• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2009

ՎՐԱՑԱՑԱԾ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐ

   

Արեստակես Սիմավորյան

1.Arestakes Simavoryan (original)Տարբեր պատճառներով հայագիտական ուսումնասիրությունների շրջանակից գրեթե դուրս են մնացել վրացացած հայ կաթոլիկները։

Հակառակ պատմական այն իրողությանը, որ ներկայիս հայ կաթոլիկների երկրորդ շերտը Սամցխե-Ջավախք է եկել Արեւմտյան Հայաստանից, վրացական կողմն անընդհատ փորձում է նրանց ներկայացնել որպես «նախկին վրացիներ», ինչը վրացական պատմագիտության պաշտոնական մոտեցումն է դեռ 19-րդ դ. 60-ական թվականներից։

Դեռեւս 1860–1880-ական թվականներին վրաց եկեղեցու ներկայացուցիչները գրեթե Վրաստանի ողջ տարածքում, այդ թվում Ախալցխայի եւ Ախալքալաքի գյուղերում, հայ կաթոլիկներին դավանափոխ անելու նպատակով մեծ շարժում էին ծավալել։ Թիրախային խումբ էին ընտրվել Ախալքալաքի շրջանի Բավրա, Խուլգումո, Կարտիկամ եւ Տուրցխ գյուղերի հայ կաթոլիկները։ Երբեմնի վելցիները մերժել էին վրաց հոգեւորականության պահանջը։ Ինչպես վկայում է Երվանդ Լալայանը, 1886թ. գավառապետ Սմբաթով իշխանը բնակչության շրջանում աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է նրանց գրանցել որպես վրացիներ, սակայն ընդամենը մի տուն էր վախից վրացի գրվել, իսկ մյուսներն ասել էին, որ հայեր են։

«Այդ ընտրությունը պատահական չէր։ Քարոզարշավի կազմակերպիչները վերոհիշյալ գյուղերում հաջողություն էին ակնկալում։ Նրանք կարծում էին, թե այդ գյուղերի բնակիչները, մասնակիորեն թրքախոս ու կաթոլիկ լինելով, հեշտությամբ կարող էին հակադրվել հայ առաքելականներին եւ ընդունել վրացադավանություն... Չէր տրվում որեւէ բացատրություն, թե ինչու էին վելցիները թուրքերենին զուգահեռ պահպանել հայերենը, հայկական անունները, կենցաղը, ծիսական արարողակարգը, հայկական ինքնագիտակցությունը եւ ինչ հիմքեր կային այդ մարդկանց «վրացի վերաօծելու» համար»,–նշում է պատմաբան Ա.Մելքոնյանը։

Նույն բանը կրկնվեց նաեւ մենշեւիկյան իշխանության ժամանակ։ Ազգափոխման եղկելի երեւույթի մասին ժամանակին արտահայտվել է Պողոս Աբելյանը Ախալքալաքի հիմնահարցի մասին զեկուցագրում. «...ինչպես հայախոս հայ կաթոլիկներին (ներկայումս` 7-8 հազար), այնպես էլ տաճկախոս հայ կաթոլիկներին (թվով մոտ 9000) վրաց մենշեւիկյան կառավարության օրոք ու հովանավորությամբ եւ վրաց մամուլի զգալի մասը եւ ինքը` մենշեւիկյան կառավարությունը, զանազան խոստումներով ու ահաբեկումներով, հայտարարեցին վրացի կաթոլիկներ... Հայ կաթոլիկների մի մասը` անգիտակից, աղքատ, ճնշված մասը, ինքը նույնպես ինքնապահպանման բնազդից դրդված, իրեն վրացի սկսեց համարել, եւ շատերն իրենց ազգանունները վերածեցին -ձե, -շվիլի վերջավորությունների։ Բայց մյուս մասը կանգ չառավ մենշեւիկյան բլոկի հալածանքների դեմ եւ իր մարդկային արժանապատվության դեմ ոչինչ չարեց` նա իրեն հայ է համարել, հայ էլ համարում է»։

Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը եւ դրան հաջորդող տարիներին վրացական մի քանի պարբերական մշտապես փորձել են հայ կաթոլիկներին համարել «հայացած վրացիներ»։ 1990-ական թթ. այս միտումը շարունակվեց հատկապես վրացական ազգայնականության դրսեւորմանը զուգահեռ եւ որոշակի խնդիրներ հարուցեց նաեւ գործնական հարթությունում։

Թեեւ վրաց հոգեւորականության եւ իշխանությունների` հայ կաթոլիկներին դավանափոխ անելու ծրագիրը տապալվեց, այդուհանդերձ, այսօր էլ վրացի մի շարք պատմաբաններ, առանց ծանրակշիռ փաստարկների, հակագիտական մոտեցումներով փորձում են առաջ քաշել այն թեզը, թե Ախալքալաքի գյուղերի հայ կաթոլիկները նախկին վրացիներ են, որոնք հետագայում հայացել են։ 

Վերջին 10 տարում հայ կաթոլիկների մեջ «վրացի» փնտրելու ապարդյուն ջանքերն արտացոլվել են մի շարք հոդվածներում` տգիտության աստիճանի սխալներով։

Այսպես, 1999թ. պատմական գիտությունների դոկտոր Գուրամ Մամուլիան մասնավորապես նշում էր, որ Ախալքալաքի շրջանի ութ թրքախոս «վրացի» կաթոլիկ գյուղերի (Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ, Կուլիկամ, Բավրա եւ այլն) բնակիչներն իրենց հայերի շարքին են դասել։

Ինչպես երեւում է, հեղինակն անտեղյակ է որոշ հարցերում. նախ` Կուլիկամում ոչ թե կաթոլիկներ, այլ հայ առաքելականներ են բնակվում։ Եվ երկրորդ` Ախալքալաքի շրջանում ընդամենը 6 հայ կաթոլիկ գյուղ կա, որոնցից միայն չորսն են թրքախոս եղել, այն էլ` մասամբ, եւ վրացական ծագում չեն ունեցել։

2005թ. ոմն Մանանա Ջավախաշվիլի, հղում կատարելով վրացական պատմաբաններին, նշում է, որ 1893թ. ցարական իշխանությունների հրամանով վրաց կաթոլիկ եկեղեցին հայտարարվել է հայկական։ Այս տեղեկությունն էլ հիմք է հանդիսացել մի նոր եզրակացության, այն է. «Վրացի կաթոլիկներին կնքել են հայ կաթոլիկ հոգեւորականները` տալով նրանց հայկական անուններ, ինչի պատճառով սկսվել է վրաց կաթոլիկների հայացման գործընթացը»։

Վրաց պատմաբանների մյուս նպատակը հայ մասնագետներին (որոնք առկա փաստական նյութի քննությամբ ներկայացնում են վրացացած հայ կաթոլիկների խնդիրները) հակադարձելն է։

Բնականաբար, այսօր անօգուտ է խոսել մի հարցի (հայացած վրացիների) շուրջ, ինչն իրականում գոյություն չունի։ Դրա արմատական դրդապատճառը հայ մասնագետներին իրենց առաջ քաշած արհեստածին խնդիրների մեջ ներքաշելն է, ինչն էլ գիտակցաբար չի ընդունվում վերջիններիս կողմից։ Անհասկանալի է, թե որտեղ են «հայացած» վրացի կաթոլիկները, որոնց փորձում են «պեղել» վրաց պատմաբանները։

Հայտնի է, որ հարավկովկասյան հանրապետությունների մեջ Վրաստանն էթնիկ բազմազանությամբ, թերեւս, առաջին տեղում է, որտեղ բնակվում են տարբեր դավանանքների եւ կրոնների ներկայացուցիչներ։

Խորհրդային Միության կազմի մեջ մտնելուց հետո Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները շատ շուտ բռնեցին ուծացման ճանապարհը. այդ գործընթացներին կուլ գնաց փոքրաթիվ ուդիների, հույների, օսերի, ասորիների, հրեաների, հայերի ու այլ ազգությունների մի մասը։

Վրացացած հայերի մի մասն էին կազմում նաեւ Սամցխե-Ջավախքի, Գորիի ու Քութայիսի բնիկ հայ կաթոլիկները։ Համաձայն հայ կաթոլիկների վրացացման հանգամանքներին խորագիտակ Պիոն Հակոբյանի` նրանց վերջնական վրացականացումը տեղի ունեցավ խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին:

Քանի որ վրացացած հայ կաթոլիկների աշխարհագրական սահմանները բավական ընդարձակ են եւ ներառում են ամբողջական գյուղեր, անդրադառնանք դրանցից մի քանիսին։ 

Վարգավ։ Ասպինձայի կազմում գտնվող գյուղ է, որը հարեւան է հայ կաթոլիկ Վարեւան եւ Ալաստան գյուղերին։ Բնակիչները բնիկ հայեր էին։ Հայտնի է, որ 17-18-րդ դդ. երկրամասը մահմեդականանում էր։ Մահմեդականացմանն ընդդիմանալու համար արեւմուտքից եկած եւ այս կողմերում հաստատված կրոնական քարոզիչների միջոցով ընդունել են կաթոլիկություն, արդյունքում` կաթոլիկացան վերոհիշյալ եւ ներկայումս անմարդաբնակ Բնելա գյուղերի հայ բնակիչները։ Հետագայում վարգավցի հայ կաթոլիկները, պայմանավորված վրացիների ներհոսքով, «զոհաբերել» են մայրենի լեզուն։

Ե.Լալայանը, որը ժամանակին բավական հետաքրքիր հետազոտություն էր կատարել Ջավախքի գյուղերում, նշում է. «Վարգավցիք եւ խզաբավրացիք բնիկներ են։ Սրանք վաղուց մոռացած են իրենց մայրենի լեզուն եւ խոսում են վրացերեն։ Եվ թեպետ ընդունած են վրացական սովորություններ, բայց եւ այնպես ընտանեկան կյանքը հայկական է»։

Դա հաստատում են նաեւ սկզբնաղբյուրները։ Համաձայն 1886թ. անցկացված ընտանեկան ցուցակագրման` Վարգավ գյուղի կաթոլիկների լեզուն եղել է վրացերենը, սակայն էթնիկ պատկանելության դիմաց գրվել է հայ։ Օրինակ` Լազարովները, Դաթաեւները, Թարխանովները, Թամազովները, Շաբերիձեները։ Միայն Դավլաշերիձե ընտանիքն է իրեն վրացի համարել։

Միանգամայն պարզ է դառնում, որ Վարգավի բնակչության մեծ հատվածի էթնիկ ինքնագիտակցությունը դեռեւս պահպանվում էր։ Հաշվի առնելով այն, որ այդ մարդահամարի ժամանակ ճնշումներ են կիրառվել հայ կաթոլիկների վրա` տարբեր միջոցներով փորձել են նրանց վրացի գրանցել, ինչպես Սմբաթովի պարագայում էր, ակնհայտ է դառնում, որ Վարգավի բնակչության գերակշռող մասն ընդդիմացել է վրացի աշխարհագիրներին եւ ներկայացել որպես հայ։ Նույն պատկերն էր նաեւ Խզաբավրայում։

Վարգավ գյուղի հարեւան հայ կաթոլիկները նշում էին, որ մինչեւ 1930-ական թթ. վարգավցիները խոսում էին հայերեն:

Խնդիրն այն է, որ վարգավցիների եւ խզաբավրացիների կենցաղում հայերենի իմացությունը «տեղ չուներ»։ Ե.Լալայանի վերոնշյալ մեջբերումը հայերենին չտիրապետելու մասին (1890-ական թթ.) համապատասխանում է իրականությանը։ Պարզապես հարեւան գյուղերի բնակիչները չեն ըմբռնել, որ նրանց լեզվի իմացությունը, այն էլ` առանձին արտահայտություններով, կապված էր եկեղեցական ծիսական արարողությունների հետ, որոնք, բնականաբար, կատարվում էին հայերենով, չնայած սկզբում լատինածես էին։ Այլ հարց է, թե արդյոք վրացերենին զուգահեռ ունեին «գաղտնի լեզու»` հայերենը, որով շփվում էին միայն տան անդամները։

Վարգավցիները, ըստ Վարեւանի եւ Ալաստանի տարեց բնակիչների, հաճախում էին իրենց գյուղերի եկեղեցիներ, տարբեր տարիներին Խերթվիսից եւ այլ վայրերից Վարգավում հաստատվել էին նաեւ մի քանի վրացական ընտանիքներ, որոնք խառնվել էին տեղաբնիկներին։ Ի դեպ, 1910-ական թթ. Վարգավում հովվություն էր անում Կոստանդինոս Շեշաբերիձեն, որն ազգությամբ վրացի էր, եւ դժվար թե նրա օրոք ծիսական արարողությունները կատարվեին հայերենով։ Օբյեկտիվորեն հայ կաթոլիկների վրացացման նախադրյալները ձեւավորել են հատկապես լատինածես եւ վրացամետ հայ հոգեւորականները։

Պատահական չէր, որ հետագայում վրացական իշխանությունները Վարգավ գյուղը մտցրին նորաստեղծ Ասպինձայի շրջանի մեջ։ Գյուղն ընդամենը երեք-չորս կիլոմետր է հեռու հայկական գյուղերից։ Վրացիներն այդպիսով իրենց հսկողության տակ վերցրին այն` կտրելով հայկական միջավայրից, ինտեգրելով վրացականին։ 

Քանի որ Ասպինձայի շրջանում հիմնականում կենտրոնացված էին վրացական գյուղեր, բացառությամբ Դամալայի, սահմանազատումն աշխատեց հօգուտ վրացիների, եւ վարգավցիների մոտ կրկին տիրապետող դարձավ էթնիկ վրացի լինելու հանգամանքը։ Ըստ նույն հայ կաթոլիկների` այսօր քչերն են ընդունում, որ հայ են, նույնիսկ մի քանի ընտանիքների մայրեր, որոնք սերում են հարեւան հայ կաթոլիկ Ալաստան գյուղից եւ ամուսնացել էին դեռ 1920-ական թթ.։ Մի խոսքով` այստեղ բնակվում են վրացախոս հայ եւ այլ վայրերից այստեղ տեղափոխված վրացի կաթոլիկներ։ Հավելենք, որ այսօր Վարգավ գյուղը ներկայացված է որպես վրացի կաթոլիկների համայնք։

Խզաբավրա։ Պատմական փաստերի համաձայն` այս գյուղի բնակիչներն առաքելադավան էին եւ Օսմանյան կայսրության օրոք, իսլամացումից խուսափելու համար, ընդունել են կաթոլիկություն։ Ազգային եկեղեցուց անջատվելու հետեւանքով խզաբավրացիները մեկուսացել էին հայության հիմնական զանգվածից, ինչը եւ նրանց վերջնականապես վրացախոս դարձրեց։

Խզաբավրացիների մեջ ներքին ամուսնությունների սովորույթը եւս մեծ տեղ ուներ, ինչը յուրահատուկ էր նաեւ հայ կաթոլիկներին ու ձեւավորվել էր դավանանքային հիմքի վրա։ Այն վերջիններիս հեռու էր պահում վրաց ուղղափառներից, սակայն ժամանակի ընթացքում այդ սովորույթն այլեւս տեղայնական չէր։ Անցյալում խզաբավրացիների հայ լինելու հիշողությունները կամ թույլ արտահայտված ազգային ինքնագիտակցությունը հանգեցրեց նրան, որ խնամություն էին անում հայ կաթոլիկների հետ, ինչը չնչին տոկոս էր կազմում եւ այսօր ընդհանրապես բացակայում է։ Նրանք եւս ժխտում են, որ հայ են։ Պատահական չէ, որ վերջին տարիներին խզաբավրացիներն ընդդիմացել են մի շարք վրացական թերթերում իրենց հայկական ծագման վերաբերյալ հնչած կարծիքներին։

2007թ. «Ասավալ-դասավալի» վրացալեզու պարբերականի թիվ 13-ում տեղ էր գտել 87-ամյա խզաբավրացի Ստեփանե Մամուկաշվիլու հոդվածը, որտեղ նա ժխտում էր, որ իրենք հայկական ծագում ունեն` բերելով արհեստածին փաստարկներ. «Այն ժամանակ, երբ կաթոլիկ խիզաբավրացիները ժամերգություն-պատարագները այլ գյուղերում էին կատարում, այդ ծեսի կատարումը հայ կաթոլիկ քահանաները յուրացրին, որոնք մեծ չարություններ կատարեցին: Գրել-կարդալ չիմացող վրացիներին, երեխային կնքելու ժամանակ, անունը հայերեն էին գրում. Վելիջանաշվիլիներին Վելիջանով գրեցին, Թամազաշվիլիներին` Թամազով, Մամուկաշվիլիներին` Մամուկով եւ այլն: Երբ Խիզաբավրայում եկեղեցու կառուցումն ավարտվում էր, քարի ու փայտի վարպետները հայեր էին, որի պատճառով այդ կաթոլիկ տաճարը ուրիշ շատերի նման հայերին վերագրեցին»,–ցավում է պարոն Ստեփանեն»։

Խզաբավրայի կաթոլիկ քահանաները, բացառությամբ Աստվածատուրով Հովհաննեսի (1866թ.), Կոստանդինոս Շեշաբերիձեի (1915թ.) եւ Պաոլո Սիեպանեկիի (1961-1999թթ.), գրեթե բոլորն էլ նույն գյուղի հայեր են եղել։ Հետագայում վրացամետ լինելու պատճառով իրենց ազգանվան վերջավորությունը փոխել են վրացականով։ Օրինակ, այդ գյուղի քահանան սկզբում Վարձելյան էր, հետագայում, պայմանավորված ռուսահպատակությամբ, դարձել էր Վարձելով, այնուհետեւ` Վարձելաշվիլի։ Ահա թե ինչ են պատմում սկզբնաղբյուրները նրա մասին. «...կաթօլիկ հայ էր եւ Վարձելեան եւ հայ անունով էլ քահանայ ձեռնադրուեց, բայց այժմ նոյն մարդը շապիկը փոխելով, վրացի է անուանում իրան» («Մշակ», 1900, N124, էջ 2):

Եվ եթե հայեր չէին խզաբավրացիները, ապա ինչպե՞ս կարող է պատահել, որ Պոլսի, Կովկասի եւ Ալաստանի հայ կաթոլիկներն այդ գյուղի եկեղեցին հիմնովին վերակառուցելու համար գումար հանգանակեցին, երբ դրա կարիքն այնքան շատ ունեին իրենք։ Վատիկանյան փաստաթղթերում էլ Խզաբավրան Սամցխե-Ջավախքի հայ կաթոլիկ գյուղերի հետ միասին նշվում է որպես հայկական։

Ասպինձայի հայաբնակ Դամալա եւ Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղերի հայ բնակիչները փաստում են, որ երբ նրանց հայ ես ասում, ընդդիմանում են եւ նշում վերը բերված Մամուկաշվիլու տեսակետը։ Քչերն են ընդունում իրենց հայկական ծագումը։ Ինչպես երեւում է, վրացական ազգանունները հայկականով փոխելու վրաց պատմաբանների կեղծ հավաստիացումներն արմատավորվել են խզաբավրացիների գիտակցությունում, եւ այն փոխանցվում է սերնդեսերունդ։ 

Առնվազն զավեշտալի է այն, որ եթե վրացի կաթոլիկներին հայացրել էին հայ քահանաները` փոխելով նրանց անուն-ազգանունները, ինչպես նշում է Մանանա Ջավախաշվիլին, ապա ինչպե՞ս եղավ, որ Խզաբավրայի կաթոլիկների անունների փոփոխությունից հետո նրանք չհայացան։ Հայկական միջավայրը չի մոռանում, որ նրանք հայկական ծագում ունեն եւ մշտապես, շփման ժամանակ, հիշեցնում է նրանց էթնիկ ծագման մասին. «Մեր մասին ասում են, որ մենք հայ ենք, ես շատ հաճախ եմ լսում այդ մասին»,–նշում է վրացի կաթոլիկ մի կին։

Վերջին տարիների վրաց-ռուսական քաղաքական լարվածության համատեքստում ի հայտ եկան նոր իրողություններ։ Վրացացած հայերի մի քանի սերունդ վերականգնեցին հայկական ազգանունները1։ Սակայն մեզ հայտնի չէ, թե արդյոք այդ գործողություններում ներգրավված էր Սամցխե-Ջավախքի վրացացած հայությունը, ու թե ինչ շարունակություն կունենա այդ գործընթացը։

Թեեւ փաստեր չունենք, բայց պետք է որ վրացական իշխանությունները (մենշեւիկյան եւ խորհրդային) մշտական ուշադրության կենտրոնում պահեին Սամցխե-Ջավախքում եւ ողջ Վրաստանում վրացացած հայության տարբեր շերտերի շրջանում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացները։ Նրանք գուցե ամեն կերպ փորձել են կասեցնել վերջիններիս ազգային ինքնագիտակցության որեւէ դրսեւորում` հետագայում բարդություններից խուսափելու համար։

Որպես ազգային ինքնագիտակցության բռնի արգելակման միջոց վրացական իշխանությունների համար հզոր գործոն է հանդիսանում ուղղափառացումը, քանի որ այդ երկրում ուղղափառ լինելը համազոր է վրացի լինելուն։ Եթե Վարգավ եւ Խզաբավրա գյուղերը զերծ են մնում ուղղափառացման հարվածներից, ապա հակառակ պատկերն է Ախալցխայի, Ադիգենի վրացացած հայ կաթոլիկների շրջանում, որոնց դավանափոխման գործընթացը մեծ չափերի է հասնում։ Այդ մասին բարձրաձայնել են նաեւ Վատիկանի ներկայացուցիչները։ Իրադրությունն ավելի պատկերավոր նկարագրելու համար մեջբերենք, այսպես կոչված, «վրացի կաթոլիկների» վերաբերյալ մի քանի փաստեր, որի մասին վկայում են հայ տեղաբնիկները։

«Իվլիտայի Աստվածամոր եկեղեցին, մեր ընտանիքում հաշվվում էր ամենազորավորը: Ես դեռ փոքրուց այնտեղ շատ եմ հաճախել, սակայն այն ժամանակ այն հանդիսանում էր կաթոլիկ հայերի եկեղեցի, եւ վրացիներն այնտեղ չէին էլ գնում: Դե, ինչպես ես իմացել եմ մեր մեծերից, Ախալցխայի շրջանում Իվլիտան, ինչպես նաեւ Ադիգենում Ուդեն եւ Արալը, կամ էլ Խիզաբավրան (գյուղ Ասպինձայի շրջանում) եղել են կաթոլիկ հայաբնակ գյուղեր, սակայն ներկայումս նրանք համարվում են կաթոլիկ «վրացական», եւ թե դա ինչպես տեղի ունեցավ, ես մինչեւ հիմա չեմ էլ հասկանում»,–ասում է 73-ամյա տիկին Լուսինեն եւ շարունակում, որ «վրաց կաթոլիկ» հասկացություն այս տարածաշրջանում իրականում չկա: Պարզապես նրանք այն հայերն են, ովքեր ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառով կամ էլ չդիմանալով վրացիների ճնշումներին` «փոխել» են իրենց ազգությունը եւ այժմ արդեն կոչվում են «վրացիներ»: Այդ պատճառով էլ առանց մեկնաբանելու ուղղափառ վրացիները «վրացի կաթոլիկներին» կոչում են դավաճաններ եւ վերաբերվում են ընդգծված արհամարհանքով: Իսկ «վրացի կաթոլիկներն» էլ, որպեսզի դուրս գան այս իրավիճակից, ստիպված են առաջնորդվել «Հռոմի պապից էլ կաթոլիկ» ասացվածքով եւ իրենց ձեւացնել ավելի մոլեռանդ ազգայնական վրացիներ»։ 

«Ես ինքս անձամբ ունեմ բարեկամներ, ովքեր այսօր համարվում են վրացիներ, սակայն չէ՞ որ փաստը մնում է փաստ, որ նրանց երակներում հոսում է Վարդանյանների արյունը, եւ ազգանունները փոխելով դարձել են Վարդենաշվիլի, չէ՞ որ չի կարելի փոխել ամեն ինչ»,–ասում է Ախալցխայի բնակիչ Կարապետը եւ ավելացնում, որ այդ դեպքից հետո իր եւ իր նոր «վրացի» բարեկամների հարաբերություններն այնքան էլ դրական չեն։- «Ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե ուզում ես դառնալ պաշտոնյա կամ կյանքում հասնել ինչ-որ բանի, ուրեմն պետք է դառնաս ոչ միայն «վրացի», այլեւ ուղղափառ, քանի որ ես ինչքան տեսնում եմ, վրացիներն այժմ փորձում են վերացնել նախկին հայերից ձեւավորված «վրացի կաթոլիկ» հասկացությունը»,–նշում է Կարապետը։

Վրացացած հայ կաթոլիկների թեման ուսումնասիրության կարիք ունի, ընդ որում, տարբեր տեսանկյուններից` պատմական, էթնոհոգեբանական եւ այլն։ Այս հարցը կապված է նաեւ մի շարք գործոնների հետ. Վրաստանի ներսում տեղի ունեցող էթնիկ խմորումները ներկայացվում են բացառապես վրացերենով, որպեսզի ուրիշներն իրենց խնդիրներին հաղորդակից չդառնան։

Սույն խնդրի խորքային ուսումնասիրությունը պահանջում է հստակ եւ զգուշավոր մասնագիտական մոտեցում։ Ի վերջո, սեփական ինքնությունը կորցրած ցանկացած խումբ ունի թույլ կետեր, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել սեփական արմատներին վերադառնալու առավելագույն ցուցիչը։

12002թ. Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով` այդ երկրում ապրում են 250 հազար հայեր, նաեւ 150 հազար վրացացած, ովքեր խորհրդային իշխանությունների եւ Վրաստանի անկախության առաջին տարիներին, իշխանությունների ճնշման ներքո փոխել են իրենց ազգանունները վրացականով։ Գլխավորապես վրացացել են Թբիլիսիի, Կախեթի շրջանի տասնյակ գյուղեր։ Սամցխե-Ջավախքում վրացացել են մեր հիշատակած Վարգավը եւ Խզաբավրան, իսկ Ադիգենի շրջանում` Բոլաջուր, Աբասթուման, Արալ, Ուդե գյուղերը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր