
ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ
Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում իսլամն էական նշանակություն է ձեռք բերել: Իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում, ըստ էության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են` սոցիալ-տնտեսական խնդիրները, հիասթափությունն իշխանությունների և պաշտոնական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ, խոսքի ազատության բացակայությունը և այլն: Գիտակցելով աշխարհիկ ինստիտուտներին սպառնացող մարտահրավերները` Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձում են թուլացնել կրոնի դերը, ինչը դրսևորվում է կրոնական իրողությունների նկատմամբ տարաբնույթ սահմանափակումների կիրառմամբ:
Փաստացիորեն, Հեյդար Ալիևի իշխանության գալուց ի վեր և մինչ օրս պաշտոնական իսլամից դուրս գործող կրոնական քարոզիչների, ինչպես նաև կրոնականացված տարրերի նկատմամբ իրականացվել են տարաբնույթ ճնշումներ: Ադրբեջանում ներկայումս արգելված է իսլամական գլխաշորով (հիջաբ) մուտք գործել կրթական հաստատություններ, պաշտոնական փաստաթղթերի համար գլխաշորով նկարվել: Իսլամական աղոթքի հրապարակային դրսևորումները կանխելու նպատակով 2008թ. արգելվել է մզկիթի բակում կամ բաց տարածքներում աղոթելը1:
2009թ. հունիսի վերջին Ադրբեջանի խորհրդարանը կրոնի դավանման ազատության մասին օրենքում փոփոխություններ մտցրեց, համաձայն որի` արտերկրում աստվածաբանական կրթություն ստացած անձանց արգելվում է իսլամական կրոնական արարողություններ վարելը2: Դրանք կարող են իրականացնել միայն Ադրբեջանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր կրոնական կրթություն են ստացել Ադրբեջանում: Այդ գործընթացի վարումն ամբողջովին փոխանցվեց Կովկասի մուսուլմանների վարչությանը (ԿՄՎ): Այդպիսով, իշխանությունները փորձեցին օրենքի ուժով կասեցնել որոշակիորեն ընդդիմադիր հոգևորականների, ինչպես նաև Ադրբեջանի համար ոչ ավանդական կրոնական ուղղությունների քարոզիչների գործունեությունը:
Հայտնի է, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր բազմաթիվ երիտասարդներ կրոնական կրթություն են ստացել իսլամական աշխարհի տարբեր, այդ թվում` սուննիական աստվածաբանական կենտրոններում, ինչը նաև իրականացվել է պաշտոնական խողովակներով: Նրանց մեջ կան բավական խարիզմատիկ գործիչներ, որոնցից է Բաքվի «Աբու Բաքր» մզկիթի երիտասարդ իմամ, սուննի իսլամի սալաֆիական ուղղության քարոզիչ Հաջի Համեթ Սուլեյմանովը, ով աստվածաբանական կրթություն է ստացել Սաուդյան Արաբիայում:
Վերջերս Ադրբեջանի հասարակական առանձին շրջանակներում դժգոհությունների ալիք առաջացրին մի քանի մզկիթների փակման և քանդելու մասին իշխանությունների որոշումները: Դրանք քննարկման առարկա դարձան սեպտեմբերի 7-ին Բաքվում «Խղճի և կրոնի դավանության ազատության պաշտպանության կենտրոնի» (DEVAMM) նախաձեռնությամբ «Իսլամական մշակույթի մայրաքաղաքի մզկիթների քանդումը» խորագրով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ3: Բանախոսների համոզմամբ` միայն 2009թ. երեք մզկիթ քանդելու իրողությունն աննախադեպ է, ինչը հեղինակազրկում է Ադրբեջանն իսլամական աշխարհում, այն դեպքում, երբ 2009-ին Բաքուն Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) կողմից հայտարարվել է իսլամական մշակույթի մայրաքաղաք:
Նախ՝ ապրիլի 25-ին Բաքվում բարեկարգման հիմնավորմամբ փակվեց Շեհիդլար մզկիթը, որ կառուցվել էր Թուրքիայի կրոնական վարչության կողմից: Դրանից հետո քանդվեց Բաքվի Մուհամեդ մարգարեի մզկիթը` որպես «անօրինական շինություն»։ Որոշ փորձագետներ մզկիթի քանդումը կապեցին կրոնական ծայրահեղականության վտանգի և ապրիլին Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում կազմակերպված ահաբեկչության հետ: Մայիսի 10-ին փակվեց և մյուս օրը լուսադեմին քանդվեց 1940-ականների վերջերին Կասպից ծովի ափին գտնվող «Նավթային քարեր» վայրում կառուցված մզկիթը: Դեպքի կապակցությամբ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի կոմիտեի նախագահը հավաստիացրել էր, որ մզկիթը քանդվել է տեխնիկական անվտանգության շարժառիթով, քանի որ կառուցված է եղել կավային գրունտի վրա: Եվ միայն վերջերս իշխանությունները որոշում ընդունեցին քանդել Բաքվի «Ֆատիմեի-Զահրա» մզկիթը: Հատկանշական է, որ մզկիթը քանդելու մասին տնտեսական դատարանի որոշումը համընկավ Ռամադան ամսվա հետ, ինչը դիտարկվում է որպես անարգանք հավատացյալների հասցեին:
«Ֆատիմեի-Զահրա» մզկիթի կրոնական համայնքի ղեկավար Հաջի Սեյիդի պարզաբանմամբ` իրենք 1996թ. գնել են հողը և մինչև 1998թ. հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա ձեռնամուխ եղել շինարարությանը, որը որոշ ժամանակ ընդհատվել է ֆինանսական դժվարությունների պատճառով: Իսկ երբ շինարարությունն այլևս ավարտին է հասել, դատարանը որոշել է քանդել այն` որպես «անօրինական կառույց»: Շատերի կարծիքով` մզկիթը քանդելու իրական պատճառը դրա տարածքը վաճառքի հանելն է:
Գրեթե բոլոր բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ մզկիթ քանդելը հանցանք է և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: DEVAMM-ի նախագահ, շիա հոգևորական, իրավապաշտպան Ի.Իբրահիմօղլին նույնիսկ վկայակոչեց ԻԿԿ պարագան` նշելով, որ միջազգային այդ կազմակերպության դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ կարող է փոխվել, մինչդեռ վերջինս միջազգային մակարդակում, որպես կանոն, ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին: Իբրահիմօղլու համոզմամբ` նույնիսկ խորհրդային ժամանակներում իշխանությունները թույլ չէին տա, որպեսզի կարճ ժամանակահատվածում միանգամից երեք մզկիթ քանդվի: Մզկիթները փակվում էին, բայց չէին քանդվում: Նրա համոզմամբ` Ադրբեջանի ապագա սերունդը մեծանում է մզկիթներ քանդող երկրի քաղաքացու բարդույթով:
«Մեշեդի Դադաշ» մզկիթի համայնքի ղեկավար Հաջի Շահին Ղասանլիի կարծիքով` երկու մզկիթների քանդումն ինչ-որ տեղ կարելի է համարել պատահականություն, սակայն երրորդի պարագայում խոսքը կրոնի դեմ նպատակաուղղված միտման մասին է: Նա մզկիթների քանդումը համարեց ոչ միայն հավատացյալների, այլև ողջ ադրբեջանական հասարակության խնդիրը: Հաջի Շահինի կարծիքով` Ադրբեջանում տագնապում են, որ, օրինակ, Շուշիի մզկիթը գտնվում է ողբալի վիճակում, բայց այն քանդված չէ4:
Նշենք, որ 2008թ. օգոստոսին իշխանությունները փակեցին նաև «Աբու Բաքր» մզկիթը` պատճառաբանելով, որ նույն տարվա օգոստոսի 17-ին մզկիթի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո այն այլևս անվտանգ չէ հավատացյալների համար: Սակայն իրականում իշխանություններին մտահոգում էր երկրում սալաֆիականության5 ընդլայնման փաստը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանում գաղափարախոսական բացը փորձ է արվում լրացնել առանձին մզկիթներում, որոնք խոսքի ազատության բացակայության պայմաններում դառնում են յուրօրինակ քաղաքական ակումբներ:
Հատկանշական է, որ Ադրբեջանում իսլամին առնչվող խնդիրների քննարկումների ժամանակ շատ դեպքերում քննադատության թիրախ է դառնում պաշտոնական իսլամը ներկայացնող Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, ԿՄՎ նախագահ Ալլահշյուքյուր Փաշազադեն, ով համարվում է իսլամի հարցում իշխանությունների գծի աջակիցը: Շատերը Փաշազադեին համարում են կոռումպացված գործիչ, ով առաջնային է համարում ոչ թե իսլամի, այլ` սեփական շահերը: Այդ տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում «Ֆատիմեի-Զահրա» մզկիթի փակման կապակցությամբ Փաշազադեին ուղղված Ի.Իբրահիմօղլու նամակը, որում վերջինս խիստ մտահոգություն է հայտնում Ռամադան ամսին մզկիթի փակման համար` զգուշացնելով անդրերկրային կյանքում դրա հետևանքների մասին և խնդրում աջակցել: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում շեյխուլիսլամը նշել է, որ տեղյակ է խնդրին և կանի ամեն ինչ, որպեսզի մզկիթը չքանդվի։
Նշենք, որ Ադրբեջանի համար որոշակի վտանգ է ներկայացնում նաև իսլամական արմատականությունը, որն Ադրբեջան է ներթափանցում նաև Հյուսիսային Կովկասից: Ասվածի ապացույցը դաղստանյան ծագում ունեցող «Անտառային եղբայրներ» արմատական կազմակերպության գործունեությունն էր Ադրբեջանում: Վերջին շրջանում Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում տեղի ունեցող ահաբեկչությունները և իսլամական գործոնով պայմանավորված ներքաղաքական անկայունությունը տագնապի ալիք են ստեղծել նաև Ադրբեջանում: Կրոնական ծայրահեղականության հնարավոր տարածումն այդ երկրում մտահոգություն է առաջացրել հասարակական գրեթե բոլոր շրջանակներում, ինչը փորձում են փարատել իշխանությունները: Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Է.Գուլիևը օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանը հյուսիսային շրջանում ամբողջովին վերահսկվում է: Իսկ օգոստոսի 19-ին Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի մամլո քարտուղարը նշել է, որ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող դեպքերն Ադրբեջանի համար վտանգ չեն ներկայացնում ո՛չ կրոնական իրավիճակի, ո՛չ էլ կրոնական խմբերի գործունեության տեսանկյունից: Սակայն միշտ չէ, որ իշխանությունների հավաստիացումները միանշանակ են ընդունվում: Ադրբեջանցի լրագրող Ջ.Բայրամովայի կարծիքով` գաղափարախոսությունը հզոր երևույթ է և կարող է հաղթահարել ցանկացած պատնեշ6:
Ադրբեջանի հասարակական-քաղաքական և կրոնական առանձին գործիչներ համոզված են, որ կրոնական ծայրահեղականությունն Ադրբեջանում այլևս տարածում է ստացել: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Ա.Ալիզադեի համոզմամբ` Ադրբեջանի կրոնական իրավիճակի վրա ակնհայտ է Հյուսիսային Կովկասի ազդեցությունը7:
Պատահական չէ, որ Ադրբեջանում վերջին շրջանում շատ է քննարկվում կրոնական ծայրահեղականության հնարավոր ալիքը կանխելու հարցը: Հատկանշական է, որ այդ հարցում մոտեցումները տարբեր են: Կան տեսակետներ, որոնք սպասարկում են իշխանության քաղաքականությանը` փորձելով հիմնավորել կոշտ միջոցառումների անհրաժեշտությունը:
Սակայն կան նաև այլ տեսակետներ, որոնք դեմ են ուժային մեթոդներին և առաջ են քաշում այլ ուղիներ, մասնավորապես, բարեփոխումների գաղափարը: Համեթ Սուլեյմանովի համոզմամբ` իրավապահ մարմինների կողմից իսլամական արմատականության կանխումն անընդունելի է, քանի որ արդյունավետ չէ և հակառակ արդյունքը կունենա: Շահին Ղասանլիի կարծիքով` արգելելը ոչինչ չի տա, անհրաժեշտ է կրոնի մասին օրենքում լուրջ բարեփոխումներ մտցնել, երկրում զարգացնել կրոնական լուսավորչականությունը: Նրա համոզմամբ` փորձը ցույց է տալիս, որ կրոնական արմատականությունը մեծ թափ է ստանում կրոնի ազատության իրավունքները ոտնահարելու պարագայում, իսկ այդ դեպքում հասարակությունն ու երկիրը արմատականության տեսանկյունից ավելի խոցելի են դառնում8:
Ադրբեջանցի իսլամագետ Էլմիր Կուլիևի կարծիքով` կրոնական մշակույթը երկրում զարգացած չէ: Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում Կուլիևն ունի սեփական տեսակետը։ Ըստ նրա` կրոնական արժեքները պետք է մեկնաբանեն ոչ թե փոքրաթիվ կրոնական խմբերն ու արտերկրից ժամանած միսիոներները, այլ հենց ադրբեջանցի մտավորականները: Նրա կարծիքով, եթե մարդիկ խորքից հասկանան իսլամը, ապա դժվար կլինի նրանց խաբել իսլամական սպառնալիքի մասին լեգենդներով, իսկ աղանդավորների քարոզներն Ադրբեջանում այլևս պահանջարկ չեն ունենա9:
Ադրբեջանում տարածում ունեցող առանձին տեսակետների համաձայն` իշխանություններն իսլամին վերաբերող հարցերում չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, իսկ կրոնական իրավիճակի ներկա կայունությունը խիստ հարաբերական է։ Այնպես որ, իսլամն Ադրբեջանում որոշակի պոտենցիալ ունի` դառնալու լուրջ գործոն հասարակական-քաղաքական զարգացումներում։
Արդբեջանցի վերլուծաբան Արիֆ Յունուսովի կարծիքով` իսլամն Ադրբեջանում ներկայումս զբաղեցնում է այն վակուումը, որը ժամանակին, մինչև 2005թ. խորհրդարանական ընտրությունները, զբաղեցնում էր արևմտամետ ընդդիմությունը, որին իշխանությունները դուրս մղեցին քաղաքական դաշտից: Նման իրավիճակ ստեղծվեց նաև Ուզբեկստանում, որտեղ իշխանությունների կողմից դուրս մղված ընդդիմության տեղը զբաղեցրեց միջազգային իսլամական արմատական շարժումներից մեկը` «Հիզբ ութ-թահրիրը»: Ըստ Յունուսովի` Ադրբեջանում փաստորեն պայքար է ծավալվում միայն երկու գաղափարախոսությունների` հեյդարիզմի և իսլամիզմի միջև։
1Власти Азербайджана подтвердили запрет на намаз в открытых местах, http://www.kavkaz-uzel.ru/articles/141150
2В Азербайджане запретили проведение исламских религиозных церемоний лицами, получившими теологическое образование за рубежом
http://www.interfax-religion.ru/aze/?act=news&div=30841
3Мусульмане Азербайджана критикуют снос мечети "Фатмаи-Захра",
http://www.kavkaz-uzel.ru/articles/159047
4Մանրամասն տե՛ս Ф.Теймурханлы, Затянувшееся молчание шейха, Газета "Зеркало", 02.09.2009.
5Սալաֆիականությունը սուննի իսլամի արմատական ուղղություններից մեկն է, որ կոչ է ա¬նում վերադառնալ վաղ իսլամի ակունքներին կամ նախահայրերի /աս-սալաֆ/ հավատքին։
6Дж.Байрамова, Может ли волна исламского радикализма перекинуться и на Азербайджан? http://www.zerkalo.az/2009-08-20/politics/1946-islam-radikalism-kavkaz
7Նույն տեղում։
8Элементы исламского радикализма в Азербайджане могут зародить волну экстремизма, http://analitika.at.ua/news/2009-08-21-12713
9Интервью с известным исламоведом Эльмиром Кулиевым, http://www.rus.azadinform.az/index.php?dn=news&to
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]