• am
  • ru
  • en
Версия для печати
16.03.2010

2010Թ. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ» ԶԵԿՈՒՅՑԸ. THE HERITAGE FOUNDATION, THE WALL STREET JOURNAL. “INDEX OF ECONOMIC FREEDOM”

   

Կարեն Վերանյան

2010թ. հունվարին լույս տեսավ հեղինակավոր «Հերիթիջ Ֆաունդեյշն» կազմակերպության և «Ուոլ սթրիթ ջորնալ» ամսագրի պատրաստած տնտեսական ազատության վարկանիշի հերթական՝ 2010թ. տարեկան վարկանիշային հետազոտությունը։ Ինչպես նախորդ զեկույցներում, այնպես էլ 2010թ. տարեկան հետազոտությունում ՀՀ միջազգային վարկանիշային արդյունքները կհամադրվեն ինչպես ԱՊՀ անդամ պետությունների, այնպես էլ մերձբալթյան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի պետությունների և այլ երկրների (Թուրքիա, Իսրայել և Իրան) հետ։ Կփորձենք համեմատական վերլուծություններ իրականացնել տնտեսական ազատության վարկանիշի 2010թ. և նախորդ տարեկան զեկույցի միջև՝ ըստ մեր կողմից առանձնացված պետությունների ցուցանիշների։

Տնտեսական ազատության 2010թ. վարկանիշային հետազոտությունում ներկայացվող վարկանիշավորման արդյունքները կդիտարկվեն նաև միջազգային աշխարհաքաղաքական, տնտեսական զարգացումների համատեքստում։ Մասնավորապես, կանդրադառնանք երկրների տնտեսական ազատության վարկանիշների տեղաշարժերին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների համատեքստում, որոնք առավել շոշափելի են հատկապես այս՝ 2010թ. վարկանիշային զեկույցում։ Նկատենք, որ տնտեսական ազատության 2010թ. վարկանիշային ցուցանիշների վերաբերյալ առկա տեղեկատվությունը հիմնվում է 2009թ. զարգացումների ու տվյալների վրա, երբ հատկապես անցումային ու զարգացող երկրների տնտեսություններն իրենց վրա զգացին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնական բացասական հետևանքները։

Մեթոդաբանական հարցեր

«Տնտեսական ազատության վարկանիշը» հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը։

Ստորև ներկայացվում են «Տնտեսական ազատության ինդեքսի» 10 ցուցիչները.

  1. գործարար ազատություն,
  2. առևտրի ազատություն,
  3. ֆիսկալ ազատություն,
  4. ազատություն կառավարությունից,
  5. արժութային ազատություն,
  6. ներդրումային ազատություն,
  7. ֆինանսական ազատություն,
  8. սեփականության իրավունքի պաշտպանվածություն,
  9. ազատությունը կոռուպցիայից,
  10. աշխատանքային ազատություն։

Անհրաժեշտ է նշել նաև, որ վերը թվարկված յուրաքանչյուր ցուցչի տնտեսական համապատասխան ազատության ցուցանիշը և ընդհանրապես տվյալ երկրի տնտեսական ազատության ամփոփիչ ցուցիչը սահմանվում է 0-100 միավոր սանդղակով, որտեղ 100 միավորը համարվում է ազատության բարձրագույն ցուցանիշը։ Բացի այդ, յուրաքանչյուր պետության տնտեսական ազատության ամփոփիչ ցուցչային վարկանիշը, համաձայն տվյալ երկրի տնտեսության ազատականացման աստիճանավորման, բաշխվել է հետևյալ կերպ.

  1. ազատ (երկրներ, որոնք ստացել են (80-100),
  2. հիմնականում ազատ (70-79.9),
  3. միջին ազատության (60-69.9),
  4. հիմնականում ոչ ազատ (50-59.9),
  5. ճնշված (0-49.9):

2009թ. ՀՀ վարկանիշը այլ երկրների շարքում

«2009թ. տնտեսական ազատության ինդեքսը» հետազոտության արդյունքների համաձայն, ՀՀ վարկանիշային ցուցանիշը բավական բարձր է եղել. զեկույցում ներառված 183 երկրների շարքում 31-րդը։ Եթե փորձենք դիտարկել ՀՀ դիրքը՝ ելնելով վերջինիս տնտեսության ազատականացման աստիճանավորման սկզբունքից, ապա ՀՀ-ն միջին ազատության (60-69.9 միավորներ) երկրների շարքում արձանագրել է լավագույն արդյունքը՝ 69.9 միավոր՝ Լիտվայի ցուցանիշից հետո (70 միավոր)։ Նկատենք նաև, որ ՀՀ վարկանիշային ցուցանիշը բավական մոտ է (0.2 միավորի տարբերությամբ) ազատականացման երկրորդ՝ հիմնականում ազատ աստիճանակարգման վերջնամասին, ինչը բավական բարձր ցուցանիշ պետք է համարել։ Հիմնականում ազատ աստիճանակարգում ՀՀ տնտեսական ազատության վարկանիշի հետ համադրելի են մասնավորաբար Լիտվայի (30-րդ դիրք), Իսպանիայի (29) և Նորվեգիայի (28) ցուցանիշները։

«2009թ. տնտեսական ազատության ինդեքսը» հետազոտությունում ՀՀ վարկանիշը համարվում է լավագույնը ԱՊՀ անդամ պետությունների շարքում։ Համեմատաբար բարձր են եղել նաև Վրաստանի (32-րդ դիրք), Ղրղըզստանի ու Ղազախստանի ցուցանիշները։ ԱՊՀ անդամ երկրներից վարկանիշային առաջատար ցուցանիշներով առանձնացած այդ 4 երկրները դասակարգվում են միջին ազատության աստիճանավորման շրջանակներում։ Ինչպես տեսնում ենք ստորև պատկերված աղյուսակից, ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ զեկույցում ներառված 183 երկրների շարքում 99-րդը։ Անհրաժեշտ է նշել, սակայն, որ ի տարբերություն վերը նշված հանրապետությունների, ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը գտնվում է հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում՝ արձանագրելով ԱՊՀ անդամ պետությունների շարքում հիմնականում ոչ ազատ աստիճանավորման դասակարգման մեջ լավագույն արդյունքը։ Ինչ վերաբերում է վերջին՝ճնշված ազատության աստիճանավորմանը, ապա այստեղ ԱՊՀ անդամ պետություններից ներառվել են երեքը՝ Ուկրաինան, Բելառուսը և Թուրքմենստանը (աղյուսակում ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական ազատության աստիճանավորումը կատարվել է նաև գունային տարբերանշաններով)։

Բավական հետաքրքիր վիճակագրական պատկեր է ձևավորվում ՀՀ և մերձբալթյան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների վարկանիշների համեմատության պարագայում։ Կարելի է հաստատել, որ ՀՀ վարկանիշային ցուցանիշը ոչ միայն համեմատելի է մերձբալթյան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների արդյունքների հետ, այլև գերազանցում է նրանց զգալի մասին։ ՀՀ ցուցանիշին զիջում են Չեխիայի (69.4 միավոր), Հունգարիայի (66.8), Լատվիայի (66.6), Բուլղարիայի (64.6), Ռումինիայի և (63.2), Հունաստանի (60.3) վարկանիշային արդյունքները (մանրամասն տե՛ս աղյուսակ 1)։ ՀՀ տնտեսական ազատության վարկանիշն անհամեմատ գերազանցում է իր հարևան երկու պետություններին ՝ Թուրքիային ու Իրանին (Թուրքիան զբաղեցրել է 75-րդ դիրքը, ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս զբաղեցրել է 168-րդ դիրքը)։

Աղյուսակ 1
«2009թ. տնտեսական ազատության ինդեքսը», ՀՀ վարկանիշը այլ երկրների շարքում

Աղբյուրը՝ Հերիթիջ Ֆաունդեյշըն. «2009թ. տնտեսական ազատության ինդեքսը»

«2010թ. տնտեսական ազատության վարկանիշը» հետազոտությունը՝ առանձին երկրների համեմատականով

«2010թ. տնտեսական ազատության վարկանիշը» հետազոտությունում ՀՀ վարկանիշային ցուցանիշը թեև շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ԱՊՀ անդամ պետությունների շարքում, սակայն չի պահպանել նախորդ զեկույցի առաջատարի արդյունքը։ Ի տարբերություն 2009թ. վարկանիշային զեկույցի, 2010թ. տարեկան հետազոտությունում ՀՀ միջազգային վարկանիշը որոշակի հետընթաց է արձանագրել և առաջատարի դիրքը զիջել է միայն Վրաստանին՝ գերազանցելով ԱՊՀ անդամ մյուս հանրապետություններին։ 2010թ. տարեկան զեկույցում ՀՀ-ն զբաղեցնում է հետազոտությունում ներառված 183 երկրների շարքում 38-րդ դիրքը՝ 69,2 միավորով՝ 2009թ. համեմատությամբ ունենալով 0,7 միավորի անկում։ ԱՊՀ երկրների ցուցակում 2009թ. վարկանիշային ուսումնասիրության համեմատությամբ զգալիորեն` 0,6 միավորով ցուցանիշը բարելավել է մասնավորապես Վրաստանը, որը նախկին 32-րդ դիրքի փոխարեն զբաղեցնում է արդեն 26-րդ հորիզոնականը։ Եթե նախորդ հետազոտությունում Վրաստանն իր վարկանիշով դասվում էր միջին ազատության երկրների ցուցակում, ապա 2010թ. տարեկան զեկույցում բարելավել է արդյունքը և դասվում է երկրորդ՝ հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների աստիճանակարգում՝ այսպիսով լինելով այդ աստիճանակարգում հայտնված ԱՊՀ երկրներից միակը։ Միջին ազատության աստիճանակարգում, ինչպես և նախորդ վարկանիշային զեկույցում, ԱՊՀ երկրներից շարունակում են ընդգրկվել ՀՀ-ն, Ղրղըզստանն ու Ղազախստանը։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս հանրապետության՝ Ադրբեջանի ցուցանիշին, ապա այն կրկին գտնվում է երրորդ՝ հիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող պետությունների աստիճանակարգում՝ զբաղեցնելով 96-րդ դիրքը։ Միևնույն ժամանակ, սակայն, պետք է նկատել, որ 2009թ. համեմատ Ադրբեջանը կարողացել է բարելավել ցուցանիշը 0,8 միավորով։

Ինչպես պատկերված է Աղյուսակ 2-ում, 2009թ. զեկույցի համեմատությամբ, ԱՊՀ-ին անդամակցող հանրապետությունների շարքում իրենց վարկանիշները բարելավել են չորս երկրներ՝ Վրաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Բելառուսը։ Առանձնացված այդ երկրներից նախորդ տարվա վարկանիշային ցուցանիշի համեմատ առավել բարձր միավորի փոփոխություն գրանցվել է մասնավորաբար Բելառուսի դեպքում՝ 3,7 միավոր, իսկ մյուսների ցուցանիշներում այդ փոփոխությունը չի հատել 1 միավորի շեմը։

Նկատենք, սակայն, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը նախորդ տարվա համեմատությամբ իր վարկանիշային միավորը բարելավել է ընդամենը 0,8-ով և դրանով իսկ արձանագրել 3 միավոր դիրքային առաջընթաց (99-րդից 96-րդ դիրք), ՀՀ-ն ունեցել է -0,7 միավորային անկում, սակայն դիրքային տեսանկյունից բավական մեծ տարբերությամբ հետընթաց է արձանագրել՝ 8 միավոր՝ 31-րդ դիրքից անցնելով 38-րդին։ Եթե համեմատենք այլ երկրների, օրինակ՝ Մոլդովայի հետ, կտեսնենք, որ վերջինս նախորդ տարվա համեմատությամբ ունեցել է -1,2 միավորի անկում, սակայն դիրքային առումով արձանագրել է ընդամենը 5 միավորի նվազեցում։ Նույն տրամաբանությունը կարելի է նկատել նաև ԱՊՀ այլ երկրների հետ համեմատական անցկացնելիս։ Ասել է թե՝ ՀՀ պարագայում ակնհայտորեն առկա է որոշակի թյուրիմացություն. նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ միջազգային վարկանիշը թեև ունեցել է -0,7 միավորի անկում, սակայն նրա դիրքային հետընթացը, որը կազմել է 7 միավոր, ավելին է, քան այն երկրների դիրքային փոփոխությունները, որոնց միավորների նվազեցումը եղել է առավել կտրուկ։ Հակառակ պարագայում ՀՀ միջազգային վարկանիշը Վրաստանի համապատասխան ցուցանիշին կզիջեր ոչ այնքան զգալի տարբերությամբ։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010թ. ՀՀ միջազգային վարկանիշը բավական բարձր ցուցանիշ է ունեցել նաև Արևելա-Կենտրոնական Եվրոպայի, մերձբալթյան երկրների արդյունքների շարքում։ ՀՀ ցուցանիշը գերազանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Լատվիան, Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանն ու Բուլղարիան։ ՀՀ միջազգային վարկանիշը զգալի տարբերությամբ առաջ է անցել նաև երկու հարևան երկրներից՝ Թուրքիայից ու Իրանից, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 67-րդ և 168-րդ դիրքերը։ ՀՀ ցուցանիշին 1,5 միավորի տարբերությամբ զիջում է նաև մեր առանձնացրած Իսրայելի վարկանիշը, որը զեկույցում ներառված 183 երկրների շարքում զբաղեցնում է 44-րդ դիրքը՝ 67,7 միավորով։ Ընդ որում, թե՛ Թուրքիան և թե՛ Իսրայելը ՀՀ-ի հետ միասին ներառված են միևնույն՝ միջին ազատության տնտեսություն ունեցող երկրների աստիճանակարգում, ի տարբերություն Իրանի, որն իր ցուցանիշով, ինչպես և 2009թ. զեկույցում, կրկին գտնվում է ցածրագույն՝ ճնշված պետությունների ցանկում (մանրամասն տե՛ս աղյուսակ 2

Հարավային Կովկասի երկրների վարկանիշային ենթացուցիչների վերլուծականը

«2010թ. տնտեսական ազատության վարկանիշը» հետազոտության լուսաբանման հարցում էական առանձնահատկություններից մեկը հարցի դիտարկումն է ընթացիկ համաշխարհային քաղաքական-տնտեսական զարգացումների ֆոնին։ Վիճակագրությունից պարզ է դառնում, որ հարավկովկասյան հանրապետություններից ՀՀ վարկանիշային ցուցանիշի որոշակի հետընթացը, թերևս, պայմանավորված է այդ երկրի տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության զգալի հետևանքներով։ Ինչպես արդեն նշեցինք, Վրաստանի ու Ադրբեջանի պարագայում նկատվել է ցուցանիշների որոշակի բարելավում։ Եթե փորձենք անդրադառնալ նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ ենթացուցիչների զարգացման դինամիկային, ապա կտեսնենք, որ 10 ենթացուցիչների շարքում ՀՀ-ն դրական միտում է արձանագրել միայն երեք՝ 4-րդ՝ ազատություն կառավարությունից, 6-րդ՝ ներդրումային ազատություն և 10-րդ՝ աշխատանքային ազատություն ենթացուցիչների պարագայում։ Մնացյալ ենթացուցիչների դեպքում, բացառությամբ 7-րդ՝ ֆինանսական ազատության ենթացուցչի, որը պահպանել է նախորդ արդյունքը՝ 70 միավոր, նկատվել է միավորների անկում։ ՀՀ ենթացուցիչների պարագայում առավել կտրուկ է եղել հատկապես 2-րդ՝ առևտրի ազատության, 5-րդ՝ արժութային ազատության և 8-րդ՝ սեփականության իրավունքի պաշտպանվածության ենթացուցիչների անկումը նախորդ տարվա համապատասխան արդյունքների համեմատությամբ։

Նախորդ տարվա համեմատությամբ Վրաստանի ենթացուցիչներից հետընթաց է նկատվել 4-րդ՝ ազատություն կառավարությունից, 5-րդ՝ արժութային ազատություն և 10-րդ՝ աշխատանքային ազատություն ենթացուցիչների պարագաներում, 6-րդ և 7-րդ ենթացուցիչները պահպանել են նախորդ տարվա արդյունքները, իսկ մնացյալ 5 ենթացուցիչների դեպքում արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Վրաստանի ենթացուցիչներից առավել կտրուկ դրական միտում նկատելի է 2-րդ՝ առևտրի ազատություն, 8-րդ՝ սեփականության իրավունքի պաշտպանվածություն և 9-րդ՝ ազատությունը կոռուպցիայից ենթացուցիչների դեպքում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա անկում է արձանագրվել 6՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթացուցիչների դեպքում, իսկ դրական տեղաշարժ՝ ընդամենը մեկում (6-րդ՝ ներդրումային ազատություն ենթացուցիչը), մնացած երեք ենթացուցիչները պահպանել են նախորդ տարվա արդյունքները։ Դժվար չէ նկատել, որ Ադրբեջանի բացասական միտումներ արձանագրած ենթացուցիչների թվաքանակը համապատասխանում է ՀՀ բացասական ենթացուցիչներին՝ 6-ական ենթացուցիչ։ Ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ վարկանիշավորման ենթացուցիչների շարքում դրական տեղաշարժ են արձանագրել երեք ենթացուցիչներ։ Նախորդ տարվա համեմատությամբ Ադրբեջանի ամփոփ վարկանիշի բարելավումը, թերևս, պայմանավորված է միակ՝ 6-րդ՝ ներդրումային ազատության ենթացուցչում գրանցված կտրուկ՝ 25 միավորի դրական տեղաշարժով, ինչը խոսում է այդ երկրի վարկանիշավորման զուտ քանակական-մեխանիկական՝ առանց որակական առանձնահատկությունների մեթոդաբանական հաշվարկի մասին։ Մյուս կողմից, Ադրբեջանի վարկանիշավորման ենթացուցիչներում նկատված բացասական միտումներն իրականում հաստատում են Ադրբեջանի տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի բավական զգալի ազդեցության հետևանքները, ինչը բազմիցս փորձում էին հերքել երկրի ոլորտի պատասխանատուներն ու որոշ միջազգային կազմակերպություններ։

Աղյուսակ 2
«2010թ. տնտեսական ազատության վարկանիշը», ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր