
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
Սևծովյան-կովկասյան տարածաշրջանը վերջին ժամանակներս ավելի շատ է գրավում խոշոր միջազգային դերակատարների ուշադրությունը։ Աշխարհագրությամբ տարածաշրջանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միակցման տեղում և այն տարածքի գլխավոր մասերից է, որն աշխարհաքաղաքական բառապաշարում հայտնի է «Եվրասիա» անունով։
Տարածաշրջանի մեծ մասը՝ նրա սևծովյան հատվածը, գտնվում է երկու խոշոր տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական, ինչպես նաև Եվրամիության՝ տարածաշրջանին հարակից խոշոր աշխարհամասային երկրների ազդեցության ներքո։ Տարածաշրջանում ռազմավարական հետաքրքրություններ ունի նաև ԱՄՆ-ը։ Եթե վերոնշյալ առաջին երկու դերակատարների (որոնք ուղղակի ելք ունեն դեպի Սև ծով, ինչպես նաև Հարավային Կովկասի հետ հարևանության անմիջական ու ամենաերկար գիծը) շահերը հիմնականում կենտրոնանում են Սև ծովում և Հարավային Կովկասում իրենց հատուկ դիրքերի պահպանման վրա, ապա ԵՄ-ը և ԱՄՆ-ը գործում են որպես այնպիսի ուժեր, որոնք փորձում են թափանցել այդ տարածաշրջանների քաղաքական և տնտեսական տարածք։
Ռուսաստանը և Թուրքիան ավելի շատ ձգտում են հանդես գալ որպես «ամուր» ուժ, այսինքն՝ ուժ ռազմաքաղաքական ներուժի ավելի մեծ օգտագործմամբ։
Այս տարածաշրջանում ԵՄ-ը, որպես եվրոպական վերազգային կառույց, հետևողական քաղաքականություն չունի։ Այն, ինչ փորձում է իրականացնել ԵՄ-ը այնպիսի ծրագրերի ընդունմամբ, ինչպես, օրինակ, «Սևծովյան սիներգիան» է կամ «Արևելյան գործընկերությունը», ԵՄ առանձին անդամ երկրների (Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա) շահերի կենտրոնացված արտահայտությունն է։ Նշված ծրագրերը կոշտ կախման մեջ են գտնվում այդ երկրների նախաձեռնողականությունից, հավակնոտությունից և գործողությունների հետևողականությունից։
ԱՄՆ-ը տրամադրված է տարածաշրջանում գործել գերազանց ռազմաքաղաքական դիրքերից, քանի որ կարծում է, թե մի կողմից՝ «փափուկ ուժի» կիրառմամբ տարածաշրջանում ազդեցության գոտու «բացն» արդեն զբաղեցված է եվրոպացիների կողմից, իսկ մյուս կողմից՝ կարծում է, թե տարածաշրջանը խիստ ռազմականացված է և ծանրաբեռնված առաջին հերթին տարածքային բնույթի չլուծված միջպետական խնդիրներով։ Դա հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ռազմաքաղաքական դիրք զբաղեցնել տարածաշրջանում տեղային ռազմական ներկայության ստեղծման միջոցով, թեև առայժմ չի հաջողվում այդ ներկայությունն ապահովել Սև ծովի ողջ պարագծով՝ դեպի Հարավային Կովկաս ուղղակի և երկարատև ելքով։
Հայաստանի համար Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում ներգրավվելու և գործելու եվրոպական պրակտիկան հետաքրքրություն է ներկայացնում հետևյալ նկատառումներով.
- Թեև տարածաշրջանում ազդեցության անմիջական լծակները գտնվում են Ռուսաստանի և Թուրքիայի, մասամբ ԱՄՆ ձեռքում, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, փորձում են գտնել տարածաշրջանում իրենց քաղաքական գծի տարբերակիչ նրբությունները, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում այստեղ ուժերի հավասարակշռությունը պահպանելու և տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցության համար:
- Որքան խոշոր է դերակատարը, այնքան ավելի «խոշորացված» է նրա մոտեցումը Սևծովյան-կովկասյան տարածաշրջանին. տարածաշրջանի աշխարհաքաղաքական արժեքավորությունը ԱՄՆ-ը դիտարկում է գերազանցապես համատարածաշրջանային ասպեկտով, այլ ոչ թե տարածաշրջանի կոնկրետ երկրների հանդեպ տարբերակված մոտեցման համատեքստում: Իսկ եվրոպական երկրներն ավելի շատ փորձում են տարածաշրջանին մոտենալ տարբերակված դիրքերից, ինչն իր արտահայտությունն է գտել «Արևելյան գործընկերություն» ծրագրի (2008թ.) դրույթներում, այն դեպքում, երբ 2007թ. ընդունված «Սևծովյան սիներգիա» ծրագրում կիրառված է համատարածաշրջանային մոտեցումը: Տարածաշրջանի երկրների հետ ԵՄ հարաբերությունների տարբերակումն ի հայտ է եկել նաև Եվրոպական հարևանության քաղաքականությունում (European Neighbourhood Policy) և դրա հիման վրա ընդունված Գործողությունների պլանում (Action Plans)` առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի համար:
- ԵՄ և նրա առանձին անդամ երկրների շահի գնահատականը` գերազանցապես էներգետիկ դիրքերից, մակերեսային է: ԵՄ-ում լավ գիտակցում են, որ եվրոպական ազդեցության ուժեղացումը, հատկապես Հարավային Կովկասում, լիարժեք և երկարատև չի լինի, եթե հետապնդվող նպատակներն ամբողջությամբ կենտրոնացվեն Ադրբեջանի (որպես «էներգակրի») և Վրաստանի (որպես «էներգատարանցողի») շուրջ: Էներգետիկ ռեսուրսներ չունենալով և ներգրավված չլինելով ներկա տրանսպորտային երթուղիներում` Հայաստանը տիրապետում է ռազմաքաղաքական ռեսուրսների և դրսևորում է իր ազդեցությունը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի պահպանման համար: Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգում և իր սեփական արտաքին քաղաքական գծի հարաբերակցությունը ԵՄ արտաքին քաղաքականության հետ գնահատական է ստանում Բրյուսելի պաշտոնական կառույցներում: Այսպես, Եվրահանձնաժողովը նշում է, որ Հայաստանը լայնորեն կապակցվում է ԵՄ Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հետ (հռչակագրերի ավելի քան 80%-ի գծով) և ընդհանուր առմամբ ակտիվ է ԵՄ-ի հետ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության խնդիրների շուրջ համագործակցությունում1:
Անցած տարվա օգոստոսից հետո ծավալված իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ ԵՄ-ը փորձում է ֆիզիկական ներկայություն հաստատել տարածաշրջանում, որը ներկա փուլում ներկայացված է Վրաստանում դիտորդական առաքելությամբ: «Սառեցված» հակամարտություններն այլևս չեն դիտարկվում որպես կետեր, որոնց վերահսկողությունը պետք է իրականացվի «կողքից». տարածաշրջանում սեփական քաղաքականության արդյունավետության համար, լինի էներգետիկա, թե տնտեսության մեկ այլ ուղղություն, անհրաժեշտ է ֆիզիկական ներկայություն տարածաշրջանում: Իսկ նման ներկայության ապահովումը չի կարող իրականանալ առանց տարածաշրջանի երկրների հետ հարթ և միաժամանակ տարբերակված հարաբերությունների, ընդհուպ մինչև նոր ինքնիշխան պետական կազմավորումների ճանաչման համարձակ քայլերին պատրաստ լինելը:
ԵՄ «Սևծովյան սիներգիա» ծրագրի նշանակությունն այն ուղղություններով, որոնք շոշափում են Հայաստանի շահերը և որոնք վերաբերում են Հարավային Կովկասի էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորմանը, կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:
Պատրաստվելով Եվրամիության ընդլայնմանը2` Եվրահանձնաժողովը նախապես, դեռ 2006թ. դեկտեմբերին, իր «Հարևանության եվրոպական քաղաքականության ամրապնդման մասին» փաստաթղթով Սևծովյան տարածաշրջանը հայտարարել էր խորացված տարածաշրջանային համագործակցության տարածք, որտեղ «Մոլդովան, Ուկրաինան և Հարավային Կովկասի երկրները միանում են Եվրամիության և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ»3:
ԵՄ գործունեության նշանակությունը Սևծովյան տարածաշրջանում նշվում է ԵՄ նախագահության «Հարևանության եվրոպական քաղաքականության ամրապնդումը» հաշվետու զեկուցման մեջ (2007թ. հունիս). «Սև ծովի տարածքը ԵՄ-ի համար հսկայական ռազմավարական նշանակության հարևան տարածաշրջան է, որտեղ տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի արձագանք են գտնում ԵՄ-ում: Եկել է Սևծովյան տարածաշրջանում ԵՄ ուժեղացված, համաձայնեցված և հավելյալ մասնակցության պահը, հատկապես Հարևանության խորացված եվրոպական քաղաքականության շրջանակներում»4:
2007թ. ապրիլին Եվրահանձնաժողովն ընդունեց ԵՄ քաղաքականությունը Սևծովյան տարածաշրջանում` հրապարակելով «Սև ծովի սիներգիան` տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություն» անվանված փաստաթուղթը:
Սև ծովի տարածաշրջանի երկրների շարքում դեպի այդ ծով ելք չունեցող երկրները ներգրավելը Եվրահանձնաժողովը հիմնավորում է հետևյալ կերպ. «Թեև Ադրբեջանը, Հայաստանը, Հունաստանը և Մոլդովան ծովափնյա պետություններ չեն, պատմությունը, աշխարհագրական մերձավորությունը և սերտ կապերը նրանց դարձնում են բնական տարածաշրջանային դերակատարներ»5:
«Սևծովյան սիներգիա» ծրագրի իրականացմամբ շահագրգիռ ԵՄ երկրներում տարբեր դիրքորոշումներ կան` կապված ծրագրում այնպիսի երկրների դերի հետ, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է: Մասնավորապես, Լեհաստանի կարծիքով` Ռուսաստանն այս ծրագրում չպետք է գլխավոր դեր խաղա, իսկ Ռումինիայի կարծիքով` այն պետք է դառնա հավասար գործընկեր: Հայտնի է նաև, որ Լեհաստանը ձգտում է ծրագրում ներգրավել նաև Բելառուսը6:
«Սևծովյան սիներգիա» ծրագրի ստեղծման դրդապատճառներից է այն պնդումը, թե ժամանակն է, որ ԵՄ-ն ավելի մեծ մասնակցություն ունենա «տարածաշրջանային մակարդակով համագործակցության գերակայությունների և մեխանիզմների որոշման մեջ»7:
Ծրագրի գործողության հիմնական սկզբունքը, որը ձևակերպվեց 2007թ. հունիսին, «ճկուն երկրաչափությունն» է. «Սևծովյան տարածաշրջանային համագործակցության առաջընթացի համար միշտ չէ, որ պահանջվում է սևծովյան բոլոր պետությունների մասնակցությունը կամ, հակառակը, այն կարող է շահել հարևան տարածաշրջանների, ինչպիսին է Դունայի տարածաշրջանը, նախաձեռնությունների հետ սերտ համագործակցությունից»8:
ԵՄ փաստաթղթերի որոշ ձևակերպումներում նշվում է այն մասին, որ «Սևծովյան սիներգիա» ծրագիրը նպաստում է «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Դրանք բարձր հակամարտածին տարածաշրջաններում ԵՄ-ի կողմից «փափուկ ուժի» կիրառման մտադրություն են պարունակում: Այսպես, օրինակ, նշվում է, որ «Սևծովյան սիներգիան ԵՄ նախաձեռնությունն է և գործիք Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացման համար` ուղղված դեմոկրատական և տնտեսական բարեփոխումների խթանմանը և տարածաշրջանում հակամարտությունների լուծմանն օժանդակելուն9, կամ` «Սևծովյան սիներգիան նպատակ ունի հարաբերակցել տարածաշրջանային զարգացումը Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև «սառեցված» հակամարտությունների լուծման հետ»10:
«Սառեցված» հակամարտությունների մասին ծրագրի տեքստում ձևակերպում կա այն մասին, որ «հատուկ ուշադրություն կհատկացվի տարածաշրջանում վստահության ամրապնդմանն օժանդակելուն` ներառյալ հատկապես բաժանված մասերը միացնելուն ուղղված համագործակցության ծրագրերը»:
Այս ձևակերպումը բավական արհեստական և գործնականում անիրականանալի բնույթ է կրում: Մի կողմից` «բաժանված մասերը միացնել» ասելով ավելի շուտ հարկ է հասկանալ «առանձնացած տարածքների «վերադարձ» նախկին «մետրոպոլիաներին», մյուս կողմից` ԵՄ կառույցները հակամարտության կողմերի միջև գործնականում վստահության և համագործակցության միջոցների հետևողական սխեմա չեն մշակել` «միացման» հռչակված նպատակի իրականացման պայմաններ ստեղծելու համար:
«Սևծովյան սիներգիա» ծրագրի ինստիտուցիոնալ-կազմակերպչական համակարգն ընդհանուր առմամբ հստակ գծեր չունի: Ծրագիրն ընդունելիս որոշվել էր, որ դրա շրջանակներում ԵՄ-ը չի ձևավորի առանձին ինստիտուցիոնալ կառույց, քանի որ Եվրահանձնաժողովը ծրագրում է օգտագործել սևծովյան տարածաշրջանի այլ կազմակերպությունների, մասնավորապես, Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մարմինները, որը զարգացած ինստիտուցիոնալ կառուցվածք ունի:
Բ.Ֆերերո-Վալդները Եվրահանձնաժողովի դիրքորոշումն այս հարցում պարզաբանեց 2008թ. փետրվարին. «Մենք անիվ չենք հայտնագործի. չենք ուզում կրկնել այն, ինչ ուրիշներն արդեն անում են: Մենք նաև չենք ուզում մրցակցել գործող նախաձեռնությունների հետ: Ուստի, մեր ուշադրությունը սևեռված է սևծովյան տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության վրա` իր անդամների ընդլայնվածությամբ և տարածաշրջանում ունեցած ուրույն դերով: Մեր նպատակը ոչ թե նոր ինստիտուտներ ստեղծելն է, այլ ավելի շուտ` սերտ կապեր հաստատելը նրանց հետ, ովքեր արդեն աշխատում են այս բնագավառում, և տեսնելը, թե ուրիշ էլի ինչ կարող ենք ավելացնել այստեղ եղածին»11:
Որպես արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույց Եվրահանձնաժողովը ծրագրում է նաև օգտագործել Սևծովյան ֆորումը` երկխոսության և գործընկերության համար12:
ԵՄ որոշ պատասխանատու պաշտոնյաների հայտարարություններում, որոնք անիջականորեն վերահսկում են Սևծովյան-կովկասյան տարածաշրջանն ընդհանրապես և «թեժ կետերը»` մասնավորապես13, ԵՄ ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում ներկայացվում է որպես կայացած փաստ, ընդ որում` այդօրինակ ներգրավվածությունը նրանք բնութագրում են որպես «ուղղակի»: Այսպես, Բ.Ֆերերո-Վալդները, ելույթ ունենալով «Կասպյան հայացք 2008» Ռազմավարական ֆորումում (Բլեդ, Սլովենիա, 2006թ. օգոստոս), հայտարարել է. «Մենք ուղղակիորեն ներգրավված ենք Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հակամարտությունների լուծման մեջ»14:
Բ.Ֆերերո-Վալդները հայտարարությունն արել է մինչև «Սևծովյան սիներգիա» ծրագրի ընդունումը: Դրանում ասվում է, որ «Առաջավոր տարածաշրջանային համագործակցությունը նախատեսված չէ տարածաշրջանի հին հակամարտություններն ուղղակիորեն լուծելու համար, բայց այն կարող էր ավելի մեծ փոխադարձ վստահություն ստեղծել, և ժամանակի ընթացքում կարող էր օգնել վերացնելու որոշ պատնեշներ, որոնք կանգնած են դրանց լուծման ճանապարհին»: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ԵՄ-ը 2007թ. և հատկապես 2008թ. օգոստոսից հետո փոքր-ինչ իջեցրել է իր քաղաքական պահանջների նշաձողը` վճռելով ամրագրվել «ուղղակի ներգրավման» և «առաջավոր տարածաշրջանային համագործակցության» սկզբունքների միջին դիրքում: Որպես միջին դիրք հանդես է գալիս ֆիզիկական ներկայության սկզբունքը հակամարտություններ ունեցող տարածաշրջաններում, ինչը ներկա փուլում, անցած տարվա օգոստոսից հետո, դրսևորվում է ԵՄ դիտորդական առաքելությամբ Վրաստանում: Ֆիզիկական ներկայություն ասելով հասկացվում է իրավիճակի մոնիթորինգը հակամարտությունների գոտիներում: Ի դեպ, այս մասին ուղղակիորեն ասվում է «Սևծովյան սիներգիա» ծրագրի տեքստում. «ԵՄ-ը նաև պետք է ուղիներ փնտրի մոնիթորինգի անցկացման մեջ իր մասնակցությունն ուժեղացնելու համար»:
Ղարաբաղյան հակամարտության գոտում եվրոպական ներկայության հնարավորության մասին ԵՄ պաշտոնյաներն ընդգծել են դեռ 2006թ., Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից ավելի քան երկու տարի առաջ: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հ.Տալվիտեն (ԵՄ հատուկ ներկայացուցիչն էր 2003թ. հուլիսից մինչև 2006թ. փետրվարը) 2006թ. փետրվարին հայտարարել է. «Եվրոպան խաղաղարարներ և «օրհնանքի արարողություն («blessing ceremony») է խոստացել Լեռնային Ղարաբաղի համար, եթե Հայաստանը և Ադրբեջանը կարողանան պայմանավորվել»15: Ի՞նչ նկատի ուներ «օրհնանքի արարողություն» ասելով` հետագայում չի պարզաբանվել, սակայն կարելի է ենթադրել, որ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի պետականության պահպանում անորոշ երկար ժամանակով, Դաշտավայրային Ղարաբաղի տարածքներում խաղաղարար առաքելության տեղակայումից հետո:
Հետաքրքիր են եվրոպական փորձագետների գնահատականները, որոնց կարծիքը հաշվի են առնում ԵՄ քաղաքական որոշումներ կայացնող կենտրոններում: Հարավօսական հակամարտության գոտում անցյալ տարվա սրացումից գրեթե անմիջապես հետո Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների գծով փորձագետները (European Council on Foreign Relations) հրապարակեցին «Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ը խաղաղություն շահել Վրաստանում» զեկույցը16: Զեկույցի հեղինակներն առաջարկում էին, մասնավորապես, հետևյալ հանձնարարականները, որպեսզի ԵՄ-ի համար առավելագույն շահավետությամբ օգտագործվեն իրադարձությունները Հարավային Օսիայի շուրջ. «Քանի որ ԵՄ-ը գլխավոր միջնորդն է Մոսկվայի և Թբիլիսիի միջև, եվրոպական առաջնորդները իրադարձությունների զարգացման վրա ազդելու նոր հնարավորություն են ստացել: Եթե նրանք օգտվեն դրանից, ԵՄ-ը կարող է «խաղաղություն շահել»` չփորձելով վերականգնել հին ու անկայուն status-quo-ն Վրաստանում կամ պատժելով Ռուսաստանին, այլ փոխելով խաղի կանոնները հետխորհրդային ողջ տարածքում... Ռուսաստանի հանդեպ կարճաժամկետ պատժամիջոցներ կիրառելու վրա կենտրոնանալու փոխարեն ԵՄ-ը պետք է արագ գործի, որպեսզի բարձրացնի հեղինակությունը Արևելյան հարևանության տարածաշրջանում և օգնի կայունացնելու մյուս հակամարտային տարածաշրջանները` ուշադրություն դարձնելով ինչպես հին` «սառեցված» հակամարտություններին, այնպես էլ հնարավոր թեժ կետերին»:
1European Neighbourhood Policy – Armenia, MEMO/09/182. Brussels. 23 April 2009.
22008թ. փետրվարին, 2007թ. հունվարի 1-ին ԵՄ Բուլղարիայի և Ռումինիայի մուտքից մեկ տարի հետո, Կիևում, «Սևծովյան սիներգիա» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների առաջին խորհրդակցությունում, Եվրահանձնաժողովի արտաքին կապերի և հարևանության եվրոպական քաղաքականության գծով հանձնակատար Բ.Ֆերերո-Վալդները հայտարարեց. «Այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Բուլղարիան և Ռումինիան միացան ԵՄ-ին, վերջինն այլևս արտաքին խաղացող չէ այս տարածաշրջանում: Այժմ այն տարածաշրջանի անբաժանելի մասն է»:
3Communication On Strengthening the European Neighbourhood Policy, COM (2006)726 final. 04.12.2006.
4Strengthening the European Neighbourhood Policy - Presidency Progress Report, European Council. 10874/07. 21-22.06.2007.
5Black Sea Synergy – A New Regional Cooperation Initiative, COM (2007) 160 final. Brussels, 11.04.2007.
6Ирина Пашковская, Европейский Союз: энергетическая политика в отношении новых независимых государств // «Аналитические доклады» (Институт международных исследований МГИМО (У) МИД России), Выпуск 1 (22), Июль 2009, с. 14.
7Black Sea Synergy – A New Regional Cooperation Initiative. COM (2007) 160 final. Brussels, 11.04.2007.
8Strengthening the European Neighbourhood Policy - Presidency Progress Report, European Council. 10874/07. 21-22.06.2007.
9Leigh Phillips. This Week in the European Union. http://euobserver.com. 08.02.2008.
10Fabrizio Tassinari. Sailing the Black Sea at Last. http://euobserver.com. 07.02.2008.
11Benita Ferrero-Waldner, Black Sea Synergy: the EU’s approach to the Black Sea region, Black Sea Synergy Ministerial Meeting. Kiev. 14 February 2008.
12Երկխոսության և գործընկերության ֆորումի համատեղ հռչակագրում (2006թ. հունիսի 5) մասնակից երկրները պայմանավորվել էին, որ ֆորումը մշտապես գործող կառույցներ կամ մարմիններ չի ունենալու, և այն չի կրկնելու Սևծովյան տարածաշրջանի համագործակցության առկա մեխանիզմների գործունեությունը: Ֆորումի շրջանակներում փոխգործակցությունը տեղի կունենա միջպետական շփումների, հրապարակային և մասնավոր գործընկերության, միջպետական նախագծերի և միջդիսցիպլինար ակադեմիական հետազոտությունների ձևով: Հռչակագիրը նախատեսում էր համագործակցություն ԵՄ ինստիտուտների հետ ֆորումում քննարկվող առաջարկների իրականացման հարցում:
132008թ. փետրվարին Կիևում, «Սևծովյան սիներգիա» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդակցության նախօրեին, Բ.Ֆերերո-Վալդները հայտարարել է. «Անձամբ ես պատասխանատու եմ «Սևծովյան սիներգիայի» ողջ պոտենցիալի հետազոտման համար և համոզված եմ, որ այդ նոր գործընթացը կարող է նաև թեթևացնել այս տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների համատեղ լուծման ճանապարհը»: (http://europa.eu/rapid/pressReleasesAction. 13.02.2008).
14Benita Ferrero-Waldner, Political reform and sustainable development in the South Caucasus: the EU’s approach, «Caspian Outlook 2008» Bled Strategic Forum. Slovenia. 28 August 2006.
15Andrew Rettman, Kosovo issue inflaming separatism in EU neighbours. http://euobserver.com. 24.02.2006.
16Nicu Popescu, Mark Leonard and Andrew Wilson, Can the EU Win the Peace in Georgia? European Council on Foreign Relations Policy Brief. 25.08.2008.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]