• am
  • ru
  • en
Версия для печати
01.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԸ

Руский

   

Արաքս Փաշայան

Հայաստանի եւ Հայության դեմ Ադրբեջանի քարոզչությունը, որը ձեւավորվել է Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, դարձել է այդ երկրի քաղաքական ռազմավարության ուղենիշներից մեկը, ինչը զուգակցվում է սեփական երկրի նոր կերպարի ձեւավորմամբ: Քարոզչությունն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար հատուկ ընտրված մեթոդաբանությամբ: Արտաքին լսարանի հիմնական թիրախը միջազգային հանրությունն է, որի կարեւոր բաղկացուցիչն իսլամական աշխարհն է։ Հիշյալ հարթության մեջ Ադրբեջանը լավագույնս օգտագործում է կրոնական գործոնը, իսկ ավելի ստույգ` իսլամական համերաշխության գաղափարը, որն առանցքային նշանակություն ունի մասնավորապես միջազգային իսլամական կրոնաքաղաքական բարձրագույն մարմնի` Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) գաղափարախոսական արժեհամակարգում:

1992-ից ի վեր ԻԿԿ գրեթե բոլոր ձեւաչափի հանդիպումներում Ադրբեջանը, որպես կանոն, փորձում է միջազգային իսլամական հանրությանը ներկայացնել Հայաստանից եկող մարտահրավերները: Դրանով Ադրբեջանը ձգտում է ի ցույց դնել, որ իսլամական աշխարհի աջակցության կարիքն ունի` Հայաստանի կողմից «գրավյալ» տարածքների բռնազավթումը եւ այնտեղ իրականացվող «հանցագործությունները» կանխելու նպատակով։ Իսլամական աշխարհում Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական քարոզչության արդյունքում, որի հիմքում ընկած է ապատեղեկատվության սկզբունքը, միջազգային իսլամական կառույցներն այլեւս ձեւավորել են իրենց դիրքորոշումը Հայաստանի` որպես ադրբեջանական մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող երկրի մասին։

Ադրբեջանը Հայաստանի դեմ քարոզչությունն իրականացնում է ոչ միայն ԻԿԿ գագաթաժողովներում եւ արտաքին գործերի նախարարների կոնֆերանսներում (որոնցում մասնավորապես վերջին տարիներին, որպես կանոն, ընդունվում է «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ» բանաձեւը), այլ ԻԿԿ ամենատարբեր ձեւաչափի հանդիպումներում: Ասվածի ապացույցը վերջերս` 2009թ. հոկտեմբերի 13-15-ը Բաքվում տեղի ունեցած ԻԿԿ մշակույթի նախարարների VI կոնֆերանսն էր, որին մասնակցում էին 45 երկրի մոտ 200 պատվիրակներ ոչ միայն իսլամական պետություններից, այլեւ միջազգային առանձին կառույցներից, մասնավորապես Եվրոպայի խորհրդից եւ ՄԱԿ-ից։ Նշենք, որ ԻԿԿ մշակույթի նախարարների հերթական կոնֆերանսի հրավիրումը Բաքվում պատահական չէր: Բաքուն ԻԿԿ-ի կողմից հռչակվել է 2009թ. իսլամական մշակույթի մայրաքաղաք: Իսկ 2018թ. ԻԿԿ-ն իսլամական մշակույթի մայրաքաղաք կհռչակի Նախիջեւանը։

Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահն ուղերձով դիմեց իսլամական երկրների մշակույթի նախարարների VI կոնֆերանսի մասնակիցներին` նշելով, որ Հայաստանը «գրավյալ» տարածքներում ոչնչացնում է մզկիթներ եւ իսլամական մշակութային հուշարձաններ։ Պատահական չէ, որ կոնֆերանսում ընդունված ամփոփիչ հռչակագրում դատապարտվեց Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքներում պատմամշակութային հուշարձանների «ոչնչացումը», Հայաստանից պահանջվեց կատարել ՄԱԿ բանաձեւերը։

Հատկանշական է, որ նախագահական նստավայրում ընդունելով կոնֆերանսի պատվիրակներին` Ի.Ալիեւը «բարեկամության եւ եղբայրության» օրերի շրջանակներում անցկացված կոնֆերանսի աշխատանքները գնահատեց որպես էական ներդրում իսլամական պետությունների համերաշխության եւ նրանց միջազգային դիրքերի ամրապնդման հարցում` միաժամանակ բարձր գնահատելով Ղարաբաղյան հարցում ԻԿԿ անդամ պետությունների աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում եւ միջազգային մակարդակներում, մասնավորապես, 2008թ. ՄԱԿ ԳԱ-ում։

Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարի կարծիքով` առկա շեշտադրումների առկայությունը նշանակում է, որ իսլամական պետություններն աջակցում են եւ կաջակցեն Ադրբեջանին ապագայում։ Իսկ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի համոզմամբ` Բաքվում նման մասշտաբային միջոցառման անցկացումը մեկ անգամ եւս խոսում է իսլամական աշխարհում Ադրբեջանի բարձր հեղինակության եւ վստահության մասին։

Նշենք, որ իսլամական հուշարձանների ոչնչացման մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները չեն արտացոլում իրականությունը, քանի որ թե՛ Արցախում, թե՛ հարակից տարածքներում իսլամական պատմամշակութային արժեքները հիմնականում պահպանված են։ Դրանք հուշարձանագետ Ս.Կարապետյանի կարծիքով` մեծ մասամբ թուրքմենական եւ պարսկական ծագում ունեն, եւ միայն շատ քիչ թվով` ադրբեջանական, իսկ վերջիններս վերագրվում են 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարին: Մինչդեռ ադրբեջանցիները իսլամական մշակույթի բոլոր շերտերը փորձում են վերագրել Ադրբեջանին։ Ներկայումս կանգուն են Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթն ու դամբարանները, Խոջալուի գերեզմանները, Ֆիզուլիի մզկիթը, գյուղերում պահպանված են բոլոր հուշարձաններն այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում: Հուշարձանագետի կարծքիով` Արցախում եւ հարակից տարածքներում գտնվող իսլամական հուշարձանները նաեւ հայկական մշակույթի հարստություններ են, քանի որ ստեղծվել են հիմնականում հայ շինարարների կողմից` հայկական ճարտարապետության փորձի հիման վրա:

Ի դեպ, հայկական կողմը ոչ միայն չի ոչնչացրել (ինչպես պնդում է Ադրբեջանը), այլեւ ջանքեր է գործադրում իսլամական հուշարձանները վերականգնելու ուղղությամբ: 2005-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը պատրաստակամություն հայտնեց իր հովանու տակ վերցնել Շուշիի պարսկական մզկիթը եւ դրա վերականգնման համար մասնագետներ հրավիրել Իրանից: Կովկասի մահմեդականների վարչությունն անմիջապես բացասականորեն արձագանքեց մզկիթի վերականգնմանը, ինչը, ըստ նրանց, կարող է կոծկել «Ադրբեջանի տարածքում» հայերի գործած «բռնարարքները», իսկ իրանցի մասնագետներին ադրբեջանցի հոգեւորականները կոչ արեցին հրաժարվել մզկիթի վերականգնման աշխատանքներին մասնակցելուց։ Ներկայումս Արցախի թեմն ապահովում է մզկիթին հարող տարածքի մաքրությունը: Իսկ Շուշի քաղաքում գտնվող մեկ այլ մզկիթ «Շեն» հիմնադրամի ջանքերով արդեն նորոգված է։

Հատկանշական է, որ Շուշիում գտնվող իսլամական հուշարձանների ներկա բարվոք վիճակի ականատեսն են եղել հենց իրենք` ադրբեջանցիները, երբ 2009թ. հուլիսին հայ-ադրբեջանական «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում ադրբեջանցի քաղաքական եւ մշակութային մի շարք գործիչներ, այդ թվում` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փ.Բյուլբյուլօղլին, այցելեցին Արցախ, իսկ հայ գործիչներն էլ եղան Ադրբեջանում: Վերջիններս նկատել էին, որ չնայած հակառակ պնդումներին, Բաքվի հայկական եկեղեցին եղել է առանց խաչի, չնորոգված, բացակայել են բակում երբեւէ եղած խաչքարերը, հայկական արձանագրությունները պատերից ջնջված են եղել, իսկ ներսում ոչ թե գրադարան է եղել, այլ գրքերի պահեստ:

Այսպիսով, Ադրբեջանը որեւէ իսլամական ատյան բաց չի թողնում իր նոր` իսլամական իմիջը եւ դրան առնչվող խնդիրները ներկայացնելու համար: Մասնավորապես` Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում Ադրբեջանի հաջողության պատճառն այն է, որ այդ ֆորումում փաստաթղթերն ընդունվում են կոնսենսուսով: Այդտեղ չի գործում քվեարկության ընթացակարգ, բանաձեւն առաջարկվում է, եւ եթե ոչ մի անդամ պետություն վետո չի դնում, այն ընդունվում է: Բնականաբար, որեւէ պետություն իսլամական նշված կառույցում չի խախտի դրա հիմնարար սկզբունքներից մեկը` իսլամական համերաշխության գաղափարը եւ չի վնասի իր հեղինակությանը, ինչն էլ հնարավորություն է տալիս Ադրբեջանին` առանց ընդդիմախոսի անցկացնել իր համար շահեկան բանաձեւերը:

Իսլամական կոնֆերանս կազմակերպության համատեքստում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ծավալվող քարոզչության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ մեկ այլ օրինակի: ԻԿԿ մշակույթի նախարարների Բաքվի հանդիպումից մի քանի շաբաթ անց` նոյեմբերի 2-4-ը, կրկին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ ԻԿԿ երիտասարդական ֆորումի եւ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համատեղ ջանքերով կազմակերպված միջազգային մեկ այլ կոնֆերանս` «Թվային տեխնոլոգիաների դարաշրջանը եւ նոր սերունդը. երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը ինֆորմացիոն հաղորդակցական կապերում» խորագրով: Հատկանշական է, որ ԻԿԿ հիշյալ կառույցի աշխատանքները համակարգում է հենց Ադրբեջանը: Կոնֆերանսում հնչած առանձին ելույթներում անհրաժեշտ համարվեց արդի տեխնոլոգիաների զարգացումը նաեւ Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիան» միջազգային հանրությանն առավել լավ ներկայացնելու համար:

Իսլամական կառույցներում Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության մեկ այլ օրինակ է նոյեմբերի 10-ին Ստամբուլում կայացած ԻԿԿ տնտեսական եւ առեւտրական համագործակցության հանձնաժողովի 25-րդ նստաշրջանում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը «գրավյալ տարածքների» մասին:

Այլեւս պարզ է, որ Ադրբեջանն իր ազգային անվտանգությունը փորձում է ապահովել նաեւ ապատեղեկատվության միջոցով, որը լայնորեն օգտագործվում է միջազգային, այդ թվում` իսլամական համատեքստում: Այս պարագայում Հայաստանը պետք է փորձի համարժեքորեն արձագանքել առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ միջազգային հնչեղություն տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման բազմաթիվ փաստերին, որոնցից են, օրինակ, Նոր Ջուղայում շուրջ 218 եկեղեցիների եւ 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից հայկական խաչքարերի ոչնչացումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր