ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԸ
«Փաստորեն ես գոյություն չունեմ, քանի որ չունեմ ոչ մի փաստաթուղթ: Հետաքրքիր է, եթե ես մահանամ, ի՞նչ գրված կլինի գերեզմանիս վրա: Միայն անու՞նս, որն ինձ տվել են մանկատանը: Իսկ արդյո՞ք ես գերեզման կունենամ».- վհատված ասում է 18 տարին վերջերես բոլորած Ռադիկը:
Անցյալ տարի նա լքել է ինտերնատը, որտեղ անցկացրել է իր կյանքի 16 տարին: Պահպանված գրառումներից իմացել է, որ իրեն գտել են փողոցում մոտավորապես 2 տարեկանում:
Նրան անվանել էին Ռադիկ, իսկ այն օրը, երբ գտել էին` հուլիսի 12-ը, դարձել էր նրա ծննդյան օրը: Բայց թե ինչու՞ պաշտոնապես չէին ձևակերպել ու ապահովել փաստաթղթերով, նա չգիտի:
Արդբեջանում քիչ չեն Ռադիկի նմանները: «Երեխաներին պետական ձեռնարկություններից ընտանիքներին, այլընտրանքային հոգածության փոխանցելու և դեինստիտուալիզացիայի» պետական ծրագրի շրջանակներում մանկատներում և գիշերօթիկ դպրոցներում 2006-ից իրակակցվող մոնիտորինգը պարզել է, որ 55 մանկական հաստատություններում կան 50-ից ավելի առանց փաստաթղթերի երեխաներ:
Կրթության նախարարության աշխատակցուհի Մալախաթ Հաջիևայի խոսքերով, լքված երեխաներին հիմնականում թողնում են առանց անձը հաստատող փաստաթղթերի:
«Երբ ոստիկանությունը գտնում է այդպիսի երեխաների, նրան հետաքննում են, արդյո՞ք երեխան չունի ծնողներ, հարազատներ, խնամակալներ, և արդյո՞ք այդ երեխան ստացել է փաստաթղթեր: Երբ չեն հայտնաբերվում ոչ հարազատներ, ոչ էլ փաստաթղթեր, ոստիկանությունը մանկատանն է տալիս երեխային նրանց կողմից կազմված արձանագրության հիման վրա»,- ասում է Հաջիևան:
«Չկա պետական հատուկ կառույց, որը զբաղվեր այդպիսի երեխաների փաստաթղթերի ձևակերպմամբ: Մանկական հաստատությունների ղեկավարները ստիպված իրենք են զբաղվում դրանով: Իսկ նրանց ուժերից վեր է միայնակ լուծել բոլոր երեխաների փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Այդ պատճառով էլ առաջանում են այդպիսի խնդիրներ»,- հավելում է նա:
Հաջիևան ասում է` խնդիրը լուծելու համար իրենք դիմել են Արդարադատության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ.
«Պարզվեց` սա շատ բարդ ու երկարատև գործընթաց է: Անհրաժեշտ է հավաքել բազում փաստաթղթեր: Քանի որ գոյություն չունի կոնկրետ կառույց, պետական պաշտոնյա, որը զբաղվի այդ գործերով, մենք` Կրթության նախարարությունը, այդ խնդրի լուծումը վերցրել ենք մեզ վրա: Բայց մենք չունենք բավականաչափ մարդկային ռեսուրս: Այդ պատճառով մենք այս աշխատանքում ներգրավել ենք տարբեր ՀԿ-ների ու հասել ենք որոշակի հաջողությունների` 51 երեխաների մոտ կեսը արդեն կարողացել են ստանալ փաստաթղթեր»:
«Երեխաների իրավունքների կլինիկան» Կրթության նախարարության օժանադակող ՀԿ-ներից մեկն է: Ըստ կլինիկայի ղեկավար Նազիր Գուլիևի, հետազոտությունները պարզել են, որ 51 երեխաներից 11-ի համար անցյալում ձևակերպվել են փաստաթղթեր. «Դրանց մի մասը կորել էին, մի մասը` ինչ-որ տեղ մնացել: Իսկ երեխան տեղյակ չէր, որ ունի անձը հաստատող փաստաթուղթ»:
ՀԿ-ի ջանքերով` մյուս 40 երեխաներից 22-ի համար արդեն ձևակերպվել են ծննդյան վկայականներ:
Կրթության նախարարության ներկայացուցիչն ասում ` երեխաների մեծ մասը փաստաթղթերը ստանում է դատարանի որոշումով.
«Դատական քննությունները անվերջ ձգձգվում են: Եթե պարզվում է, որ երեխան ունի ծնողներ, ովքեր անգամ ծնված օրվանից չեն զբաղվել նրանով, միևնույն է ստիպված պետք է գտնել այդ ծնողներին: Առանց դատական գործընթացին նրանց ներգրավման որոշում չի կայացվում: Իսկ եթե երեխան ծնվել է հիվանդանոցում, այլ ոչ թե տնային պայմաններում, ստիպված ենք փնտրել նրա ծննդյան վկաներին: Երբեմն այդ ամենը տարիներ է խլում: Բայց մենք թևաթափ չենք լինում և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»:
Իրավաբան Ալեսկեր Մամեդլին կարծում է, որ այս բյուրոկրատիան իրականում անհիմն է. «Ամեն դեպքում, եթե երեխան ծնվել է Ադրբեջանում, նա ինքնըստինքյան դառնում է երկրի քաղաքացի: Եթե երեխան ինչ-որ ձևով հայտնվում է պետական մանկական հաստատությունում, ապա տեղի ոստիկանական վարչությունը քաղաքացիների գրանցման վարչության հետ միասին պարտավոր է այդ երեխային տալ համապատասխան փաստաթղթեր: Ես համարում եմ, որ եթե երեխաները չեն կարողանում երկար ժամանակ փաստաթղթեր ստանալ, ապա դրա պատճառը պատասխանատու մարդկանց անգործությունն է»:
Ըստ իրավաբանի` երեխաներին անձը հաստատող փաստաթղթերով չապահովելը սահմանափակում է նրանց բոլոր քաղաքացիական իրավունքները.
«Օրինակ` մարդիկ, որոնք չեն ստացել փաստաթղթեր, երբեք չեն կարող նոտարում որևէ փաստաթուղթ հաստատել, չեն կարող ստանալ մեքենա վարելու իրավունք, չեն կարող որևէ կրթություն ստանալ, չեն կարող ունենալ մշտական բնակության վայր, քանի որ ամենուր նրանցից պիտի պահանջեն փաստաթղթեր: Դա իրավունքների լուրջ խախտում է, և որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի դրա համար»:
Տեղեկանալով, որ որոշ երեխաներ, ովքեր նույնպես չեն ունեցել ոչ մի փաստաթուղթ, ստացել են դրանք, Ռադիկը շատ է ուրախացել: Հիմա նա անհամբեր սպասում է իր հերթին. «Հենց փաստաթղթերս ստանամ, անմիջապես աշխատանքի կընդունվեմ: Այդ դեպքում կկարողանամ բնակարան էլ վարձել: Թե չէ ինչքան կարելի է բակերում ու մուտքերում քնել»:
Այթեն Ֆարհադովա
«Էքսպրես» թերթի լրագրող, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից:
Հոդվածը պատրաստվել է IWPR-ի «Հարեւաններ» հայ-ադրբեջանական նախագծի շրջանակներում:
դեպի ետ