• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2009

ԱԴՐԲԵՋԱՆ. ԲԱՔՎԻ ՈՉ ՓՈԽԱԴՐԵԼԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

   

«Սա ի՞նչ կյանք է: Ինչքա՞ն կարելի է տանջվել…»,- բողոքում է երկրորդ կարգի հաշմանդամ 51-ամյա Բայրամ Կազիմզադեն:

Բաքվի Խաթաինյան շրջանի Ահմեդլի ավանում բնակվող Բայրամը կորցրել է կնոջն ու այժմ նրա միակ նեցուկն իր որդի Աբասն է. «Նա իմ վերջին հույսն է: Որդիս փոխարինում է իմ ձեռքերն ու ոտքերը: Ես չեմ կարող որևէ տեղ գնալ առանց նրա»:

Բայրամը հազվադեպ է դուրս գալիս փողոց. «Տանից դուրս եմ գալիս ոչ հաճախ, շաբաթական երկու անգամ, բժշկի եմ գնում: Նաև ամռանը որդիս երբեմն տանում է այգի: Բայց ես աշխատում եմ առանձնապես չանհանգստացնել որդուս: Վերջերս նա ամուսնացավ: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ նա թողնելով իր բոլոր գործերը, անընդհատ զբաղվում է ինձնով: Համ ես եմ տանջվում, համ էլ նա հանգիստ չունի: Գոնե մեռնեի ու դադարեի բեռ լինել որդուս համար»:

Բայրամը համոզված է` եթե քաղաքում հաշմանդամների համար ավտոբուսներ լինեին, ինքը միայնակ կկարողանար տեղաշարժվել և կազատեր որդուն հիմնական հոգսերից:

«Նա ստիպված ինձ բժշկի է տանում տաքսիով: Իսկ տաքսիով տեղաշարժվելը բավականին թանկ է նստում»:

Տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Նամիգ Հասանովի խոսքերով` նախարարությունը պլանավորում է երկիր ներմուծել հատուկ ավտոբուսներ` հաշմանդամների օգտագործման համար. «Սկզբնական փուլում մտածում ենք ամեն մի երթուղուն տրամադրել մեկական հաշմանդամային ավտոբուս, քանի որ դրա համար պետք կլինի շատ գումար: Իսկ հետո, եթե հատկացնեն գումարներ, հնարավոր կլինի այդ գործը զարգացնել»:

Ադրբեջանի Հաշմանդամների կազմակերպությունների միության ղեկավար Դավուդ Ռահիմովը դրական է գնահատում քաղաքը հաշմանդամների ավտոբուսներով ապահովելու ծրագիրը:

«Այդ ավտոբուսներում հաշմանդամներն իրենց հարմարավետ կարող են զգալ` առանց բարդույթների, քանի որ բոլոր ուղևորները կլինեն հաշմանդամներ: Սակայն ծագում է մի հոգեբանական խնդիր. հատուկ հաշմանդամների համար նախատեսված ավտոբուսները կխանգարեն նրանց ինտեգրմանը հասարակությանը: Չէ՞ որ նրանք հիվանդ չեն, ուղղակի հաշմանդամ են ու իրավունք ունեն օգտվել նույն այն տրանսպորտից, ինչպես հասարակության բոլոր անդամները»:

Խնդրի լուծումն,ըստ Ռահիմովի, յուրաքանչյուր երթուղային ավտոբուսում թեքահարթակների տեղադրումն է. «Հաշմանդամները կարող են օգտվել նույն ավտոբուսներից, ինչպես հասարակության մնացած անդամները և դա կօգնի նրանց ինտեգրմանը»:

Բայրամին ուրախացրել էր լուրը քաղաք բերված թեքահարթակներով ավտոբուսների մասին: Սակայն ուրախությունը տևել էր եց մինչև նոր ավտոբուսները տեսնելը:

«Մենք որդուս հետ միասին որոշեցինք ման գալ այդ ավտոբուսով, բայց ավտոբուսի վարորդը հրաժարվեց բացել թեքահարթակը` ասելով` «այն ժամանակահատվածում, որը ես ստիպված պիտի ծախսեմ քո վրա, այքա~ն ուղևոր կարելի է հավաքել ավտոբուս: Դու ավելի լավ է տաքսիով գնա, մի խանգարիր մեզ փող աշխատել»: Դրանից հետո ես նորից ինձ զգացի որպես ոչ պիտանի իր»,- ասում է Բայրամը:

Հասանովի տեղեկացմամբ` վերջին 2 տարում քաղաք են բերված 700 ավտոբուսներից միայն 72-ն են թեքահարթակով, դրանցից ոմանք` օդաճնշիչով (պնևմատիկ).

«Սեղմելով կոճակը` աջ կողմը բացվում է, և հաշմանդամը հանգիստ կարող է բարձրանալ ավտոբուս: Իսկ «ՄԱՆ» ավտոբուսներն ունեն հատուկ ելուստ, որով հաշմանդամը պարտավոր է բարձրանա: Սակայն հարկավոր է, որ կանգառներում աշխատեն հատուկ հավաքատեղեր, որպեսզի այդ համակարգերը լիովին աշխատեն»:

Փորձագետ Ռահիմովը հակառակն է պնդում. « Շատ ավտոբուսներում թեքահարթակները սարքին չեն: 20-րդ և 106-րդ երթուղիների ավտոբուսներում թեքահարթակներն անօգուտ են, որովհետև վարորդին հարկավոր է կես ժամ դրանք բացելու համար: Եվրոպական երկրներում թեքահարթակներն աշխատում են ավտոմատ, և կոճակը սեղմելուց հետո վայրկյանների ընթացքում բացվում ու փակվում են»:

20-րդ երթուղու վարորդ Ջահանդար Սալիմովն ասում է`թեքահարթակները արդյունավետ չեն. «Քանի որ թեքահարթակները ավտոմատ չեն, մենք պետք է կորցնենք առնվազն 20 րոպե այն բանի վրա, որ բացենք ու փակենք դրանք: Դա նշանակում է, որ եթե մենք ամեն մի հաշմանդամի վրա կորցնենք այդքան ժամանակ, ապա ուղղակի ետ կմնանք գրաֆիկից»:

106-րդ երթուղու վարորդ Ալիբալա Թալիբզադեի խոսքերով` միևնույն է հաշմանդամները չեն օգտվում ավտոբուսներից. «Հիմնականում նրանք երթևեկում են տաքսիով: Ի՞նչ օգուտ այդ թեքահարթակներից»:

Երթուղիների ուղևորներից շատերն էլ դեմ են օգտագործման համար ոչ պիտանի այդպիսի թեքահարթակներին: 41-ամյա ուղևորուհի Ալիյա Սեիդովան ասում է,որ թեքահարթակները պետք է լինեն ավտոմատ.

«Որովհետև հաշմանդամները չեն կարող օգտվել այս թեքահարթակներից: Մյուս կողմից դա ժամանակի ահռելի կորուստ է: Ուրիշ մարդիկ շտապում են, յուրաքանչյուրը` որևէ տեղ, դա նրանց նկատմամբ անհարգանք է: Իսկ ամենադժվարը հենց հաշմանդամի համար է: Նա միևնույն է` չի կարող ինքնուրույն օգտվել այդ թեքահարթակից, ինչ-որ մեկն անպայման պետք է օգնի նրան բարձրանալ ավտոբուս»:

Հասանովն իր հերթին նշում է, որ արտասահմանից պատրաստի վիճակում ավտոմատ թեքահարթակներ գնելը շատ թանկ կարժենա: Այդ պատճառով ներկայում ձեռք են բերվում միայն հասարակ թեքահարթակներով ավտոբուսներ.

«Այդ ավտոբուսների վրա մենք ծախսել ենք մոտ 10 միլիոն մանաթ (8 միլիոն դոլար): Բայց 2011-ի փետրվարին այդ խնդիրը կլուծվի, և կգործարկվեն ավտոմատ թեքահարթակները: Ցավոք, տվյալ ժամկետից շուտ այդ հարցը հնարավոր չի լինի լուծել»:

Հասանովի գնահատմամբ` խնդրի լուծումը հաշմանդամների համար նախատեսված հատուկ ավտոբուսներն են:

«Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, կատարվում է մոնիտորինգ, և մոտ ժամանակներս այն շրջաններում, որտեղ առավել մեծ քանակով հաշմանդամներ են ապրում, կաշխատեն հաշմանդամների համար հատուկ ավտոբուսներ»,- նշում է նա` չմոռնալով ավելացնել, որ ավտոբուսները գնելու համար գումար առայժմ հատկացված չէ:

«Ընթանում են քննարկումներ, երբ նախագիծը պատրաստ լինի, մենք կդիմենք Ֆինանսների նախարարություն»:

Իսկ Բայրամին մնում է միայն երազել այլ մարդկանց պես հասարակական տրանսպորտից օգտվելու մասին. «Ես ուզում եմ ազատ տեղաշարժվել»:

Սամիրա Հասանլի
Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի,
IWPR-ի ´Հարեւաններ´ նախագծի մասնակից:

Հոդվածը պատրաստվել է IWPR-ի “Հարեւաններ” հայ-ադրբեջանական նախագծի շրջանակներում:


դեպի ետ