• am
  • ru
  • en
Версия для печати
01.03.2010

ՄԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ 2008-2009ԹԹ.

   

Կարեն Վերանյան

ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակներում 1990թ. ի վեր իրականացվում է Մարդկային զարգացման ինդեքսը (այսուհետ՝ ՄԶԻ) Human Development index) վարկանիշային հետազոտությունը, որը նախաձեռնվել է նպաստելու աշխարհի տարբեր երկրներում մարդկանց կենսապայմանների ու կենսամակարդակի բարձրացմանը։ Փորձենք առավել կենտրոնանալ Մարդկային զարգացման վերջին՝ 2008-2009թթ. վարկանիշային զեկույցներին, որտեղ կներկայացնենք ՀՀ և այլ երկրների վարկանիշների համեմատական վերլուծությունները։

Մեթոդաբանական տեսանկյունից զեկույցներում ներառված երկրները դասակարգված են մարդկային զարգացման երեք հիմնական սանդղակների՝ մարդկային զարգացման բարձր, միջին և ցածր ինդեքսների։ Զեկույցներում երկրների վարկանիշները կազմվել են մի շարք ենթացուցիչների հիման վրա, որոնցից են կյանքի տևողությունը, ՀՆԱ մասնաբաժինը մեկ շնչի համար, կրթության ՀՆԱ ինդեքսները և այլն (զեկույցներում ներկայացվում են նաև այլ հարակից ենթացուցիչներ, որոնք, կարելի է ասել, սպասարկող բնույթ են կրում տվյալ պետության ամփոփ վարկանիշը ձևավորելու համար)։ 2007-2008թթ. հաշվետվությունում յուրաքանչյուր պետության բնակչության կենսամակարդակի վարկանիշավորումը հիմնվում է ՄԶԻ ցուցիչների վրա, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ՝ 0,968-0,800 միավոր՝ բարձր զարգացում (1-70-րդ դիրք), 0,798-0,502՝ միջին (71-155 դիրք), 0,499-0,336՝ ցածր (156-177 դիրք) զարգացածությամբ բնակչություն ունեցող երկրների։ Մարդկային զարգացման 2007-2008թթ. վարկանիշային զեկույցում ԱՊՀ երկրների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցրել Բելառուսն ու Ռուսաստանը, որոնք զեկույցում ներառված 177 երկրների ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար 64 և 67-րդ դիրքը՝ 0,804 և 0,802 միավորներով1։ Ընդ որում, վերջիններս ԱՊՀ պետությունների շարքում միակ երկրներն են, որոնք ընդգրկված են լավագույն՝ մարդկային զարգացածության բարձր խմբում։ Բելառուսն ու Ռուսաստանը գտնվում են լավագույն խմբի վերջնամասում (խումբը եզրափակվում է Բրազիլիայով, որը զբաղեցրել է 70-րդ դիրքը)։ Լավագույն խմբում են ներառվել նաև Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրները։

Ինչ վերաբերում է զեկույցում ներառված ԱՊՀ մնացյալ պետություններին, ապա նրանք բոլորն էլ ընկել են երկրորդ՝ միջին զարգացածության խմբում։ Այս խմբում ներառված երկրների շարքում առաջատար է Ղազախստանը, որը զբաղեցրել է 73-րդ դիրքը, վերջինիս հաջորդում են Ուկրաինան ու ՀՀ-ն՝ համապատասխանաբար 76 և 83-րդ դիրքերով։ Պետք է նկատել, որ վերջին երեք հանրապետությունները իրենց վարկանիշներով գտնվում են երկրորդ խմբի առաջնամասում։ ՀՀ-ին իրենց ցուցանիշներով անմիջապես հաջորդում են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 96 և 98-րդ հորիզոնականները։ ՀՀ-ին մեկ դիրքային միավորով զիջում է նաև հարևան Թուրքիան (84-րդ դիրք)։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինիս վարկանիշային միավորը՝ 0,775 (94-րդ դիրք) գերազանցում է թե՛ Վրաստանին և թե՛ Ադրբեջանին։

Զեկույցի վիճակագրության համաձայն, ՀՀ-ում 2005թ. դրությամբ կյանքի միջին տևողությունը կազմում էր 71,7 տարի, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում և Արբեջանում այդ ցուցանիշը եղել է համապատասխանաբար 70,7 և 67,1 տարի։ ՀՀ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով հաշվվել է $4,945, որը զգալիորեն գերազանցում է Վրաստանի ՀՆԱ մասնաբաժնին՝ $3,365։ Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գնահատվել է $5,016՝ գերազանցելով հարավկովկասյան երկու հանրապետություններին։ Իսկ կրթության ենթացուցչի արդյունքներով՝ հարավկովկասյան երեք հանրապետություններից լավագույն արդյունքը, ըստ զեկույցի տվյալների, պատկանում է Վրաստանին՝ 0,914 միավոր(տե՛ս Աղյուսակ 1քաշել .pdf):

Մարդկային զարգացման վերջին՝ 2009թ. զեկույցում, որը հիմնվում է 2007թ. տվյալների վրա, տեղ են գտել որոշակի մեթոդաբանական փոփոխություններ. ի տարբերություն նախորդ հաշվետվության, այստեղ պետությունները դասակարգված են իրենց զարգացածության ոչ թե եռաստիճան, այլ քառաստիճան աստիճանավորման հիման վրա։ Արդյունքում՝ փոփոխությունների են ենթարկվել նաև պետությունների վարկանիշավորման ինչպես միավորային, այնպես էլ դիրքային սանդղակները՝ ըստ հիմնական որակական աստիճանակարգի։ Ստորև ներկայացնում ենք զեկույցում տեղ գտած մեթոդաբանական հիմնական փոփոխությունները.

  1. մարդկային զարգացման բարձրագույն սանդղակ (0,971-0,902 միավոր կամ 1-38 դիրք),
  2. բարձր սանդղակ (0,895-0,803 միավոր կամ 39-83 դիրք),
  3. միջին սանդղակ (0,798-0,511 միավոր կամ 84-158 դիրք),
  4. ցածր սանդղակ (0,499-0,340 միավոր կամ 159-182 դիրք)։

2009թ. զեկույցի վիճակագրության համաձայն, ԱՊՀ երկրներից բարձր դիրքերում է միայն երեք պետություն՝ Բելառուսը (որի վարկանիշը կրկին լավագույնն էր նշված երկրների ցուցակում), Ռուսաստանն ու Ղազախստանը։ Այս աստիճանակարգում է ներառվել նաև Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների հիմնական հատվածը, ինչպես նաև հարևան Թուրքիան՝ զբաղեցնելով 79-րդ դիրքը (մանրամասն տե՛ս Աղյուսակ 2քաշել .pdf)։ Ինչպես տեսնում ենք աղյուսակից, ԱՊՀ մնացյալ բոլոր երկրներն ընդգրկվել են միջին աստիճանակարգում, որը գլխավորում է ՀՀ-ը (84-րդ դիրք)՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն իր վարկանիշով նախորդ զեկույցի համեմատությամբ առաջընթաց է արձանագրել, ինչի արդյունքում գերազանցել է նաև Ուկրաինային, որին զգալի տարբերությամբ զիջում էր 2007-2008թթ. հաշվետվությունում։ ԱՊՀ երկրներից ՀՀ-ին հաջորդում են Ուկրաինան, որը մեկ միավորով է զիջել դիրքը ՀՀ-ին, Ադրբեջանը (86-րդ դիրք) և Վրաստանը (89-րդ դիրք)։

Եթե փորձենք համեմատել ՀՀ վարկանիշավորման ենթացուցիչների նախորդ և վերջին զեկույցները, կնկատենք, որ նախորդ հաշվետվության համեմատ ՀՀ-ը բարելավել է բոլոր ցուցանիշները։ Այսպես, եթե Մարդկային զարգացման ինդեքսը 2007-2008թթ. կազմում էր 0,775 միավոր, ապա 2009թ.՝ 0,798, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով $4,945-ի դիմաց հաշվվում է արդեն $5,693, բարձր է նաև կրթության միավորը՝ 0,896-ի փոխարեն արձանագրվել է 0,909 միավոր։ ՀՀ-ում բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին է վկայում նաև կյանքի միջին տևողության ցուցանիշը, որը եթե 2007-2008թթ. զեկույցում կազմում էր 71,7 տարի, ապա 2009թ. զեկույցում՝ արդեն 73,6 տարի, ինչն իրապես բավական զգալի առաջընթաց պետք է համարել:

12007-2008թթ. զեկույցը հիմնականում հիմնվում է 2005թ. տարեկան տվյալների վրա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր