
ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բուն Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ համայնքների շարքում իր կարեւոր դերն է ունեցել պոլսահայ համայնքը, որն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրության տարբեր վայրերում գոյություն ունեցած հայկական համայնքներից Ցեղասպանությունից հետո գոյատեւեց միայն պոլսահայ համայնքը, որն էլ տարբեր տարիներին համալրվեց գավառներից եկած հայերի հաշվին: Իսկ Թուրքիայի գավառներում հայկական համայնքային կյանք այդպես էլ չվերաձեւավորվեց (թերեւս, որոշ բացառություն է միակ հայկական Վաքըֆլը գյուղը):
Ստամբուլի եւ ընդհանրապես Թուրքիայի հայերի շրջանում արտագաղթերը կրել են շարունակական բնույթ, ու նաեւ դրանց հետեւանքով է, որ ներկայումս Թուրքիայում պաշտոնապես կան 55-60 հազար հայեր, որոնք կանգնած են մի շարք խնդիրների առաջ, որոնցից մի քանիսը հատկապես վտանգավոր են, քանի որ անմիջականորեն սպառնում են համայնքի շարունակականությանն ու ապագային:
Լեզվական խնդիրը. Ստամբուլի հայ համայնքի ներկայիս կարեւոր խնդիրներից է հայոց լեզվի վիճակը. հայախոսությունը շարունակաբար անկում է ապրում: Այս երեւույթը կապված է տարբեր հանգամանքների հետ, սակայն կարեւոր տեղ պետք է հատկացնել նաեւ պետության վարած քաղաքականությանը, որը, մեղմ ասած, բարյացակամ չէ ոչ թուրքախոսության հանդեպ: Որպես պետական քաղաքականության դրսեւորում, կարելի է հիշել հանրապետական Թուրքիայում տարբեր տարիներին բուռն ծավալում գտած «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսիր» ակցիաները, որոնց նպատակն էր հատկապես հասարակական վայրերում բացի թուրքերենից այլ լեզվի կիրառումն արգելելը: Այս ամենն ուղեկցվում էր տարատեսակ հալածանքների դրսեւորումներով: Հասարակական վայրերում հայախոսության անկմանը հետեւեց նաեւ տանը թուրքերենի գործածումը: Հայերենի մակարդակի անկման մասին ներհամայնքային մի քննարկման ժամանակ նույնիսկ կարծիք է հնչել, որ հայերենը վերածվել է «միջանկյալ լեզվի» եւ ունի «մայրենի լեզվից թույլ, օտար լեզվից ուժեղ կարգավիճակ»: Նույնիսկ կարծիք կա, որ հայերենն այսօր «ոչ թե հայկական համայնքի, այլ ուսուցիչների լեզուն է»: Հայախոսության նվազման ամենացայտուն օրինակներից է Պոլսո հայկական եկեղեցիներում սովորական դարձած թուրքերեն քարոզը:
Վերջերս Ստամբուլի հայ համայնքում կատարվել է հետազոտություն` ըստ տարիքային խմբերի` համապատասխան լեզվի առավել շատ գործածության վերաբերյալ: Պատկերը հետեւյալն է.
Տարիքային խումբ | 13-18 | 19-24 | 25-34 | 35-44 | 45-60 | 60+ | Ընդհանուր |
Հայերեն (%) | 26.7 | 8.8 | 17.5 | 22.4 | 22.2 | 33.3 | 18.4 |
Թուրքերեն (%) | 73.3 | 90.0 | 77.5 | 76.6 | 76.6 | 66.7 | 80.1 |
Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ հայերենին տիրապետում է համայնքի ընդամենը 18 տոկոսը, իսկ երիտասարդների շրջանում թուրքախոսության մակարդակը հասնում է 90 տոկոսի:
Խառնամուսնությունների խնդիրը. Ընդհանրապես, հայության շրջանում ներքին ամուսնությունները (էնդոգամիան) լայն տարածում ունեն, եւ փորձ է արվում դա պահպանել նաեւ Հայաստանից դուրս: Պոլսահայ համայնքում եւս ներքին ամուսնություններին մեծ ուշադրություն է հատկացվել, սակայն տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունն են թողնում նաեւ այս երեւույթի վրա. համայնքում խառնամուսնությունները հետզհետե շատանում են, նույնիսկ հնչում են տեսակետներ, թե դրանք հասել են 40-50 տոկոսի: Այս ամենը մտահոգիչ է, եւ հարցին պետք է մոտենալ նաեւ այն տեսանկյունից, որ խառնամուսնություններն իրենց հետ բերում են մի շարք խնդիրներ. մասնավորապես` այդ ամուսնություններից ծնված երեխաների կրոնական պատկանելության եւ ազգային ինքնագիտակցության հարցերը:
Պատրիարքության խնդիրը. Հայ համայնքի կյանքում կարեւոր դեր ունի Պոլսո Հայոց պատրիարքարանը. փաստացի հենց պատրիարքն է ընդունվում թուրքական իշխանությունների կողմից որպես հայ համայնքի ղեկավար: Գաղտնիք չէ, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է եւ անկարող` կառավարել համայնքը: Ըստ եկեղեցական կանոնադրության, նման դեպքերում նախատեսվում են աթոռակից պատրիարքի ընտրություններ, իսկ ըստ Թուրքիայի օրենքների, պատրիարք ընտրելու թույլտվություն տալիս է Ստամբուլի նահանգապետարանը, որին էլ Պոլսո Հայոց պատրիարքության կողմից ուղղվել է համապատասխան դիմում, սակայն դեռեւս արձագանք չկա: Արդեն հայտնի են աթոռակից պատրիարքի թեկնածուները` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պոլսո աթոռը ներկայացնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նկատենք, որ այսօր Պոլսո պատրիարքարանը որոշակի պատասխանատվություն է կրում նաեւ Թուրքիայում գտնվող հազարավոր հայաստանցիների համար, որոնք այդ երկիր են գնացել աշխատելու նպատակով եւ ունեն բազմաթիվ իրավական խնդիրներ: Իսկ թուրքական իշխանություններն ամեն պատեհ եւ անպատեհ առիթով շահարկում են Թուրքիայում անօրինական գտնվող հայաստանցիների խնդիրը եւ շարունակ ուռճացնում նրանց թվաքանակը: Իր վերջին ելույթներից մեկում վարչապետ Էրդողանը նույնիսկ նշեց 100 հազար թիվը, որը չի կարող աղերսներ ունենալ իրականության հետ:
Գոյություն ունեցող տարատեսակ խնդիրները եւ պատրիարքի փաստացի չգոյությունը պոլսահայերի համար ստեղծել են բարդ իրավիճակ, ինչն ավելի է խորացնում համայնքի ճահճացած վիճակը: Ուստի, կարելի է կարծել, որ գործուն եւ ազգային պատրիարքի ընտրությունը կարող է լուրջ դեր խաղալ Պոլսո հայ համայնքի անկումը կանխելու հարցում:
Սակայն, վերը նշվածներին զուգահեռ, ցավոք, համայնքում նկատվում է պասիվություն ազգային եւ կրոնական խնդիրների նկատմամբ: Նման ընթացքի պարագայում խնդիրներն էլ ավելի են սրվելու, եւ համայնքը կանգնելու է վերջնական ուծացման, ազգային դիմագծի լրիվ կորստի եզրին:
Ներկայումս պոլսահայ համայնքում տեղի ունեցող գործընթացներն ուսումնասիրելիս` գալիս ենք այն եզրակացության, որ ըստ համայնքային կյանքի եւ խնդիրների նկատմամբ ունեցած դիրքորոշումների` համայնքը կարելի է բաժանել մի քանի պայմանական խմբերի.
1. Անտարբեր խումբ – այս խումբը գրեթե չի հետաքրքրվում համայնքային, ազգային խնդիրներով, ավելի շատ լծված է կենցաղային հարցերին, եւ նրա անդամակցությունը հայ համայնքին ավելի շատ կրում է խորհրդանշական բնույթ:
2. Համակերպվող խումբ – այս խումբը, որը մեծամասնություն է կազմում, տասնամյակներ տեւած թուրքական հալածանքի քաղաքականության հետեւանքով դարձել է շատ հարմարվող, երբեմն` վախեցած: Նրանց համար հաճախ ցանկալի չեն նույնացումները սփյուռքահայերի կամ հայաստանցի հայերի հետ:
3. Ակտիվ խումբ – այս խումբը, որն ամենասակավաթիվն է, հիմնականում կազմված է ազատական գաղափարներով համակված երիտասարդներից, որոնք ցանկանում են փոփոխություններ:
Հարկ է նկատել, որ Հայաստանի դիրքորոշումն ու վերաբերմունքը Թուրքիայի հայության նկատմամբ պետք է տարբերակված լինի, քանի որ այդ երկրում բնակվող հայերի գերակշիռ մասը իրեն չի համարում սփյուռքահայ եւ դրա համար ունի նաեւ հիմնավորված պատճառաբանություններ (օրինակ` այն, որ բուն Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, որտեղից սերում են իրենք, այսօր գտնվում են Թուրքիայի կազմում):
Միեւնույն ժամանակ, նկատենք, որ Հայաստանի հետաքրքրվածությունը Թուրքիայի հայերի համայնքային, հոգեւոր, մշակութային կյանքով նույնքան բնական է, որքան ցանկացած ազգային պետության հետաքրքրվածությունն իր երկրի սահմաններից դուրս բնակվող ազգակիցներով (օրինակ` Թուրքիայի հետաքրքրվածությունը եվրոպաբնակ թուրքերով): Կարծում ենք նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատումը կնպաստի նաեւ հայ համայնքի առջեւ կանգնած որոշ խնդիրների լուծմանը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]