ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՍՔՈՂՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
Վերլուծաբանների կարծիքով` ընդդիմության շարքերում առաջացած ճեղքվածքները ներման հնարավորություն են ընձեռում նախագահ Սահակաշվիլուն:
Մայիսի 26-ին վրացական ընդդիմության կողմից Սահակաշվիլկու ռեժիմի դեմ կազմակերպած 60-հազարանոց բողոքի ցույցը կարծես հզորության յուրատեսակ ցուցադրություն լիներ, որը, սակայն, սքողում էր իրենց միջեւ եղած հիմնական տարբերությունները, որոնք կարող են կործանարար լինել նախագահի դեմ իրենց ռազմավարության համար:
Ընդդիմության ակտիվիստները շաբաթներ շարունակ բողոքում էին Սահակաշվիլու դեմ` պահանջելով նրա հրաժարականը. սրա պատճառներից մեկը նախագահի պաշտոնի ենթադրյալ չարաշահումներն էին անցյալ տարվա օգոստոսին Ռուսաստանի հետ վարած ավերիչ պատերազմի ժամանակ:
Փակելով Թբիլիսիի գլխավոր փողոցը` ընդդիմադիրները բանտախցերի տեսք ունեցող վրաններ էին խփել այնտեղ: Այնուամենայնիվ, այս վրաններից շատերն այժմ դատարկ են, իսկ իրենք` ակտիվիստները, կարծես հոգնել են ապարդյուն պայքարից:
Ընդդիմության առաջնորդների` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի եւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի միջեւ հստակ տարբերություններ են առաջացել բողոքի ակցիաների հետագա ընթացքի վերաբերյալ. բանն այն է, որ Ալասանիայի խոսքերով` ինքը պատրաստ է Սահակաշվիլիի հետ երկխոսության, մինչդեռ Բուրջանաձեն ավելի ծայրահեղական դիրքորոշում է որդեգրել:
«Ալասանիան մեզ դավաճանել է: Նա չկանգնեց մեր կողքին փողոցը փակելիս: Բայց մենք կպայքարենք մինչեւ վերջ: Փա´ռք Վրաստանին առանց Սահակաշվիլու», - ասում է ցուցարարներից մեկը` 24-ամյա Լեւանը:
Սակայն վերլուծաբանների կարծիքով` ընդդիմության շարքերում առաջացած ճեղքերը Սահակաշվիլուն տվեցին նրա` այդքան երկար սպասված հնարավորությունը: Նա համառորեն հրաժարվում էր ոստիկանության կամ բանակի միջոցով ցրել ցույցերը` պնդելով, որ հասցրել էր դաս քաղել 2007-ի նոյեմբերին բողոքի ակցիաների դաժան ճնշումներից: Նրա նոր ռազմավարությունը, որի իմաստն էր` ստիպել, որպեսզի ցույցերն իրենք իրենց հանդարտվեն, կարծես արդարացնում է իրեն:
«Ներկայում ընդդիմության երկու թեւ գոյություն ունի: Ալասանիան պատրաստ է երկխոսության, իսկ Բուրջանաձեն կարծում է, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելն անիմաստ է: Այս պահին իշխանություններին մնում է միայն տեսնել, թե այս երկուսից որն ավելի շատ կողմնակիցներ ձեռք կբերի», - նշում է Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Իյա Անտաձեն:
«Եթե Սահակաշվիլին զիջումների գնա, կամրապնդվեն երկխոսության կողմնակիցների դիրքերը: Իսկ եթե նախագահը ոչ մի քայլ չնահանջի, սա արդեն կլինի ընդդիմության ծայրահեղական թեւի օգտին, եւ բողոքի ցույցերը կվերսկսվեն նոր թափով», - համոզված է մեկնաբանը:
Մայիսի 11-ին բանակցություններ սկսելու փորձը ոչ մի արդյունք չտվեց: Սահակաշվիլին առաջարկում էր սահմանադրության մեջ ուղումներ եւ լրացումներ մտցնել, ինչպես նաեւ բարեփոխումներ անել ընտրական օրենսդրության եւ դատական համակարգի մեջ, սակայն սա բավարար չթվաց ընդդիմության առաջնորդներին, ովքեր այս առաջարկները «որ ադեկվատ» անվանեցին:
Այնուամենայնիվ, նրանք, հավանաբար, գերագնահատել են իրենց հնարավորությունները: Բողոքի ցույցերը սկսել էին իրենց սպառել դեռեւս մայիսի 26-ից առաջ: Խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրների կազմակերպած ամենօրյա հավաքները, որոնք կաթվածահար էին արել օրենսդիր մարմնի աշխատանքները, բավական փոքրաքանակ են դարձել, իսկ որոշ ցուցարարների բարկությունն իրենց առաջնորդների նկատմամբ այժմ չի զիջում նախագահ Սահակաշվիլու դեմ եղած վրդովմունքին:
Ալասանիայի խոսքերով` նման ցույցերը կորցրել են իրենց իմաստը:
«Անձամբ ես պատրաստվում եմ շարունակել աշխատանքս երեք ուղղություններով: Նախեւառաջ` ստիպել, որպեսզի բողոքի ցույցերը ոչ թե մշտական ու ապարդյուն լինեն, այլ հստակ արդյունքների բերեն: Երկրորդը` իշխանությունների հետ ավելի հստակ երկխոսության գնալ, եւ երրորդը` ավելի ակտիվ կերպով դիմել միջազգային հանրությանը», - նշում է Ալասանիան:
Ի հավելումն այս խոսքերի, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչը հաստատեց, որ չի միանա ընդդիմության ծայրահեղական թեւի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 26-ին մի քանի ժամով փակել էին Թբիլիսիի երկաթուղին:
«Մեր նպատակներին հասնելու համար նման միջոցների չենք դիմի», - վստահեցնում է Ալասանիան:
Այնուամենայնիվ, ընդդիմության ծայրահեղական թեւի առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահպանում է նախագահի նկատմամբ իր որդեգրած խիստ դիրքորոշումը:
«Ոչ մի կառավարություն չի փոխվում միայն հայտարարությունների ուժով, իսկ Սահակաշվիլին եւ նրա ռեժիմը այն չեն, որպեսզի փոխվեն միայն հայտարարությունների կամ հեշտ մեթոդների գնով: Համոզված եմ, որ պետք է դիմենք շատ ակտիվ, լուրջ եւ արդյունավետ քայլերի` այս կառավարությունը փոխելու համար: Ես պատրաստ եմ դիմել նման քայլերի ժողովրդի հետ միասին», - հայտարարեց Բուրջանաձեն մայիսի 27-ին:
Չնայած նրան, որ ընդդիմության շարքերում տեղ գտած այս բաժանումը կարծես կարճ ժամանակով խափանում է ցույցերի ընթացքը` վերլուծաբանները նշում են, որ սա ի վերջո կարող է բերել ավելի արդյունավետ ռազմավարության մշակմանը: Այսպես, Ռազմավարության եւ զարգացման ինստիտուտի տնօրեն, փորձագետ Անդրո Բարնովը նշում է, որ կարծում էր` ընդդիմությունն ամենասկզբից կարող էր ավելի կենտրոնացված գործել:
«Այս ակցիաների կազմակերպման ժամանակ ընդդիմությունը չափազանց տարրալուծված էր: Այս գործընթացի շնորհիվ մարդիկ կկարողանան ավելի գիտակցված ընտրություն կատարել», - նշում է փորձագետը:
Սակայն խորհրդարանի մոտ մնացող ցուցարարներն արդեն վրդովվում են ռազմավարության վերաբերյալ վարվող քննարկումներից, եւ պարզ չէ դեռ, թե արդյոք նրանք կսպասեն իրենց առաջնորդների որոշմանը:
«Այստեղ մեկ ամսից ավել մնալու իմ միակ պատճառն այն է, որ ցանկանում եմ, որպեսզի Սահակաշվիլին հեռանա: Եթե ընդդիմության առաջնորդներն ավելի վճռական լինեին, մենք կհասնեինք մեր նպատակին: Ինչի՞ համար են այս երկխոսությունները, եթե դրանք իմաստից զուրկ են: Եթե ընդդիմությունն ինքն էլ չգիտի` ինչ անել, ապա ինչո՞ւ էին մեզ խոստանում, որ կպայքարեն մինչեւ վերջ», - զարմանում է Մալխազ անունով Թբիլիսիի 53-ամյա բնակիչներից մեկը:
Թամար Կադագիձե եւ Թամար Կվիրթիա, Թբիլիսի
(Կովկասյան Լրատու # 495, 29-ը մայիսի, 2009թ.)
Թամար Կադագիձեն եւ Թամար Կվիրթիան ազատ լրագրողներ են:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)
դեպի ետ