• am
  • ru
  • en
Версия для печати
09.07.2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Ռուբեն Մելքոնյան

Ruben MelkonyanՀայտնի է, որ Հայությանը ներսից պառակտող ամենավտանգավոր երևույթներից են փոխադարձ անհանդուրժողականությունը, միմյանց հանդեպ խորթության արգահատելի «սովորույթը», որը ժամանակ առ ժամանակ ավելի ցայտուն է զգացվում: Այս երևույթի անքակտելի մասն են կազմում Հայության բաժանումներն ըստ ծագման, բնակության վայրի, դավանանքային, կրոնական, կուսակցական պատկանելության: Աշխարհասփյուռ Հայության տարբեր հատվածներում այս ամենն ունի ինչպես ընդհանրություններ, այնպես էլ յուրահատկություններ` ըստ միջավայրի և հանգամանքների: Հարկ է նշել, որ այս երևույթը տարբեր դրսևորումներով տարածված է ոչ միայն Հայության, այլև շատ այլ ազգերի մեջ, սակայն մեր պարագայում, կարծում ենք, խնդիրը ձեռք է բերել մեծ կարևորություն` կապված նաև աշխարհագրական և քաղաքական իրավիճակի հետ: Ավելորդ չէ շեշտել, որ մեզանում տարածում ունեցող «տեղային ազգայնականության» կամ «տեղային հայրենասիրության» նկատմամբ ազգային գաղափարախոսությունն ունի ընդգծված բացասական վերաբերմունք և բացառում է Հայության մեջ ցանկացած խտրականության արտահայտություն1:

Վերը թվարկված երևույթներից անմասն չէ նաև Թուրքիայի հայությունը: Ստեղծված իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար հարկ է համառոտ անդրադառնալ Ստամբուլի հայ համայնքի ոչ հեռավոր անցյալի որոշ մանրամասներին:

Պոլսահայ համայնքն այսօր կանգնել է բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ` դպրոց, լեզու, մշակույթի պահպանում և այլն: Հարկ է նշել, որ Թուրքիայի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով համայնքում արտագաղթերը տարբեր տարիներին զանազան ինտենսիվությամբ շարունակվել են: Համեմատության համար փաստենք. 1920-ականներին Թուրքիայում կար շուրջ 300 հազար հայ, իսկ այժմ, ըստ պաշտոնական տվյալների, քրիստոնյա հայերի թիվը ընդամենը 60 հազար է2: Հայ համայնքի նվազումն անդրադարձել է նաև հայկական դպրոցների վրա. այսպես, եթե 1972-73թթ. ուսումնական տարում Ստամբուլում եղել է 32 հայկական դպրոց` 7366 աշակերտով, ապա 1999-2000թթ. ուստարում դպրոցների թիվը նվազել է 18-ի` 3786 աշակերտով3: Իսկ 2008թ. մայիս ամսվա տվյալներով` Ստամբուլի 18 հայկական դպրոցներում կա 3072 աշակերտ4: Ըստ պոլսահայ մանկավարժ Կարո Փալյանի. «Ամեն տարի 150-200 աշակերտ ենք կորցնում, և եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին ստիպված կլինենք 6-7 դպրոց փակել»5: Իհարկե, հայ աշակերտների թվի նվազումը կապված չէ միայն արտագաղթերի հետ, այլ ունի հիմնավոր ուրիշ պատճառներ ևս:

Արտագաղթերի հետևանքով առաջացած այդ բացը պոլսահայ համայնքը լրացրել է տարբեր տարիներին գավառներից Ստամբուլ տեղափոխված հայության բեկորների շնորհիվ: Ընդ որում` ներգաղթած հայերը միշտ չէ, որ ունեին «իսկական հային» բնորոշ բոլոր հատկանիշները: Գավառահայերի փրկության գործով զբաղվել են Գարեգին Խաչատուրյան պատրիարքը (1951-1961թթ.), Շնորհք Գալուստյան պատրիարքը (1961-1990թթ.), որոնց ջանքերով շատ թրքախոս, քրդախոս և ուծացման եզրին հասած հայեր տեղափոխվեցին Ստամբուլ, իսկ նրանց երեխաները սովորելով հայկական դպրոցներում` կարողացան ինչ-որ չափով ինտեգրվել համայնքին: Նաև նրանցից է ձևավորված այսօրվա պոլսահայությունը:

Սակայն այսպիսի տարբեր շերտերից բաղկացած պոլսահայության մեջ միշտ էլ կարևոր և արդիական է եղել փոխադարձ ընկալման խնդիրը, պոլսահայ դիսկուրսում տարածված են եղել և այժմ էլ պահպանվում են ըստ ծագման վայրի հայերի բաժանումները կամ «իսկական պոլսահայ»-գավառահայ բաժանումները: Ընդ որում՝ իսկական պոլսահայը նշանակում է ավելի քաղաքակիրթ, ավելի մակարդակով, իսկ գավառացի` ցածր մակարդակի, հետամնաց, գավառական տարբեր բարքերի կրող և այլն: Սակայն, եթե իրատես լինենք, ապա ներկայիս պոլսահայ համայնքն իրականում կազմված է տարբեր տարիներին Ստամբուլ գաղթած գավառացի հայերի սերունդներից և, ըստ այդմ, փոխադարձ ընկալման խնդիրը նկարագրելիս ավելի ճիշտ կլիներ օգտագործել ոչ թե պոլսահայ-գավառահայ, այլ գավառահայ-գավառահայ բաժանարար բառեզրերը։ Իսկ պոլսահայ տերմինն ավելի նպատակահարմար է օգտագործել կամ պայմանականորեն, կամ դրա տակ հասկանալ ավելի շատ ստամբուլաբնակ հասկացությունը: Երևույթը ամենևին չտարածելով ողջ պոլսահայության վրա` հարկ եմ համարում նշել, սակայն, որ մշակութային և այլ կարգի տարբերությունների վրա հիմնված փոխադարձ խորթությունը ցայտուն է երևում ստամբուլաբնակ և հայաստանցի հայերի (որոնք Թուրքիա են գնում աշխատանք գտնելու համար) և անգամ ստամբուլաբնակ դարձած գավառահայության տարբեր խմբերի միջև։ Մեր անձնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ ներկայումս այս անջրպետի ամենակարևոր պատճառներից է դասակարգային տարբերությունը: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ստամբուլում «տեղային ազգայնականությանը» զուգահեռ տարածված է և, միգուցե` նաև առաջնային է, «դասակարգային ազգայնականությունը»: Հենց դասակարգային տարբերությունն է հաճախ խոչընդոտ հանդիսանում, որպեսզի ստամբուլաբնակ հայության տարբեր խմբեր կարողանան ազատ շփվել միմյանց հետ, քանի որ նրանց կենցաղը, ապրելակերպը, մտածելակերպը և անգամ խոսվածքը տարբեր են: «Դասակարգային ազգայնականության» հետևանքով երբեմն գրանցվում են ամուսնալուծություններ տարբեր տարիներին Ստամբուլ տեղափոխվածների միջև, ինչը ցույց է տալիս, որ նրանց մեջ առկա տարատեսակ անջրպետները տասնամյակներն անգամ դեռ չեն կարողացել հաղթահարել:

Ի դեպ, խոսելով ամուսնությունների մասին՝ կցանկանայինք անդրադառնալ ծպտյալ հայերի մեջ շարունակվող ներքին ամուսնությունների խնդրին և բերել մեկ օրինակ, որը, մեր կարծիքով, բավական խոսուն է: Այսպես, Խարբերդի գյուղերից մեկից Ստամբուլ տեղափոխված մի ծպտյալ հայի կամ այլ խոսքերով` կրոնափոխ «դյոնմե» անվանվող կնոջ հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նա ցանկանում է ամուսնացնել իր երկու որդիներին և հարսնացու է փնտրում: Մեր հարցին, թե արդյոք ցանկանում է հայ հարսնացուներ գտնել, նա պատասխանեց. «Ոչ, հայերը մեզ հետ չեն ամուսնանա»: Այդ դեպքում, հարցրեցինք, գուցե մուսուլման թուրք կամ քուրդ հարսնացու է փնտրում, որին հետևեց նրա պատասխանը. «Ոչ, ցանկանում եմ մեզ նման ընտանիքներից հարսնացուներ գտնել»: Փաստորեն, կարող ենք ասել, որ կրոնափոխ հայության շրջանում ներքին ամուսնությունների դրդող ազդակներից մեկը հնարավոր է համարել հայության մյուս խմբերին ինտեգրված չլինելու փաստը: Անգամ Ստամբուլում հաստատված կրոնափոխ կամ կրոնադարձ հայերը չինտեգրվելով պոլսահայությանը` ստիպված կամ ենթագիտակցորեն ձևավորել են (կամ գտնվում են դրա ճանապարհին) մի առանձին ազգագրական խումբ, որն իրեն տարբեր է համարում թե´ հայերից և թե´ թուրքերից: Միգուցե հենց այս ինտեգրված չլինելու հետևանքով է նաև, որ այսօր Թուրքիայի մուսուլման համշենահայերի մի մասն իրեն լրջորեն համարում է «հեմշին» ազգի ներկայացուցիչ, իսկ հայերենի այն բարբառը, որով խոսում է` «համշեներեն»6: Փաստ է նաև այն, որ մուսուլման համշենահայերի մեջ առկա նման դրսևորումներն այս կամ այն կերպ նկատվում են կրոնափոխված հայերի տարբեր խմբերի և սերունդների շրջանում ևս, և սրանք էլ հիմք են տալիս շատերին պնդելու, թե կրոնափոխվելուց հետո այդ մարդիկ դադարել են հայ լինել: Սակայն գիտականությունը պահանջում է յուրաքանչյուր նման խմբի մոտենալ յուրովի, քննել հանգամանքների ու իրավիճակի ազդեցությունը նրանց վրա և հնարավոր արդյունքներն այդ ամենի փոփոխման դեպքում:

Թուրքիայի հայերի միջև հաստատված խնդրահարույց հարաբերությունները վերջերս համայնքային մի ընտրության արդյունքում ձեռք բերեցին հրապարակային բնույթ: Այսպես, մարտի 22-ին Ստամբուլի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի ղեկավար կազմի ընտրություններն էին: Հարկ է նշել նաև, որ հիշյալ հիմնադրամը տիրապետում է բավական մեծ ֆինանսական միջոցների, և բնական է, որ սպասվելու էր լարված պայքար: Եկեղեցու հիմնադրամը երկար տարիներ կառավարել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Ափիկ Հայրապետյանը, որը 85 տարեկան է և այս ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը: Նրա դեմ իր թեկնածությունն էր առաջադրել նաև Մուրադ Բեշթեփեն, որին աջակցում էին Ստամբուլում հաստատված սասունցիները: Նշենք, որ նախընտրական շրջանում արդեն նկատվող լարվածությունն ուղեկցվում էր փոխադարձ մեղադրանքներով, սակայն սասունցիների և նրանց թեկնածուի դեմ կիրառվող ամենատարածված հակաքարոզչությունն այն էր, որ նրանք հայախոս չեն, անգամ հայ էլ չեն, այլ քուրդ, և պետք չէ եկեղեցին հանձնել քրդերի կառավարմանը: Փաստորեն, տասնամյակներով հրապարակայնորեն չբարձրաձայնված մտքերն օգտագործվեցին ընտրական քարոզչական տեխնոլոգիաներում: Այս մեթոդի ընտրությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, կա մի զանգված, որի վրա էլ հենց պետք է ազդեցություն թողնեին վերոնշյալ մտքերը: Նախընտրական շրջանում անգամ առաջացան տերմիններ, որոնք միտված էին էլ ավելի խորացնելու առկա անջրպետը. այսպես, հիմնադրամի ղեկավարության համար պայքարող «հին պոլսահայերի» թևն սկսեցին անվանել «սպիտակ հայեր»` ըստ երևույթին փորձելով շեշտել նրանց «ազնվական» ծագումը, իսկ մյուս թևին տրվեց գավառահայեր անվանումը: «Սպիտակ» և գավառացի հայերի բանավեճը լայնորեն արտացոլվեց համայնքային կյանքում և առաջ բերեց համակիրների բանակներ, որոնց շրջանակներում էլ շարունակվեց պայքարը: Ավելին՝ Սուրբ Երրորդություն հիմնադրամի ընտրությունների շուրջ բարձրացած աղմուկը դուրս եկավ համայնքային շրջանակներից, դրան անդրադարձան նաև թուրքական թերթերը: Օրինակ, «Հյուրիեթը» իր «Թուրքերով, քրդերով հայկական ընտրություններ» վերնագրով հոդվածում մանրամասն նկարագրում էր իրավիճակը7:

Մեր անձնական դիտարկումները և պոլսահայ ու թուրքական մամուլում տպագրված հոդվածները թույլ են տալիս պնդել, որ այդ ընտրությունների հետևանքով համայնքում առաջացան երկփեղկված տրամադրություններ: Օրինակ, «Ակօս» շաբաթաթերթը, որն ակտիվորեն լուսաբանում էր հիմնադրամի շուրջ ընթացող զարգացումները և քննադատում գավառացի հայ ու պոլսահայ բաժանումները, համայնքի տարբեր անդամների կողմից արժանացավ քննադատության, թե իբր խիստ չափազանցված և միտումնավոր է ներկայացնում հայության միջև եղած անջրպետը և հրահրում արհեստական լարվածություն8: Ուշագրավ է հատկապես այն, որ երկու կողմերն էլ դեմ էին արտահայտվում պոլսահայ և գավառացի հայ խտրական սահմանումներին և դա վնասակար համարում համայնքի շահերի համար: Պոլսահայ Արեթ Յամանն իր հոդվածում փոքր-ինչ հռետորական հարց է առաջ քաշում, որը ևս մտորելու տեղիք է տալիս: Այսպես, նա իրավացիորեն հարցնում է, թե ինչու մինչև այժմ համայնքում նման վեճեր և խտրականություն չեն եղել, իսկ հիմա դա որոշ թերթեր (նկատի ունի «Ակօսը») տարածում են9: Իհարկե, մենք համաձայն չենք հեղինակի հետ, քանի որ խտրական տրամադրությունները միշտ էլ եղել են Պոլսի հայ համայնքի մի հատվածի մեջ, ուղղակի դրանք նման հնչեղություն մինչ այդ չէին ստացել: Խտրական վերաբերմունքի ցայտուն օրինակներ կարող ենք հանդիպել տարբեր տարիներին գավառներից Ստամբուլի հայկական դպրոցներ սովորելու եկած հայերի մեջ: Օրինակ, ԱՄՆ-ում հաստատված մալաթիացի մի հայի պատմածը խորությամբ պատկերում է Հայության մեջ տարածված խտրականության տարբեր դրսևորումները: Այսպես, ըստ նրա. «Մեզ Մալաթիայում շրջապատի մուսուլմաններն ասում էին «գյավուր» հայեր, երբ տեղափոխվեցինք Ստամբուլ, հայկական դպրոցում մեր համադասարանցիները մեզ ասում էին «քրդեր»: Տարիներ հետո տեղափոխվեցինք Հայաստան, ուր մեզ անվանում էին «ախպարներ», իսկ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո, ի վերջո, մեզ սկսեցին անվանել «հայաստանցիներ»:

Ինչպես իրավացիորեն նշում է «Ակօս»-ի հեղինակներից Ռոբեր Քոփթաշը. «Ընտրությունները մեզ դեմ հանդիման հանեցին հայ համայնքի ներսում եռացող խտրականությանը»10: Կրկին ըստ Քոփթաշի, հին ստամբուլաբնակ հայերի կողմից գավառներից համեմատաբար ավելի ուշ Ստամբուլ տեղափոխվածներին չընդունելու համար, բացի դասակարգային պատճառներից, կան նաև կենցաղային հանգամանքներ: Օրինակ՝ հայերեն չիմանալը, թուրքերենի բարբառային կիրառումը, նույնիսկ հագնվելու ոճը: Այս ամենը հայության մի շերտի համար շատ կարևոր է, քանի որ ըստ տարածված տեսակետի` հայերը միայն քաղաքակիրթ, բարձրաշխարհիկ պետք է լինեն, իսկ գավառահայերը լուրջ վնաս են հասցնում արդեն ձևավորված հայի կերպարին11: Այստեղից է ծագում նաև նրանց քուրդ անվանելով` «իսկական հայի» կերպարը մաքուր պահելու ձգտումը:

Գալով «Ակօս»-ի և նրա ընդդիմադիրների վեճին` նշենք, որ կրքերն այնքան լարվեցին, որ Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի հին թիմը բոլորովին վերջերս դատի տվեց թերթին: Որպես հիմնավորում նշվում էր թերթի կողմնակալ լուսաբանումը: Հայցող կողմը «Ակօսից» պահանջում է ավելի քան 30 000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Անդրադառնալով այս խնդրին` Հրանտ Դինքի եղբայրը` Երվանդ Դինքը, հիշեցնում է վերջերս Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայցն ընդդեմ պատգամավոր Ջանան Արըթմանի, որը նրան մեղադրում էր հայկական ծագում ունենալու մեջ, և սարկազմով նշում. «Նույնիսկ նախագահը «պատիվը վիրավորելու» համար բացած դատական հայցում որպես փոխհատուցում պահանջում էր ընդամենը 1 լիրա»12: Իրոք, ցավալի է, որ ներհամայնքային վեճն այսպիսի ընթացք է ունենում, սակայն, միևնույն ժամանակ, մտահոգիչ է, որ «Ակօս»-ի դեմ դատական հայցով հանդես եկած բացահայտ պանթյուրքիստների, ազգայնամոլների, «էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամների շարքին ավելացան նաև մեր ազգակիցները: Սակայն, ինչպես նշում է Երվանդ Դինքը, այս դատերը չեն փոխելու «Ակօս»-ի դիրքորոշումը13:

Անկասկած է, որ Հայության տարբեր խմբերի միջև փոխադարձ ընկալումը և լավ հարաբերությունները կարող են օգուտ բերել հենց Հայությանը, իսկ նոր բաժանարար գծեր գտնելն ու դրանք քարոզելը խաթարում են մեր առանց այն էլ երերուն միասնականությունը: Այս ամենով հանդերձ պետք է գիտակցել, որ նման երևույթներ տարածված են ոչ միայն Հայության և ոչ միայն Թուրքիայի հայերի շրջանում. մեր ամենօրյա կյանքում մենք բախվում ենք մշակութային և այլ տարբերությունների վրա հիմնված փոխադարձ խորթության և դրանից բխող այլ հետևանքների: Այստեղ մենք խնդիր չենք հետապնդում ճիշտ և սխալ կողմեր փնտրել կամ «մեղադրել» որևէ մեկին, քանի որ իրականում ստեղծված իրավիճակի հասցեատերը բոլորս ենք: Սակայն այս բարդ խնդրի լուծման կամ, ավելի ճիշտ` մեղմացման համար դեղատոմսեր մշակելն ու կիրառելն անհնար չէ, ուղղակի կամք ու գիտակցություն են պետք:

Ստամբուլի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի մարտի 22-ի ընտրությունները և դրա արձագանքները շարունակվում են և կարծես հակված էլ չեն մարելու, քանի որ վերաբերում են ոչ միայն նյութական, այլև ավելի խոր խնդիրների: Ճիշտ է, այդ ընտրություններն ավելի ուշ չեղյալ հայտարարվեցին՝ կապված մի շարք հանգամանքների, ապօրինությունների հետ, և ներկայումս սպասվում է ավելի լայն համահամայնքային ընտրություն, սակայն խնդիրը բաց է, և ինչպես նշում է Երվանդ Դինքը, իրենք այս խնդիրը տեղափոխելու են համահայկական քննարկման, քանի որ դրա տերը և որոշում ընդունողը, ի վերջո, հայկական աշխարհն է14:

 

1Այս մասին ավելի մանրամասն տե´ս Լալայան Մ., Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ, Երևան, 2008, էջ 37:

2Kaplan S., 1915te ne oldu, İstanbul, 2005, s. 169.

3Գոյումճեան Ս., Ակնարկ մը՝ Ստանպուլահայ Վարժարաններու Իրականութեան, Ստանպուլ, 2000, էջ 24։

4Unutmak mı Asimilasyon mu? Türkiye’nin Eğitim Sisteminde Azınlıklar www.hyetert.com

5Նույն տեղում:

6Ի դեպ, հարկ է նշել, որ իսլամացված համշենահայերին Հայության տարբեր խմբերի կողմից վանելու փաստեր արձանագրվել են ոչ միայն Թուրքիայում, այլև, օրինակ, 1944-ին Աջարիայից Միջին Ասիա աքսորված կրոնափոխ համշենահայերի պարագայում: Ինչպես փոխանցում է համշենահայերի խնդիրներով տասնամյակներ զբաղվող հայագետ Սերգեյ Վարդանյանը, Միջին Ասիայի իսլամացված համշենահայերի ձգտումները` վերինտեգրվելու Հայությանը, ԽՍՀՄ տարիներին հանդիպում էին անտարբերության և սառնության Հայության կողմից, և 1980-ականներին Միջին Ասիա այցելած Վարդանյանին կրոնափոխ համշենահայերից շատերն ասել են, թե ինքն առաջին հայն է, որն իրենց հայ է համարում:

7Türklü, Kürtlü Ermeni seçimi, Hurriyet, 4.5.2009

8Çiçekeker A., Suni gündem: Beyaz Ermeni-taşralı Ermeni ayrımı, www.hyetert.com Yaman A., Beyaz Ermeni tartişmaları, www.hyetert.com

9Yaman A., Beyaz Ermeni tartişmaları,,www.hyetert.com

10Koptaş R., Mağdur Ermeni, gaddar Ermeni, Agos, 03.04.09 Koptaş R., Güç siyaseti, Agos, 03.04.09

12 Dink Y., Bu gençlere laf anlatmak çok zor…, Agos, 01.05.09

13Նույն տեղում։

14Նույն տեղում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր