• am
  • ru
  • en
Версия для печати
11.03.2010

ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՅԵՐԸ` ՏԱՐԱԴԱՎԱՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇԵՐՏ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան

Հայության տարադավան շերտերից են նաև բողոքական հայերը։ Բողոքականությունը Հայության մեջ առաջացել է 19-րդ դարում։ Առաջին հայկական բողոքական համայնքը պաշտոնապես ձևավորվել է 1846թ. Կ.Պոլսում, սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով։ Այն անվանվել է «Բողոքական ազգ» (միլլեթ)։ Սկզբում փոքրաթիվ հայ բողոքականների համայնքն աստիճանաբար ստվարացել է՝ Կ.Պոլսից տարածվելով և ընդգրկելով Օսմանյան կայսրության մյուս շրջանները, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին բողոքական հայերի թիվն Օսմանյան կայսրությունում կազմում էր ավելի քան 60 հազար1։ Բնակվում էին Ադանայում, Արաբկիրում, Բալուում, Բերրիում, Եվդոկիայում, Էրզրումում, Թալասում, Խարբերդում, Կեսարիայում, Մարաշում, Մեզիրեում, Չունգյուշում, Պարտիզակում, Սեբաստիայում, Սիսում, Սղերդում, Սիվրիհիսարում, Մարսվանում, Սամսունում, Օրդուում, Չարշամբայում, Վանում, Կ. Պոլսում և Անկարայում2։

Հայոց ցեղասպանության արդյունքում բովանդակ հայության հետ մեկտեղ իրենց բնակավայրերից գաղթում և աշխարհի տարբեր անկյուններում են հաստատվում նաև հայ բողոքականները։ Դրա հետևանքով Սփյուռքի գրեթե բոլոր հայ համայնքներում որպես առանձին ենթաշերտ ձևավորվում են հայ բողոքականների համայնքները։ ԽՍՀՄ փլուզումից հետո Սփյուռքի շատ հայ գործիչների ու կառույցների հետ մեկտեղ Հայաստան են գալիս և ակտիվ գործունեություն ծավալում նաև բողոքական հայ գործիչներ և կազմակերպություններ։ Մասնավորապես, Հայ ավետարանական եկեղեցին Հայաստանում վերագրանցվում է 1994թ.՝ ստանալով «Հայաստանյայց ավետարանական եկեղեցի» անվանումը։ Արդյունքում՝ Հայաստանում նույնպես ստվարանում է հայ բողոքականների թիվը։

Չնայած իրենց դավանաբանական յուրահատկության գիտակցությանը, բողոքական հայերը, այնուամենայնիվ, ունեն բարձր ազգային գիտակցություն և իրենց համարում են Հայության մի մասը։ Նրանք չեն ընդունում բովանդակ Հայությունից կտրված կամ օտարացած լինելու մասին տեսակետները։ Բողոքական հայերի ընկալումներում Հայության անկապտելի մասը լինելու թեզը խարսխված է հիմնականում երկու սկզբունքային խնդրի շուրջ ծավալվող քննարկումների և փաստարկումների վրա.

  1. Հայոց մեջ բողոքականության ծագումնաբանությունը։ Այս հարցում փորձ է արվում ցույց տալ, որ բողոքականությունը հայերի մեջ ամենևին էլ օտարածին երևույթ չէ։ Այն ծագել է հենց հայերի մեջ։
  2. Հայ ժողովրդի պատմական ուղու ընթացքում բողոքականների ունեցած դերն ու նշանակությունը։ Փորձ է արվում ապացուցել բողոքականների մեծ ներդրումը պատմության ընթացքում Հայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում։ Կարևոր տեղ է հատկացվում նաև համազգային խնդիրների լուծման գործում նշանավոր բողոքական հայերի՝ որպես հայ ժողովրդի արժանավոր զավակների, ներկայացման խնդրին։

