ քրդերը եւ մուսուլման հայերը, որոնք հիշատակվում են որպես հեմշիլներ։ Թուրք-մեսխեթցիների թվաքանակը, ինչպես նշվեց, կազմել է մոտ 90 հազ.։

Տեղահանվածներից 15-17 հազարը ճանապարհին սովից կամ ցրտից մահացել է։ Մնացած հատվածը հիմնականում բնակեցվել է Ուզբեկստանում։ Տեղահանված թուրք-մեսխեթցիների որոշ մասն էլ բնակեցվել է Ղազախստանում եւ Ղրղըզստանում։

Վերաբնակեցված թուրք-մեսխեթցիներին տրվել է հատուկ վերաբնակչի կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ նրանք իրավունք չունեին իրենց բնակավայրից այլ տեղ տեղափոխվել։ 1956թ. այդ արգելքը հանվել է թուրք-մեսխեթցիների վրայից, որի արդյունքում նրանց մի մասը Կենտրոնական Ասիայից տեղափոխվել է ԽՍՀՄ այլ վայրեր։ 1974թ. թուրք-մեսխեթցիներին իրավունք է տրվել վերադառնալ Վրաստան։ Սակայն հաշվի առնելով այնտեղ իրենց նկատմամբ սպասվող վերաբերմունքը` թուրք-մեսխեթցիները առանձնապես մեծ ակտիվություն չեն ցուցաբերել իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հարցում։ Արդյունքում` ներկայումս Վրաստանում բնակվող թուրք-մեսխեթցիների թվաքանակը կազմում է մոտ 1000 մարդ։

Ինչեւէ, տեղահանությունից հետո թուրք-մեսխեթցիների թվաքանակը էապես աճել է։ Տարբեր տվյալների համաձայն` ներկայումս աշխարհում բնակվում է 300-500 հազ. թուրք-մեսխեթցի։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը` 260-280 հազ., բնակվում է հետխորհրդային տարածքում։

Թուրք-մեսխեթցիների սփռման համար վճռական եղավ 1989թ.։ Այդ տարի Ուզբեկստանի Ֆերգանայի հովտում սոցիալ-քաղաքական լարվածությունը հանգեցրեց թուրք-մեսխեթցիների կոտորածին, որի արդյունքում նրանք, ըստ էության, ենթարկվեցին երկրորդ տեղահանության։ Ուզբեկստանից տեղահանվելով` թուրք-մեսխեթցիները մեծ մասամբ հաստատվեցին Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ Ադրբեջանում։ Որոշ քանակությամբ թուրք-մեսխեթցիներ էլ հաստատվեցին Ուկրաինայում (7 հազ.)։ Տեղահանվածների մի մասն էլ` մոտ 30 հազար մարդ, հաստատվեց Թուրքիայում։ Հետագայում Ռուսաստանում հաստատված թուրք-մեսխեթցիների մի մասը` մոտ 10 հազ. մարդ, տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Ներկայումս թուրք-մեսխեթցիների աշխարհագրական սփռվածությունն ունի հետեւյալ մոտավոր պատկերը.

Երկիր Թվաքանակ
Հետխորհրդային տարածք





Ղազախստան 90 հզ.
Ռուսաստան 70 հզ.
Ադրբեջան 70 հզ.
Ղրղըզստան 30 հզ.
Ուզբեկստան 15 հզ.
Ուկրաինա 7 հզ.
Հետխորհրդային տարածքից դուրս
Թուրքիա 35-60 հզ.
ԱՄՆ   5-10 հզ.

Վերադարձի խնդրով շահագրգիռ պետությունները

Թուրք-մեսխեթցիների հնարավոր վերադարձը Վրաստան, ինչպես արդեն նշվեց վերը, շոշափում է մի շարք երկրների շահերը։

Ռուսաստանի համար թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձը իրենց նախկին բնակավայրեր լրացուցիչ գործոն է Վրաստանի ներքին դրությունն ապակայունացնելու եւ անջատողականության նոր օջախներ ստեղծելու համար։

Թուրքիայի եւ Ադրբեջանի համար թուրք-մեսխեթցիների` իրենց նախկին բնակավայրեր զանգվածաբար վերադարձն ունի երկու հիմնական նշանակություն.

1. Թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձը եւ բնակեցումը պատմական Ջավախքում կվերացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի թուրք բնակչության միջեւ անջրպետը` նրանց միացնելով միմյանց։

2. Հայաստանն այսօր արեւելքից ու արեւմուտքից շրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Իրանի` Հայաստանի սահմանին հարակից տարածքները բնակեցված են թյուրքալեզու ազերիներով։ Վրաստանի հարավային սահմանները նույնպես զգալիորեն բնակեցված են ազգությամբ թուրք բնակչությամբ։ Եվ եթե պատմական Ջավախքում նույնպես բնակչության հարաբերակցությունը փոխվի հօգուտ թուրք բնակչության` ի հաշիվ հայերի, ապա Հայաստանը գրեթե լիովին կհայտնվի թուրքական շրջապատման մեջ։

Վրաստանի համար թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը միանշանակ ընկալում չունի։ Փորձագետների մի մասի կարծիքով` Վրաստանի շահերից որոշակիորեն բխում է թուրք-մեսխեթցիների վերադարձը` Ջավախքում հայ բնակչության քանակական գերակշռությունը չեզոքացնելու առումով։ Թուրք բնակչության հաստատմամբ Ջավախքում լարվածություն կառաջանա հայերի եւ թուրքերի միջեւ, ինչը բխում է Վրաստանի շահերից` բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Հայերը եւ թուրքերը վրացական պետության դեմ պայքարելու փոխարեն կպայքարեն միմյանց դեմ։

Թեեւ այս տեսակետը հիմնազուրկ չէ, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Վրաստանին մեծ հաշվով ձեռնտու չէ թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձը։ Նրանց վերադարձով էլ ավելի կխորանա Վրաստանի` առանց այդ էլ ակնհայտ էթնիկ բազմազանությունը, երկրում կուժեղանա առանց այդ էլ ուժեղ թուրքական տարրը, ինչը լուրջ մարտահրավեր է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Վրաստանը, գտնվելով երկու թուրքական պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ, չի կարող չգիտակցել, որ երկրի հարավային շրջաններում ուժեղացած թուրքական տարրը ինքնավարության կամ անկախության ձգտելիս ստանալու է այդ պետությունների աջակցությունը։ Ավելին, Թուրքիան եւ Ադրբեջանը իրենք կարող են հրահրել անջատականություն Վրաստանի հարավային շրջաններում` օգտագործելով թուրք բնակչությանը։ Այսպիսով, թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձի պարագայում Վրաստանի մասնատման հեռանկարն ավելի իրական կդառնա։

Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ ներկայումս Վրաստանում վերելք է ապրում ազգայնականությունը, որը դրսեւորվում է նաեւ ազգային փոքրամասնությունների եւ նրանց մշակույթի նկատմամբ անհանդուրժողականությամբ, ապա ակնհայտ կդառնա, որ թուրք-մեսխեթցիների վերադարձը նաեւ այս առումով ձեռնտու չէ վրաց իշխանություններին։

«Միտք» վերլուծական կենտրոնը, վկայակոչելով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները, նշում է, որ վրացական հասարակության 75-85%-ը դեմ է թուրք-մեսխեթցիների վերադարձին։ Դա նշանակում է, որ Վրաստանում հասարակական կարծիքի մակարդակով նույնպես ընդունելի չէ թուրք-մեսխեթցիների վերադարձը։

Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Հայությանը, ապա թուրք-մեսխեթցիների վերադարձը միանշանակ դեմ է մեր ազգային շահերին։ Սամցխե-Ջավախքում նրանց հաստատվելով` Հայաստանը գրեթե լիովին կհայտնվի թուրքական օղակի մեջ։

Այսպիսով, տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված են թուրք-մեսխեթցիների վերադարձով Վրաստան։ Մինչդեռ դա հակասում է Հայաստանի եւ Վրաստանի շահերին։ Հետեւաբար, թուրք-մեսխեթցիների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու խնդիրը թերեւս այն հարցերից մեկն է, որում Հայաստանի եւ Վրաստանի շահերը որոշակիորեն համընկնում են։

Վերադարձի հնարավորությունները

Թեեւ թուրք-մեսխեթցիների` Վրաստան վերադարձի հարցը գրեթե միշտ եղել է քաղաքական օրակարգում, սակայն խնդիրն առավել հրատապ դարձավ Վրաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցության համատեքստում։ 1999թ. դառնալով ԵԽ անդամ` Վրաստանն այդ կազմակերպության առջեւ պարտավորություն է ստանձնել լուծելու թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը։ Ըստ նախատեսված պլանի` հարցը պետք է լուծվեր 12 տարվա ընթացքում` մինչեւ 2011թ.։ 2001թ. պետք է ընդունվեր օրենք թուրք-մեսխեթցիների վերադարձի մասին։ Իսկ 2002-ից պետք է սկսվեր նրանց վերադարձը, որը պետք է ավարտվեր 2011թ.։

Սակայն Վրաստանի խորհրդարանը միայն 2007թ. հունիսին ընդունեց թուրք-մեսխեթցիների վերադարձի մասին օրենքը։ Համաձայն այդ օրենքի` 2009թ. հունվարի 1-ին պետք է ավարտվեր վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների հայտերի ներկայացման ժամանակը։

2008թ. դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանն այդ ժամկետը երկարաձգեց մինչեւ 2009թ. հուլիսի 1-ը։ Որպես ժամկետի երկարաձգման պատճառներ նշվում էին 2008թ. Վրաստանում տեղի ունեցած նախագահական (հունվար), խորհրդարանական (մայիս) եւ Աջարիայի Գերագույն խորհրդի (նոյեմբեր) ընտրությունները, ինչպես նաեւ օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմը, որոնք դիտվել են որպես թուրք-մեսխեթցիների վերադարձը խոչընդոտող հանգամանքներ։

Իրականում, սակայն, վերոհիշյալ իրադարձություններից միայն 2008թ. օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմն էր, որ էապես կարող էր խոչընդոտել Վրաստան վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների հայտերի ներկայացման գործընթացին։ Համենայնդեպս, վերոնշյալ օրենքում փոփոխություններ իրականացնողները, որոնցով երկարաձգվեց տարբեր երկրների հյուպատոսություններ թուրք-մեսխեթցիների հայտեր ներկայացնելու ժամկետը 2009թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը, չեն մանրամասնում, թե ինչպես կարող էին 2008թ. վրացական ընտրությունները (հատկապես Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրությունները) խոչընդոտել այդ գործընթացին։ Իրականում, չի բացառվում, որ վրացական կողմը գնացել է ժամկետի երկարացմանն արտաքին ուժերի ճնշմամբ։

Համաձայն վրացական տվյալների` 2008թ. վերջին տարբեր երկրների վրացական հյուպատոսությունները ստացել են ընդամենը 900 հայտ։

Սակայն համաձայն ռուսական եւ ադրբեջանական մամուլի հրապարակումների` Վրաստան վերադառնալ ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, իսկ ներկայացրած հայտերի փոքր թվաքանակը բացատրվում է Վրաստանի կողմից հարուցված արհեստական խոչընդոտներով եւ գործընթացի արհեստական բարդացմամբ։

Մասնավորապես ռուսական հրապարակումներում հնչում է այն տեսակետը, որ վրացական իշխանությունները չեն կատարում միջազգային հանրության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները։ Թուրք-մեսխեթցիների` Վրաստան վերադարձի խնդրի առնչությամբ 2008թ. հոկտեմբերին Ռուսաստանի Պետական դումայի ընդունած հայտարարության մեջ, որը նշանակալի արձագանք գտավ մամուլում, նշվում է, որ առանց այն էլ նախատեսված ժամկետից մեծ ուշացումով ընդունված թուրք-մեսխեթցիների վերադարձի մասին օրենքը կրում է խիստ դեկլարատիվ բնույթ, եւ դրա նպատակն է ընդամենը ստեղծել ԵԽ-ի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման պատրանք։

Համաձայն ռուսական մամուլի` Ռուսաստանից Վրաստան վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների թիվը մոտ 90 հազ. է։ Իսկ ադրբեջանական աղբյուրների համաձայն` Ադրբեջանից Վրաստան վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների թիվը կազմում է մոտ 40 հազար։

Ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, 2008թ. դեկտեմբերի դրությամբ տարբեր երկրներում Վրաստանի հյուպատոսությունները, ընդհանուր առմամբ, վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների կողմից ստացել էին ընդամենը 900 հայտ, ինչը, հաշվի առնելով թուրք-մեսխեթցիների ընդհանուր թվաքանակը (300-500 հազ.), այդքան էլ մեծ ցուցանիշ չէ։ Իսկ համաձայն թուրքական պաշտոնական տվյալների` 2008թ. սեփական միջոցներով Թուրքիայից Վրաստան է վերադարձել ոչ ավելի, քան 50 թուրք-մեսխեթցիների ընտանիք։

Թուրք-մեսխեթցիների վերադարձին խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքներից հիմնականում կարելի է առանձնացնել հետեւյալները.

1. Վրաստանում եւ, հատկապես` Սամցխե-Ջավախքում, սոցիալ-տնտեսական պայմանները խիստ անբարենպաստ են թուրք-մեսխեթցիների զանգվածային վերադարձի համար։ Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Թուրքիայի քիչ թե շատ նորմալ բնակավայրերում հաստատված թուրք-մեսխեթցիները մեծ խանդավառությամբ զանգվածաբար կտեղափոխվեն Վրաստան` Սամցխե-Ջավախք, որտեղ սոցիալ-տնտեսական պայմաններն անհամեմատ անբարենպաստ են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում հաստատված թուրք-մեսխեթցիներին, ապա, սոցիալ-տնտեսական առումով նրանց պայմանները, եթե ավելի բարենպաստ չեն, ապա անբարենպաստ էլ չեն Վրաստանի պայմանների համեմատությամբ։

2. Այսօրվա թուրք-մեսխեթցիների ջախջախիչ մեծամասնությունը կազմում է ժամանակին արտաքսված թուրք-մեսխեթցիների երկրորդ կամ երրորդ սերունդը։ Ի տարբերություն առաջին սերնդի` նրանք երբեւէ չեն ապրել Սամցխե-Ջավախքում եւ հոգեբանորեն մեծ կապվածություն չունեն այդ երկրամասի հետ։ Հետեւաբար, հոգեբանական առումով նույնպես մեծ չէ ներկայիս թուրք-մեսխեթցիների վերադարձի մոտիվացիան։

3. Գլխավորապես թյուրքալեզու երկրներում հաստատված թուրք-մեսխեթցիներն արդեն զգալիորեն ադապտացվել եւ ինտեգրվել են իրենց հարազատ թյուրքական միջավայրում։ Հետեւաբար, խորթ միջավայրում հայտնվելու հեռանկարն այնքան էլ հրապուրիչ չի կարող լինել նրանց համար։

Սակայն քիչ է հավանականությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռնպահ կմնան իրենց երկրներում հաստատված թուրք-մեսխեթցիների վերադարձի գործին միջամտելուց։ Նրանք ամենայն հավանականությամբ նախաձեռնողականություն կդրսեւորեն այդ հարցում եւ կփորձեն թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադարձին հաղորդել կազմակերպված բնույթ։ Այդ մասին են վկայում Ռուսաստանի Պետական դումայում ծավալված քննարկումները թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադարձի հարցի առնչությամբ, Թուրքիայում եւ Ադրբեջանում այդ նպատակով ստեղծված հիմնադրամները, «Վաթան» կազմակերպության ակտիվությունը թուրք-մեսխեթցիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ եւ այլն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր