ԱԲԽԱԶԻԱ. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԾԱՂԿՈՒՄ
Անահիտ Գոգորյան,
Սուխում (Կովկասյան լրատու # 521, 26-ը նոյեմբերի, 2009թ.)
Մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիան զբոսաշրջության լավագույն տարին է անցկացնում 1993-ից ի վեր, երբ շրջանն առանձնացավ Վրաստանից` նրա ուժերի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:
Պաշտոնական տվյալների համաձայն` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 88,865 զբոսաշրջիկներ (ի տարբերություն 68,905-ի 2008թ.) են հանգստացել Աբխազիայի հյուրանոցներում եւ առողջարաններում: Ճամփորդական գործակալությունների կողմից ավելի քան 700,000 ուղեւորություններ եւ էքսկուրսիաներ են կազմակերպվել հյուրերի համար, որոնց մեծամասնությունը Ռուսաստանից էին:
«Մեր այցելուները հարուստ չեն, նրանք հիմնականում միջին խավից են», - ասում է Աբխազիայի զբոսաշրջության փոխնախարար Վյաչեսլավ Բարցիցը:
Զբոսաշրջային բումին նպաստեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը. Աբխազիայի առողջարանները շատ ավելի մատչելի են, քան Ռուսաստանի շրջաններում եղածները: Սա մեծ խթան հանդիսացավ կառավարության ֆինանսական միջոցների համար:
Աբխազիայի հարկային նախարարության տվյալների համաձայն`150 միլիոն ռուբլի (ավելի քան 5 միլիոն դոլար) է մուտք գործել բյուջե զբոսաշրջության ոլորտներից, իսկ մինչեւ տարվա ավարտը եւս 20 միլիոն դոլար է ակնկալվում ստանալ:
Իշխանությունները ներկայումս ծրագրում են զարգացնել այս բնագավառը, որը կախված է Սեւ ծովի ափամերձ շրջանների ծովափներից:
Հնարավոր է, որ այդ նպատակով հյուրանոցներ կառուցվեն հեռավոր Կոդորի լեռնային կիրճում, որը 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանից անցել էր Աբխազիայի վերահսկողությանը:
«Հետագայում Կոդորի կիրճը կլինի զբոսաշրջության հիմնական վայրերից մեկը: Հույս ունենք, որ դահուկային ուղին կառուցելուց եւ այլ հարմարություններ ստեղծելուց հետո այստեղ կզարգանան ձմեռային սպորտաձեւերը: Աբխազիայում բազմաթիվ հանքային աղբյուրներ կան, եւ սա հնարավորություն կտա ընդլայնել ավանդական զբոսաշրջային սեզոնը», - ասում է Բարցիցը:
Երկրի իշխանությունները նշում են, որ զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պատճառով նրանց կացարաններով ապահովելու հետ կապված խնդիրներ են ծագել: Աբխազիայում այցելուներին կարող են մոտավորապես 13,000 մահճակալներ տրամադրել, ներառյալ Սուխումում (վրացական անվանումը` Սուխումի) եւ Գուդաուտայում եղած ռուսական երեք ռազմական առողջարաններում տեղակայված 1500 մահճակալները: Հարկային նախարարության տվյալների համաձայն պետական բյուջե 6 միլիոն ռուբլի է մուտք գործել ազատ սենյակներ վարձով տվողների հաշվին:
«Այս ցուցանիշը գերազանցում է 2007 եւ 2008 թվականների ցուցանիշները միասին վերցրած», - ասում է հարկային եւ մաքսային նախարար Վախթանգ Փիփիյան:
Աբխազիայի բնակչության համար զբոսաշրջիկներին վարձով սենյակներ տրամադրելը եկամտի հիմնական աղբյուր է հանդիսանում. երկրի տնտեսությունը քայքայվել էր վերջին պատերզամի եւ Թբիլիսիի պարտությունից հետո տեղական- վրացական բնակչության զանգվածային արտագաղթի պատճառով: Աբխազիայի որոշ արեւելյան շրջանները դեռեւս նոսր են բնակեցված, եւ նույնիսկ Սուխումի կենտրոնը դեռեւս կրում է ավերված շինությունների եւ փամփուշտների հետքերի թողած սպիերը:
Մինչ այժմ միայն Վենեսուելան եւ Նիկարագուան են հետեւել Ռուսաստանի օրինակին` ճանաչելով Աբխազիայի անկախությունը: Եվ չնայած Աբխազիայի արեւելյան սահմանում ռուսական ուժերի ներկայությանն ու Վրաստանի բողոքներին, զբոսաշրջիկները համոզվել են, որ Աբխազիայում անվտանգ է հանգստանալը:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կարգավորվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքով, հետեւաբար` ցանկացած միջոցառում, որը հակասում է այս փաստաթղթին (ներառյալ զբոսաշրջային միջոցառումնեը) օրենքից դուրս է», - ասում է Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչիսաշվիլին:
Նման զգուշացումները, սակայն, ոչ մի նշանակություն չունեն Սուխումում բնակվող թոշակառու Ելենա Տարբայի համար: Նա մի քանի տարի է, ինչ վարձով տալիս է իր բնակարանը, եւ ասում է, որ այս տարվա պես հաջող տարի դեռ չի ունեցել:
«Ես աղոթում եմ, որ հետագայում էլ այսպես լինի: 20 հազար ռուբլի եմ աշխատել, եւ շատ երջանիկ եմ այս կապակցությամբ», - ասում է կինը:
Ռուսլան Թվանբան Սուխումում փոքրիկ հյուրանոց ունի, որտեղ 18 երկտեղանոց սենյակներից մեկն արժե 800 ռուբլի:
«Անցյալ տարվա համեմատ, այս տարի դրությունն ավելի լավ էր` չնայած հաճախորդների քանակը սովորական էր», - ասում է նա:
Գիտությունների ակադեմիայի եւ Ռազմավարական հետազոտությունների նախագահական կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունները զբոսաշրջիկների շրջանում ցույց են տալիս, որ նրանց 2/3-ից ավելին եկել է այստեղ պարզապես ծովափին հանգստանալու համար եւ միայն չնչին մասը նշեց, որ իրենց այստեղ բերել է շրջանի էկզոտիկան: Զբոսաշրջիկների համարյա երկու երրորդը նշել է, որ բավարարված է հանգստի պայմաններով, եւ միայն 1/3 –ից էլ պակասը դժգոհեց եղած պայմաններից:
Նրանք, ովքեր բավարարված չէին պայմաններով, դժգոհում էին ավերված շենքերի մեծ թվից, վատ սպասարկումից, աղտոտված փողոցներից եւ ռուս-աբխազական սահմանն անցնելու ժամանակ ունեցած խնդիրներից:
«Մենք գիտենք մեր թույլ կողմերը: Խնդիրը սպասարկման որակն է: Հյուրանոցների ղեկավարները պետք է պատասխան տան սրա համար եւ միջոցներ տրամադրեն իրենց անձնակազմին համապատասխան գիտելիքներ տրամադրելու համար: Հասկանում ենք, որ սեզոնի կարճատեւության պատճառով դժվար է մասնագետներ գտնել: Ինչ վերաբերում է սահմանն անցնելուն, սեզոնի ժամանակ այստեղ երկար հերթեր են գոյանում, ինչը հարուցել է զբոսաշրջիկների դժգոհությունը», - ասում է Բարցիցը:
«Հետագայում Ռուսաստանը միջոցներ կհատկացնի կայարան կառուցելու համար: Հույս ունենք, որ Սուխումի օդակայանը կբացվի, երկաթուղին կզարգանա»:
Վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ներդրումների հաշվին վեց հյուրանոց է բացվել, եւ իշխանությունները նպատակ ունեն ցանկացած ժամանակ 80-100 հազար այցելու տեղավորել: Տեղական զբոսաշրջության բնագավառի փորձագետ Բեսլան Բարաթելիան, սակայն, զգուշացնում է, որ այցելուների զանգվածային ներհոսքը ամենեւին էլ չէր նշանակում, որ նրանց պարզապես շատ էր դուր գալիս Աբխազիան: Այստեղ մեծ դեր ունեցավ տնտեսական ճգնաժամը, եւ իշխանությունները չպետք է գոհանային սրանով:
«Չեմ կարծում, որ հաջորդ տարի շատ ավելի լավ կլինի, քանի որ մեր ծառայությունների որակը չի փոխվել, իսկ սպասարկումը դեռեւս վատն է: Իրականում, զբոսաշրջիկների ներհոսքը բացասական ազդեցությունը կունենա, քանի որ այն չի նպաստի բարեփոխումների իրականացմանը: Եթե մենք զբոսաշրջության երկիր ենք համարվում, ապա պետք է հասկանանք, որ արտաքին իրադրությունը կարող է մեզ ի վնաս գործել», - ասում է փորձագետը:
«Անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման որակը եւ գիտելիքներ տրամադրել ոլորտում աշխատողներին: Պետությունը պետք է հատուկ դեր ունենա այստեղ»:
Այնուամենայնիվ, չնայած Աբխազիա եկողներից ոմանք համամիտ են այն կարծիքի հետ, որ անհրաժեշտ է աշխատել ծառայությունները բարելավելու համար, շրջանը կողմակիցներ էլ է ձեռք բերել: Աբխազիա առաջին անգամ եկողները, նորից ու նորից վերադառնում են այստեղ: Օրինակ, Բրյուս Թելլին` այստեղ եկած հազվադեպ ամերիկացիներից մեկը:
Նա լսել էր Աբխազիայի մասին Ռուսաստանի հարեւան շրջանների առողջարաններում հանգստանալիս, եւ չի ափսոսում սահմանից այս կողմ ճանապարհորդություն կատարելու համար:
«Սոչիում անընդհատ խցանումներ են, իսկ այստեղ շատ գեղեցիկ է: Ես տեսա Գագրան, Ռիցա լիճը, Նովի Աֆոնը, այնտեղի քարանձավը: Այն ինձ շատ դուր եկավ, եւ ես կվերադառնամ Աբխազիա», - ասում է ամերիկացին:
Անահիտ Գոգորյանը Աբխազիայում լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Հոդվածի պատրաստմանը մասնակցել է նաեւ Գեորգի Կուտարաձեն Թբիլիսիից:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
դեպի ետ