Ծագումնաբանական հիմնախնդիրները հայ բողոքականների ինքնաընկալումներում

Ծագումնաբանական հիմնախնդիրներում հայ բողոքականներն ունեն իրենց սեփական ընկալումները, որոնք մեծ հաշվով հակադրվում են տարածված այն տեսակետներին, համաձայն որոնց՝ բողոքականությունը հայերի մեջ տարածվել է օտարերկրյա (ամերիկյան) միսիոներների ծավալած գործունեության արդյունքում։ Հայ բողոքականների ընկալումներում գերիշխում է այն տեսակետը, որ բողոքականությունն ունի ներքին՝ հայկական ծագում։ Օտարերկրյա միսիոներական գործունեությունը նպաստել է բողոքականության տարածմանը, բայց չի հանդիսացել դրա առաջացման պատճառ։ Ամերիկյան միսիոներները պարզապես հայերի մեջ գտել են պարարտ հող՝ իրենց գործունեությունը ծավալելու համար։

Այն, որ բողոքականությունը հայկական ծագում կամ արմատներ ունի հայերի մեջ, բողոքականների կողմից հիմնավորվում է հիմնականում 2 հարթության մեջ, որոնք պայմանականորեն անվանվում են.

  • աղանդավորական (պավլիկյանական և թոնդրակյանական)
  • ռեֆորմիստական։
  1. Աղանդավորական ուղղությունը բողոքականությունը համարում է միջնադարյան աղանդավորական շարժումների՝ պավլիկյանների և թոնդրակյանների ժառանգորդը։ Այս ուղղությունը ցույց է տալիս դավանաբանական ընդհանրությունները միջնադարյան Հայաստանի աղանդավորական շարժումների և բողոքականության միջև։
  2. Ռեֆորմիստական ուղղությունը պնդում է, որ բողոքականությունն այստեղ առաջացել է դեռևս 17-րդ դարից Հայ Առաքելական եկեղեցու ներսում ծավալված ռեֆորմիստական (ավետարանական) շարժման արդյունքում։ Ռեֆորմիստական շարժման նախաձեռնողներն ու իրականացնողները եղել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները։

Սկզբնական շրջանում Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում ռեֆորմիստական թևը խաղաղ գոյակցել է ավանդական թևի հետ։ Հետագայում, սակայն, նրանք հեռացվել են Հայ Առաքելական եկեղեցուց. «...նրանց հանգուցյալները մնում էին չհուղարկավորված, երեխաները՝ չկնքված, երիտասարդները՝ չամուսնացած, և ողջ իրավական պաշտպանությունը մերժվում էր...»3։ Այս խնդիրները հանգեցրին նոր եկեղեցի հիմնելու անհրաժեշտությանը, ինչը և տեղի ունեցավ։ 1846թ. օսմանյան սուլթանի հրամանով հայ բողոքականները ճանաչվեցին առանձին համայնք։

Թեև բողոքականության հայկական ծագումը մատնանշող այս երկու հարթությունները միմյանցից անկախ են, սակայն դա կրում է հարաբերական բնույթ։ Բանն այն է, որ որոշակի փոխադարձ կապ, այնուամենայնիվ, կա այդ հարթությունների միջև։ 17-րդ դարից սկիզբ առած ռեֆորմիստական շարժումը երբեմն դիտվում է որպես միջնադարյան հայ աղանդավորության՝ Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների վերազարթոնք։ Ընդունվում է այն տեսակետը, համաձայն որի՝ Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները, թեև պարտություն կրեցին միջնադարում, սակայն ամբողջությամբ արմատախիլ չեղան և վերազարթոնք ապրեցին 17-րդ դարում՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու ներսում ռեֆորմիստական շարժման։ Այդպիսով, բողոքականությունը դիտվում է որպես միջնադարյան Հայաստանի աղանդավորական շարժումների՝ պավլիկյանականության և թոնդրակյանականության ժառանգորդ։

Առկա է նաև ոչ այնքան տարածված մեկ այլ ուղղություն, որի նպատակն է ոչ այնքան բողոքականության հայկական ծագումն ապացուցելը, որքան այն, որ բողոքականության արտաքին ծագումը չի զրկում հայ բողոքականներին իրենց ազգային ինքնությունից՝ հայ լինելուց։ Համաձայն այս մոտեցման, եթե անգամ բողոքականությունը հայերի մեջ առաջացել է օտարերկրյա միսիոներների ծավալած գործունեության արդյունքում, ապա դրանում որևէ սարսափելի բան չկա։ Մարդկության պատմությունը տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների փոխազդեցության պատմություն է, որն, ըստ էության, նման է «առևտրի»։ Տարբեր քաղաքակրթություններ և մշակույթներ, փոխազդեցու-թյունների մեջ մտնելով միմյանց հետ, միմյանցից վերցնում և միաժամանակ միմյանց փոխանցում են իրենց արժեքները։ Հետևաբար, եթե բողոքականությունը հայ իրականության մեջ է ներթափանցել արտաքին աշխարհից, դրանում ողբերգություն չկա։ Հայությունն իր պատմության ընթացքում այլ քաղաքակրթություններից և մշակույթներից վերցրել է բազմաթիվ արժեքներ՝ միաժամանակ իր արժեքները փոխանցելով նրանց։ Եթե Հայությունը հրաժարվի այլ քաղաքակրթություններից և մշակույթներից վերցված արժեքներից, դրանով նրա քաղաքակրթական և մշակութային գանձարանն էապես կաղքատանա։ Հետևաբար, Հայության այն հատվածը, որն արտաքին աշխարհից վերցրել է բողոքականությունը որպես դավանանք կամ կրոնական արժեք, զուտ դրա համար արժանի չէ պարսավանքի, հատկապես այն դեպքում, երբ այդ կրոնական արժեքի փոխառությունը չի հանգեցնում ազգային ինքնության կորստին կամ ազգային ինքնագիտակցության անկմանը։ Բողոքական հայերը նույնչափ հայ են, որքան մյուս հայերը։

Բողոքական հայերի ինքնաընկալումը Հայության անցյալի և ներկայի ճակատագրում իրենց դերի մասին

Բողոքական հայերի պատկերացումները Հայության ճակատագրում իրենց ունեցած դերի մասին հանգում են նրան, որ հայ բողոքականները մյուս հայերի նման հավասարապես ենթարկվել են ճնշումների ու զրկանքների, կրել են Հայությանը ճակատագրով բաժին հասած բոլոր տառապանքները։ Նրանք մեծ ներդրում ունեն Հայության առջև ծառացած հիմնախնդիրների (հայապահպանություն, կրթամշակութային զարգացում, սոցիալական խնդիրներ և այլն) լուծման գործում։ Իսկ համազգային նշանակության գործողություններում դրդապատճառը ոչ թե նրանց բողոքական, այլ հայ լինելու հանգամանքն է եղել։

Բողոքական հայերի ինքնաընկալումները Հայության ճակատագրում իրենց մեծ դերի մասին կարելի է բաժանել մի քանի ոլորտների.

  • կրթամշակութային
  • հայապահպանություն
  • սոցիալական։

1. Կրթամշակութային ոլորտում հատկապես կարևորվում է այն հանգամանքը, որ բողոքական հայերի կողմից է առաջին անգամ աշխարհաբար հայերենով թարգմանվել Աստվածաշունչը, որի արդյունքում գրաբարին այլևս չտիրապետող Հայությունը կրկին կարողացավ հասու դառնալ քրիստոնեական արժեքներին։ Բողոքական հայերի կողմից բացվել են բազմաթիվ դպրոցներ և ուսումնական հաստատություններ, որտեղ հայ երեխաները ստացել են որակյալ կրթություն։

Կրթամշակութային կյանքի զարգացման գործում բողոքականության կարևոր դերը մեկնաբանվում է նաև այն տեսանկյունից, որ բողոքականության առաջացումը մրցակցություն առաջ բերեց Հայ Առաքելական եկեղեցու և Հայ ավետարանական եկեղեցու միջև, ինչն էլ լճացումից դուրս բերեց հայոց հոգևոր-մշակութային կյանքը՝ լուրջ խթան հանդիսանալով վերջինիս զարգացման համար։ Այսպես, բողոքականների՝ աշխարհաբարով Աստվածաշնչի թարգմանությանը հետևեց նաև գրքի թարգմանությունը Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Կամ բողոքականների կողմից հայկական դպրոցների հիմնումը խթան հանդիսացավ Հայ Առաքելական եկեղեցու համար՝ նույնպես հիմնելու դպրոցներ։ Առանց այդ մրցակցության, ըստ բողոքականների, լճացման եզրին հասած հայոց հոգևոր կյանքը դատապարտված էր կորստի։

2. Հայապահպանության ոլորտում բողոքական հայերի ունեցած դերը սեփական ինքնաընկալումներում կարևորվում է հատկապես ուծացման տարբեր մակարդակներում գտնվող Հայության հայադարձության տեսանկյունից։ Օսմանյան կայսրությունում բողոքական միսիոներները (այդ թվում նաև՝ հայ) գործունեություն են ծավալել նաև այլալեզու և բռնի կրոնափոխ հայերի շրջանում և նրանց վերադարձրել իրենց ազգային արմատներին։ Այս հանգամանքն ընդունվում է անգամ առաքելադավան հայերի կողմից։ Մասնավորապես, բողոքական հայերը վկայակոչում են Րաֆֆուն, որն ասում էր. «Այժմ Դերսիմի մեջ բողոքականները մտնելով, սկսած են քրդացած հայերին Մեսրոպի տառերով Ավետարան կարդացնել. սկսել են մոռացված մայրենի լեզուն սովորացնել նրանց։ Ի՞նչ ասենք այդ քարոզիչներին. ասե՞նք, թե դուք գնացեք հեթանոսներին քարոզեցեք. դուք հայերի հետ գործ չունեք»4։

3. Սոցիալական ոլորտում հայ բողոքականների դերը սեփական ինքնաընկալումներում կարևորվում է այն բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրերով, որ անցյալում և ներկայում իրականացվել են բողոքական կազմակերպությունների կողմից թե´ Հայաստանում և թե´ Սփյուռքում։ Օրինակ՝ 1989թ. Ֆրանսիայում հիմնադրվեց «Հույս Հայաստանի կազմակերպությունը», որի նպատակն էր աջակցել 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանում անցումային շրջանի դժվարությունների հաղթահարմանը5։

Բողոքական հայերի ինքնաընկալմամբ, իրենց գործողությունների հիմքում ընկած է ազգային, այլ ոչ թե կրոնական ինքնագիտակցությունը։ Դրա վառ օրինակը 1921թ. Ս.Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանությունն է։ Ինչպես շեշտում է Պարգև Դարաքջյանը, Ս.Թեհլերյանը Թալեաթ փաշային սպանել է ոչ թե նրա համար, որ բողոքական էր, այլ՝ որ հայ էր6։ Այսպիսով, բողոքական հայերի ինքնաընկալումներում ազգային և համազգային նշանակության գործողությունները պայմանավորված են հայ լինելու հանգամանքով և բխում են հենց այդ հիմքից։ Ազգային ինքնության կարևոր բաղադրիչն է ազգային ինքնագիտակցությունը։ Ինչպես նշում է Րաֆֆին. «... դավանությունների բազմատեսակությունը չէ ոչնչացնում ազգային միությունը – միությունը պետք է որոնել այդ մասների ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ»7։

Հայ բողոքականները, չնայած իրենց դավանանքային որոշակի առանձնահատկությանը, ունեն Հայությանը պատկանելու հստակ զգացում։ Իրենց բարձր ազգային ինքնագիտակցության շնորհիվ նրանք կազմում են Հայության անքակտելի մասը։

1Армянская Евангельская церковь http://www.hierarchy.religare.ru/h-refpresb-aec.html

2Արման Հակոբյան, Բողոքականները Թուրքիայում, http://www.yerkir.am/newspaper/index.php?section=8&id=1287

3Hagop A. Chakmakjian, The Armenian Evangelical Church and The Armenian People http://www.cacc-sf.org/c-aecHAC.html

4Պարգեւ Ն. Տարագճեան, Հայ Աւետարանական դիմագիծ http://www.chanitz.org/2009/12/blog-post_2262.html

5Հարցազրույց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախագահ, վեր. դոկտ. Ռընե Լեւոնյանի հետ http://www.hayernaysor.am/news.php?p=9&c=0&t=0&r=0&year=2009&month=10&day=12&shownews=3941&LangID=4

6Barkev N. Darakjian, Armenian Evangelical Identity: Historical and Theological Perspectives http://www.cacc-sf.org/c-aeidentityBND.html

7Րաֆֆի, Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Raffi/Essays_9.htm?page=31&interface_language=en


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր