
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ադրբեջանում համացանցի օգտագործողները բողոքում են գրաքննությունից եւ ծառայությունների վատ որակից:
Ադրբեջանի համացանցի օգտագործողներին ավելի ու ավելի է զայրացնում երկրում ինտերնետի տրամադրման մենաշնորհը. նրանք ասում են, որ միջազգային կապ տրամադրող «Դելտա Տելեկոմ» ընկերության ծառայությունը դանդաղ է, թանկարժեք եւ հակված է գրաքննության:
«Դելտա Տելեկոմ»-ը հերքում է, որ ընդդիմադիր կայքերի խնդիրները որեւէ քաղաքական աստառ ունեն, սակայն բլոգերները օրինակ են բերում կառավարությանը քննադատող մի շարք կայքեր, որոնք փակվել են:
Ադրբեջանի ամբողջ համացանցը, բացառությամբ մի քանի միջազգային ընկերությունների եւ դեսպանատների ինտերնետի, վերահսկում է «Դելտան», որն իր ծառայությունները վաճառում է ինտերնետ տրամադրող ընկերություններին հարեւան երկրներից շատ ավելի բարձր գնով:
«Ինտերնետի բարձր գինը եւ նրա վատ որակը նշանակում են, որ երկրի երիտասարդները չեն կարող լիովին օգտագործել ինտերնետի հնարավորությունները, ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցների: Այստեղ շատ քիչ մարդիկ կարող են տեսա- եւ ձայնային ֆայլեր փոխանակել»,- ասում է Ալի Նովրուզովը` հայտնի բլոգերներից մեկը, ով գրում է սոցիալ-քաղաքական թեմաներով եւ պարբերաբար քննադատում է իշխանամետ մամուլին, որը ճշգրիտ տեղեկատվություն չի տրամադրում:
Նա կազմել է փակված ընդդիմադիր կայքերի ցուցակը, եւ ասում է, որ «Դելտայի» մենաշնորհային կարգավիճակը նշանակում է, թե կառավարության համար շատ հեշտ է դադարեցնել անցանկալի կայքերի աշխատանքը: Օրինակ, 2007թ. սկզբին, երբ էներգիայի գները կտրուկ աճեցին, փակվեց կայքերից մեկը (www.susmayaq.biz), որը մարդկանց հնարավորություն էր տալիս բողոքի նամակ հղել նախագահին:
Ադրբեջանի համացանցի օգտագործողները դեռեւս չեն կարող օգտվել հայտնի www.tinsohbeti.com կայքից, որտեղ երգիծական հոդվածներ, լուսանկարներ եւ տեսանյութեր են տեղադրված: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ագելափակվել էր մեկ այլ քաղաքական կայք, եւ մարդիկ չէին կարողանում www.shiraslan.info կայքում կարդալ հորինված «ժողովրդական» թեկնածու Շիրասլանի մասին:
«Դելտա Տելեկոմ»-ը հերքում է, թե երբեւէ քաղաքական պատճառներով կայքեր է փակել:
«Ես երկար տարիներ աշխատում եմ այս ընկերությունում, եւ բոլոր փաստաթղթերն իմ ձեռքերով եմ անցնում: Այսքան ժամանակ նման հրահանգ չի եղել»,- ասում է ընկերության գլխավոր հաշվապահ Լեյլա Ռահիմովան:
Նա նշեց նաեւ, որ ընկերությունը փորձում է իջեցնել գները:
«Այս տարի ընկերությունը եւ մեկ անգամ կիսով չափ իջեցրել է ինտերնետի գինը ինտերնետ տրամադրող ընկերությունների համար...ընկերությունը չի աշխատում վերջնական օգտագործողների հետ եւ չի կարող նրանց գին թելադրել»,- ասում է նա:
Սակայն «Դելտան» ստիպված կլինի կրկին զգալիորեն իջեցնել գները` հարեւան Վրաստանից հետ չմնալու համար: Ադրբեջանում օգտագործողներն առնվազն 75 ԱՄՆ դոլար են վճարում 1 մեգաբայթ/վրկ միացման դիմաց, մինչդեռ վրացիները վճարում են ընդամենը 8 դոլար: Նույնիսկ Մոսկվայում, որը հայտնի է իր բարձր գներով, նման միացման արժեքն ընդամենը 40 դոլար է կազմում:
Համացանցի մասնագետների կարծիքով, «Դելտայի» մենաշնորհային կարգավիճակը խանգարում է Ադրբեջանում ինտերնետային բիզնեսի զարգացմանը, իսկ օգտագործողներին հաճախ խիստ հիասթափեցնում է ծառայության անհվստահելի բնույթը:
«Սկզբում ես օգտվում էի մի ընկերության ինտերնետից, հետո ստիպված էի փոխել այն` ինտերնետի վատ որակի պատճառով»,- ասում է ինժեներ Դմիտրի Զախարովը: «Ես օգտվում է ընկերության տրամադրած 512 կիլոբայթ/վրկ արագությունից, բայց երբ մեծ ֆայլ էի բեռնում, արագությունը նվազում էր: Հետո փոխեցի ընկերությունը, բայց այդ դեպքում եւս արագությունը չէր արդարացնում դրա դիմաց վճարվող գինը, ծառայությունը պարբերաբար ընդհատվում էր: Դրանից հետո մի քանի անգամ փոխել եմ ինտերնետ տրամադրող ընկերություններին, նրանցից շատերը խնդիրներ ունեին, էլ չեմ ասում, որ ինտերնետն այստեղ շատ թանկ է»:
Ադրբեջանցիներն ինտերնետից սկսեցին օգտվել 1993թ., երկրում մոտ 9000 ադրբեջանական կայք է գրանցված եւ ինտերնետ տրամադրող 30 ընկերություն է գործում: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, «Դելտայի» մենաշնորհը վնասում է ոչ միայն առանձին օգտագործողներին, այլեւ ամբողջ երկրի գործարար մթնոլորտին:
«Մենաշնորհը...վնասում է երկրի տնտեսությանը, իսկ ինտերնետային մենաշնորհը մասնավորապես վերացնում է ազատ մրցակցության հնարավորությունը, հետեւաբար` նվազեցնում է ծառայությունների որակը»,- ասում է անկախ վերլուծաբան Իլգար Մամմադովը:
«Ըստ էության, ինտերնետային ծառայությունների մենաշնորհը վնասում է ամբողջ տնտեսությանը, հետեւաբար, ինտերնետային շուկան, նավթի ու գազի շուկայի նման, պետք է բազմազանեցնել»:
Մենք չկարողացանք մեկնաբանություններ ստանալ կառավարության ներկայացուցիչներից, բայց Ադրբեջանի ինտերնետային ֆորումի տնօրեն Օսման Գյունդուզն ասաց, որ իր գլխավորած ընկերությունը բազմիցս փորձել է համոզել կառավարությանը, որ անհրաժեշտ է մատչելի դարձնել շուկան:
«Այս տարի մենք նույնիսկ դիմել ենք Ադրբեջանի նախագահին` խնդրելով փոխել ինտերնետի կարգավորման քաղաքականությունը` զարգացած երկրների փորձին համապատասխան...Այսօր հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շատ մեծ կարգավորիչ դեր է խաղում ինտերնետային շուկայում: Նախարարությունը պետք է այդ դերը կիսի պետության կողմից չվերահսկվող որեւէ կազմակերպության հետ»,- ասում է նա:
Մահարամ Զեյնալով, Բաքու (Կովկասյան Լրատու # 498, 19-ը հունիսի, 2009թ.)
Մահարամ Զեյնալովն ազատ լրագրող է Բաքվից:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) “Կովկասյան լրատու” պարբերականից:
դեպի ետ