
ԱՖՂԱՆՍՏԱՆ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Գագիկ Հարությունյան
2009թ. դեկտեմբերի 1-ին Վեստ Փոյնթի ռազմական ակադեմիայում նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանի իրադրությանը նվիրված ծրագրային ելույթը զգալիորեն աշխուժացրել է Հարավային Ասիայի շուրջ ընթացող քաղաքական գործընթացները։ Հիշենք, որ ամերիկյան նոր ռազմավարության հիմնական դրույթներն էին.
- տարածաշրջանում հասնել ճնշող ռազմական գերակայության և այդ դիրքերից բանակցել զինյալների «մեղմ» մասի հետ,
- ձևավորել «կոալիցիոն վարչախումբ» և 2011թ. հուլիսից սկսել սեփական ու դաշնակիցների զինուժի դուրսբերումը Աֆղանստանից1։
Աֆղանական հիմնախնդրի շուրջ զարգացումներին հետևող վերլուծաբանների մի զգալի մասը համարում է, որ ծրագրի ամենադժվար իրագործելի կետը ոչ այնքան ուժային գերակայության հասնելն է (սահմանափակ ժամանակային հատվածում դա իրատեսական է), որքան կենսունակ և, դրա հետ միասին, արևմտյան քաղաքական կողմնորոշում ունեցող «կոալիցիոն վարչախմբի» ձևավորումը։ Նման թերահավատությունն իրական հիմքեր ունի, քանի որ Համիդ Քարզայը վերջին ընտրություններից հետո ի վիճակի չեղավ համախմբել անգամ իր աջակիցներին։ Աֆղանական նոր կառավարությունից, տարբեր հիմնավորումներով, դուրս մնաց, այսպես կոչված, «Հյուսիսային ալյանսի» ներկայացուցիչների գերակշռող մասը, որոնց նախագահը պարտական էր իր ընտրական հաջողությամբ (հաշվի առնելով այն, որ աֆղանական իրողություններում «ընտրությունները» բավական յուրահատուկ բնույթ են կրում)։ Իրավիճակին չտիրապետելու մասին են վկայում նաև վերջին երկու ամսվա գործընթացներն այդ երկրում։
«Թալիբանի» պատասխանը. Ամերիկյան խաղաղասիրական քաղաքականությունը յուրովի ընկալեցին աֆղան զինյալները։ Ընդհանուր առմամբ ակտիվացնելով գործողությունները` նրանք դեկտեմբերին հարձակվեցին Քաբուլի ՄԱԿ առաքելության վրա, իսկ մի քանի օր անց նրանց գործակալը (որն, ինչպես պարզվեց, համագործակցում էր նաև ամերիկացիների հետ) ներթափանցեց ԿՀՎ հենակայան և սպանեց ամերիկյան հետախուզության 7 աշխատակցի։ Հունվարի 18-ին «Թալիբանի» 7 մահապարտները հանդուգն ահաբեկչական գործողություն կատարեցին Քաբուլի ամենաապահով համարվող Փուշտունստանի հրապարակում, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ, Կենտրոնական բանկը, առևտրական կենտրոնը, հյուրանոցային համալիրը և վերջապես նախագահի պալատի մուտքը. վերջինս ունի անվտանգության երեք օղակ, որոնցից երրորդը պահպանում են ամերիկյան զինվորները։ Արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, բազմաթիվ զոհեր և առնվազն 70 վիրավոր եղան, քաղաքում երկար ժամանակ քաոս և շփոթություն էր տիրում, իսկ մեդիա դաշտում հայտնվեցին ծավալուն նյութեր, որոնցում խիստ բացասական գնահատականներ էին տրվում և՛ ամերիկացիների կազմակերպած անվտանգության համակարգին, և՛ տեղական իշխանությունների կարողություններին։
Համաձայն մեկնաբանների, այս գործողություններով «Թալիբանը» ցույց տվեց, թե ով է «երկրի իրական տերը», իսկ Աֆղանստանում ՄԱԿ նախկին ներկայացուցիչ Թոմաս Ռեթիգը հայտարարեց, թե այդ քայլով «Թալիբանն» ապացուցեց, որ կարող է «հարձակում կատարել որտեղ ուզում է և երբ ուզում է»։ Բնական է, որ այդ ահաբեկչությունները լրացուցիչ գցեցին Քարզայի վարչախմբի վարկանիշը և կասկածի տակ դրեցին երկիրն ինքնուրույն կառավարելու նրա կարողությունը։ Որոշ վերլուծաբաններ հակվում են այն մտքին, որ այսօր Աֆղանստանում երկիրը համախմբող որևէ ուժ չկա, և կանխատեսում են երկրի մասնատումը։ Դիտարկվում են նաև ավելի մեղմ տարբերակներ. օրինակ, Սայմոն Կոշուտը (Բեռլինի Ազատ համալսարան) գտնում է, որ անհրաժեշտ է Աֆղանստանն ապակենտրոնացնել վարչական տեսակետից և ձևավորել շվեյցարական կանտոնների տիպի ինքնավար շրջաններից բաղկացած կոնֆեդերացիա2։
Բոլոր պարագաներում, իրադրության բարդացումը լրացուցիչ ակտուալացրեց աֆղանական հիմնախնդիրը, որի խաղաղ կարգավորմանն էր նվիրված Լոնդոնում կայացած միջազգային կոնֆերանսը։ Նշենք նաև, որ խնդրին նվիրված կոնֆերանս Լոնդոնում տեղի էր ունեցել նաև 2006թ.։
Խաղաղարար ծրագրի «անգլիական հետքը». ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և շուրջ 70 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ (որոնց թվում Հ.Քլինթոնը և Ս.Լավրովը) ս.թ. հունվարի 28-ին հավաքվել էին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ «Լանքասթեր Հաուզ» ընդունելությունների տանը` քննարկելու աֆղանական հիմնախնդիրները։ Չնայած կազմակերպիչների բազմաթիվ հորդորներին, հավաքին բացակայում էր Իրանի պատվիրակությունը։ Այդ երկրի` նախօրեին կատարած կոշտ հայտարարությունը լի էր դիվանագիտական պրակտիկայում չընդունված արտահայտություններով. «...հավաքն անօգուտ է... և չի նպաստելու Աֆղանստանի հիմնախնդիրների լուծմանը... հակառակը, այն նպատակ ունի մեծացնելու ռազմական ներկայությունն այդ երկրում և չի անդրադառնում հիմնախնդրի իրական արմատներին»։ Ըստ պաշտոնական Թեհրանի, որն իրական ազդեցություն ունի հարևան Աֆղանստանում ընթացող զարգացումների վրա, խնդրի լուծումը հնարավոր է միմիայն աֆղանական տարբեր ուժերի և տարածաշրջանային երկրների համագործակցության պարագայում։
Վերադառնալով լոնդոնյան քննարկումներին` նկատենք, որ դրանք, ինչպես և սպասվում էր, ընթանում էին նախագահ Օբամայի նոր, «խաղաղասիրական» քաղաքականության դիրքերից։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այդ «նոր» ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, մշակվել էր նաև բրիտանական գործընկերների անմիջական մասնակցությամբ, և դա պայմանավորված է ոչ միայն Հարավային Ասիայում անգլիացիների ունեցած դարավոր փորձով։ Վերջին տարիներին մամուլում կարելի էր հանդիպել նյութերի, որոնցում խոսվում էր բրիտանական գաղտնի ծառայության (MI-6) և թալիբների շփումների ու բանակցությունների մասին։ Չպետք է բացառել, որ այդ նյութերը հայտնվում էին մեդիա դաշտում նույն MI-6-ի «փոխանցումով»։ Ի լրումն, Մեծ Բրիտանիայի պաշտոնատարներն Աֆղանստանին առնչվող հարցերում մշտապես ավելի մեղմ և զգույշ էին արտահայտվում, քան նրանց ամերիկյան դաշնակիցները։ Այսինքն` նման է այն բանին, որ բրիտանացիներն արդեն վաղուց համոզված էին, որ զուտ ռազմական միջոցները հեռանկար չունեն, և իրենց գործողություններով ու քաղաքական դիրքորոշումներով անխուսափելի «խաղաղ ռազմավարությանն» անցնելու հող էին նախապատրաստում։
Լոնդոնի կոնֆերանսում, մասնավորապես, համաձայնեցվեց Աֆղանստանում անվտանգության ապահովումը տեղական իրավապահ մարմիններին հանձնելու ժամանակացույցը. ենթադրվում է գործընթացը սկսել այս տարի, իսկ 2011-ին երկրի որոշ շրջաններ պետք է վերահսկվեն գլխավորապես տեղական ուժերի կողմից։ Նշենք, որ այդ ուժերը լուրջ թվաքանակ ունեն. ազգային բանակը՝ մոտ 172 հազար զինծառայող, իսկ ոստիկանական ուժերը՝ 134 հազար։
Ընդունվեց նաև Համիդ Քարզայի պլանը (անշուշտ, նախապես համաձայնեցված), խաղաղություն հաստատելու գործընթացներում թալիբներին ներգրավելու ծրագիրը, եթե վերջիններս խզեն իրենց կապերը «Ալ-Քաիդայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Քարզայը նաև առաջարկեց, որպեսզի իշխանությունների և զինյալների միջև միջնորդական առաքելությունն ստանձնի Սաուդյան Արաբիայի Աբդալլա թագավորը. ինչպես հայտնի է, սաուդները «Թալիբանի» վրա ազդեցության որոշակի լծակների են տիրապետում։ Սակայն, ի պատասխան, թագավորության ներկայացուցիչը նախապայման դրեց. նրանք միջնորդական գործունեությամբ կզբաղվեն միայն այն պարագայում, եթե թալիբները «հանձնեն» Բեն Լադենին, ինչը ստեղծված իրադրությունում իրատեսական չի թվում։ «Ալ-Քաիդայի» առաջնորդին, չնայած առաջարկվող մեծ գումարներին, թալիբները «չհանձնեցին» անգամ օկուպացիայի առաջին տարիներին, երբ նախաձեռնությանը լիովին տիրում էին ամերիկացիները։
Կոնֆերանսում որոշվեց նաև, որ խաղաղասիրական գործընթացների իրականացումը հնարավոր է միայն տնտեսական լուրջ ներդրումների դեպքում։ Արդյունքում, ոչ միայն «դուրս գրվեց» Աֆղանստանի $1,6 մլրդ պարտքը, այլև այդ երկիրը $870 մլն մարդասիրական օգնություն ստանալու հայտ ներկայացրեց։ Ստեղծվեց նաև «Խաղաղության և վերաինտեգրման հիմնադրամ», որտեղ կուտակվող գումարները պետք է ուղղվեն թալիբներին «խաղաղ կյանքի» կոչելու ծրագրերին։ Ըստ տեղեկատվական դաշտում հայտնված հաղորդագրությունների, այդ հիմնադրամում պետք է կենտրոնացվի շուրջ $1 մլրդ, սակայն մասնակից երկրներն առայժմ $140 մլն են հավաքել։
Հայտնի է, որ նյութական գործոնն աֆղանական ռազմաքաղաքական զարգացումներում խիստ կարևոր, հաճախ նաև որոշիչ նշանակություն ունի։ Դատելով ոմանց հիշողություններից` դա լավ ըմբռնել էին հետախուզության բարձրաստիճան սպաները խորհրդային օկուպացիայի տարիներին, իսկ ԿՀՎ նախկին տնօրեն Ջորջ Թենետն իր հուշերում3 ուղղակի հիշատակում է միլիոնավոր դոլարներով լի ճամպրուկների մասին, որոնք տրամադրվել էին ամերիկյան գործակալներին աֆղան զինյալներին իրենց կողմը «գրավելու» համար։ Խնդրի առիթով, թերևս, տեղին է մտաբերել տարածաշրջանի փորձառու գիտակներից մեկի խոսքերը, թե «աֆղան զինյալներին հնարավոր չէ գնել, նրանց հնարավոր է միայն վերագնել»։ Այսպիսով, Լոնդոնում ստեղծված հիմնադրամի միջոցներով զանգվածային «վերագնման» փորձ է կատարվելու, ինչը, իր հերթին, ակտուալացնում է այն խնդիրը, թե ով է լինելու հաջորդ «գնորդն» ԱՖղանստանում։ Այդ համատեքստում, մասնավորապես, ուշադրության արժանի է այն փաստը, որ հավաքված $140 մլն գումարի կեսից ավելին (50 մլն եվրո) ներդրեց Գերմանիան։
«Գերմանական աշխարհաքաղաքական կարոտախտը». Հայտնի է, որ ռազմական կամպանիայի սկզբում ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով ձգտում էր «աֆղանական գործերում» մեծ դերակատարում չհատկացնել մայրցամաքային Եվրոպայի իր դաշնակիցներին և գլխավորապես հենվում էր «վստահելի անգլիախոս երկրների» վրա (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա և Նոր Զելանդիա)։ Վերլուծաբանները նման միտումը մեկնաբանում էին այն ոգով, թե անգլոսաքսերն այդպիսով ցանկանում են մոնոպոլ կերպով տիրել «աշխարհաքաղաքական» այնպիսի խոշոր ավարի, ինչպիսին այն ժամանակ ընկալվում էր Աֆղանստանը։ Որոշ ժամանակ անց առաջին հաղթական փուլի ոգևորությունն անհետացավ, և ձևավորվող անբարենպաստ իրադրությունում ամերիկացիներն իրենք սկսեցին հրահրել ՆԱՏՕ և այլ երկրների գործընկերներին ավելի գործուն մասնակցություն ցուցաբերել ռազմաքաղաքական գործընթացներում։ Սակայն վերջին 9 տարում իրադրությունն էապես փոխվել է, և ոչ միայն Հարավային Ասիայում. Միացյալ Նահանգներն աֆղանական պատերազմը սկսեց միաբևեռ համակարգի պայմաններում, սակայն ձգտում է այն ավարտել արդեն բազմաբևեռ աշխարհում, որում այլ քաղաքական տրամաբանություն է գործում։
Մասնավորապես, այդ նոր, բազմաբևեռ աշխարհում նկատվում են շահերի հակասություններ ԱՄՆ-ի և եվրակենտրոն երկրների միջև, որոնց գլխավոր ներկայացուցիչներն են, իհարկե, Գերմանիան և Ֆրանսիան։ Այդ երկրները, օրինակ, չմասնակցեցին իրաքյան պատերազմին, որոշակիորեն խոչընդոտում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին, Թուրքիայի՝ ԵՄ անդամագրմանը, զգալիորեն սկսել են տարբերվել եվրոպացիների և ամերիկացիների մոտեցումները նաև գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի զարգացման հարցերում։ Նկատենք նաև, որ «ինքնուրույն քաղաքականություն վարելու» պահանջն առավել մեծ է գերմանացիների մոտ։ Եթե Երկրորդ համաշխարհայինում հաղթած Ֆրանսիան պահպանել է ազդեցության ոլորտները (օրինակ՝ Աֆրիկայում) և դարձել «միջուկային ակումբի անդամ» տերություն, ապա նույնը չի կարելի ասել Գերմանիայի մասին։ Լինելով աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը, ունենալով մարտունակ զինված ուժեր և տեխնոլոգիական-քաղաքակրթական զգալի ներուժ` այդ պետությունն առայժմ չունի իր հնարավորություններին համապատասխան ռազմաքաղաքական ազդեցություն գլոբալ հարթությունում։ Ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով Գերմանիան, ի հակակշիռ ԱՄՆ-ի, հետևողականորեն ամրապնդում է հարաբերությունները Ռուսաստանի հետ` այդպիսով հարազատ մնալով սեփական աշխարհաքաղաքական դպրոցի հիմնադրույթներին, որոնց խախտումը խիստ ծանր նստեց այդ երկրի վրա Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում։ Այդ ամենի առումով չպետք է բացառել, որ աշխարհաքաղաքական էպիկենտրոն հանդիսացող Աֆղանստանում «մասնաբաժին» ձեռք բերելը գերմանացիների կողմից դիտարկվում է որպես «մեծ քաղաքականություն» վերադառնալու լրացուցիչ հնարավորություն։
Աֆղանական հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված հաջորդ կոնֆերանսը կկայանա այս տարի Քաբուլում։ Սպասվում է, որ տեղի իշխանությունները կներկայացնեն աֆղանական ժողովրդի համար կոնկրետ պլաններ` հիմնված «ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության» սկզբունքների վրա։ Ինչպիսին կլինի իրավիճակն այդ երկրում նոր հավաքի պահին, դժվար է կանխատեսել։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ առաջիկա տարիներին ամերիկյան ռազմական ներկայության կրճատումը նկատելիորեն փոխելու է Եվրասիայի զգալի հատվածում տիրող իրավիճակը։ Անխուսափելիորեն գոյացող այդ բացը փորձելու են «լցնել» աշխարհաքաղաքական այլ դերակատարներ և առաջին հերթին տարածաշրջանային երկրները։ Նկատենք, որ ինչ-որ չափով այդ միտումներով են պայմանավորված նաև թուրքական «նեոօսմանյան» քաղաքականությունը և այդ միտումներին հակակշիռներ ստեղծելու այլ տերությունների գործողությունները։
1Մասնավորապես, տե՛ս Գագիկ Տերտերյան, Աֆղանստան. ռազմավարության հստակեցում, Հանրապետական, #1, 2010։
2Геворг Мирзаян, Афганский тет, Эксперт, #3 (689), с. 59, 2010.
3Джордж Тенет, В центре шторма, Эксмо, 2008г.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]