
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
2008-ին միջազգային հանրությունը, այդ թվում` արաբական իսլամական աշխարհը, մեծ հետաքրքրություն դրսեւորեց ԱՄՆ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների նկատմամբ: Հատկապես դրականորեն ընկալվեց դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Բարաք Օբամայի նախընտրական քարոզչությունը: Պատճառը թերեւս այն էր, որ Օբաման խոստացել էր շտկել ԱՄՆ իմիջն արտաքին աշխարհում (ինչը լուրջ վնասներ էր կրել Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում), հարթել նախորդ վարչակարգի օրոք ԱՄՆ միջինարեւելյան, մասնավորապես` արաբական քաղաքականության մեջ թույլ տրված սխալները, բարելավել խրթին հարաբերություններն իսլամական աշխարհի հետ: Արաբական հասարակություններում ձեւավորված որոշակի համակրանքն Օբամայի նկատմամբ, ըստ ամենայնի, կապված էր նաեւ այն փաստի հետ, որ վերջինս, թեեւ քրիստոնյա, հոր կողմից իսլամական արմատներ ունի, իսկ մանկությունն անց է կացրել իսլամական ամենամեծ բնակչություն ունեցող երկրում` Ինդոնեզիայում:
Հարկ է նշել, որ արաբական հասարակություններում հակաամերիկյան տրամադրություններ, ընդհանուր առմամբ, դրսեւորվել են թե՛ սառը պատերազմի տարիներին, թե՛ դրան հաջորդած շրջանում, ինչը հիմնականում պայմանավորված էր արաբ-իսրայելական հակամարտության հարցում Իսրայելին ԱՄՆ աջակցության հանգամանքով: Սակայն 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի կողմից իսլամի եւ իսլամական աշխարհի դեմ տարվող շարունակական քարոզչությունը, ռազմական գործողություններն Աֆղանստանում, Իրաքի օկուպացիան, աջակցությունը Իսրայելի ռազմական գործողություններին (2006-ին Լիբանանում, ապա` 2008-ին Ղազայում), ինչպես նաեւ` Սիրիայի ու Իրանի նկատմամբ իրականացվող կոշտ քաղաքականությունը, նպաստեցին հակաամերիկյան տրամադրությունների աննախադեպ աճին:
2008-ին, ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ընթացքում, հասարակական կարծիքի ուսումնասիրության Zogby International կազմակերպության կողմից արաբական վեց երկրներում (Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Մարոկոյում, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում) անցկացված հարցախույզի տվյալներն ի ցույց դրեցին ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականության նկատմամբ արաբական հասարակական կարծիքի առանձնահատկությունները:
Հարցվածների ծանրակշիռ մասը նշել է, որ չի վստահում եւ բացասական կարծիք ունի ԱՄՆ-ի նկատմամբ, որի մասին պատկերացումները ձեւավորել են առավելապես նրա վարած քաղաքականության արդյունքում, քան այդ երկրի «արժեքները» հաշվի առնելով։ Կեսից ավելին նշել են, թե չեն հավատում, որ տարածաշրջանում ժողովրդավարության հաստատումը ԱՄՆ իրական նպատակն է` ընդգծելով, որ Վաշինգտոնն այն սխալ ձեւով է իրականացնում: Հարցվածների մեծ մասը տարածաշրջանի գլխավոր խնդիրներից մեկը համարել է Պաղեստինի հարցը, սակայն հոռետես է գտնվել Պաղեստին պետության տեսլականի հարցում: Մեծ մասը համոզված է եղել, որ Թեհրանն իրավունք ունի զարգացնել միջուկային ծրագիր, չնայած արաբական վարչակարգերը, հիմնականում, զգուշանում են Իրանից: Բացի այդ, առանձնապես կարեւորվել են քաղաքական այն գործիչները, ովքեր դիմակայում են Իսրայելին եւ ԱՄՆ-ին: Ամենախարիզմատիկ համարվել է «Հիզբալլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը, նրանից հետո` Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Հարցվածների մեծ մասը նշել է, որ Միջին Արեւելքում խաղաղության հասնելու համար նախագահի թեկնածուներից ամենամեծ հնարավորությունն ունի Օբաման, սակայն թերահավատ է գտնվել ԱՄՆ եւ արաբական աշխարհի հարաբերությունների հետագա բարելավման հարցում` անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի:
Բարաք Օբամայի` ԱՄՆ նախագահ դառնալուց շուրջ 100 օր անց, 2009թ. ապրիլ–մայիս ամիսներին, արաբական նշված վեց երկրներում Zogby International-ը նմանօրինակ հերթական հարցախույզն անցկացրեց, ինչն ի ցույց դրեց ԱՄՆ նոր վարչակարգի նկատմամբ տրամադրությունների էվոլյուցիան: Հարցվածների 45 տոկոսը նշել էր, որ Օբամայի հարցում դրական է տրամադրված: Մասնակիցների մոտ կեսն ասել էր, որ սպասելիքներ ունի ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականությունից: Տարածաշրջանի ամենակարեւոր հարցերը հարցախույզի մասնակիցները համարել էին Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը (42 տոկոս), արաբ-իսրայելական հակամարտության կարգավորումը (26 տոկոս), ապա` Օբամայի դիրքորոշումն արաբների եւ իսլամական աշխարհի նկատմամբ (16 տոկոս): Սակայն, ինչպես նախորդ հարցախույզի ժամանակ, հարցվածների գերակշռող մասը շարունակել է սպառնալիք տեսնել Իսրայելից եւ ԱՄՆ-ից: Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Շիբլի Թելհամին, վերլուծելով Օբամայի նկատմամբ արաբական աշխարհում ձեւավորվող տրամադրությունները, անհրաժեշտ է համարել ուշադրություն դարձնել մի փաստի, այն, որ արաբները միայն նշում են, թե սպասելիքներ ունեն Օբամայից, սակայն ամենեւին «սիրահարված» չեն նրան:
2009թ. ապրիլին Օբաման ելույթ ունեցավ Անկարայում եւ նշեց, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ չէ եւ չի լինի իսլամի հետ, իսկ հունիսին սկսվեց նախագահի միջինարեւելյան շրջագայությունը: ԱՄՆ նորընտիր նախագահն այցելեց իսլամի հայրենիք` Սաուդյան Արաբիա, իսկ հունիսի 4-ին հանդես եկավ իսլամական աշխարհի առաջ` ընտրելով շուրջ հարյուր տարվա պատմություն ունեցող Կահիրեի համալսարանը` որոշակիորեն նոր շեշտադրումներ անելով իսլամին եւ իսլամական աշխարհին առնչվող մի շարք հարցերում:
ԱՄՆ նախագահն առաջին հերթին կարեւորեց Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ առկա կարծրատիպերը վերացնելու անհրաժեշտությունը` կոչ անելով վերջ դնել ԱՄՆ-ի եւ մուսուլմանական աշխարհի միջեւ կասկածի եւ անհամաձայնության մթնոլորտին, ինչպես նաեւ նոր էջ բացել այդ հարաբերություններում: Ընդգծվեց երկկողմ շփումներում առկա երկարատեւ անվստահությունը շարունակական ջանքերի, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության միջոցով հաղթահարելու անհրաժեշտությունը: Մի քանի մեջբերումներ անելով Ղուրանից եւ ի ցույց դնելով իսլամի խաղաղասիրական բնույթը, նաեւ վկայակոչելով Ավետարանն ու Թորան` Օբաման բոլոր հավատքների հետեւորդներին կոչ արեց ապրել խաղաղության մեջ։
Ճիշտ է, ԱՄՆ նորընտիր նախագահի ելույթի նկատմամբ արաբական աշխարհի արձագանքն, ընդհանուր առմամբ, դրական էր, սակայն` ոչ միանշանակ: Արաբական լսարանը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ նոր վարչակարգը շոշափելի արդյունքներ արձանագրի տարածաշրջանի համար հանգուցային նշանակություն ունեցող խնդիրների կարգավորման հարցում: Մինչդեռ միջինարեւելյան խնդիրներում Օբաման դեռեւս շոշափելի արդյունքներ չի արձանագրել:
Հատկանշական է, որ առաջին պաշտոնական հեռախոսազրույցն Օբաման ունեցել է Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ` համարելով նրան Պաղեստինի իր միակ գործընկերն ու դաշնակիցը, այնինչ շատերն ակնկալում էին, թե ԱՄՆ-ը ի վերջո կվերանայի «Համասի» նկատմամբ դիրքորոշումը, որն իրական իշխանություն ունի ինքնավարության Ղազայի շրջանում եւ զգալի հեղինակություն ողջ արաբական աշխարհում: Նույնը «Հիզբալլահի» պարագայում էր: 2009-ի լիբանանյան խորհրդարանական ընտրություններից առաջ այցելելով Բեյրութ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկյան հետագա ֆինանսական օգնությունն այդ երկրին կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Դրանք չեղյալ կհայտարարվեն, եթե հաղթանակ տանի այն դաշինքը, որ ղեկավարում է «Հիզբալլահը», որն այսօր Լիբանանի ամենաազդեցիկ քաղաքական շարժումներից մեկն է։
Ներկայումս տեղաշարժ չկա արաբ-իսրայելական բանակցությունների վերսկսման գործում: ԱՄՆ-ին չի հաջողվել համոզել Իսրայելին` դադարեցնել նոր բնակավայրերի շինարարությունը, ինչը պաղեստինյան կողմը համարում է անհրաժեշտ նախապայման բանակցությունները վերսկսելու համար: Էական փոփոխություն չի կրել Սիրիայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը, բացառությամբ` Սիրիայի իշխանությունների հետ ԱՄՆ բանագնաց Ջորջ Միթչելի վարած բանացությունների: Առայժմ ԱՄՆ-ին չի հաջողվել լիովին կայունացնել իրավիճակը Իրաքում, թեեւ նշվել է այդ երկրից ամերիկյան ռազմուժը դուրս բերելու ժամանակացույցը:
Հատկանշական է, որ Օբամայի վարչակարգն աստիճանաբար փորձում է հրաժարվել «պատերազմ ահաբեկչության դեմ» արտահայտությունից` հիմնական թիրախ թողնելով «Ալ-Քաիդային» եւ հրաժարվելով բազմաթիվ հակառակորդների դեմ համաժամանակյա պայքարից: Եթե Բուշի վարչակարգի օրոք նույն «Թալիբանը», «Համասը» եւ «Հիզբալլահն» ընկալվում էին բացառապես որպես ահաբեկչական խմբավորումներ, ապա Օբամայի վարչակազմն անհրաժեշտ է համարում պայմաններ ստեղծել ռազմականացված կառույցներից դեպի քաղաքական կառույցներ վերջիններիս աստիճանական փոխակերպման համար` թերեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ դժվար կլինի նրանց վերջնականորեն ասպարեզից դուրս մղելը:
Փաստորեն, ԱՄՆ ձեռնարկած քայլերը դեռեւս բավարար չեն, որպեսզի, ինչպես ասում են արեւմտյան վերլուծաբանները, «արաբական փողոցը» վստահի ԱՄՆ նոր վարչակարգին: Իսկ վստահությունը կարող է ձեռք բերվել ոչ միայն միջինարեւելյան խնդիրների կարգավորմամբ, այլ մի կարեւոր խնդրի իրացմամբ եւս` որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի աջակցել արաբական ավտորիտար վարչակարգերին: Նշված խնդրի վերաբերյալ բավական հետաքրքիր դիտարկում է արել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը 2005թ. Կահիրեի ամերիկյան համալսարանում ունեցած ելույթում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը Միջին Արեւելքում շուրջ 60 տարի է, ինչ ընտրություն է կատարում ժողովրդավարության եւ կայունության միջեւ` ամեն անգամ նախապատվությունը տալով կայունությանը։ ԱՄՆ պետքարտուղարը խոստացավ, որ իր երկիրը հետայսու կսատարի ժողովրդավարությանը` շատ շուտով, սակայն, ի ցույց դնելով, որ անկեղծ չէ իր խոստումներում: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ 2006-ին Պաղեստինյան Ինքնավարությունում անցկացված ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանության եկած իսլամական «Համասն» այդպես էլ չլեգիտիմացվեց ԱՄՆ-ի կողմից: Այսպիսով, հակաամերիկյան տրամադրություններն արաբական աշխարհում շարունակում են գոյատեւել` չնայած որոշակի նվազմանը: Այդ հարցում ծանրակշիռ դեր են կատարում նաեւ արաբական զանգվածային լրատվամիջոցները: Ներկայումս արաբական աշխարհում կան մրցունակ եւ տեխնիկապես գերզինված լրատվամիջոցներ, որոնցից են, օրինակ, «Ալ-Ջազիրան» կամ «Ալ-Արաբիյան»: Չնայած ԱՄՆ-ը քիչ ներդրումներ չի կատարել արաբական քարոզչական դաշտը վերահսկելու համար, սակայն դրանք, ընդհանուր առմամբ, քիչ արդյունավետ են եղել:
Հատկանշական է, որ 2009թ. դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բանաձեւ, որով կոչ էր անում Օբամայի վարչակարգին արաբական արբանյակային մի շարք հեռուստաալիքների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել` հաշվի առնելով այն փաստը, որ վերջիններս եթեր են տրամադրում ահաբեկիչների, վարկաբեկում են ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականությունը` առաջ բերելով հակաամերիկյան տրամադրություններ: «Սեւ ցուցակի» մեջ հայտնվեցին «Համասի» Ալ-Անսարը, «Հիզբալլահի» Ալ-Մանարը, իրաքյան Աս-Սաուրան, նաեւ` Արաբսաթը (Ռիադ), Նայլսաթը (Եգիպտոս) եւ այլն: Այս փաստը դժգոհություն առաջացրեց Արաբական պետությունների լիգայի, ինչպես նաեւ արաբական իրավապաշտպան խմբերի շրջանում, որոնց համար խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանությամբ հանդես եկող ԱՄՆ նման կեցվածքը խիստ երկիմաստ է թվում: Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ արաբական հեռուստաալիքների մի մասին ֆինանսավորում են արաբական այն վարչակարգերը, որոնք առանձնանում են իրենց ամերիկամետ կողմնորոշմամբ:
Արաբական երկրներում շատերն այսօր թերանում են հավատալ, որ Օբաման կարող է էական փոփոխություններ իրականացնել: Նրանց կարծիքով` ԱՄՆ քաղաքականության մեջ որեւէ բան չի փոխվի, կփոխվի միայն դրա կերպը: Իսկ քանի դեռ կարգավորված չեն այն խնդիրները, որոնք արաբական աշխարհում ցավագին են ընկալվում, արաբական հասարակական կարծիքն Օբամայի միջինարեւելյան քաղաքականությունը համարելու է Ջ.Բուշի քաղաքականության շարունակությունը:
Ամեն պարագայում, արաբական իսլամական աշխարհում Բարաք Օբամայի նկատմամբ ձեւավորված որոշակի համակրանքն ի ցույց դրեց, որ իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ առկա հակասությունները պայմանավորված են ոչ այնքան մշակութային, կրոնական կամ գաղափարական գործոններով, որքան ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությամբ: Այս տեսակետը հաստատում են նաեւ 2004թ. Zogby International-ի անցկացրած հարցախույզի տվյալները: Հարցվածների մեծ մասը նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է բարելավել իր իմիջը եւ վերակառուցել հարաբերություններն իսլամական աշխարհի հետ` պայմանով, եթե դադարեցնի աջակցել Իսրայելին եւ փոխի քաղաքականությունը Միջին Արեւելքի նկատմամբ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]