• am
  • ru
  • en
Версия для печати
16.02.2010

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԹԻԿԱՆ ՀՐԵԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

   

Կարեն Վերանյան

Մշտապես գտնվելով արտաքին սպառնալիքների ներքո` հրեությունն իր ինքնության ու անվտանգության պահպանման տեսանկյունից էական նշանակություն է հատկացրել պատերազմի բարոյախոսական (էթիկական) կողմին։ Պատերազմի էթիկայի հիմնահարցն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հրեա հասարակությունում` կրելով այդ ժողովրդի պատմության տարբեր դարաշրջանների կնիքը։

Ավանդույթների ձեւավորման շրջան

Ի սկզբանե հրեությունում պատերազմի վարման էթիկան գլխավորապես պայմանավորված է եղել հրեական կրոնական արժեհամակարգով։ Աստվածաշնչում խոսվում է «պատերազմի վարման կանոնների» մասին, որոնց համաձայն` պատերազմները տարանջատվում են երկու հիմնական տեսակի։

«Սրբազան» կամ «պարտադիր պատերազմներ»

Պատերազմների այս տեսակը վերաբերում է քանանացիների դեմ պատերազմներին, որոնք հրեա ժողովուրդը պետք է վարեր Աստծո ուղղակի պատվիրանով ու աջակցությամբ։ Կարելի է ասել, որ քանանացիների դեմ պայքարը պարունակում էր այսպես կոչված «սրբազան պատերազմին» հատուկ տարրեր, քանզի քանանացիները, ըստ Աստվածաշնչի, ոչ միայն չունեին հոգեւոր-բարոյական արժեքներ, այլեւ կարող էին խեղաթյուրել հրեա ժողովրդի հոգեւոր կերտվածքը եւ դարձնել նրան մեղսակից։ Աստծո կողմից նախանշված «սրբազան պատերազմները», ելնելով դրանց անվերապահ իրագործման նշանակությունից, այլ կերպ անվանվում էին նաեւ «պարտադիր պատերազմներ»։

Հնագույն դարաշրջանում հրեությունում «սրբազան» կամ «պարտադիր պատերազմի» հասկացությունը համալրվեց եւս երեք բաղադրիչներով։

1. Ինքնապաշտպանություն – Հրեական համայնքի, ընտանիքների անդամների եւ սեփական կյանքի պաշտպանությունը, որը նույնպես ամրագրված է Աստվածաշնչում, հանդիսանում է «պարտադիր պատերազմ»։ Ինքնապաշտպանական պատերազմների մասին աստվածաշնչյան գրությունում ասվում է. «Եթե ինչ-որ մեկը եկել է քեզ սպանելու մտադրությամբ, սպանի՛ր նրան առաջինը»։

2. Կանխարգելիչ պատերազմ – Կանխարգելիչ կամ զսպման պատերազմները, որոնք համարվում են ինքնապաշտպանության դրսեւորումներից մեկը, իրականացվում են այն ժամանակ, երբ ակնառու է դառնում թշնամիների կողմից հրեա ժողովրդի անվտանգությանը ներկայացող սպառնալիքը։ Կանխարգելիչ պատերազմը նախատեսում է նախահարձակ գործողություններ։

3. Սպառնալիքի կանխարգելում` դաշնակցին աջակցելու միջոցով - «Պարտադիր պատերազմի» վարման այս տեսակը գործի է դրվում այլ տարածքում թշնամու առաջխաղացման կանխման եւ սեփական ուժերի ուղղությամբ նախահաս սպառնալիքի ոչնչացման նպատակով։

«Ոչ պարտադիր» կամ «սովորական պատերազմներ»

Հնագույն ժամանակաշրջանում հրեա ժողովրդի վարած բոլոր պատերազմները, որոնք չեն համարվել «սրբազան առաքելություն», բնորոշվել են «սովորական կամ ոչ պարտադիր պատերազմներ»։ Աստվածաշնչյան պատմություններում, որպես «ոչ պարտադիր պատերազմի» օրինակ, առանձնացվում է Դավիթ թագավորի ժամանակաշրջանը (Ք.ա. 10-րդ դար). վերջինս թշնամիներին զենքի ուժով հնազանդեցնելու որոշում ընդունեց, սակայն կարողացավ իրականացնել իր որոշումը միայն այն բանից հետո, երբ ստացավ «Իմաստունների խորհրդի» համաձայնությունը։ Թալմուդում նման խորհրդի ստեղծումը կապվում է Մովսեսի անվան հետ, որը նշանակեց ընդհանուր առմամբ 71 իմաստուն դատավորների, որպեսզի վերջիններս աջակցեն իրեն` ժողովրդի ղեկավարման հարցերում։

Հարկ է նշել, որ «ոչ պարտադիր պատերազմներին» մասնակցության հարցում առկա էին որոշակի սահմանափակումներ. դրանց կարող էին մասնակցություն ցուցաբերել միայն խիզախ եւ հավատացյալ մարդիկ, արգելվում էր մարտին մասնակցել դեռեւս չամուսնացած տղամարդկանց։

Արժեքների փոփոխում

Միջնադարյան ժամանակաշրջանում հրեական համայնքներն ապրում էին բավական բարդ ռազմաքաղաքական իրադրությունում։ Մերձավոր Արեւելքում հաճախակի դարձած պատերազմները եւ մասնավորաբար Խաչակրաց արշավանքները զգալի բացասական հետք են թողել տեղի հրեական համայնքների ինքնապաշտպանության եւ ինքնակազմակերպման գործընթացի վրա։ Չունենալով պետականություն եւ գտնվելով տարբեր ժողովուրդների տիրապետության տակ` հրեական համայնքները չեն կարողացել կազմակերպված եւ հավաքական դիմադրություն ցույց տալ հակառակորդների հարձակումներին։

Արդյունքում` միջնադարում հրեությունում պատերազմի վարման էթիկայի նախկին գաղափարական հիմնադրույթները ոչ միայն լուրջ զարգացում չեն ունեցել, այլեւ դրանցում սկսել են շոշափելի դառնալ խաղաղասիրական մոտեցումները։ Միջնադարյան ռաբբիական հոգեւոր-բարոյական ուսմունքների զգալի հատվածում ուղղակիորեն արգելվում էր մասնակցել պատերազմներին բոլոր հոգեւորականներին եւ այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությունն ու կյանքը նվիրաբերել էին Աստծուն ծառայելուն։

Ավանդույթների վերիմաստավորում

Հրեությունում պատերազմի վարման միջնադարյան ռաբբիական գաղափարական սկզբունքները որոշակիորեն վերիմաստավորվեցին 19-րդ դարի վերջերին, երբ պատմության թատերաբեմ եկավ սիոնիստական շարժումը։ Սիոնիստ հոգեւորականության առաջնորդները պատերազմի վարման էթիկայի հիմնահարցում կրկին վերադարձան հրեական հնագույն ավանդույթներին, որտեղ առաջնակարգ նշանակություն էր տրվում հոգեւոր-բարոյական արժեքաբանությանը։ Դա են հաստատում ժամանակաշրջանի հրեա քաղաքական գործիչների ու հոգեւորականների առաջարկած պատերազմի էթիկայի հարցադրումները։ 19-րդ դարի կեսերի հայտնի ռաբբի Սամուել Դավիթ Լուցատուն իր կրոնական ուսմունքներում ասում է. «հրեա ժողովրդի կողմից պատերազմի սկսումը կարող է համարվել արդարացված, եթե դու ոտքի ես ելել թշնամու դեմ»։ Հոգեւորականը «թշնամի» ասելով նկատի է ունենում աստվածաշնչյան այն «զավթողներին, ովքեր մտել են մեր տարածք` կողոպտելու նպատակով»։

Ի տարբերություն հնագույն ժամանակաշրջանում պատերազմի վարման էթիկայի ձեւավորված պատկերացումների, սիոնիստ քաղաքական առաջնորդներն այս հարցում ձգտում էին հուդայական հոգեւոր-բարոյական սկզբունքները համադրել պետական եւ աշխարհիկ գաղափարաբանական արժեքների հետ, ինչն առաջնակարգ նշանակություն պետք է ունենար հրեական պետականության հիմնադրման գործընթացում։

Պատերազմի վարման էթիկայի` սիոնիստական մոտեցումների հիմքում դրված էր 20-րդ դարասկզբին Պաղեստինում ձեւավորված հրեական ազգային-ազատագրական պայքարը` որպես ինքնապաշտպանություն եւ ազատագրում։ Բավական խորհրդանշական են Վարշավայի ռաբբի Մենահեմ Զեմբայի (1883–1943թթ.) մոտեցումները պատերազմի վարման էթիկայի վերաբերյալ։ Նրա պնդմամբ, «Թորան արգելում է հրեաներին մասնակցել ագրեսիվ կամ զավթողական պատերազմներին. անհրաժեշտության դեպքում մենք պետք է դիմակայենք թշնամուն բոլոր ճակատներում, Հալախան (հուդայականության օրենքների ու իրավական նորմերի ամբողջություն, հուդայական ավանդական իրավունք) պահանջում է, որպեսզի պայքարենք ու դիմակայենք մինչեւ վերջ` անասելի վճռականությամբ եւ խիզախությամբ` հանուն Աստծո անվան սրբացման»։

Պատերազմի էթիկայի հիմնահարցի վրա խոր ազդեցություն ունեցան նաեւ Եվրոպայում հրեաների հետապնդումների ու բռնությունների ալիքն ու Հոլոքոստը։ Հրեության հատկապես պահպանողական շրջանակներում սկսվեցին զուգահեռներ անցկացվել հնագույն դարերից ի վեր հրեա ժողովրդի հերոսապատումների ու Հոլոքոստի միջեւ։ Ի տարբերություն հնագույն դարերում հրեա ժողովրդի` հանուն Հայրենիքի ինքնազոհաբերման փառահեղ էջերի, Հոլոքոստը, ըստ սիոնիստ գաղափարախոսների, ասոցացվում էր պասիվ զոհողության ու հարմարվողականության հետ։ Մյուս կողմից, Եվրոպայի հրեաների նկատմամբ բռնությունների ալիքը նոր լիցք հաղորդեց Պաղեստինում հաստատված հրեաների ազգային ազատագրական պայքարին։ Տեղին է հիշատակել 1943թ. այդ առիթով Դավիթ Բեն-Գուրիոնի ելույթը. «Մենք ապրել ենք արտաքսման կյանքը, կախվածությունը, ստորացումը, ստրկությունն ու դեգրադացիան։ Ոչ միայն ուրիշները մեզ բերեցին դրանց, այլեւ մենք ինքներս եկանք դրանց եւ ընդունեցինք մեր թուլությունը, մեր արտաքսումը... Մենք չգիտեինք ինչպես ապրել ու մեռնել` որպես ազատ մարդիկ։ Մասադայի ու Թել-Հայի ինքնապաշտպանության նման, հրեաները պետք է ընտրեն այլ մահ` ոչ թե անուժ, անօգնական, անարժեք զոհաբերում, այլ զենքը ձեռքներիս մահ»։

20-րդ դարասկզբին Պաղեստինում հաստատված հրեական բնակավայրերի ինքնապաշտպանության խորհրդանիշ դարձան Թորայում ամրագրված Աստծո խոսքերը. «Տիրե՛ք այդ հողերին եւ բնակեցրե՛ք դրանք, քանզի այդ հողերը ձեզ եմ տալիս Ես, որպեսզի դուք տիրեք դրանց»։ Կրոնական սիոնիզմի խոշորագույն գործիչներից մեկի` Ցվի Յեհուդա Կուկի (1891–1982թթ.), որը եւ Պաղեստինի վերաբնակեցման շարժման գաղափարախոսն է, ուսմունքի համաձայն, «...Իսրայելի տարածքի վրա հրեական ինքնիշխանության հաստատումն ամրագրված է Թորայով. երբե՛ք կամավոր չպետք է հանձնել Իսրայելի աստվածաշնչյան սահմաններից անգամ ոչ մի հողակտոր»։ Իսկ Ցվի Յեհուդա Կուկի հոր` Աբրահամ-Իսահակ հա-Քոհեն Կուկի կրոնափիլիսոփայական աշխատություններից մեկում` «Օրոթ» գրքում (եբր. թարգմ.` «Կրակներ») խոսվում է Իսրայելի հետ հրեա ժողովրդի հատուկ ներքին կապի գոյության եւ այն մասին, որ Աստծո կամոք հրեա ժողովրդի հոգեւոր զարգացումն ու արարումը հնարավոր է միայն Էրեց-Իսրայելի տարածքում։

20-րդ դարասկզբից հրեությունում պատերազմի վարման էթիկայի` պահպանողական մոտեցումների առաջմղումը հետագա արտացոլում գտավ նաեւ 1948թ. Իսրայել պետության հիմնադրումից անմիջապես հետո ձեւավորված Իսրայելի պաշտպանության ուժերի մարտական ավանդույթներում։ Իսրայելի պաշտպանության բանակի դոկտրինում ամրագրված են հուդայականության հոգեւոր-բարոյական հիմնարար արժեքներն ու հրեության ազգային ինքնության անքակտելի սկզբունքները։ Առանձնացնենք դոկտրինի հոգեւոր-բարոյական որոշ հիմնադրույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն պատերազմի վարման էթիկական հիմնահարցի հետ։ Առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում այսպես կոչված «համաչափ փոխհատուցման» սկզբունքը, ըստ որի` հակառակորդի կամ հակառակորդների կողմից Իսրայել պետության, նրա բնակչության եւ համայն հրեության անվտանգությանը նետված յուրաքանչյուր սպառնալիք կամ գործողություն պետք է ստանա Իսրայելի պաշտպանության բանակի` սպառնալիքին հավասար կամ համաչափ պատասխան («ակն ընդ ական» սկզբունքը)։ Հետագայում, կապված Իսրայելի եւ հրեության անվտանգությանը նետված նոր մարտահրավերների հետ, կարեւորություն ստացավ այսպես կոչված «ասիմետրիկ փոխհատուցման» սկզբունքը, որի համաձայն` հրեությանը հասցեագրված սպառնալիքների հակազդման հարցում գործում է ոչ թե ուղիղ, այլ անհամաչափ պատասխանի սկզբունքը։

Պատերազմի էթիկայի հիմնադրույթների շարքում առանձնացվում է նաեւ Իսրայելի «պարտության անթույլատրելիության» սկզբունքը, որն ամրագրված է երկրի պաշտպանության ուժերի դոկտրինի «Հիմնական հայեցակարգ» մասնաբաժնի առաջին կետով` «Իսրայելը չի կարող պարտություն կրել անգամ մեկ պատերազմում»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր