• am
  • ru
  • en
Версия для печати
14.10.2009

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

   

Վահրամ Հովյան

Vahram Hovyan (medium)

Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում տեղի են ունենում աննախադեպ զարգացումներ։ Դրանց դրսևորումներից է հայ-վրացական սահմանազատման հարցի սրումը սույն թվականի օգոստոսի վերջին, երբ վրացի սահմանապահները բռնագրավեցին ՀՀ-ին պատկանող սահմանամերձ Բավրա գյուղի որոշ հողատարածքներ՝ զրկելով տեղի բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հնարավորությունից։

Սակայն առավել աննախադեպ էր սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական ծառայությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից Ջավախքի հիմնախնդիրների բարձրացումը։ ՀՀ նախագահը, անդրադառնալով Ջավախքի հիմնախնդրին, նշեց. «Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից։ Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրագրումը։ Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական Առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը։ Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»1։ Նախկինում ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահի մակարդակով, երբևէ չէր բարձրացրել Ջավախքում լեզվական, կրոնական և ազգային ինքնության պահպանմանն առնչվող այլ հարցեր։ Ընդհակառակը, մինչ այդ ՀՀ իշխանությունները խուսափում էին այդ հիմնահարցերից՝ կոչ անելով ջավախքցիներին տիրապետել վրացերենին։

Եթե հայ-վրացական սահմանային միջադեպը մեծ արձագանք չունեցավ վրացական տեղեկատվական դաշտում, ապա այլ էր իրավիճակը Ս.Սարգսյանի վերոհիշյալ հայտարարության առնչությամբ։ Վրացական կողմը թե´ պաշտոնական և թե´ ոչ պաշտոնական մակարդակներով արձագանքեց ՀՀ նախագահի հայտարարությանը։ Այդ արձագանքի վերլուծությունն օգտակար կարող է լինել Ջավախքի նկատմամբ վրացական քաղաքականությունը (այդ թվում նաև՝ տեղեկատվական դաշտում) ավելի խոր հասկանալու համար։

Վրաստանի պաշտոնական արձագանքը Ս.Սարգսյանի հայտարարությանը հնչեցրին երկու պետական գործիչներ՝ ԱԳ նախարար Գ.Վաշաձեն և փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով պետնախարար Թ.Յակոբաշվիլին։

Առաջինի արձագանքը դիվանագիտական էր և խուսափողական։ Ս.Սարգսյանի հայտարարությանը Գ.Վաշաձեն անդրադարձավ սեպտեմբերի 4-5-ը Հայաստան կատարած այցի ընթացքում։ Զրուցելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ Վրաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Վրաստանում հարգանքով են վերաբերվում Հայաստանում հնչած ցանկացած գաղափարի նկատմամբ։ ՀՀ նախագահը, Գ.Վաշաձեի խոսքերով, չի ասել, թե Ջավախքում հայերենը պետք է հռչակել որպես մարզային լեզու։ Ս.Սարգսյանն ընդամենը առաջարկել է այդ հարցը քննարկել։ Իսկ Վրաստանը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Հայաստանի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ անկախ նրանից` հայերենին կտրվի մարզային լեզվի կարգավիճակ, թե ոչ, հայերը Վրաստանում պաշտպանված են, իրավահավասար, և նրանց իրավունքները երաշխավորված են, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունների պարագայում։ Հայերը, ըստ Գ.Վաշաձեի, Վրաստանի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են2։

Թ.Յակոբաշվիլու արձագանքը ՀՀ նախագահի հայտարարությանը, թեև նույնպես աչքի էր ընկնում քաղաքական կոռեկտությամբ, սակայն ավելի հստակ էր և կտրուկ։ Հարցազրույց տալով ռուսական «Независимая газета» թերթին՝ Վրաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ ինքը չի կարծում, թե Ս.Սարգսյանի հայտարարությունը կապված է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ, կամ դրա հետևում կանգնած են Ռուսաստանի շահերը։ Ըստ Թ.Յակոբաշվիլու՝ Հայաստանն ու Վրաստանը լավ հարևաններ են և այդպիսին էլ կմնան հետայսու։

Անդրադառնալով Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու հարցին՝ Վրաստանի փոխվարչապետը նշեց. «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում հայերենը միակ պետական լեզուն է»3։ Այս հայտարարությունը, ըստ էության, պարզ ակնարկ է առ այն, որ Վրաստանի համար ցանկալի չէ տեսնել հայերենը որպես պետական լեզու Վրաստանում։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու իրավական գրանցման և հայկական հուշարձանների պահպանման խնդրին, ապա այդ առնչությամբ Թ.Յակոբաշվիլին նշում է, որ Հայ Առաքելական եկեղեցու գրանցումն ընթացքի մեջ է, և Հայաստանը տեղյակ է պահվել այդ մասին։ Վրաստանում, ըստ Թ.Յակոբաշվիլու, բոլոր պատմական, ճարտարապետական, կրոնական հուշարձանները՝ անկախ դրանց ծագումից, գտնվում են պետության պահպանության ներքո, և դա նույնպես հայտնի է Հայաստանին։ Պարզապես խնդիր կա մի քանի վիճելի հուշարձանների և եկեղեցիների շուրջ։ Սակայն կարևորն այն է, որ այդ վիճելի հարցերով զբաղվեն պատմաբաններն ու մասնագետները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։

Ինչ վերաբերում է Բավրա գյուղի մոտ տեղի ունեցած սահմանային միջադեպին, ապա Թ.Յակոբաշվիլու կարծիքով` նմանատիպ միջադեպեր եղել են և կլինեն, քանի դեռ վերջնականապես լուծված չէ հայ-վրացական սահմանի հստակեցման և ապառազմականացման հարցը։ Իսկ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են հայ- վրացական համատեղ հանձնաժողովի կողմից։

Վրացական ոչ պաշտոնական շրջանակների արձագանքը Ս.Սարգսյանի հայտարարությանը չուներ պաշտոնական արձագանքին բնորոշ քաղաքական կոռեկտությունը։ Այստեղ գնահատականներն ու մեկնաբանությունները տրվում էին առավելապես բաց տեքստով։ Ոչ պաշտոնական շրջանակների գնահատականներում գերիշխող էին հակահայկական և հակառուսական տրամադրությունները, իսկ մեկնաբանությունները կապվում էին հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման, ռուսական գործոնի ազդեցության և այլ հանգամանքների հետ։

Այսպես, ռուսական «Независимая газета» թերթին տված հարցազրույցում Վրաստանի քաղաքական գործիչներից մեկը, որի անունը չի նշում ռուսական պարբերականը, Ս.Սարգսյանի հայտարարությունը կապել է հայ-թուրքական հարաբերություններում վերջերս տեղի ունեցող զարգացումների հետ։ Ըստ այդ գործչի՝ Ս.Սարգսյանի հայտարարությունը հաջորդեց հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ տեղեկություններին։ Փաստորեն, եզրակացնում է քաղաքական գործիչը, Հայաստանի իշխանություններն այս բոլոր տարիների ընթացքում անկեղծ չեն եղել Վրաստանի նկատմամբ, և դա պայմանավորված էր նրանով, որ Վրաստանը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող միակ պատուհանն էր4։

Ըստ էության, ստացվում է, որ, համաձայն վրացի քաղաքական գործչի, Հայաստանը միշտ էլ Վրաստանի նկատմամբ ոտնձգություններ կատարելու ցանկություն կամ հավակնություն է ունեցել։ Պարզապես մինչ այժմ առկա աննպաստ հանգամանքները թույլ չեն տվել դա անելու։ Այժմ Հայաստանի համար ավելի բարենպաստ իրավիճակի պայմաններում վերջինս գնում է Վրաստանի նկատմամբ ոտնձգություններ կատարելու ճանապարհով։

Վրացական www.apsny.ge կայքէջը, վկայակոչելով «Ախալի տաոբա» (Նոր սերունդ) թերթը, հայ-վրացական հարաբերություններում նկատվող վերջին զարգացումները կապում է ռուսական գործոնի հետ։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ ապակայունացնել իրավիճակը Սամցխե-Ջավախքում, ինչին նպաստում են տեղական ծայրահեղական կազմակերպությունները և հայ քաղաքական գործիչները։ Ինչպես հաղորդում է կայքէջը, վրացական փորձագետները վաղուց սպասում էին իրավիճակի լարվածություն Սամցխե-Ջավախքում5։

Հրապարակված նյութի մեջ ՀՀ նախագահի հայտարարությունը Ջավախքի կապակցությամբ ընկալվում է որպես հակավրացական։ Նշվում է, որ եթե մինչ այժմ հակավրացական հայտարարություններով հանդես էր գալիս միայն Հայաստանի ընդդիմությունը, իսկ իշխանությունները ձեռնպահ էին մնում այդպիսի քայլերից, ապա այժմ, Հայաստանի նախագահի կարծիքով, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհումը, Հայ Առաքելական եկեղեցու իրավական գրանցումը և հայկական հուշարձանների պահպանումը միայն կնպաստեն հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը6։ Փաստորեն, հայ-վրացական բարեկամության ամրապնդման կոչը՝ լեզվական, կրոնական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների լուծման միջոցով հակավրացական է դիտվում։ Հրապարակված նյութի կանխատեսմամբ՝ Ս.Սարգսյանի հայտարարությունը կոգևորի Սամցխե-Ջավախքի անջատողական ուժերին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում աչքի չէին ընկնում մեծ ակտիվությամբ7։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գ.Կանդելակին նույնպես Ս.Սարգսյանի հայտարարությունը կապում է ռուսական ազդեցության հետ։ Ըստ վրացի խորհրդարանականի՝ Ռուսաստանն ուժեղացնում է ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի վերջինիս հրահրի իր հյուսիսային հարևանի դեմ։ Համաձայն Գ.Կանդելակիի՝ Վրաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել հայերին երկրի հասարակական կյանքին ինտեգրելու համար։ Սակայն, չնայած դրան, Ռուսաստանը կարող է օգտագործել Ջավախքը՝ տարածաշրջանում դրությունը ապակայունացնելու համար8։

Հայաստանի նախագահի հնչեցրած հայտարարության կապակցությամբ ինքնատիպ մոտեցում է ցուցաբերել Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մ.Արեշիձեն։ Նրա կարծիքով, եթե Հայաստանը հայերենը պետական լեզու հռչակելու հարց բարձրացներ նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջ, որտեղ նույնպես համախումբ կերպով բնակվում են հայեր, ապա դա հասկանալի կլիներ։ Մինչդեռ տվյալ դեպքում, Մ.Արեշիձեի խոսքերով, կասկածներ են առաջանում, որ Հայաստանը խոսում է այդ խնդրի մասին այնտեղ, որտեղ կարողանում է դա անել9։

Այս մոտեցումը համահունչ է Ջավախքը որպես հայկական սփյուռքի համայնքներից մեկը դիտարկելու և այդպիսին ներկայացնելու վրացական ավանդական տեղեկատվական քաղաքականությանը։ Ջավախահայությունը դիտվում է ոչ թե որպես իր սեփական երկրում ապրող Հայության մի հատված, այլ որպես օտար երկրում բնակություն հաստատած սփյուռքահայ համայնքներից մեկը, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայ համայնքները։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ.Սագարեիշվիլին կարծում է, որ Հայաստանի նախագահի առաջարկության կենսագործումը կհանգեցնի Վրաստանի և նրա պետականության վերացմանը։ Եթե Ջավախքում հայերենին տրվի մարզային լեզվի կարգավիճակ, ապա նման պահանջով հանդես կգան նաև Վրաստանի այլ ազգային փոքրամասնությունները՝ ադրբեջանցիները, քրդերը և այլն։ Ըստ Գ.Սագարեիշվիլու՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեն ազատորեն կիրառելու իրենց մայրենի լեզուները (նկատի ունի ներքին հաղորդակցության ժամանակ՝ ոչ պաշտոնական մակարդակում- Վ.Հ.)։ Հայերը, մասնավորապես, որոնք ապրում են ինչպես Ջավախքում, այնպես էլ Թբիլիսիում, բացի իրենց մայրենի լեզվով խոսելու հնարավորությունից, ունեն նաև իրենց դպրոցները, թատրոնները, եկեղեցիները։ Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար, համաձայն վրացի պատգամավորի, լավ կլիներ, որ ուսումնասիրեին վրացերենը10։

Վրացի խորհրդարանականի այս մեկնաբանությունները վերաբերում են լեզվական խնդրին։ Սակայն ՀՀ նախագահի հայտարարությունն ավելի լայն ծավալվելու տեղիք տվեց Գ.Սագարեիշվիլուն։ Նա նշում է, որ Վրաստանն իր հերթին կարող է հավակնություններ ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ 1921թ., երբ Վրաստանում իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը, Քվեմո-Քարթլիի որոշ տարածքներ տրվեցին Հայաստանին։ Այդ տարածքներում «կան վրացական պատմամշակութային հուշարձաններ, որոնք այժմ գտնվում են ողբալի վիճակում»։ Մինչդեռ Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, ըստ վրացի պատգամավորի, վերանորոգվում են և տրվում օգտագործման։ Բացի այդ, երբ հայերը հալածանքների էին ենթարկվում հզոր ուժերի կողմից, վրացիները ապաստան են տվել և պաշտպանել նրանց։ Վրացի պատգամավորն ավելի հեռուն է գնում և նշում, որ հայերը հավակնություններ ունեն նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն նրանք պետք է գիտակցեն, որ «դատապարտված են ապրելու ադրբեջանցիների հետ միասին»։ Դա, համաձայն Գ.Սագարեիշվիլու, պետք է հիշեն նաև աբխազներ ու օսերը։ Վրացի պատգամավորի կարծիքով՝ և´ հայերը, և´ աբխազներն ու օսերը պետք է գիտակցեն, որ հեռու չէ այն օրը, երբ Վրաստանն ու Ադրբեջանը ոտքի կկանգնեն իրենց «պատմական տարածքները ազատագրելու համար»11։

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահի հայտարարությունը առիթ եղավ վրացական որոշ շրջանակների համար՝ ի դեմս պատգամավոր Գ.Սագարեիշվիլու, ծավալելու հակահայ քարոզչություն։ Մեկնաբանելով Ս.Սարգսյանի հայտարարությունը՝ վրացի պատգամավորն անդրադառնում է Հայաստանի նախագահի բարձրացրած լեզվական հարցին՝ խոսքի մեծ մասը նվիրելով այլ թեմատիկ շրջանակներում հակահայ քարոզչությանը։

Անկախ փորձագետ Զ.Անջափարիձեն հայ-վրացական հարաբերություններում վերջին զարգացումները դիտարկում է որպես երկու երկրների միջև լարվածության արտահայտություն։ Նրա կարծիքով` պատահական չէ, որ հայ-վրացական սահմանային միջադեպը Բավրա գյուղի մոտ, որի շուրջ, ըստ փորձագետի, մեծ աղմուկ են բարձրացրել հայկական լրատվամիջոցները, և Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի հայտարարությունը Ջավախքի վերաբերյալ ժամանակային առումով համընկնում են։ Փորձագետի կարծիքով՝ որքան էլ փորձեն համոզել, թե Հայաստանի նախագահի խոսքերը լրատվամիջոցների կողմից ներկայացվում են համատեքստից կտրված և իրականում նա խոսել է հայ-վրացական հարաբերությունների խորացման մասին, խնդիրը հնարավոր չէ թաքցնել։ Փորձագետը գտնում է, որ Թբիլիսիի կողմից խնդիրները շարունակաբար քողարկելու քաղաքականությունն է հանգեցրել դեպքերի ներկայիս վիճակին։ Իրականում, Հայաստանի նախագահի ելույթում հնչած մտքերը ոչ միայն հստակ էին, այլև, ըստ Զ.Անջափարիձեի, սպառնալիք էին պարունակում։ Փորձագետը որպես սպառնալիք է գնահատում Ս.Սարգսյանի այն միտքը, որ Ջավախքի հարցերում Հայաստանը պետք է լինի նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային։ Համաձայն փորձագետի՝ այդ արտահայտության նպատակն է Թբիլիսիին հասկացնել, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված և պետք չէ թերագնահատել Հայաստանի նախագահի ելույթը։

Փորձագետի կարծիքով՝ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցումը խոր անհանգստություն է առաջացրել Հայաստանում, որը փորձում է ամեն կերպ տապալել այդ նախագծի իրականացումը։ Ըստ Զ.Անջափարիձեի՝ Հայաստանը դեմարշ է սկսում Վրաստանի դեմ այն ժամանակ, երբ վերջինս ուշքի չի եկել 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից, և Ռուսաստանի հետ ռազմական նոր բախման հավանականությունը դեռևս մեծ է։ Հաշվի առնելով այն, որ Վրաստանի դեսուվերենացման գաղափարը դեռևս պահպանվում է ռուսաստանյան շրջանակներում, անհիմն չէ այն վարկածը, որ Հայաստանի սադրանքների հետևում կանգնած է Մոսկվան։ Ըստ Զ.Անջափարիձեի, եթե Վրաստանը զիջման գնա և հայերենին շնորհի մարզային լեզվի կարգավիճակ, նմանատիպ պահանջով կարող են հանդես գալ նաև Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունները, օրինակ՝ ադրբեջանցիները12։

Փորձագետի մեկնաբանություններում միակ կառուցողական դատողությունն այն է, որ, ըստ նրա, առկա իրավիճակի պատճառն այն է, որ Վրաստանի թե´ նախկին և թե´ ներկա իշխանությունները լուրջ ուշադրություն չեն դարձրել ազգային փոքրամասնություններին վրաց հասարակության մեջ ինտեգրելու հարցի վրա, թեև այդ նպատակով ծախսվել են զգալի միջոցներ։ Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, հանուն արդարության պետք է նաև նշել, որ Վրաստանի իշխանությունների գործադրած ջանքերն ազգային փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ բարենպաստ հողի վրա չեն հայտնվել13։ Նա, ըստ էության, մեղադրանք է ներկայացնում ազգային փոքրամասնություններին՝ քողարկված կերպով հանդիմանելով նրանց Վրաստանի իշխանությունների գործադրած ջանքերին չարձագանքելու համար։

Փորձագետը գտնում է, որ Հայաստանի նախագահի ելույթը կոգևորի Ջավախքի կենտրոնախույս ուժերին՝ անջատողականության ալիք բարձրացնելով այդ տարածաշրջանում։ Պետք չէ աչք փակել և անուշադրության մատնել Ս.Սարգսյանի ելույթը։ Կոնֆլիկտները սովորաբար սկսվում են նախագահների հայտարարություններից հարևան պետություններում հայրենակիցների ծանր վիճակի մասին, դրան հաջորդում են բախումները տեղեկատվական դաշտում, այնուհետև՝ սահմանային միջադեպերը, որոնք էլ վերաճում են լուրջ բախումների։ Վերջում փորձագետը նշում է, որ, եթե Թբիլիսին մերժի հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհումը և այդ հողի վրա սկսվեն բախումներ, ապա Երևանն անմիջապես կհայտարարի, որ ցանկանում էր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, իսկ Թբիլիսին համարժեք մոտեցում չցուցաբերեց։ Այնպես որ` գնդակը Վրաստանի դաշտում է14։

Լեյբորիստական կուսակցության՝ միջազգային հարցերով քարտուղար Նեստան Կիրտաձեն Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի կողմից լեզվական և կրոնաեկեղեցական հարցերի բարձրացումը համարում է սադրանք՝ պահանջելով ինչպես պաշտոնական Թբիլիսիից, այնպես էլ վրաց հասարակությունից ու ընդդիմությունից հստակ և կոշտ պատասխան տալ հայկական կողմին։ Վրաստանը պետք է հասկացնի հայկական կողմին, որ բազմազգ երկիր է, հանդուրժողական, սակայն իր ինքնիշխանության և տարածքների հաշվին չի համաձայնի սադրանքի։

Վրացի քաղաքական գործիչը գտնում է, որ այդպիսի սադրանքները նախագահ Մ.Սահակաշվիլու և նրա վարչակարգի գործունեության հետևանքով են ի հայտ գալիս։ Իրենց անհեռատես քաղաքականությամբ Վրաստանի իշխանությունները երկիրը հասցրել են այդ վիճակի։ Եթե Վրաստանի արտաքին քաղաքականության գիծը լիներ խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, այսօր երկիրը չէր կանգնի սադրանքները դիմագրավելու խնդրի առջև։ Մինչդեռ Մ.Սահակաշվիլու վարչակարգն իր արկածախնդիր և չմտածված քաղաքականությամբ երկրի ինքնիշխանությունը դրել է լրջագույն սպառնալիքների տակ։ Մ.Սահակաշվիլու վարած քաղաքականության հետևանքով Վրաստանը տարածքային կորուստներ ունեցավ, երկրի տարածքի վրա ստեղծվեցին երեք ինքնիշխան պետություններ, իսկ Վրաստանի հետագա մասնատման և ինքնիշխանության կորստի վտանգն այսօր էլ իրական է։ Ն.Կիրտաձեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին` այլևս չգնալ սադրանքների15։

Թե որքանով է Մ.Սահակաշվիլու վարած քաղաքականության նկատմամբ վերոնշյալ քննադատությունն օբյեկտիվ և հիմնավոր, այլ քննության հարց է։ Կարևորն այն է, որ վերոնշյալ մեկնաբանությունը, ըստ էության, վրացական ներքաղաքական կյանքում Ջավախքի գործոնը շահարկման առարկա դարձնելու դրսևորումներից է։ Վրացական ընդդիմադիր ուժը Հայաստանի նախագահի հայտարարությունն օգտագործում է որպես առիթ՝ նախագահ Մ.Սահակաշվիլուն քննադատելու համար։

Հնչած գնահատականներից էապես տարբերվում են Ս.Սարգսյանի հայտարարության` վիրահայ առաջնորդների մեկնաբանությունները։ Վրաստանաբնակ Հայության առաջնորդներից մեկը՝ «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահ Առնոլդ Ստեփանյանը, ռուսական «Независимая газета» թերթին տված հարցազրույցում նախ արձանագրել է, որ Ս.Սարգսյանը հայաստանյան իշխանությունների առաջին ներկայացուցիչն է, ով հանդես է գալիս Վրաստանում հայոց լեզվի կարգավիճակի բարձրացման առաջարկությամբ։ Մինչ այս այդպիսի առաջարկությամբ հանդես էր գալիս միայն հայաստանյան ընդդիմությունը։ Այնուհետև, Ա.Ստեփանյանի կարծիքով, ՀՀ նախագահի հայտարարությունը չի հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը Ջավախքում։ Ջավախքցիները մինչ այդ էլ հանդես են եկել գործավարությունը, ինչպես նաև այլ թղթաբանությունը վրացերենի հետ մեկտեղ նաև հայերենով իրականացնելու պահանջով։ Ա.Ստեփանյանի մտահոգությունն այն է, որ Ս.Սարգսյանի հայտարարությունը կարող է ուժեղացնել վրացական որոշ շրջանակներում հակահայկական տրամադրությունները, որոնք ակտիվանում են տարին երկու-երեք անգամ պարբերականությամբ։ Ըստ «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահի՝ Ս.Սարգսյանը բարձրացրել է շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծել, այլ ոչ թե լռության մատնել16։

Ավելի դիվանագիտական էր Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի մեկնաբանությունը։ Ըստ նրա՝ Հայաստանի նախագահի խոսքերը ներկայացվում են համատեքստից կտրված։ Իրականում Ս.Սարգսյանը խոսել է վրաց հասարակության մեջ հայերի ինտեգրման անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է հայերենը Ջավախքում մարզային լեզու հռչակելու խնդրին, ապա, Վ.Բայբուրդի գնահատմամբ, Վրաստանի ազգային փոքրամասնություններն առանց այդ էլ ունեն իրենց լեզուներն ազատորեն կիրառելու հնարավորություն։ Իսկ ջավախահայության մասով Վ.Բայբուրդը գտնում է, որ լավ կլիներ, եթե նրանք առաջին հերթին սովորեին վրացերեն17։

Վրաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ջավախքի նկատմամբ բնորոշվում է նաև ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ։ Վրացական տեղեկատվական աղբյուրներում հաճախ են տեղ գտնում Ջավախքի, հայ-վրացական հարաբերությունների մասին արտատպված ադրբեջանական նյութեր, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից հնչեցված կարծիքներ։ Այլ կերպ ասած՝ վրացական տեղեկատվական դաշտը յուրահատուկ ամբիոն է ադրբեջանական հակահայ քարոզչության համար։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական հակահայ նյութերը որոշակի ռեսուրս են հանդիսանում վրացական տեղեկատվական դաշտի համար։ Եվ հայ-վրացական հարաբերությունների վերջին զարգացումներին արձագանքելիս նույնպես վրացական տեղեկատվական դաշտը զերծ չմնաց ադրբեջանական նյութերի օգտագործումից։

Այսպես, www.apsny.ge կայքէջը սեպտեմբերի 4-ին հրապարակեց մի նյութ, որտեղ արտացոլված էր ադրբեջանցի վերլուծաբան Ֆ.Սադիխովի կարծիքը հայ-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների մասին։ Նույն նյութը սեպտեմբերի 3-ին հրապարակվել էր ադրբեջանական www.1news.az կայքէջում։ Չի բացառվում, որ վրացական կայքէջը նյութը արտատպել է ադրբեջանական կայքէջից։

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ Հայաստանը երբեք չի թաքցրել տարածքային հավակնությունները հարևան Վրաստանից։ Այսօր, երբ նկատվում է հայ-թուրքական սահմանի բացման տարբերակ, ըստ Սադիխովի, Հայաստանը փորձում է Վրաստանի նկատմամբ սադրանքի միջոցով հիմնավորել սեփական հասարակության առաջ հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը՝ փորձելով ցույց տալ, որ տրանզիտային կախվածությունը Վրաստանից վտանգավոր է Հայաստանի համար։ Համաձայն ադրբեջանցի վերլուծաբանի՝ «Ռուսաստանի ֆորպոստ Հայաստանը» փորձում է սադրանքի գնալ Վրաստանի նկատմամբ երկու հատվածներում։ Առաջինը Սամցխե-Ջավախքն է, որտեղով անցնում են և կառուցվում տարածաշրջանային կոմունիկացիաները, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Երկրորդը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայրում է, որտեղով անցնում են տարածաշրջանային նավթագազային խողովակաշարերը։ Հայաստանը, ըստ Սադիխովի, ապակայունացնելով իրավիճակը Վրաստանի «մուտքի» և «ելքի» հատվածներում, փորձում է տապալել տարածաշրջանային էներգետիկ և կոմունիկացիոն ծրագրերը։ Համաձայն ադրբեջանցի վերլուծաբանի՝ Հայաստանն իր ողջ գոյության ընթացքում փորձել է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այժմ էլ շարունակում է իր այդ քաղաքականությունը՝ մի կողմից անջատողական տրամադրություններ հրահրելով Սամցխե-Ջավախքում, որի համար օգտագործում է տեղի հայ բնակչությանը, մյուս կողմից սրելով հայ-վրացական սահմանային հարցերը18։

Ակնհայտ է, որ ադրբեջանցի վերլուծաբանի կողմից հնչում են տրամաբանորեն միմյանց հետ չկապված անկանոն մեղադրանքներ և ապատեղեկատվություն։ Ի՞նչ կապ ունեն միմյանց հետ, օրինակ, Վրաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները և հայ հասարակությանը համոզելը, թե Վրաստանից կախվածությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Հայ հասարակությանն առանց այդ էլ հայտնի է, որ միակողմանիորեն կախվածությունը Վրաստանից վտանգավոր է Հայաստանի համար։ Մեղադրանքների ընդհանրությունն այն է, որ դրանք կրում են ընդգծված հակահայկական բնույթ։ Դրանց նպատակային ուղղվածությունը հստակ է՝ տեղեկատվական ազդեցության միջոցով խորացնել լարվածությունը հայ-վրացական հարաբերություններում։ Ցավալին այն է, որ ադրբեջանական հակահայ քարոզչությունը արձագանք է ստանում վրացական տեղեկատվական դաշտում և տարածվում վրացական տեղեկատվական միջոցներով։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, հայ-վրացական հարաբերությունների վերջին զարգացումներին վրացական արձագանքը միանշանակ չէ։ Եթե Հայ Առաքելական եկեղեցու գրանցման, հայկական մշակութային կոթողների պահպանության հարցերում վրացական կողմը սկզբունքորեն ժխտողական վերաբերմունք չդրսևորեց՝ ներկայացնելով, որ այդ խնդիրների լուծումը պարզապես ժամանակի հարց է, ապա հայերենին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու հարցում դրսևորեց սկզբունքորեն մերժողական վերաբերմունք։ Դա վրացական պաշտոնական շրջանակների կողմից արտահայտվեց նրբանկատ և կոռեկտ կերպով։ Մինչդեռ ոչ պաշտոնական շրջանակները՝ առանձին քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրատվամիջոցներ և այլն, այն արտահայտեցին բաց տեքստով։ Հնչեցված գնահատականներում գերակշռում էին հիմնականում հակահայկական և հակառուսական տրամադրությունները։ Հայաստանի կողմից լեզվական հարցի բարձրացումը կապվում էր Հայաստանի տարածքային հավակնությունների, տարածաշրջանային էներգետիկ և կոմունիկացիոն ծրագրերը խափանելու փորձերի, Ռուսաստանի ազդեցության, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման և այլ գործոնների հետ։ Այս գնահատականների ու մեկնաբանությունների տարածման գործում վրացական տեղեկատվական դաշտը չխուսափեց նաև ադրբեջանական ռեսուրսների օգտագործումից։ Հիշյալ գնահատականներից, սակայն, որոշակիորեն տարբերվում էին վիրահայոց առաջնորդների (Ա.Ստեփանյան, Վ. Բայբուրդ) գնահատականները, համաձայն որոնց՝ բարձրացված խնդիրները մտացածին չեն, և այդ խնդիրների լուծումը կնպաստի հայերի ինտեգրմանը վրաց հասարակության մեջ։

1 Հայաստանի Հանրապետություն, 02.09.09, թիվ 168 (4759)։

2 Грузия готова обсуждать любые идеи с Арменией – МИД http://apsny.ge

3 Саргсян пошел на обострение: Ереван рекомендует Тбилиси повысить статус армянского языка http://www.ng.ru

4 Նույն տեղում։

5 Россия пытается создать в Грузии очередной очаг напряженности http://www.apsny.ge

6 Նույն տեղում։

7 Նույն տեղում։

8 Вице-премьер Грузии: «Пусть Армения занимается развитием армянского языка у себя» http://www.vesti.az

9 Приемлем ли региональный статус армянского языка? http://apsny.ge

10 Указанный Арменией путь уничтожит Грузию – депутат грузинского парламента http://www.armtoday.info

11 Նույն տեղում։

12 Заал Анджапаридзе, Назревает новый армяно-грузинский конфликт? http://www.armtoday.info

13 Նույն տեղում։

14 Նույն տեղում։

15 Грузинский политик требует дать жесткий ответ президенту Армении http://www.armtoday.info

16 Саргсян пошел на обострение: Ереван рекомендует Тбилиси повысить статус армянского языка http://www.ng.ru

17 Приемлем ли региональный статус армянского языка? http://apsny.ge

18 Фикрет Садыхов: «Армения умышленно дестабилизирует ситуацию на «входе» и «выходе» в Грузию» http://www.apsny.ge; http://www.1news.az


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր