• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2010

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԾՐԱԳԻՐ, ՈՐՈՎ ԴՊՐՈՑԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԱՐՏԵԼ 2 ՏԱՐԻ ՇՈՒՏ

   

Ութ նահանգների տասնյակ պետական ավագ դպրոցներ հաջորդ տարի պատրաստվում են ներկայացնել ծրագիր, որով 10-րդ դասարանցիները կկարողանան մի շարք թեստեր հանձնելուց հետո դիպլոմ ստանալ և անմիջապես ընդունվել մունիցիպալ քոլեջ։

Համաձայն նախաձեռնության հեղինակների, այն աշակերտները, որոնք կհանձնեն քննությունները, բայց կցանկանան ուսումը շարունակել իրենց ընտրած քոլեջում, 11-րդ և 12-րդ դասարաններում կարող են անցնել նախապատրաստական դասընթացներ։ Նրանք, ովքեր չեն կարողանա հանձնել 10-րդ դասարանի ավարտական քննությունները, կարող են մեկ անգամ ևս փորձել 11-րդ և 12-րդ դասարաններն ավարտելիս։ Թեստերը կներառեն ոչ միայն անգլերեն ու մաթեմատիկա, այլև այնպիսի առարկաներ, ինչպիսիք են բնական գիտություններն ու պատմությունը։

Նոր համակարգը, որը հիմնաված է ավագ դպրոցում տարվա ընթացքում կատարած աշխատանքի և ավարտական քննությունների գնահատման վրա, ստեղծվել է բարձր ցուցանիշներ ունեցող երկրների (Դանիա, Անգլիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և Սինգապուր) համակարգերի օրինակով։

Ծրագիրը կազմակերպվում է Կրթության և տնտեսության ազգային կենտրոնի (National Center on Education and the Economy) կողմից և նպատակ ունի, որպեսզի ուսանողները յուրացնեն հիմնական պահանջներին համապատասխանող գիտելիքները, նվազեցվի ավագ դպրոցների շրջանավարտների թիվը, որոնք պետք է անցնեն լրացուցիչ (նախապատրաստական) դասընթացներ քոլեջ ընդունվելուց հետո։ Մեկ միլիոնից ավելի առաջին կուրսեցիներ ամեն տարի ամբողջ Ամերիկայում պետք է անցնեն այդ լրացուցիչ դասընթացները, իսկ շատերը դուրս են մնում մինչև աստիճան ստանալը։

«Հիմնական խնդիրը, որ աշխատում ենք լուծել, անհաջողությունների ահռելի թվաքանակը նվազեցնելն է, որոնց երեխաները մատնվում են բաց ընդունելությամբ քոլեջներ դիմելիս»,- ասում է Մարք Ս. Թաքերը՝ Վաշինգտոնում գտնվող ոչ առևտրային այս կենտրոնի նախագահը։ «Մենք դիտարկել ենք դպրոցներ ամբողջ աշխարհում, և եթե մտնեք այն երկրների ավագ դպրոցներ, որտեղ հանձնում են ավարտական քննություններ, կտեսնեք, որ աշակերտները եռանդով են աշխատում, անկախ նրանից՝ ատաղձագործ, թե վիրաբույժ են ուզում դառնալ»։

Ըստ պրն Թաքերի՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը (Bill and Melinda Gates Foundation) $1,5 միլիոն դրամաշնորհ է հատկացրել այնպիսի ծրագրի մշակման համար, որը կօգներ ազգային կենտրոնին իրականացնելու աշխատանքները նահանգներում և շրջաններում։ Նրա հաշվարկներով՝ դպրոցի մեկ աշակերտին անհրաժեշտ կլինի սկզբնական $500՝ այդ դասընթացներն ու թեստերը գնելու և ուսուցիչներին նախապատրաստելու համար։

Ըստ Թաքերի՝ այդ ծախսերը հոգալու համար ութ նահանգ պատրաստվում է դիմել հանրային դպրոցների թեստավորման (քննական) համակարգը բարելավելու համար նախատեսված դաշնային միջոցներից $350 միլիոն իրենց հատկացնելու խնդրանքով։

Ավագ դպրոցի աշակերտները նոր ուսումնաշրջանը կսկսեն 2011-ի աշնանը Քոնեկթիկուտում, Քենթուկիում, Մեյնում, Նյու Հեմփշիրում, Նյու Մեքսիկոյում, Փենսիլվանիայում, Ռոդ Այլենդում և Վերմոնթում։ Այս նահանգների կրթության գծով հանձնակատարները պատրաստվում են յուրաքանչյուր նախնական ծրագրում ընդգրկել 10-20 դպրոց և արդեն կապ են հաստատել շրջանների դպրոցական տեսուչների հետ։

Նախագծի կողմնակիցները հուսով են, որ այն կտարածվի այդ նահանգների բոլոր դպրոցներում և կոգեշնչի այլ նահանգների նույնպես հետևել իրենց օրինակին։ Նախաձեռնության կողմնակիցների թվում են Արտադրողների ազգային միությունը (National Association of Manufacturers), Ազգային կրթական միությունը (National Education Association) և երկրի ամենամեծ՝ ուսուցիչների միությունը։

Ըստ Քենթուկի նահանգի կրթության գծով հանձնակատար Թերի Հոլիդեյի՝ մինչ այդ ավագ դպրոցի ավարտական պահանջները երկար ժամանակ հիմնված են եղել այն սկզբունքի վրա, որ աշակերտները տարվա ընթացքում հավաքել են դպրոցն ավարտելու համար անհրաժեշտ կրեդիտներ։

«Այս ամենը կօգնի բարեփոխելու այն։ Այս մոտեցումը թույլ կտա հիմնվել այն բանի վրա, թե ինչքանով ենք տիրապետում առարկային։ Սա մի համակարգ է, որը հիմնված է «առաջ գնա, երբ պատրաստ կլինես» սկզբունքի վրա»,- ասում է դոկտոր Հոլիդեյը։

«Նոր համակարգի նպատակն է օգնել, որպեսզի աշակերտները հստակ պատկերացում կազմեն այն մասին, թե ինչ պետք է սովորեն հաջողության հասնելու համար»,- ասում է Ֆիլ Դարոն (Բերքլի, Կալիֆորնիա), որը նախաձեռնության խորհրդատվական կոմիտեի անդամ է։

Պրն Դարոյի խոսքերով՝ այնպիսի դպրոցական համակարգերը, ինչպիսին, օրինակ, Սինգապուրինն է, խոստանում են աշակերտներին, որ եթե լավ յուրացնեն ուսումնական տարվա ընթացքում անցած նյութը, հաջողության կհասնեն քննությունների ժամանակ։ «Իսկ ԱՄՆ-ում, հակառակը, այս ամենը հստակ չէ»,- ասում է նա։ «Աշակերտները չունեն հստակ պատկերացում այն մասին, թե որտեղ ներդնեն իրենց ջանքերը, իսկ համակարգը, իր հերթին, ոչ մի բան չի անում սովորելը խրախուսելու համար»։

Համակարգի կողմնակիցների խոսքերով՝ այն կնվազեցնի մունիցիպալ քոլեջներում նախապատրաստական դասընթացների անհրաժեշտությունը, քանի որ 10-րդ դասարանի թեստերի անցողիկ գնահատականը կհամապատասխանի այն մակարդակին, որն անհրաժեշտ կլինի առաջին կուրսում հաջողությամբ սովորելու համար։ Քննությունները չհանձնելը կօգնի 10-րդ դասարանն ավարտողներին նախօրոք պատկերացում ունենալ, թե որ գիտելիքներն ու կարողությունները պետք է յուրացնեն ավագ դպրոցում, քոլեջ ընդունվելուց առաջ։

Այսօր ավագ դպրոցների շատ շրջանավարտներ, ընդունվելով համայնքային քոլեջներ, հանկարծ պարզում են, որ չեն կարողանում հանձնել մաթեմատիկայի և անգլերենի քննությունները, որոնք կազմակերպում է տվյալ քոլեջը՝ պարզելու համար, թե ով նախապատրաստական դասընթացներում սովորելու կարիք ունի։

Չորս տարի առաջ, ազգային կրթական և այլ ոլորտներում աշխատող փորձագետների երկկուսակցական խումբը խորհուրդ տվեց ամերիկյան կրթական համակարգի խորքային փոփոխություն իրականացնել, որը կընդգրկի նաև ավարտական քննություններն ավագ դպրոցներում։

2006թ. փորձագիտական խումբը խորհուրդ էր տալիս դպրոցների ֆինանսավորման վերահսկողությունը տրամադրել նահանգներին, այլ ոչ թե շրջաններին, և երեխաների մեծ մասի ուսումնառությունը դպրոցում սկսել երեք տարեկանից։ Ըստ պրն Թաքերի՝ ավարտական քննությունների նախագիծը բավական ընդարձակ փորձ է՝ իրականացնելու փորձագիտական խմբի առաջարկները։

«Հուսանք, որ ավարտական քննությունների այս համակարգը որքան հնարավոր է արագ կպատրաստի կպատրաստի աշակերտներին ապագա կարիերայի, բարձրագույն կրթության, տեխնիկական քոլեջների և աշխատանքի համար»,- ասում է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի (City University of New York) մանկավարժական հոգեբանության պրոֆեսոր Հովարդ Տ. Էվերսոնը, որը խորհրդատվական կոմիտեի համանախագահն է։

Այս առումով, սույն նախաձեռնությունը նման է early college high school շարժմանը (քոլեջի և ավագ դպրոցի խառնորդ), երբ աշակերտներն ավագ դպրոցում սովորելիս սկսում են անցնել քոլեջի դասընթացներ և հավաքում քոլեջի կրեդիտներ մոտակա համայնքային քոլեջների միջոցով։

Այն նահանգները, որոնք մասնակցելու են փորձնական նախագծին, օգտվելու են հինգ ուսուցանող ծրագրերից՝ իրենց թեստերով, որոնք օգտագործվելու են ծրագրին մասնակից դպրոցների կողմից։ Դրանք են Ազգային կենտրոնի կողմից հաստատված College Board’s Advanced Placement, International Baccalaureate Diploma, ACT’s Quality Core և International General Certificate of Secondary Education ծրագրերը, որոնք առաջարկվել են Cambridge International-ի և Edexcel-ի (Pearson Education-ի մասն է կազմում) կողմից։


դեպի ետ