• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2010

ԱԴՐԲԵՋԱՆ. ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ

   

Ադրբեջանում ռուսական համայնքի թվի կրճատման պատճառով վերանում է ռուսերենը

Վաֆա Մամմադովա,
Բաքու (Կովկասյան լրատու # 529, 29-ը հունվարի, 2010թ.)

73-ամյա Պավել Կազակովը, չնայած ողջ կյանքն ապրել է Իվանովկա գյուղում, կարող է Ադրբեջանում վերացող ռուսական համայնքի վերջին անդամներից մեկը լինել:

Խորհրդային ժամանակներում ավելի քան 400 հազար ռուսներ էին ապրում Կովկասյան լեռների հարավում տեղակայված այս երկրում: Սակայն կոմունիզմի փլուզումից երկու տասնամյակ անց ընդամենը 160 հազար ռուս է բնակվում այստեղ, իսկ Իվանովկան ամբողջությամբ ռուսաբնակ միակ գյուղն է Ադրբեջանում:

«Ես շնորհակալ եմ Ադրբեջանի կառավարությանը`մեր կոլտնտեսությունը եւ մեր ինքնությունը պահպանելու հնարավորություն տալու համար», - ասում է Կազակովը:

Սակայն նրա հայրենակիցների ապագան Ադրբեջանում հեռու է որոշակիությունից: Խորհրդային տարիներին ռուսերենի իմացությունը պարտադիր էր բոլոր նրանց համար, ով ցանկանում էր առաջ գնալ. այս հանգամանքը պատշաճ կյանք էր երաշխավորում ազգությամբ ռուս ուսուցիչների եւ պաշտոնյաների համար:

«Դժբախտաբար, Խորհրդային Միության անկումից հետո այս ազդեցությունն անցավ, սրա հետ մեկտեղ վերացավ Ադրբեջանը համաշխարհային մշակույթի եւ արվեստի հետ կապող ճանապարհներից մեկը: Ռուսերենին փոխարինած անգլերեն լեզվին բնակչության խիստ սահմանափակ շրջանակն է տիրապետում», - նշում է վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն:

«Սա բացասական ազդեցություն է ունենում բնակչության մշակութային եւ մտավոր մակարդակի վրա»:

Ադրբեջանում բնակվող ռուսներին այդպես էլ չհաջողվեց սովորել ադրբեջաներեն, եւ նրանք կրկնակի տուժեցին Խորհրդային համակարգի փլուզումից հետո. նրանց հմտությունները այլեւս պահանջարկ չունեին, եւ նրանք չէին կարող աշխատանքի շուկայում հավասար պայմաններով մրցակցել ադրբեջաներեն իմացողների հետ: Այդ պատճառով էլ շատերը հեռացան երկրից. միայն մայրաքաղաք Բաքվից 200 հազար ռուսներ են հեռացել:

«Մայրս ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր: 1990-ականների սկզբին ադրբեջանական դպրոցներում ռուսական բաժանմունքների ու դասաժամերի քանակը խիստ կրճատվեց, եւ նա զրկվեց աշխատանքից: Դպրոցներում ռուսերենի երեք ուսուցիչների փոխարեն`մնաց միայն մեկը: Երբ մայրս կորցրեց աշխատանքը, որոշեց տեղափոխվել Մոսկվա`եղբոր մոտ», - պատմում է Բաքվում բնակվող Ալինա Բելյայեվան:

Բելյայեվան նույնպես ուսուցչուհի է, սակայն երկար ժամանակ է, ինչ չի աշխատում այս մասնագիտությամբ:

«Ես մաթեմատիկա էի դասավանդում Բաքվի դպրոցներից մեկի ռուսական բաժնում: Ես նույնպես զրկվեցի աշխատանքից, երբ ռուսական բաժնի դասաժամերի քանակը կրճատվեց: Ինձ առաջարկեցին աշխատել ադրբեջանալեզու բաժնում, բայց ինձ համար դժվար էր այդ լեզվով դասավանդել: Ես, իհարկե, չհեռացա Ադրբեջանից, սակայն ստիպված եղա փոխել աշխատանքս: Այժմ ես հաշվապահ եմ», - ասում է Բելյայեվան:

Իվանովկայի կոլտնտեսությունը Բաքվի կենտրոնում խանութ ունի, որտեղ միայն գյուղում աճեցրած մթերքն է վաճառվում. այս խանութը շատ կարեւոր է ռուսական համայնքի համար: Տատյանա Երմոլայեվան ծագումով Իվանովկայից է, սակայն այժմ կանգնում է խանութի վաճառասեղանի մոտ:

«Այս խանութում աշխատելիս`ինձ զգում եմ ինչպես հայրենի գյուղում: Կարծես ոչ մի տեղ էլ չեմ հեռացել», - ասում է կինը:

Հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ Արիֆ Յունուսի խոսքերով`Խորհրդային Ադրբեջանում բնակվող ռուսներին կարելի է դասակարգել երեք խմբի: Առաջին խմբի մեջ մտնում են կրոնական փոքրամասնությունները, ինչպիսին են Իվանովկայում ապրող մոլոկանները, ովքեր Ադրբեջան էին տեղափոխվել 18-19-րդ դարերում: Երկրորդ խումբը կազմում են 20-րդ դարի սկզբին եւ կեսերին այստեղ եկած նավթահանքերի բանվորների սերունդները: Վերջին`երրորդ խմբի մեջ են մտնում բոլորովին վերջերս այստեղ տեղափոխված զինվորականներն իրենց ընտանիքներով:

Խորհրդային Միության փլուզման հետ առաջինը հեռացան զինվորականները, այնուհետեւ`նավթահանքերի բանվորները: Եւ միայն կրոնական փոքրամասնություններն են հիմնականում մնացել:

Փորձագետը նշում է, որ ռուսները, Ադրբեջանի ողջ բնակչության նման, ունեն նույն խնդիրները`գործազրկություն, ցածր թոշակ, ֆինանսական ճգնաժամ, կոռուպցիա եւ մարդու իրավունքների չարաշահում. այս ամենին գումարվում են նաեւ իրենց սեփական խնդիրները, որոնց հիմնական պատճառը լեզվի իմացության բացակայությունն է:

Բացի դրանից, նրանցից շատերը բնակարանային խնդիրներ ունեն: Բաքվից 80-ականների վերջին`հայ-ադրբեջանական զանգվածային բախումների ժամանակ հեռանալիս, ռուսներից շատերը չվաճառեցին իրենց բնակարանները: Վերադարձին պարզվեց, որ իրենց բնակարաններում պախստականներ են տեղավորվել, եւ որ իրենք նրանց այնտեղից դուրս անելու իրավունք չունեին:

«Կարծում եմ, որ ռուսների`ադրբեջաներենին չտիրապետելու եւ հասարակական կյանքին չմասնակցելու գլխավոր պատճառն այն է, որ նրանք դեռեւս չեն ազատվել Խորհրդային անցյալից: Այն ժամանակ բոլորը ռուսերեն էին խոսում, եւ տեղացիների լեզուն սովորելու անհրաժեշտություն չկար: Ռուսները կարողացան հաջողությամբ ինտեգրվել միայն շրջաններում, որտեղ ռուսերենը պակաս տարածված էր, քան Բաքվում», - նշում է Յունուսը:

«Իսկ հասարակական կյանքին չմասնակցելու պատճառն իրենց դրությունը վատթարացնելու վախն է: Ռուսները նախընտրում են լռել իրենց խնդիրների մասին, քանի որ վախենում են, որ իշխանության կարող են գալ ծայրահեղ ազգայնական ուժեր, ինչի հետեւանքով էլ իրենց դրությունն ավելի կծանրանա»:

Միխայիլ Զաբելինը, ով որպես Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, համարվում է երկրում ռուսական համայնքի առաջնորդը, այն կարծիքին է, որ հիմնական խնդիրը կապված է ռուսների`ադրբեջաներենին չտիրապետելու հետ:

«Մնացած բոլոր դեպքերում ռուսներն Ադրբեջանի քաղաքացիներ են մյուսների նման: Նրանք որեւէ հատուկ իրավունքներ կամ արտոնություններ չունեն, եւ ոչ ոք նրանց դեմ չի գործում», - նշում է նա:

Շատ հնարավոր է, որ արտագաղթն ավարտվում է, եւ Ադրբեջանում մնացած ռուսները հարմարվել են փոքրամասնության`իրենց համեմատաբար նոր կարգավիճակին: Չնայած Կրեմլի հովանավորած ծրագրին, որն ուղղված է էթնիկական ռուսներին հայրենիք վերադարձնելուն, որտեղ բնակչության քանակը կտրուկ նվազել է 1991-ից ի վեր եւ նոր ներգաղթի անհրաժեշտություն է առաջացել աշխատուժի ավելացման նպատակով, Ադրբեջանում բնակվող ռուսների թիվը համարյա անփոփոխ է մնացել վերջին տարիների ընթացքում:

Օլեսյա Կոզմինան ծնվել եւ մեծացել է Ադրբեջանում, եւ Ռուսաստանում բնակվող իր հարազատներին միանալու ոչ մի մտադրություն չունի:

«Կարծում եմ`երբեմն, որքան էլ տարօրինակ թվա, Ադրբեջանում բնակվող ռուս լինելն ավելի հեշտ է: Օրինակ, աշխատանքի համար դիմելիս, նրանք կարծում են, որ ռուսներն ավելի աշխատասեր եւ պատասխանատու են», - ասում է Օլեսյան:

«Աղջիկս մեծանում է, իսկ Ռուսաստանում ապրելը վտանգավոր է: Այնտեղ հարբեցողներ եւ թմրամոլներ կան»:

Վաֆա Մամմադովան IWPR-ի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

http://www.iwpr.net


դեպի ետ