ԱՄՆ-Ի ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
ԱՄՆ-ի հայ կաթոլիկները
Ներկայումս ԱՄՆ-ում հաշվվող մեկ միլիոնից ավելի հայության մաս են կազմում նաեւ երեսունհինգ հազար հայ կաթոլիկները։
19-րդ դարի սկզբին աշխատանք փնտրելու նպատակով Արեւմտյան Հայաստանից ԱՄՆ է գաղթել Օսմանյան կայսրությունում ապրող հայ կաթոլիկների մի հատված՝ հիմնականում Էրզրումի գյուղերից, Կ.Պոլսից, Մարդինից եւ այլ վայրերից։ Նույն դարի վերջին այստեղ են հաստատվում նաեւ համիդյան ջարդերից մազապուրծ հայերը, որոնք կենտրոնանում են մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում։ 1896թ. հայ կաթոլիկներին քահանայելու նպատակով Ազարյան պատրիարքի պահանջով այստեղ է ուղարկվում Հայ կաթողիկե քահանա Մկրյանը, ով հետագայում կազմակերպեց նաեւ Ցեղասպանության տարիներին Ամերիկա ապաստանած եւ ցիրուցան եղած հայ կաթոլիկների համայնքը։
Սակայն Նյու Յորքը միակ քաղաքը չէր, որտեղ կային հայ կաթոլիկներ. հետեւելով վերջինիս օրինակին՝ մշակութային եւ հասարակական կյանքը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին եւս մի քանի համայնքներ` Նյու Ջերսիում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Դեթրոյտում, Կալիֆոռնիայում։ Այս կարեւոր նախաձեռնությունը, չնայած կրթական հաստատությունների եւ սեփական եկեղեցու բացակայությանը, հնարավորինս կասեցրեց հետագայում մեծ չափերի հասնող ձուլման գործընթացը։
Կրթական հաստատությունները գլխավորապես հիմնվեցին այն քաղաքներում, որտեղ հայ կաթոլիկները մեծամասնություն էին կազմում։ Ֆիլադելֆիայում եւ Բոստոնում հիմնվեցին Հայ քույրերի վարժարանները, որտեղ համատեղ կրթվում էին հարյուրավոր երեխաներ։ Հետագայում նույն վարժարանին պատկանող մի հաստատություն էլ սկսում է գործել Լոս Անջելեսում։ Հայապահպանության խնդիրներով մտահոգ էր նաեւ Մխիթարյան միաբանությունը, որի նպատակաուղղված ջանքերի շնորհիվ Լոս Անջելեսում հիմնվեց Մխիթարյան վարժարանը։
Համայնքի ներքին կյանքին ավելի կազմակերպված տեսք տալու համար 1981թ. Հայ կաթողիկե Եպիսկոպոսների սինոդի եւ Հովհաննես Պողոս Բ պապի հաստատումով, հիմնվում է Հյուսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկե Էքզարքությունը։
Նորանշանակ եպիսկոպոս Ներսես Սեթյանը կարողացավ մնայուն կապեր հաստատել ԱՄՆ-ում եւ Կանադայում ցաքուցրիվ եղած հայ կաթոլիկների հետ։ 1983թ. Նյու Յորքը վերջնականապես դառնում է հայ կաթոլիկների արքեպիսկոպոսարան, կարդինալ Թերնս Կուկի կողմից համայնքին տրամադրվում է Մանհեթեն թաղամասի Սբ. Աննա եկեղեցին, որը հետագայում վերանորոգվեց տեղի հայ բարերարների կողմից։
Ներկայումս Սբ. Աննայի ժողովրդապետությունում հաշվվում է շուրջ 200 ընտանիք, թեեւ Հայ կաթողիկեի տվյալներով՝ մոտ հազարի հասնող ընտանիքներ են բնակվում Նյու Յորքի տարբեր թաղամասերում: Այս ցաքուցրիվ վիճակը դժվարացնում է եպիսկոպոսարանի աշխատանքը, քանի որ ֆինանսական պայմանները հնարավորություն չեն տալիս յուրաքանչյուր թաղամասում եկեղեցի կառուցել։ Շատերը ստիպված են լինում հաճախել Լատին կամ էլ Հայ Առաքելական եկեղեցի։
Հայ կաթոլիկների առավել մեծ հոսք ԱՄՆ եւ Կանադա նկատվեց Մերձավոր Արեւելքի հայկական գաղթօջախներից՝ Լիբանանից եւ Սիրիայից, 1970-ական թթ. եւ հետագա տարիներին։ Համայնքներն ստվարացան նաեւ տնտեսական ճգնաժամի պատճառով Արգենտինայից հեռացած եւ ԱՄՆ արտագաղթած հայերով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ տարածքում հայ կաթոլիկների տեղաշարժերը եւ նորահաստատ խմբերը ստեղծեցին համայնքներ Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Ատլանտայում, Մայամիում եւ Ինդիանապոլիսում:
Առհասարակ, հայ կաթոլիկ համայնքների մեծագույն խնդիրը հոգեւորականության պակասն է։ Նույն խնդիրն ի հայտ է գալիս նաեւ ԱՄՆ-ում, եւ վերոհիշյալ քաղաքների հայ կաթոլիկների հոգեւոր պահանջները կատարում են մերձակա շրջանների քահանաները, ինչը բնականաբար արդյունավետ չէ՝ հաշվի առնելով, որ այցելություններն այդ քաղաքներ մշտական բնույթ չեն կրում։
2005 թվականին, Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի՝ սեպտեմբերի 12-ի որոշմամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի հայ կաթոլիկ համայնքների (Armenian Catholic Exarchate of the USA and Canada) կարգավիճակը բարձրացվեց անկախ թեմի՝ եպարքության: Այն մոտավորապես պետք է սպասարկեր ԱՄՆ-ի 35.000 եւ Կանադայի 10.000-անոց հայ կաթոլիկ համայնքները: Թեմի առաջնորդ դարձավ Մանուել եպս. Բատիկյանը:
Տարբեր քաղաքներում բնակվող հայ կաթոլիկ համայնքների ներկայիս հոգեւոր եւ մշակութային խնդիրները լուսաբանելու, միմյանց իրազեկելու համար անհրաժեշտ համարվեց ստեղծել ամսագրեր։ Թվաքանակով խոշոր որոշ համայնքների եկեղեցականներ եւ աշխարհիկ նվիրատուներ կարողացան հաջողությամբ պսակել այդ գործը։ Այսօր ԱՄՆ-ի հայ կաթոլիկների համար հրատարակվում են մեկ տասնյակի հասնող հայերեն եւ անգլերեն պարբերաթերթեր։
Ամերիկյան սոցիալ-մշակութային արեալում բնակվող հայ կաթոլիկները պարբերաբար հետամուտ են սեփական կազմակերպություններ ստեղծելուն։ Ստեղծվել են երիտասարդական եւ տիկնանց միություններ, դրանց կողքին գործում են նաեւ երգչախմբեր եւ այլ խմբակներ։ Այդ երկրում անցկացվող համահայկական նշանակության ցանկացած միջոցառման իրենց մասնակցությունն են բերում նաեւ հայ կաթոլիկները։
Ուշագրավ է, որ ամերիկահայերի վերաբերյալ ԱՄՆ կառավարության 2004թ. կատարած ուսումնասիրության մեջ նաեւ տեղ է հատկացվել հայ կաթոլիկներին, որտեղ մասնավորապես նշվում է. «Միացյալ Նահանգներում ապրող հայ կաթոլիկները փոքր մասն են կազմում ամերիկահայ համայնքի (մոտ 35 հազար անդամով): 1990-ականների վերջերին սոցիալ-ժողովրդական կառույցներն ընդարձակելու եւ ամրապնդելու ջանքերը տվեցին դրական արդյունքներ, եւ խմբավորումն այժմ առավել լավ է կազմակերպված: Հետամուտ է քաղաքական եւ սոցիալական բնագավառներում առավելապես պահպանողական արժեքների պահպանմանը, որոնք համապատասխանում են Լիբանանում գտնվող Հայ կաթոլիկների պատրիարքության պահանջներին»: Ըստ ուսումնասիրության՝ Մ. Նահանգներում գործում են Հայ կաթոլիկների 10 ծխական կենտրոններ, որոնք գտնվում են Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բոստոնում եւ Նյու Ջերսիում:
Կանադայի հայ կաթոլիկները
Կանադայի հայ կաթոլիկ համայնքը մտնում է Հյուսիսային Ամերիկայի թեմի մեջ եւ վերջինիս հետ միասնաբար է գործում։ Կանադայում հայերի զանգվածային հաստատման շրջանը, իրավամբ, կարելի է համարել 1895-1915 թվականները։ Այդ թվականների հայտնի իրադարձություններից հետո Հայ օգնության միության միջոցով այս երկիր տեղափոխվեցին հարյուրավոր որբեր եւ տեղավորվեցին Օնտարիոյում։ Հայ կաթոլիկների փոքրաթիվ առաջին խմբերը Քվեբեկում հաստատվեցին Կանադային սահմանակից ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից։ Նրանց մեծ մասը սերում էր Մարդինի հայ կաթոլիկներից, որոնք փորձում էին աշխատանք փնտրել հանքավայրերում։
Կանադայի Հայ կաթողիկե համայնքը հիմնականում կենտրոնացված է Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում։ Մինչեւ Հյուսիսային Ամերիկայի էքզարքության հիմնվելը 1981թ., Կանադայի հայ կաթոլիկները մշտապես կախում ունեին տեղի Լատին արքեպիսկոպոսից։
Սկզբնական շրջանում Մոնրեալի ժողովրդապետության մեջ մտնող հայ կաթոլիկները կազմում էին շուրջ երեք հարյուր ընտանիք, մեծ մասամբ գաղթած Մերձավոր Արեւելքից: Հետագայում այստեղ տեղափոխվեցին նաեւ Եգիպտոսի հայ կաթոլիկները։ Ներկայումս այստեղ ապրում է հազար ընտանիք` հայախոս, արաբախոս, ֆրանսախոս, որոնք գործում են մերթ զուգահեռաբար, մերթ միասնաբար, բայց միշտ համագործակցելով տեղի քահանայի հետ։ Քանի որ հայ կաթոլիկ խմբերը տարբեր լեզուների կրողներ են, քահանաներն ստիպված են իրենց իմացած լեզվով պատարագներ մատուցել համայնքապատկան Տիրամայր Նարեկի եկեղեցում։
1991թ. Մոնրեալում հիմնվեց Հայ կաթողիկե միություն, որին կից սկսեցին գործել գրական եւ թատերական խմբեր։ Կանադայի տարբեր քաղաքներում սփռված հայ կաթոլիկների խնդիրներին ավելի մոտ կանգնելու նպատակով հիմնվեց նաեւ հոգեւոր հանձնախումբ։ Իսկ երիտասարդության կրթադաստիարակչական գործունեության համար, բացի վարժարաններից, սկիզբ դրվեց նաեւ սկաուտությանը, որը բավական մեծ տարածում ունի Սփյուռքի բոլոր հատվածներում։ Իսկ արաբախոսների եւ ֆրանսախոսների համար առանձին ստեղծվեցին կանանց եւ պատանիների խմբեր։ Վերջին մի քանի տարիներին կատարված հսկայական աշխատանքների շնորհիվ, Մոնրեալի հայ կաթողիկե հասարակությունն ավելի կազմակերպված համայնքի տեսք ստացավ՝ համախմբելով իր շուրջը բազմաթիվ հայերի եւ ներգրավելով համայնքի մշակութային եւ հասարակական կյանքին։
Կանադայի երկրորդ մեծ համայնքը Տորոնտոն է։ 1960-ական թվականներին Տորոնտոյում բնակվում էին տասնյակ հայ կաթոլիկ ընտանիքներ, որոնք տակավին կազմակերպված չէին, սակայն մշտապես Միացյալ Նահանգների եւ Կանադայի թեմի ուշադրության կենտրոնում էին։ Կազմակերպչական նախահիմքերը դրվեցին վարդապետ Էդուարդ Գորդիկյանի շնորհիվ, ով հանձն առավ սատար կանգնել քաղաքի սակավաթիվ ընտանիքներին։ 1970-ական թվականներին Տորոնտոյի հայ կաթոլիկ ընտանիքների թվաքանակը հասավ երեսունի։ Ներկայումս նրանց թիվը կազմում է 250. այս արագ աճի հիմնական պատճառը ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, ինչպես նաեւ Թուրքիայից (մի փոքր խումբ) արտագաղթն է։ Դրան նպաստեցին երկրի տարածքում հայ կաթոլիկների տեղաշարժերը, նաեւ դավանակից հայրենակիցների հետ մի միջավայրում բնակվելու ցանկությունը։
Ինչպես եւ մնացած համայնքներում, այստեղ եւս ստեղծվեցին տարբեր կենտրոններ` ծխական խորհուրդներ, կիրակնօրյա վարժարաններ։ Ավելորդ չէ նշել, որ ուսումնական կենտրոնները բացառապես ֆինանսավորվում են նահանգային կառավարության կողմից` հետեւելով կրթության նախարարության ծրագրերին։
Համայնքի ներկայացուցիչների հանգանակության շնորհիվ 1993թ. Հայ կաթողիկե հասարակությունն ունեցավ նաեւ իր եկեղեցին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Այս կարեւոր քայլը նպաստեց, որ հայ կաթոլիկներն այլեւս չայցելեն Լատին եկեղեցի, որտեղ ծիսական արարողությունները կատարվում էին լատիներենով (թեեւ առանձին դեպքերում հայ քահանաներն այդ եկեղեցում հայերենով եւ ֆրանսերենով կատարում էին պատարագներ)։
Բացի վերոհիշյալ քաղաքներից, հայ կաթոլիկների առանձին խմբեր հաստատվեցին նաեւ Կանադայի այլ վայրերում, որի արդյունքում ձեւավորվեցին Վանկուվերի, Էդմոնտոնի, Քվեբեկ Սիթիի, Օտտավայի փոքրաթիվ համայնքները։ Գլխավոր խնդիրը կրկին քահանաների բացակայությունն է։
Թեեւ հայ կաթոլիկներն ամերիկյան եւ կանադական հանրությունում ներկայանում են որպես առանձին համայնք, այդուհանդերձ, չեն մեկուսանում Հայության մյուս դավանական հատվածներից եւ բարիդրացիական հարբերությունների մեջ են նրանց հետ։
ԱՄՆ-ի եւ Կանադայի հայ կաթոլիկ համայնքների հետագա կենսունակությունը կախված է նաեւ նրանից, թե որքանով օգտակար կգործի Մխիթարյան միաբանությունը, որը տարեցտարի, հասկանալի պատճառներով, նահանջում է իր առաքելությունից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]