ԱԴՐԲԵՋԱՆ. ԷԹՆԻԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԵՐԳԱՂԹԱԾՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սամիրա Ահմեդբեյլի,
Բաքու (Կովկասյան լրատու # 521, 24-ը նոյեմբերի 2009թ.)
Նրանք բողոքում են, որ ներգաղթի մասին օրենքը բարդացնում է մշտական բնակության թույլտվություն ստանալու գործընթացը:
Ադրբեջանում ներգաղթի մասին նոր ընդունված օրենքի պատճառով ներգաղթածների ընտանիքներն անվերջանալի բյուրակրատական քաշքշուկների մեջ են հայտնվել:
Նոր պարտադիր պայմանները, որոնք աստիճանաբար ուժի մեջ մտան 2006-2008 ժամանակահատվածում, հատկապես ազդում էին այն զույգերի վրա, որտեղ ամուսիններից մեկը Վրաստանի ադրբեջանցի է, ինչպես երկրում եղած, այսպես կոչված` խառը ամուսնությունների մեծամասնության դեպքում:
Հարեւան երկրներից եկած ազգությամբ ադրբեջանցիները հեշտությամբ մշտական բնակության թույլտվություն էին ձեռք բերում, եւ Վրաստան գնալու ու վերադառնալու համար բավական էր միան անձը հաստատող փաստաթուղթ ունենալ: Օրենսդրական փոփոխություններից հետո նրանց նկատմամբ մյուս արտասահմանցիների նման սկսեցին կիրառել նույն սահմանափակումներ, եւ այսուհետ ճանապարհորդելու համար անձնագիր է պահանջվում:
«Ո՞ր օրենքն է պահանջում քանդել ընտանիքը: Գիտե՞ք, թե այժմ քանի այդպիսի ընտանիքներ կան, որոնք կազմված են Վրաստանից եկած եւ այստեղ ապրող ադրբեջանցիներից: Նրանք, ովքեր ազգությամբ հայերի հետ են ամուսնացել, հանգիստ ապրում են Բաքվում, բայց ես ամուսնացել եմ ադրբեջանցի աղջկա հետ. մենք նույն արյունն ունենք եւ կրոնական պատկանելությունը: Եւ այժմ մեզ վրա հարձակվում են միայն այն պատճառով, որ նա Վրաստանից է: Ի՞նչ պիտի անեմ: Ամուսնալուծվե՞մ միայն պետության պահանջը կատարելու համար», - վրդովվում է 29-ամյա բաքվեցի Խայալ Քազիմովը:
Քազիմովն Ադրբեջանի քաղաքացիություն ունի, սակայն ծնունդով Վրաստանից է, եւ ամուսնական տարիքին հասնելուց հետո իր հարսնացուին գտել էր հարեւան երկրի իր բարեկամների շրջանակում:
«Մեր ամուսնությունից հետո համարյա ամեն օր ստիպված ենք գնալ միգրացիոն ծառայություն: Քանի-քանի փաստաթուղթ են մեզանից պահանջել: Ես տրամադրել եմ նրանց իմ բանկային հաշվի, գույքի, աշխատանքի եւ աշխատավարձի մասին տեղեկանքները: Բացի այդ, ստիպված եմ եղել նաեւ մի կույտ փաստաթուղթ վերցնել կնոջիցս», - դժգոհում է նա:
«Բայց ամեն անգամ միգրացիոն ծառայություն գնալիս պարզվում էր, որ կրկին ինչ-որ փաստաթուղթ էր պակասում: Արդյունքում, երբ կնոջս մերժում էին Ադրբեջանում մշտական բնակության թույլտվություն տրամադրել, նա ստիպված էր լինում հեռանալ երկրից երեք ամսով եւ կրկին վերադառնալ: Իսկ երբ մեր երեխան ծնվեց, նրան իմ անունով հրաժարվեցին գրանցել: Այդ ժամանակ համբերությունս հատեց: Ստիպված եղա 700 մանաթ (875 դոլար) կաշառք տալ: Միայն դրանից հետո երեխայիս գրանցեցին, իսկ կինս Ադրբեջանում 3 տարի ապրելու թույլտվություն ստացավ»:
2002 թվականին Վրաստանում անցկացրած մարդահամարի տվյալներով` երկրում մոտավորապես 285 հազար էթնիկ ադրբեջանցիներ էին բնակվում եւ նրանք դարեր շարունակ հեշտությամբ ամուսնանում էին իրենց ազգակիցների հետ Ադրբեջանում: Խորհրդային ժամանակներում սահմանափակումներ չկային խառն ամուսնությունների վերաբերյալ, նույնիսկ անկախությունից հետո երկու երկրներում խնդիրներ չկային այս հարցում:
Խորհրդարանի պատգամավոր եւ էթնիկ ադրբեջանցիների իրավունքների համար պայքարող «Բորչալի» հասարակական միավորման նախագահ Զալիմխան Մամեդլին նշում է, որ Ադրբեջանում Վրաստանից ներգաղթած մոտ 70 հազար մարդ է ապրում, եւ գրեթե բոլորն ազգությամբ ադրբեջանցիներ են:
Մամեդլին այն օրենսդրական փոփոխությունների հեղինակն է, որոնք ընդունվեցին 2007-ին, որպեսզի օտար երկրներում բնակվող ադրբեջանցիները կարողանան հեշտությամբ գալ Ադրբեջան:
«Մենք առաջարկեցինք որոշ ժամանակով պարզեցնել Վրաստանից եկած մեր հայրենակիցների համար նախատեսված պայմանները: Տեղական քաղաքացիների հետ հավասար պայմաններում մի քանի տարի շարունակ ապրելուց հետո, նրանց համար չափազանց դժվար էր անմիջապես անցնել այս խիստ ռեժիմին: Անհրաժեշտ էր Վրաստանից եկած ադրբեջանցիներին որոշ ժամանակ տալ` փոփոխություններին հարմարվելու համար», - ասում է նա:
Վրաստանից Ադրբեջան եւ հակառակը ճամփորդելու համար երկու երկրներում սկսեցին անձնագիր պահանջել 2005-ին: Մինչ այդ, սակայն, բավական էին միայն անձը հաստատող փաստաթղթերը:
32-ամյա Սեւդա Քարալովան Վրաստանի քաղաքացի է եւ 1994-ին ուսումն Ադրբեջանում ավարտելուց հետո, բնակվում է Բաքվում: Բաքվի պետական համալսարանն ավարտելուց հետո նա մնացել էր այստեղ` աշխատելու նպատակով:
«Եկել էի Բաքու մեծ քրոջս մոտ, ով արդեն իսկ Ադրբեջանի քաղաքացի էր եւ Բաքվում բնակարան ուներ», - ասում է նա:
2005-ին, երբ անձնագրային նոր ռեժիմ մտցվեց, նա առանց դժվարության երեք տարվա բնակության թույլտվություն ձեռք բերեց, սակայն երբ սրա ժամկետը լրացավ, Սեւդան բացահայտեց նոր օրենքների ողջ խստությունը:
Նոր անհրաժեշտ նորմերը նախաձեռնվել են 2006 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահի ընդունած որոշման հիման վրա: Վերափոխված Պետական միգրացիոն ծառայությունը սկսեց գործել 2007-ի մարտից, իսկ նույն թվականի հուլիսին փոփոխվեց ներգաղթի մասին օրենքը. սրա նպատակն էր Ադրբեջանում եղած բոլոր արտասահմանցիների համար նույն պայմանները սահմանել եւ վերջ տալ այլ երկներից եկած ադրբեջանցիներին տրամադրվող արտոնություններին:
Սա հատկապես ծանր հարված էր Վրաստանից եկած ադրբեջանցիների եւ նրանց հետ ամուսնացած Ադրբեջանի քաղաքացիների համար: Պետական վիճակագրական տվյալների համաձայն` արտասահմանցիների հետ Ադրբեջանի քաղաքացիների տարեկան ամուսնությունների կեսից ավելին բաժին է ընկնում Վրաստանից եկած ադրբեջանցիներին:
Ներկայումս գրանցում ստանալու համար Քարալովային այլեւս բավարար չէ Ադրբեջանի քաղաքացիություն եւ սեփական բնակարան ունեցող քույրը: Այժմ անհրաժեշտ է Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող արյունակից հարազատ ունենալ, ով կկարողանա տեղեկանք ներկայացնել իր բանկային հաշվի վերաբերյալ, որը պետք է առնվազն 10,000 մանաթ կազմի, եւ ով պատրաստ կլինի որպես նրա հանձնառու հանդես գալ:
«Գրանցման հետ ունեցած խնդիրներս շուտով ավելի կբարդանան, քանի որ պատրաստվում եմ ամուսնանալ: Իմ փեսացուն Ադրբեջանի քաղաքացի է: Մենք կարող ենք գնալ Վրաստան եւ առանց որեւէ խնդրի այնտեղ ամուսնանալ, բայց միեւնույն է` պետք է հետ վերադառնանք, քանի որ այստեղ է նրա տունը եւ աշխատանքը: Մենք չենք ուզում այդ ամենը կորցնել եւ ամեն ինչ զրոյից սկսել: Եւ դեռ հարց է` արդյոք իմ գրանցման ժամկետը կերկարաձգվի՞ ամուսնությունից հետո», - ասում է Քարալովան:
Միգրացիոն ծառայության խորհրդատու Նաթիք Մուքադդան նշում է, որ օրենքներն այլեւս չպետք է փոփոխության ենթարկվեն: Այլ երկրներից եկող էթնիկ ադրբեջանցիներին ոչ մի արտոնություն չպետք է տրամադրվի, քանի որ Իրանում եւ այլուր եղած հսկայական ադրբեջանական փոքրամասնությունները կարող են հեղեղել երկիրը:
«Ողջ աշխարհում 50 միլիոնից ավելի ադրբեջանցիներ կան: Ինչպե՞ս կարող ենք նրանց բոլորի համար բացառություն անել», - ասում է նա`խնդրելով այս ամենին ըմբռնումով մոտենալ նրանց, ովքեր պետք է գրանցում ստանան:
«Մենք ընդամենը ենթարկվում ենք օրենքին: Մենք չենք ստեղծել այն»:
Սակայն Վրաստանից եկած ադրբեջանցիները, ովքեր փորձում են հետեւել Ադրբեջանի օրենքներին, գտնում են, որ դա համարյա անհնար է: Այսպես, Խանլար Քուրբանովը տասը տարի է, ինչ Ադրբեջանում սեփական ռեստորան եւ հանրախանութ ունի: Նա բնակարան ունի Բաքվում, իսկ 4 տարի առաջ ամուսնացել է տեղացի կնոջ հետ:
«Ասում են, որ ես պետք է ինչ-որ հարազատ ունենամ, ով կկարողանա որպես իմ հանձնառու հանդես գալ, սակայն ես տեղական բանկում խնայողություններ ունեմ, ինչպես նաեւ բնակարան, մեքենա եւ պատշաճ գործ: Աստծո շնորհիվ, իմ ընտանիքն ու երեխաները ոչինչի կարիք չունեն: Կինս Ադրբեջանի քաղաքացի է: Ինչո՞ւ պետք է մեկ ուրիշը իմ հանձառուն լինի: Ոչ ոք չի կարող դա ինձ համար անել: Ի՞նչ պետք է անեմ. կորցնեմ ամեն ինչ, վերադառնամ Վրաստան եւ նորից զրոյի՞ց սկսեմ»:
Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Բաքվում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
դեպի ետ