• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2009

ՂԱՐԱԲԱՂԻ ՌԱԴԻՈՅԻ ԽԱՂԱՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՐՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ

   

Ադրբեջանցիները թերահավատությամբ են վերաբերվում հայկական ռադիոկայանին:

15 տարի առաջ սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխադարձ անվստահություն է սերմանել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, սակայն Ղարաբաղում մի խումբ հայեր փորձում են փոխել իրավիճակը:

1997 թվականից Ստեփանակերտում շաբաթական 4 անգամ` 30-ական րոպե տեւողությամբ հեռարձակվում են ադրբեջանալեզու «Ձայն արդարության» ռադիոկայանի հաղորդումները, որի հիմնական լսարանը Ադրբեջանի Հանրապետության բնակչությունն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ճանաչում չունի։ Ադրբեջանից առանձնացել է 1988 թվականից սկսված Ղարաբաղյան շարժման արդյունքում: Դրանից հետո սկսված պատերազմը 1994-ին զինադադարով է ավարտվել, սակայն մինչ օրս Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ հարաբերություններ չկան:

Ռադիոհեռարձակումներն, այնուամենայնիվ, քիչ ազդեցություն են թողնում: Ադրբեջանական պաշտոնյաները կարծում են, որ ռադիոկայանը քարոզչություն է իրականացնում, մինչդեռ IWPR-ի հետ զրուցած փախստականներն ասում են, որ չեն լսում հատուկ պատրաստված ծրագրերը՝ դրանք սուբյեկտիվ անվանելով:

«Մենք պարզապես փորձում ենք ադրբեջանցիներին համոզել, որ նոր պատերազմը նոր ցավեր է բերում մեր ժողովուրդներին: Չնայած Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, սակայն վստահ ենք, որ, այնուամենայնիվ, վերջին խոսքը մեր հասարակություններն են ասելու»,- ասում է Հաջյանը:

Մասնագիտությամբ բանասեր Միքայել Հաջյանը կրթություն է ստացել Բաքվում, որտեղ էլ ապրել եւ աշխատել է տեղի լրատվամիջոցներում, ինչով էլ պայմանավորված է ադրբեջաներենի նրա փայլուն իմացությունը:

«Ադրբեջաներենը հրաշալի լեզու է, այն ունի շատ հետաքրքիր նրբություններ եւ շատ մոտ է հայերենին»,- հիացմունքով բացատրում է Հաջյանը եւ ափսոսանք հայտնում, որ այդ լեզուն միայն աշխատավայրում է օգտագործում:

«Ձայն արդարության» ռադիոընկերությունում հիմնականում աշխատում են փախստականներ, ովքեր լավ գիտեն ադրբեջաներեն, ամեն օր նրանք լուրեր, հարցազրույցներ, վերլուծություններ ու ռադիոռեպորտաժներ են պատրաստում այդ լեզվով:

Ռադիոկայանը նաեւ արձագանքում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Հաջյանը մի դեպք է հիշում, երբ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ադրբեջանցի մի պատանի խնդրում էր լրագրողին, որ ղարաբաղցի իր հասակակիցները նույնպես ռադիոյով խոսեն պատերազմի անկարելիության մասին.

«Մեր ռադիոկայանն անհապաղ ռադիոհաղորդումների մի շարք նախաձեռնեց, որտեղ ղարաբաղցի երեխաները «ոչ» են ասում պատերազմին եւ պատմում պատերազմի արհավիրքներից», - հուզմունքը չթաքցնելով պատմում է տնօրենը:

Հաջյանն իր ղեկավարած ռադիոկայանի գործունեության մեջ կարեւորում է մի հանգամանք. «Մեր եթերներից երբեւէ չեք լսի որեւէ մեղադրական խոսք ադրբեջանցու նկատմամբ: Մենք երբեմն քննադատում ենք Ալիեւին, ադրբեջանական իշխանություններին, բայց ոչ ժողովրդին: Եթե նույնիսկ լրագրողի տեքստում լինում են ինչ-որ բացասական մտքեր այդ առնչությամբ, ես անպայման ջնջում եմ, ինչի համար, այո, հպարտանում եմ»:

Ռադիոկայանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրներն իրար կապող հազվադեպ օղակ է: Հայ-ադրբեջանական բախումները Լեռնային Ղարաբաղի համար սկսվել էին դեռեւս նախքան Խորհրդային Միության անկումը, շփման գծի երկայնքով դեռեւս շարունակվում են կրակահերթերը, իսկ երկու ժողովուրդների հարաբերությունները մինչեւ այսօր թունավորված են:

1994թ. զինադադարով ավարտված պատերազմից ի վեր Մինսկի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ վարվող խաղաղ կարգավորման գործընթացը ոչ մի նշանակալի առաջընթացի չի բերել: Հարյուր հազարավոր փախստականների վիճակը շարունակում է անորոշ մնալ:

Ռադիոկայանի հաղորդիչը թույլ է, որպեսզի հաղորդումները նաեւ Բաքվում լսեն, սակայն ադրբեջանական պաշտոնյաների խոսքերով՝ նրանք ընկալում են այն որպես հայկական քարոզչության լուրջ աղբյուր:

«Հայկական «Ձայն արդարության» ռադիոկայանը միակը չէ: Կան նաեւ Ադրբեջանի դեմ անջատողականություն քարոզող ռադիոալիքներ, որոնք հեռարձակվում են Իրանից: Հենց այս հեռարձակումների դեմ պայքարելու նպատակով է, որ նախագահ Իլհամ Ալիեւը որոշում էր ընդունել Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիո ցանցերի ամրապնդման մասին: Աշխատանքները վերահսկվում են հաղորդակցության նախարարության կողմից, որին նույնիսկ այդ նպատակով հատուկ միջոցներ են հատկացվել»,- ասում է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի օգնական Թոգրուլ Մամեդովը:

Ռադիոկայանի հեռարձակած հաղորդումներն, այնուամենայնիվ, ուղղված չեն ադրբեջանական իշխանություններին, եւ IWPR-ի Բաքվի թղթակիցները կապվեցին Ադրբեջանի արեւմուտքում բնակվող մի շարք փախստականների հետ, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք հայկական ռադիոյի ձայնը հասնում է նրանց:

Փախստականներից երկուսը երբեք չէին լսել ռադիոկայանի հաղորդումները, իսկ նա, ով լսել էր, այնքան էլ տպավորված չէր:

«Մի անգամ՝ մի քանի տարի առաջ, լսել եմ այդ ռադիոկայանի հաղորդումներից մեկը: Ռադիոն կարծես կոչվում էր «Ձայն արդարության»: Ինձ բոլորովին դուր չեկավ այդ հաղորդումների բովանդակությունը, քանի որ հաղորդավարների խոսքերից ստացվում էր, թե ադրբեջանցիները կեղծում են Ղարաբաղի պատմությունը: Այլեւս չեմ լսել այդ ռադիոն»,- ասում է Շուշիից գաղթած լրագրող Քերիմ Քերիմլին:

Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ,
Շահին Ռզաեւ, Բաքու (Կովկասյան Լրատու # 514, 9-ը հոկտեմբերի, 2009թ.)

Լուսինե Մուսայելյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է Ստեփանակերտում եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Շահին Ռզաեւը IWPR-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարն է:


Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
www.iwpr.net


դեպի ետ