
ԳԵՌԼԱՅԻ ՀԱՅԵՐԸ (Անձնական դիտարկումներ, 1997թ.)
Ա.Պապյան՝ «Մոդուս վիվենդի» հասարակագիտական կենտրոնի ղեկավար
Ներկայացվող նյութը չի հավակնում լինել գիտական ուսումնասիրություն: Հոդվածի մեջ, որոշակի պատմական հենքի վրա, արտացոլված են 1997թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ներկայիս Ռումինիայի Գեռլա քաղաք կատարած իմ երկու այցերի և հանդիպումների դիտարկումները:
1995թ. նոյեմբերից մինչև 1997թ. սեպտեմբեր դիվանագիտական ծառայության մեջ եմ եղել Բուխարեստի Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախ` որպես առաջին քարտուղար, ապա նաև` որպես գործերի ժամանակավոր հավատարմատար (charge d’affaires ad interim): 1997թ. օգոստոսի սկզբին դեսպանությունը տեղեկացվեց, որ հունգարահայերը ցանկություն են հայտնել հանդիպելու ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ և որպես հանդիպման վայր են առաջարկում Գեռլա քաղաքը: Քաղաքի ընտրությունը պատահական չէր: Գեռլան տեղակայված է Բուխարեստից Բուդապեշտ տանող կիսաճամփին: Սակայն ընտրության ամենակարևոր գործոնը բուն քաղաքի կարևորությունն էր երկու համայնքների համար: Քաղաքը 1920 թվականից, բացի մի կարճ ժամանակահատվածի` 1940-44թթ., գտնվում է Ռումինիայի կազմում, սակայն այն առնվազն մի քանի դար եղել է Ավստրո-Հունգարիայի կազմում և հանդիսացել է Տրանսիլվանիայի հայության կենտրոնը: Գեռլան մինչև 1920թ. կոչվել է Արմենոպոլիս (հայերեն` Հայաքաղաք, հունգարերեն` Szamosújvár or Örményváros, գերմաներեն` Armenierstadt):
Լուրն առնելուց դիմեցի Ռումինիայի խորհրդարանի անդամ, Մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Վարուժան Փամբուկչյանին: Նա սիրով համաձայնեց միասին այցելել Տրանսիլվանիա: Մեզ միացան նաև Ռումինիայում հայտնի գործարար Ժիրայր Գյուլբենկյանը և էլի մեկ-երկու հոգի:
Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերը զանգվածաբար բնակություն են հաստատել 14-15-րդ դարերից: Արդեն 1415թ. հայերը Սուչավայում (Մոլդովայի սահմանի մոտ) Զամկա անունով վանք ունեին: Նույն վայրերում հայերը 1512թ. կառուցել են Հաճկատար վանքը: Անվանումը ստուգաբանվում է որպես հաճույքը, ցանկությունը, ուխտը, կատարող վանք: Առ այսօր այն մեծ ուխտատեղի է նաև ռումինացիների համար: Քանի որ վանքը հայկական է, ռումինացիները հավատում են, որ եթե վանքում դիպչեն հայերին, ապա նրանց ուխտը կկատարվի: Իմ այցերից մեկի ժամանակ, երբ քայլում էինք դեպի վանք, ռումինացի կանայք իրենց գլխաշորերն էին նետում մեր ոտքերի առաջ: Բնազդաբար մենք խուսափում էինք գլխաշորերը տրորելուց: Մեզ բացատրեցին, որ գլխաշորերը նետված են, որ քայլենք գլխաշորերի վրայով: Ռումինացիները հավատում են, որ այս ձևով հաղորդակից կլինեն հայերի հաջողությանը: Սա դարեր շարունակ ռումինացիների մեջ տարածված ավանդույթ ու հավատալիք է, քանի որ, թեև այդ վայրերում արդեն հայեր չկան, այնուհանդերձ, նրանք հիշվում են որպես մեծահարուստ և հաջողակ առևտրականներ:
Հենց այս վայրերից էլ հայերը 17–րդ դարից սկսած արտագաղթել են Տրանսիլվանիա: 1672թ. թուրքերը ներխուժել են Մոլդովա, 1683թ. գրավել Զամկա վանքը: Խուսափելով թուրքերից` հայերն անցել են ավելի ապահով վայր` Հաբսբուրգների տիրապետության տակ գտնվող Տրանսիլվանիա: Հիշեցնենք, որ հայերը Մոլդովայում էին հայտնվել Ղրիմից` դարձյալ խուսափելով թուրքական վայրագ տիրապետությունից: Ընդհանրապես, ըստ տեղի հայերի մեջ տարածված ավանդության, հայերի այդ հատվածը Հայաստանից արտագաղթել է 11-րդ դարում, Անիից:
Մոլդովայից հեռացած հայերը (մոտ երեք հազար ընտանիք) 1702թ. Հաբսբուրգներից տեղափոխվել են Գեռլա բնակավայր և հիմնել Արմենոպոլիս քաղաքը: Եթե Մոլդովայի հայերը առաքելական էին, ապա Գեռլայում հաստատվելուց հետո նրանք դառնում են կաթոլիկ: Կարելի է ենթադրել, որ դա Տրանսիլվանիայում հաստատվելու թույլտվության նախապայմաններից էր: Արմենոպոլսի հայոց առաջին եպիսկոպոս է դառնում Օշենտիոս Վըրզարյանը (Auxenţiu Vărzărescu, 1655, Բոտոշանի – 1715, Վիեննա): Մի քանի տասնամյակ տևած շինարարությունից հետո 1792թ. օծվում է հայոց Սուրբ Երրորդություն եկեղեցին:
Եկեղեցին մշտապես գործել է նաև կոմունիստների ողջ տիրապետության ընթացքում:
Իմ այցի ժամանակ եկեղեցում ժամերգություն էր ընթանում, բնականաբար, լատիներեն և հունգարերեն: Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է Գեռլա քաղաքի կենտրոնական հրապարակի վրա: Այն շրջապատված է 18-19-րդ դարերի երկհարկանի տներով, այդ թվում նաև հայոց առաջնորդարանով` կառուցված 1761թ.: Ե՛վ եկեղեցին, և՛ առաջնորդարանը լեցուն են զանազան հնատիպ, բազմալեզու գրքերով և փաստաթղթերով: Առաջնորդարանն ունի կամարակապ ներքին բակ: Ամենահետաքրքրականն առաջնորդների յուղաներկ նկարների պատկերաշարն է: Ամենահին կտավներում պատկերված առաջնորդները մորուքավոր ու վեղարավոր են, նորերն` ավելի շեկ ու անմորուս:
Հայկականության միակ ցուցիչը երկու խորանների առկայությունն է` Սբ. Գրիգոր Լուսավորչի և Սբ. Հռիփսիմեաց: Եկեղեցին բազիլիկ կառույց է: Զանգակատունն ունի 8-10 հարկանի շենքի բարձրություն: Բուն եկեղեցին շատ մեծ է և տպավորիչ: Իմ տեսած ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցու տակ կատակոմբեր են, ուր ավելի քան հարյուր տարի իրականացվել են թաղումներ: Թաղումները ոչ ավանդական ձևի են, այսինքն` դագաղները տեղադրված են պատերի մեջ` 4-5 շարքով: Թեև, ըստ ինձ ուղեկցողների, բոլոր թաղվածները հայեր էին, սակայն արձանագրությունները լատինատառ էին, անունները` հունգարական: Մեկ-երկու անուն կար, որոնցից կարելի էր կռահել դրանց հայկական ծագման մասին:Եկեղեցու ներսում` հյուսիսային խորանի մոտ, կար մի հսկայական, դատարկ շրջանակ: Պարզվեց, որ Ռուբենսի նկարի շրջանակն է: Բուն նկարն այդ ժամանակ գտնվում էր Կլուժի պատկերասրահում: Նկարի պատմությունը հետաքրքրական է: Արմենոպոլսի հայերը ժամանակին պարտքով մեծ գումար են տվել Ավստրո-Հունգարիայի կայսրերին: Վերջիններս, չկարողանալով վերադարձնել պարտքը, որպես հատուցում 19–րդ դարի սկզբին հայերին առաջարկել են Ռուբենսի նկարը: Քանի որ Ռումինիայում օրենք էր ընդունված կոմունիստների կողմից անօրինականորեն բռնագրավված գույքի վերադարձի մասին, հորդորեցի հայերին անպայմանորեն պայքարել նկարի վերադարձի համար: Բուխարեստ վերադառնալուց հետո նկարի մասին պատմեցի ազդեցիկ հայերին և պաշտոնական գրությամբ դիմեցի Ռումինիայի մշակույթի նախարարությանը: Հետագայում գոհունակությամբ իմացա, որ նկարը վերադարձվել է հայկական եկեղեցուն, և ներկայումս այն գրավել է իր դատարկ շրջանակը Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Գեռլա քաղաքի շրջակայքում կա նաև ավանդական հայկական գերեզման: Այստեղ թաղված են Եղեռնից փրկված հայերը, և տապանաքարերի վրա կարելի է հանդիպել հայերեն գրությունների ու բազմաթիվ հայկական ազգանունների: Գերեզմանն ունի մատուռ: Ընդհանրապես, Գեռլայում կա երեք հայկական եկեղեցի:
Գեռլայի շատ շենքեր մինչև հիմա ունեն հայերեն արձանագրություններ: Քաղաքում գործում էին «Արարատ» կազինոն, «Երևան» ավտոսպասարկման կենտրոնը: Քաղաքի բնակչությունը մոտավորապես 25 հազար է: Թեև պաշտոնապես քաղաքում ապրում է ընդամենը մի քանի տասնյակ հայ, այնուամենայնիվ, բնակչության առնվազն կեսը հավատացած է, որ ունի հայկական ծագում: Հիշարժան է, որ տեղացի հայերը մեծ ակնածանք ունեն, իրենց խոսքով, «իսկական հայերի» նկատմամբ: Երբ փողոցում կանգնած զրուցում էինք Վարուժան Փամբուկչյանի հետ, մեզ մոտեցավ մի ծեր կին և ներկայացավ որպես տեղացի հայ: Ասաց, որ իր նախնիները Հայաստանում ապրել են «ծովի ափին»: Իմանալով, որ ես Հայաստանից եմ, սկսեց ձեռքով շոշափել ինձ` ասելով, որ ինքը «մինչև հիմա չէր տեսել իսկական հայի»:
Հետաքրքրական է, որ Գեռլայի հայերը մի ճաշ են եփում, որը կոչում են «ականջապուր», սակայն չեն հասկանում այդ բառի իմաստը:
Թեև Տրանսիլվանիայի հայերն ավելի քան ինը հարյուր տարի առաջ են արտագաղթել Հայաստանից, ներկայումս ունեն հունգարական անուններ, հայախոս չեն և կաթոլիկ են (չեն պատկանում Հայ Կաթողիկե համայնքին), այսուհանդերձ, անբացատրելի մի ուժ նրանց մեջ պահել է որոշակի հայկականության գիտակցություն: Գեռլայի հայերի միության նախագահ Յան Էսցեգարի (Janos Esztegar) հետ գնացել էի Գեռլայի քաղաքապետի մոտ: Էսցեգարը խոսում էր քաղաքապետի հետ և ասում էր «մենք` հայերս», ու ես չէի կարողանում հասկանալ` ի՞նչն է նրան հայ պահում:
Կարծում եմ, որ առաջին գործոնը հայ լինելու հպարտությունն է: Հայերը դարեր շարունակ այնքան ազդեցիկ ու հարգված են եղել, որ ներկայումս էլ այդ տարածաշրջանում հայ լինելն ընկալվում է որպես պատկանելություն որոշակի ընտրյալ խավի: Երկրորդ գործոնը Ռումինիայի պաշտոնական քաղաքականությունն է: Ցանկանալով թուլացնել հունգարացիների ազդեցությունը նախկին Տրանսիլվանիայի վրա` ռումինական պետությունը խրախուսում է հունգարախոս և կաթոլիկ հոծ զանգվածի մեջ (1,8 մլն մարդ) ճեղքերի առաջացումը և ազգային խմբերի վերադարձը արմատներին: Երրորդ գործոնը հայոց պետականության առկայությունն է: Ինչպես ասաց Գեռլայի հայերից մեկը. «Ես հիմա նայում եմ քարտեզին, կարդում եմ Հայաստան անունը և գիտեմ, որ Հայաստանը կա»:
Առանց գերագնահատելու օտարախոս և այլադավան հայերի դերն ու նշանակությունը` անհրաժեշտ եմ համարում ընդգծել նրանց կարևորությունը հայոց պետականության շահերի առաջմղման և, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, որոշակի ծրագրերում նրանց հնարավոր ընդգրկման մասին: Ցանկացած պետություն, անկախ հզորության չափից, կարիք ունի այլ պետություններում իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կազմակերպված խմբերի առկայության: ԽՍՀՄ-ը դա անում էր կոմունիստական կուսակցություններ ստեղծելով, ամերիկացիներն անում են զանգվածային մշակույթի տարածումով, մենք կարող ենք անել սփռված Հայության միջոցով և Հայության վերազարթոնքով:
դեպի ետ