• am
  • ru
  • en
Версия для печати
Iraq-Turkey21.01.2010

ԹՈՒՐՔԻԱ–ԻՐԱՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Արաքս Փաշայան

Միջազգային գործընթացների արդի փուլում առանձնահատուկ ուշադրության են արժանի Թուրքիայի եւ Միջին Արեւելքի առանձին ուժային կենտրոնների, այդ թվում` արաբական երկրների միջեւ զարգացող հարաբերությունները, որոնք, ըստ էության, ձեւավորում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ: Այդ տեսանկյունից առանձնակի կարեւորություն են ներկայացնում Թուրքիայի եւ Իրաքի միջեւ սերտացող հարաբերությունները, որոնք շաղկապված են ջրային եւ էներգետիկ ռեսուրսների, քրդական եւ թուրքմենական գործոնների, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական եւ առեւտրատնտեսական նշանակություն ունեցող մի շարք կարեւոր իրողություններով:

2003թ. Իրաք ԱՄՆ-ի ներխուժումը եւ Իրաքի մասնատման հնարավոր հեռանկարը անհանգստություն առաջ բերեցին Թուրքիայում: Թուրքական քաղաքական վերնախավին առաջին հերթին մտահոգում էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից քրդական գործոնի նշանակության կարեւորումը եւ դրա արդյունքում` Իրաքի հյուսիսում քրդական պետության ձեւավորման հնարավորությունը: Այդ հանգամանքը կարող էր նպաստել Թուրքիայի` ներքաղաքական առումով առանց այդ էլ անկայուն արեւելյան քրդաբնակ նահանգներում անկախական շարժումների, այդ թվում` Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) գործունեության ակտիվացմանը: Իրաքում քրդական վարչակարգի դիրքերի ամրապնդումը եւ դրան զուգահեռ` Քրդական ինքնավարությունում Մեծ Քուրդիստանի եւ Թուրքիայում քրդերի իրավունքների մասին հռետորականության ակտիվացումը մեծացրին լարվածությունը մի կողմից` Թուրքիայի եւ Իրաքի, մյուս կողմից` Թուրքիայի եւ իրաքյան քրդերի հարաբերություններում: Արդյունքում` թուրքական բանակը Հյուսիսային Իրաքի լեռնային տարածքներում հաստատված ՔԲԿ հենակետերի եւ զինյալների դեմ տասնյակ մարտական գործողություններ իրականացրեց, իսկ 2008թ. փետրվարին թուրքական զորքերը լայնամասշտաբ ներխուժում իրականացրեցին Իրաքի հյուսիս։ Դրան հետեւեցին Իրաքի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան ոտնահարում է Իրաքի ինքնիշխանությունը։

Իրաքի կենտրոնական իշխանության եւ Թուրքիայի միջեւ լարվածության մեկ այլ աղբյուր կապված էր (եւ մինչ օրս կապված է) թուրքական ծագում ունեցող իրաքյան թուրքմենների էթնիկ իրավունքների եւ Քիրքուքի կարգավիճակի խնդրի հետ: Թուրքմեններն Իրաքում երրորդ ամենամեծ էթնիկ խումբն են արաբներից եւ քրդերից հետո եւ բնակվում են հիմնականում երկրի հյուսիսում, մասնավորապես` Մոսուլի, Էրբիլի, Սալահադդինի, Դիյալայի նահանգներում, թուրքմենական բնակչությամբ առանձնանում են Քիրքուք, Թալ Աֆար, Մոսուլ, Էրբիլ, Բաղդադ քաղաքները: Թուրքմենները (որոնց թվաքանակի վերաբերյալ կան տարբեր տվյալներ` 500.000-ից մինչեւ մի քանի միլիոն) ներկայացված են իրաքյան խորհրդարանում: Դեռեւս 1995-ին Թուրքիայի աջակցությամբ ստեղծվեց թուրքմենական ամենամեծ քաղաքական կառույցը` Իրաքի թուրքմենական ճակատը, որը 2003-ից ի վեր ձգտում է վերահսկողություն հաստատել թուրքմենաբնակ շրջաններում` «Թուրքմենելիում», ինչպես նաեւ նավթային ռեսուրսներով հարուստ Քիրքուքում: Ներկայումս Թուրքիայում կան հետազոտական կենտրոններ, որոնք ուսումնասիրում են իրաքյան թուրքմեններին առնչվող խնդիրները, ինչը միտված է Իրաքում թուրքմենների ազգային ինքնագիտակցության վերելքին եւ Թուրքիայում այդ հարցերին հնչեղություն տալու գործընթացին։

Անկարայի եւ Բաղդադի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ բացվեցին 2008-ից ի վեր, ինչն ամրագրվեց բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելություններով: 2008թ. մարտին Թուրքիա ժամանեց Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, իսկ 2008-ի հուլիսին Բաղդադ այցելեց Թուրքիայի վարչապետ Ռ. էրդողանը, որի այցի շրջանակներում թուրք-իրաքյան հարաբերությունները հատուկ նշանակություն ձեռք բերեցին` կողմերի միջեւ ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին կնքված պայմանագրով։ 2009-ի մարտին Բաղդադում հյուրընկալվեց նախագահ Գյուլը: Վերջին անգամ Թուրքիայի նախագահը այցելել էր Բաղդադ 33 տարի առաջ` 1976-ին։ Այն փաստը, որ Թուրքիայի նախագահն Իրաք էր ժամանել տիկնոջ հետ (ինչն անվտանգության շարժառիթներով դժվարանում են անել Իրաք այցելող շատուշատ բարձրաստիճան պաշտոնատարներ) խոսում էր այն մասին, որ Թուրքիան վստահում է Իրաքի իշխանություններին:

Իսկ 2009-ի հուլիսին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի` Անկարա կատարած այցի ժամանակ Թուրքիայի եւ Իրաքի միջեւ կնքվեց մեկ այլ հուշագիր, համաձայն որի` իրաքյան գազը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Եվրոպա։

2009թ. աշնանը տեղի ունեցավ ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էր նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Խորհուրդն ունի երկու համանախագահներ` վարչապետների մակարդակով եւ ղեկավարվում է Թուրքիան եւ Իրաքը ներկայացնող ինը նախարարների կողմից, որոնք պետք է հանդիպեն տարին երեք անգամ` համակարգելու համագործակցությունը արտաքին, ներքին գործերի, անվտանգության, էներգետիկայի, տնտեսության, առեւտրի, տրանսպորտի, առողջապահության եւ այլ ոլորտներում:

Իրաքի իշխանությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման կարեւոր երաշխիք դարձան առաջին հերթին երկրի տարածքային ամբողջականությանը սատարելու, անվտանգության եւ կենսական այլ կարեւոր ոլորտներում համագործակցելու, Իրաք ջրի բավարար քանակություն առաքելու Անկարայի հավաստիացումները: Իր հերթին, Թուրքիայի համար Իրաքի հետ հարաբերությունները բարելավելու համար անհրաժեշտ նախապայման դարձան ՔԲԿ` որպես ահաբեկչական կառույցի դեմ պայքարելու Իրաքի իշխանությունների հավաստիացումները: Իրաքի նախագահ Ջ.Թալաբանիի կոշտ արտահայտությունները ՔԲԿ-ի վերաբերյալ խոսում էին այն մասին, որ Բաղդադը հետաքրքրված է Անկարայի հետ հարաբերությունների բարելավմամբ: Ավելին, վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի կարծիքով` ՔԲԿ խնդիրը կարող է հանգեցնել թուրք-իրաքյան հարաբերությունների ճգնաժամի: Արդեն 2009թ. հունվարին Թուրքիան, Իրաքը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվածություն ձեռք բերեցին ՔԲԿ-ի դեմ համատեղ պայքարի վերաբերյալ:

Ներկայումս Իրաքի եւ Թուրքիայի հարաբերություններն ամրագրված են նաեւ էներգետիկ եւ առեւտրատնտեսական նշանակություն ունեցող մի շարք պայմանագրերով: Այս երկու երկրները ձգտում են սահմանային շրջաններում ստեղծել արդյունաբերական եւ ազատ առեւտրային գոտիներ, ինչը թույլ կտա Անկարային եւ Բաղդադին համաշխարհային շուկա արտահանել համատեղ արտադրության ապրանքներ։ Բացի այդ, Իրաքում բավական մեծ են թուրքական շինարարական ընկերությունների գործունեության ծավալները։ Նախատեսվում է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, որոնք ներկայումս կազմում են 7 միլիարդ, 2011-ին հասնելու են 20 միլիարդի: Նշենք, որ Իրաքը ներկայումս օրական 400 000 բարել նավթ է արտահանում թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Թուրքիա–Իրաք հարաբերությունների անքակտելի մասն են Թուրքիայի եւ իրաքյան Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության հարաբերությունները: Արդի փուլում դրական շրջադարձ է նկատվում ոչ միայն Բաղդադի եւ Անկարայի, այլեւ իրաքյան քրդական վարչակարգի եւ Անկարայի հարաբերություններում, ինչը պայմանավորված է ՔԲԿ-ի դեմ պայքարելու քուրդ ղեկավարների խոստումներով: Այն բանից հետո, երբ 2008-ի վերջին իրաքյան քրդերը ռազմական օպերացիա իրականացրեցին ՔԲԿ զինյալների նկատմամբ, Թուրքիան սկսեց բանակցային գործընթացը քուրդ պաշտոնատարների հետ: Անկարան փոխեց հռետորականությունը վերջիններիս նկատմամբ: Արդյունքում` Մ.Բարզանիի վարչակարգն ուղիղ կապեր հաստատեց Անկարայի հետ` կնքելով թուրք-քրդական համաձայնագիր: Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում` Էրբիլում է գործում Թուրքիա–Իրաք–ԱՄՆ եռակողմ հանձնաժողովը, որը ստեղծվել է ՔԲԿ-ի դեմ պայքարելու համար: Երկկողմ հարաբերություններն առավել շոշափելի դարձան Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուի` 2009թ. հոկտեմբերին Էրբիլ կատարած այցելությամբ:

Թուրք-քրդական հարաբերություններն, ըստ էության, հիմնված են փոխշահավետության վրա: Քրդերը, որոնք մտահոգված են մինչեւ 2011 թվականը Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ արաբա-քրդական հնարավոր զինված բախման հեռանկարից, համարում են, որ Թուրքիան իրաքյան քրդերի համար կարող է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր: Չնայած կան նաեւ քրդական շրջանակներ, որոնք չեն վստահում Թուրքիային եւ կարծում են, որ Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո ինքնավարությունը մարտահրավերներ կստանա Իրանից, Թուրքիայից եւ այն արաբական երկրներից, որոնք դեմ են Քուրդիստան անկախ պետության ստեղծմանը։ Քուրդ ղեկավարները, այնուամենայնիվ, կարծում են, որ Թուրքիան կարող է երաշխավորել նաեւ Քուրդիստանի տնտեսական ապագան. Թուրքիայի հետ շարունակական բարիդրացիական հարաբերությունները քրդերը կարող են օգտագործել նավթը Թուրքիայի տարածքով արտահանելու եւ արտաքին տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար: Անկարան եւ Էրբիլն այլեւս ընթանում են տնտեսական ինտեգրման ճանապարհով: Ներկայումս քրդական ինքնավարությունում գործում են թուրքական ավելի քան 400 ընկերություններ:

Իր հերթին, Թուրքիան իրաքյան քրդերի հարցում պատրաստ է ստանձնել առկա պարտավորությունները` պայմանով, որ վերջիններս ՔԲԿ հարցում չնահանջեն իրենց խոստումներից: Թուրք-քրդական հարաբերություններում կարեւոր գործոն են նաեւ Քիրքուքի եւ ընդհանրապես` քուրդ-թուրքմենական` ներկայումս զգալիորեն լարված հարաբերությունների հարցը: Հայտնի է, որ քրդերը ցանկանում են, որպեսզի Քիրքուքի կարգավիճակի հարցը, որը շարունակաբար հետաձգվում է, լուծվի Իրաքի սահմանադրության 140 կետի համաձայն։ Այն նախատեսում է հանրաքվեի անցկացում, որից հետո Քիրքուքը կներառվի քրդական ինքնավարության կազմում` նկատի ունենալով այն փաստը, որ երկրամասի բնակչության մեծ մասը քրդեր են: Հատկանշական է, որ այդ գաղափարին աջակցում է նաեւ ԱՄՆ վարչակազմը, որն, առանձին տվյալների համաձայն, Իրաքից զորքերը դուրս բերելուց հետո կշարունակի պահպանել դիրքերն իրաքյան Քուրդիստանում: Նշենք, որ մինչ օրս Քիրքուքի խնդրի կարգավորման բազմաթիվ տարբերակներ են մշակվել: 2009 թվականին ՄԱԿ հատուկ հանձնախումբը հրապարակեց Քիրքուքի մասին առանձին զեկույց, որտեղ առաջ են քաշված կարգավորման մի քանի տարբերակ։ Հետաքրքրություն են ներկայացնում հատկապես այն երկու տարբերակները, որոնցից մեկով նախատեսում է երկրամասում ստեղծել երկու իշխանությունների` Բաղդադի եւ Էրբիլի համատեղ կառավարման մեխանիզմ, իսկ մյուսը նկատի է առնում Քիրքուքին հատուկ կարգավիճակի շնորհում, տարբերակ, ինչը ձեռնտու է թուրքմեններին, որոնք տեղի բնակչության շուրջ 12 տոկոսն են:

Հատկանշական է, որ Թուրքիան բավական սերտ կապեր ունի Իրաքի սուննի, ինչպես եւ շիա խմբավորումների հետ: Ասվածի ապացույցն է 2009թ. մայիսին Մահդիի բանակի առաջնորդ, շիա ազդեցիկ գործիչ Մուկթադա Աս-Սադրի այցելությունն Անկարա, որտեղ նրան ընդունեցին երկրի նախագահն ու վարչապետը:

Հարկ է նշել, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա զգալի ձեռքբերումներին, այն դեռեւս փխրուն վիճակում է, որի ապացույցը 2009-ի աշնանը Իրաքի եւ Թուրքիայի միջեւ ջրի խնդրի հետ կապված հերթական լարվածության առաջացումն էր: Իրաքի իշխանությունները մեկ անգամ չէ, որ բողոքել են, թե Թուրքիայից չեն ստանում խոստացված ջրաբաժինը: Մինչդեռ թուրքական կողմի պնդումներով` իրենք կատարել են խոստումը եւ Իրաքին հատկացրել խոստացված 500-ից շատ` րոպեում 517 խմ ջուր, ինչն առավելագույնն է, որ Թուրքիան կարող է տրամադրել Իրաքին։ Երկու երկրների ջրային խնդիրները որոշակիորեն առնչվում են նաեւ Սիրիային, որի տարածքով է ջուրը հասնում Իրաք: Իրաքցի պաշտոնատարների կարծիքով` չի բացառվում, որ ջրի ոչ բավարար քանակությունը ստեղծվում է Սիրիայի մեղքով: Նշենք, որ 2008-ից ի վեր Եփրատի եւ Տիգրիսի ջրային ավազանից օգտվող երեք երկրները զգալի քայլեր են կատարել ջրային խնդիրները կարգավորելու ուղղությամբ, որոնք դեռեւս ոչ վաղ անցյալում զգալիորեն պայմանավորված էին քաղաքական իրողություններով: 2009թ. սեպտեմբերին երեք երկրների միջեւ ջրային խնդիրների շուրջ համագործակցության հուշագիր է ստորագրվել, իսկ ներկայումս ջրային հարցերով զբաղվող եռակողմ հանձնախումբ է գործում:

Այսպիսով, բազմակողմ համագործակցությունը Բաղդադի հետ Անկարային հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել իր քաղաքական եւ տնտեսական հետաքրքրություններն Իրաքում, այլեւ շարունակել միջինարեւելյան քաղաքականության աստիճանական իրացումը: Բացի այդ, Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները կնպաստեն նաեւ Իրաքի վարչակարգի դիրքերի եւ միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Անկարայի պատկերացմամբ` թուրք-իրաքյան հարաբերությունները կարող են դառնալ ռազմավարական համագործակցության նոր մոդել միջինարեւելյան մյուս երկրների համար։ Այդ համագործակցության մեջ Թուրքիան ձգտում է ներգրավել նաեւ Սիրիային: Թուրքիա– Իրաք–Սիրիա համագործակցությունը, Ա.Դավութօղլուի համոզմամբ, Միջագետքը նորից կդարձնի «աշխարհի ամենածաղկուն շրջաններից մեկը»։ Անկարայում գիտակցում են, որ մոտ ապագայում Իրաքից ամերիկյան ուժերի դուրս գալուց հետո, Թուրքիան կարող է առավել գործուն ազդեցություն ունենալ միջինարեւելյան, այդ թվում` իրաքյան գործընթացներում: Արեւմտյան փորձագետները կարծում են, որ Իրաքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այդ երկիրը կհայտնվի Իրանի, ինչպես նաեւ Թուրքիայի ազդեցության դաշտում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր