• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2009

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ-ԻՐԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

   

Վահե Դավթյան

1.flags (medium)Մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի խաչաձևումը հարավկովկասյան տարածաշրջանում այն գլխավոր գործոններից է, որն ազդում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ձևավորման և ապահովման վրա: Սկսած ԽՍՀՄ փլուզումից ընդհուպ մինչև մեր օրերը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ պետությունների մշտական մրցակցությունը` ուղղված տարածաշրջանում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերի ամրապնդմանը, այս կամ այն կերպ ազդել և շարունակում են ազդեցություն գործել Հայաստանի Հանրապետության կայուն էներգահամակարգի ձևավորման վրա:

Այս մրցակցության հետևանքով առաջ եկած հարցերն ու խնդիրները մանրակրկիտ դիտարկում են պահանջում:

Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը հարկավոր է դիտարկել որպես յուրատեսակ աշխարհաքաղաքական եռանկյունու տարբեր անկյուններ, որի կողմերը միևնույն նպատակն են հետապնդում. անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կառույցի կայացման վրա: Իրանն, ընդ որում, եռանկյունու վերին գլխավոր անկյունն է, քանի որ հենց այդ պետության միջոցով են և´ Ռուսաստանը, և´ ԱՄՆ-ը ջանում իրականացնել իրենց աշխարհաքաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում: Ինչ վերաբերում է հենց իր` Իրանի դիրքորոշմանը, ապա վերջինը, անշուշտ, հետապնդելով սեփական շահերը տարածաշրջանում (դրանց մասին կխոսենք ստորև), առայժմ հանդես է գալիս որպես յուրատեսակ հարթակ երկու գերտերությունների միջև վեճերի համար, ավելի ճիշտ` «կռվախնձորի» դեր է խաղում նրանց միջև: Սակայն ստեղծված իրավիճակի փոքրիշատե հանգամանալի վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանը հավակնում է տարածաշրջանային գերտերության դերին և միանգամայն հավակնոտ նպատակներ է հետապնդում: Դրան շատ բանով նպաստում է երկրում ածխաջրածնի պաշարների մեծ քանակության առկայությունը: Ինչպես հայտնի է, երկիրը երկրորդն է աշխարհում բնական գազի պաշարներով, որոնք գնահատվում են 21 տրլն մ3, այսինքն` համաշխարհային պաշարների 14%-ն են կազմում:

Անդրադառնալով, մասնավորապես, Ռուսաստանի և Իրանի շահերի բախմանը Հարավային Կովկասում` նշենք, որ այս երկու պետությունների մրցակցությունը խոր պատմական արմատներ ունի: XVIII-XIX դարերում Կասպից ծովում այն ժամանակ գլխավոր տերությունների` Ռուսաստանի և Պարսկաստանի հարաբերությունները կարգավորվում էին երկկողմ միջպետական պայմանագրերով, որոնք փոփոխվում էին միջազգային իրադարձություններից կախված: Սակայն ընդհանուր առմամբ դրանք նպաստում էին ռուսական շահերի պաշտպանությանը: 1813թ. կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, որով Պարսկաստանը հաստատեց, որ հրաժարվում է Արևելյան Վրաստանի, Դաղստանի, որոշ արևելահայկական տարածքների, այդ թվում և Ղարաբաղի նկատմամբ իշխանությունից, իսկ 1828թ. կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը: Վերջինն ամփոփում էր 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը, որն ավարտվել էր Ռուսաստանի հաղթանակով, և որից հետո Արևելյան Հայաստանը մտավ նրա կազմի մեջ:

Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի հետ ժամանակակից Իրանի վարած դիվանագիտությունն ունի այն առանձնահատկությունը, որ համագործակցություն է հաստատվում ռազմական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում: Ռուսաստանը և Իրանն այսօր ակտիվորեն քննարկում են համագործակցության հեռանկարները և իրականացնում երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունեցող մեծ նախագծեր: Սակայն կարելի՞ է արդյոք Ռուսաստանի և Իրանի կողմից իրականացվող նախագծերն անվանել լիարժեք և բաց համագործակցության դրսևորումներ: Չկա՞ արդյոք մրցակցության տարր, որը հաճախ բավական կոշտ բնույթ է ստանում: Այստեղ ի՞նչ դեր է խաղում ամերիկյան գործոնը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում (կամ կորցնում) Հայաստանն այդ համագործակցության արդյունքում:

Դիտարկենք հայ-իրանա-ռուսական մի քանի առավել նշանակալի նախագծեր:

1995թ. Իրանի և «Հայգազպրոմ» պետկոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր, որով նախատեսվում էր ամեն տարի 1 մլրդ մ3 իրանական երկնագույն վառելիք մատակարարել Հայաստանին 15 տարվա ընթացքում: Սակայն անհրաժեշտ ֆինանսական և այլ ռեսուրսների բացակայության հետևանքով նախագիծը երկար ժամանակ մնում էր թղթի վրա: Միայն 2005թ. Հայաստանի Հանրապետությունը և իրանական «SANIR» գազային ընկերությունը պայմանագիր ստորագրեցին Մեղրի-Քաջարան գազատարի առաջին 42 կիլոմետրանոց տեղամասի շինարարության մասին: Նախագծի նախնական փուլի իրականացման համար Իրանի արտահանման զարգացման բանկը (Iran’s Export Development Bank) տրամադրեց անհրաժեշտ վարկը: Գազատարի առաջին տեղամասի բացումը տեղի ունեցավ 2007թ. մարտին: Սակայն 42 կմ երկարություն ունեցող գազատարն ի վիճակի չեղավ անհրաժեշտ ծավալի գազով ապահովել երկրի ջերմաէլեկտրակայանները: Դրանից ելնելով` գազատարի նոր` 197,4 կմ տեղամասի շինարարության անհրաժեշտություն առաջացավ, որի իրականացման համար «ՀայՌուսգազպրոմ» ՓԲԸ-ն կատարեց անհրաժեշտ հետազոտական, նախագծային և շինարարական աշխատանքները: Ներկայումս գազատարի երկրորդ տեղամասն արդեն կառուցվել և գործարկվել է:

Գազատարի առաջին տեղամասի շինարարության սկսվելուն պես առաջատար հայ փորձագետներն ու քաղաքական գործիչներն անմիջապես սկսեցին խոսել Հայաստանի տարածքով երրորդ երկրներ իրանական գազի տարանցման հնարավորության մասին: Ենթադրվում էր իրականացնել հետևյալ երթուղին. Հայաստանի տարածքով տարանցվող իրանական գազը պետք է ուղղվի Վրաստան և հետո Սև ծովի հատակով` Ուկրաինա և մի շարք եվրոպական երկրներ:

2005թ. փետրվարին Դաշնության խորհրդի հանձնաժողովի նիստին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարեց, որ Իրան-Հայաստան գազատարը կարող է մրցակցություն ստեղծել ռուս-թուրքական «Երկնագույն հոսք» գազային նախագծին: «Եթե «Գազպրոմը» չմասնակցի Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, ապա հայտնի չէ, թե ուր կգնա այդ գազը»,- մեկնաբանեց Ա.Ռյազանովը [1]: Հիշեցնենք, որ «Երկնագույն հոսքը» պատկանում է “Blue Stream Pipeline BV” ընկերությանը` հանձին «Գազպրոմ» և ENI իտալական կորպորացիայի ՀՁ-ի: «Երկնագույն հոսքի» հիմնական մրցակից է համարվում եվրոպական Nabucco նախագիծը, որը նախատեսված է որպես Ռուսաստանը շրջանցող և ԵՄ երկրների կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից նվազեցնող գազատար: Նախնական գնահատականներով` նախատեսվում է գազատարը գործարկել 2014թ.: Ակնհայտ է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն, պետական կորպորացիա լինելով, չէր ցանկանա, որ սյուժեն նման զարգացում ստանար: Հիշեցնենք, որ Nabucco նախագծի գլխավոր նախաձեռնողը ամերիկյան կողմն է, ինչը դարձյալ վկայում է բարդ և բազմավեկտոր աշխարհաքաղաքականության առկայության մասին: Սկզբում ենթադրվում էր, որ գազատարը պետք է գազն արտահանի Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից, Եգիպտոսից և Իրաքից: 2005թ. Իրաքը դուրս մնաց նախագծից` որպես անկայուն գոտի: Ինչ վերաբերում է կենտրոնաասիական երկրներին և Ադրբեջանին, ապա վերջինները, Ռուսաստանի ակտիվ արտաքին քաղաքականության հետևանքով, առայժմ չեն կարողանում կողմնորոշվել նախագծին մասնակցության հարցում: Ակնհայտ է դառնում, որ հենց Իրանի մասնակցությունը Nabucco-ին քիչ թե շատ իրական ուրվապատկեր կհաղորդի: Նախագծին Իրանի մասնակցության գաղափարն ակտիվորեն առաջ է մղում նաև Թուրքիան: 2009թ. սկզբին Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը Բրյուսելում հանդես եկավ հայտարարությամբ, որ Nabucco նախագիծը ոչ մի իմաստ չի ունենա առանց իրանական կողմի մասնակցության: Կարելի է ենթադրել, որ Արևմուտքի համար ստեղծված հիմնախնդրի լուծման հենց այս մոտեցումը ստիպեց Բ.Օբամային ԱՄՆ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Իրանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման պատրաստակամություն հայտնել: Սակայն նախագծին Թեհրանի մասնակցության շուրջ պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել: Սա, մեր կարծիքով, կապված է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հարցի հետ: Ռուսաստանի և Իրանի միջև էներգետիկ, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացմանը հետևելով և հասկանալով, որ Իրանում 2009թ. հունիսին կայացած նախագահական ընտրություններում ամերիկամետ թեկնածու Միրհոսեյն Մուսավին պարտվել է, ԱՄՆ-ը ստիպված այսօր Ռուսաստանին առաջարկում է հարաբերությունների «վերալցարկման» սցենարը1: Դա հատկապես երևաց 2009թ. հուլիսին նախագահ Բ.Օբամայի Մոսկվա կատարած պաշտոնական այցելության ժամանակ:

«Կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը» հետազոտության հեղինակների կարծիքով` «Իրանի տարածքը խողովակաշարերի անցկացման համար օգտագործելու շատ երկրների շահագրգռությունը զսպվում է ԱՄՆ-ի կողմից, որը, ոչ անհիմն, կարծում է, որ այդ երկրի հարավում առկա ածխաջրածնային հումքի հսկայական պաշարները և շահավետ աշխարհագրական դիրքը կհանգեցնեն Թեհրանի ազդեցության կտրուկ բարձրացմանը Կասպյան տարածաշրջանում, հետևաբար` լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջ կբերեն»:

«Հետևաբար,- շարունակում են հեղինակները,- Ռուսաստանի երկարաժամկետ հետաքրքրություններն այն են, որ Իրանը լինի իր տարածաշրջանային դաշնակիցներից մեկը» [2]: Եվ այսպես, իրանական գործոնի նշանակալիությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարդ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում ակնհայտ է: Իրանն, իր հերթին, նույնպես գիտակցում է իր նշանակալիությունն այդ բարդ աշխարհաքաղաքական խաղում և հաջողությամբ օգտվում է դրանից:

Հայ քաղաքական դաշտում տեսակետ կա, թե Հայաստանը որոշակի շանսեր ունի դառնալու Nabucco նախագծի անդամ: «Հայ-թուրքական երկխոսության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացման պայմաններում կարող է տպավորություն ստեղծվել, թե հնարավոր է, որ Nabucco գազատարն անցնի Հայաստանի տարածքով» [3],- գրում է քաղաքագետ Ս.Սարուխանյանը: Հեղինակի կարծիքով` արդի փուլում արդեն կարելի է խոսել Nabucco-ին Հայաստանի միանալու մասին: Իհարկե, մի վերապահմամբ, որ անգամ ձախողման դեպքում քաղաքական երկխոսության ակտիվացումն այդ ուղղությամբ Հայաստանին կարող է որոշակի դիվիդենդներ տալ:

Վերադառնալով Իրան-Հայաստան գազատարին` նշենք, որ նրա տարանցիկ չլինելը հիմնականում պայմանավորված էր հենց վերը նշված հանգամանքներով, որոնք ստեղծվել էին «Իրան-Հայաստան-Երկնագույն հոսք-Nabucco» սխեմայի շուրջ: Ավելին, Իրան-Հայաստան գազատարը դիտարկվում էր որպես այսպես կոչված հյուսիսային գազատարի (որով ռուսական գազը Հայաստանին էր մատակարարվում Վրաստանի տարածքով) մրցակից: Հիշեցնենք նաև այնպիսի ոչ անկարևոր հանգամանքի մասին, ինչպիսին գազատարի տրամագծի նեղացումն է. այն 1.4 մ-ից հասցվեց 70 սմ-ի:

Գազատարը գործում է յուրատեսակ բարտերային եղանակով. Իրանից եկող բնական գազը Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որն իր հերթին արտահանվում է Իրան: Այսպես, 1 մ3 իրանական գազի համար Հայաստանը վճարում է 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Նշենք, որ դեռ Խորհրդային Միության ժամանակներում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը նախատեսված էր որպես էներգիայի ավելցուկ ունեցող համակարգ, այնինչ Հայաստանի հարևան երկրները (Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքը) առ այսօր էլեկտրաէներգիայի սուր պակաս ունեն:

Եվ այսպես, Իրանը հնարավորությունների սահմաններում փորձում է իր էներգետիկ պոտենցիալն օգտագործել զուտ քաղաքական նպատակներով: «Թեհրանը, որի շուրջ էլ ավելի է սեղմվում ամերիկյան շրջապատի (Իրաք, Աֆղանստան, Պակիստան, հետագայում, հնարավոր է, նաև Ադրբեջան) օղակը, փորձում է թույլ չտալ, որ Անդրկովկասը վերածվի ամերիկյան և ՆԱՏՕ շահերի ազդեցության ոլորտի... Այս համատեքստում էներգետիկ դիվանագիտությունը Թեհրանը դիտարկում է որպես ընդհանուր ռազմավարական գծի իրագործման կարևոր գործիք» [4],- գրում է Ա.Վարդանյանը «Իրանի էներգետիկ դիվանագիտությունը Անդրկովկասյան տարածաշրջանում» հոդվածում: Ասվածին կարելի է ավելացնել, որ Իրան-Հայաստան գազատարը երկար ժամանակ Իրանի կողմից դիտարկվում էր որպես նշյալ ռազմավարական գծի իրականացման էական տարր: Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ գազատարը կորցրել է աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակությունը, որն ուներ սկզբում:

Չնայած Իրան-Հայաստան գազատարն այդպես էլ տարանցիկ չդարձավ, այնուամենայնիվ, արժե գնահատել նրա դերը Հայաստանի էներգետիկ անվտանգության կայացման գործում: Այն թույլ տվեց դիվերսիֆիկացնել հանրապետության էներգետիկ համակարգը, որն ինքնատիպ էներգետիկ կախվածության մեջ էր հարևան Վրաստանից, որի տարածքով է տարիներ շարունակ անցնում Հայաստանը բնական գազով ապահովող միակ գազատար միջանցքը:

Իրան-Հայաստան գազատարը միակ նախագիծը չէ, որ այսօր իրականացնում են իրանական, հայկական և ռուսական կողմերը: Հարկ է անդրադառնալ նաև Հայաստանի համար այնպիսի կարևոր նախագծի, ինչպիսին է նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) հայ-իրանական սահմանին, ինչպես նաև սահմանամերձ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու Թավրիզ-Մեղրի նավթատարի անցկացումը, որ գտնվում է բանակցային փուլում: Կողմերն ակտիվ կապեր են հաստատում նաև այլ էներգետիկ նախագծերի ուղղությամբ:

2007թ. սեպտեմբերի 15-20-ին Մեղրի քաղաքում տեղի ունեցավ իրանցի և ռուս փորձագետների հանդիպում` նվիրված ՆՎԳ շինարարության նախագծին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Իրանի նավթի և գազի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչներ: Այս նախագծի իրականացման հիմք էր հանդիսացել Հայաստանի և Իրանի նախագահների որոշումը: Փորձագետների նախնական հաշվարկներով` 7 մլն տոննա հզորությամբ ՆՎԳ շինարարությունը Հայաստանի վրա մոտավորապես $600-700 կնստեր [5]:

ՆՎԳ շինարարության մասին որոշման ընդունումից հետո մի շարք քաղաքագետներ և լրագրողներ, վերլուծելով տարածաշրջանում ձևավորված իրավիճակը, սկսեցին խոսել այն մասին, թե Իրանն իր էներգետիկ համակարգը պատրաստում է ԱՄՆ էքսպանսիայի պայմաններում գործելու համար: Նման մոտեցումն, անշուշտ, պայմանավորված է այսօր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրողություններով:

ՆՎԳ շինարարության նախագիծը դարձավ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում ամենից շատ քննարկվող հարցը: Սակայն 2008թ. սեպտեմբերին կայացած ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը պաշտոնապես հայտարարեց նավթավերամշակման գործարանի շինարարության անշահութաբերության մասին: Նա նշեց, որ այդ նախագիծը շահավետ չէ, քանի որ առաջին հերթին լուծված չեն սպառման շուկայի, հետևաբար և` հումքի մատակարարման հարցերը [6]: Սրանով նախագիծը ժամանակավորապես սառեցվեց: Այսօր, սակայն, Հայաստանի ղեկավարությունը ուղիներ է փնտրում դրա իրականացման համար: Այսպես, 2009թ. մարտին, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի Թեհրան պաշտոնական այցից հետո, ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ա.Մովսիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` ընդունվել է Հայաստանում ՆՎԳ շինարարության իրագործման նախագիծ` $250-280 մլն արժողությամբ: «ՆՎԳ-ն կլինի հայ-իրանական համատեղ ձեռնարկություն: Աշխատանքների առաջին խմբաքանակի իրականացումը` նավթամթերքների համար տերմինալի կառուցումը Երասխում և խողովակաշարի անցկացումը Թավրիզից պատրաստի նավթամթերքների մղման համար, կսկսվի արդեն ընթացիկ տարում»,- հայտարարեց նախարարը [7]:

Հայաստանում ՆՎԳ կառուցման անշահութաբերության մասին ռուսական կողմի հայտարարության առնչությամբ տեսակետ կա, թե իր տարածքում նավթավերամշակման գործարան ունեցող Հայաստանը տարածաշրջանում նոր տնտեսական և քաղաքական նշանակություն ձեռք կբերի, ինչը չի համապատասխանում մի շարք պետությունների աշխարհաքաղաքական շահերին:

Անդրադառնանք ոչ պակաս կարևոր մեկ ոլորտի ևս, որը կարող է ներկայացնել տարածաշրջանում էներգետիկ համագործակցության աշխարհաքաղաքական համատեքստը: Հայաստանում, ինչպես նշեցինք, էներգետիկ հանածոներ չկան, և էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը, չհաշված ոչ ավանդական աղբյուրները, հիդրոէներգառեսուրսներն են: Հայաստանի պոտենցիալ հիդրոէներգառեսուրսները գնահատվում են 21,8 մլրդ կվտ/ժ մեծությամբ [8]: Այսօր հանրապետության հիդրոէներգետիկ հատվածի մի մասը գտնվում է ռուսական «Ինտեր РАО ЕЭС»2 ընկերության ձեռքին: Չնայած հայկական էներգետիկ շուկայում ռուսական բիզնեսի ակնհայտ մենաշնորհին, Հայաստանի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձեր է անում դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը` ներքին շուկայում օտարերկրյա այլ ընկերությունների ներգրավելու ճանապարհով: Դրանք հիմնականում իրանական ընկերություններն են, որոնք քանիցս ներգրավվել են Հայաստանի հետ համագործակցության մեջ: 2007թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց հայ-իրանական միջկառավարական համաձայնագիրը Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու մասին: Համաձայնագիրը ստորագրվել էր 2007թ. մարտի 19-ին Մեղրի քաղաքում, նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Մահմուդ Ահմադինեժադի հանդիպման շրջանակներում: Պայմանագրի համաձայն` նախատեսվում էր վեց տարվա ընթացքում սահմանամերձ Արաքս գետի վրա երկու հիդրոէլեկտրակայան կառուցել. մեկը` Հայաստանի, մյուսը` Իրանի տարածքում:

Այսօր արդեն ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը. յուրաքանչյուր կայանի նախատեսված հզորությունը կկազմի 130-140 մվտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը` 840 մլն կվտ/ժ: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակել են իրանական «Մեխաբորց» ընկերությունը և ենթակապալառուն` հանձին «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի:

Նախագծի արժեքն է $250 մլն: Կարելի է ենթադրել, որ «Ինտեր РАО ЕЭС» էներգետիկ հսկան, հայկական էներգետիկ շուկայի առանցքային դերակատարներից մեկը լինելով, այսպես թե այնպես կցանկանա մասնակցել նախագծի իրականացմանը: Սակայն արդյո՞ք այն կիրականացվի քաղաքական համատեքստից դուրս, հնարավորինս կբացառվե՞ն արդյոք խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերը ՀԷԿ-երի կառուցման գործընթացում` ցույց կտա իրադարձությունների հետագա զարգացումը: Այսօր արդեն կարելի է ասել, որ մի շարք արևմտյան ընկերություններ հետաքրքրվում են Հայաստանի հիդրոէներգետիկ հատվածով: Այսպես, Հայաստանի ինչպես հիդրո-, այնպես էլ էներգիայի վերականգնվող աղբյուրներով առանձնապես հետաքրքրված է ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք գերմանական, նորվեգական, հոլանդական, մեծբրիտանական, ուկրաինական և այլ ընկերություններ:

Այսպիսով, ռուս-ամերիկա-իրանական աշխարհաքաղաքական եռանկյունու շրջանակներում ընթացող մրցակցությունն անմիջականորեն ազդում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ձևավորման վրա` գործընթացին հաղորդելով մերթ դրական, մերթ բացասական երանգներ: Անշուշտ, ցանկացած մրցակցություն առողջ շուկայական հարաբերությունների վկայությունն է: Այսօր արդեն միանշանակ կարելի է խոսել այն մասին, որ ռուսական ընկերությունների գործունեությունը հայկական էներգետիկ շուկայում նպաստում է հանրապետության էներգետիկ արդյունավետության ամրապնդմանը: Սակայն կարելի՞ է արդյոք ուշադրությունը սևեռել միայն տնտեսական արդյունավետության վրա` մոռանալով էներգետիկ և դրա հետ մեկտեղ` ազգային անվտանգության մասին: Կարծում ենք` հարցը պետք է գտնվի այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից ընդունվող մի շարք արտաքին և ներքին քաղաքական ու տնտեսական որոշումների հիմքում: Ցանկացած ներդրումային գործունեություն ուղղված է այս կամ այն ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Ինչ վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին անվտանգությունն է (էներգետիկ, ռազմական, գիտատեխնիկական, տեղեկատվական, մշակութային և այլն), ապա այն պետք է բխի առաջին հերթին պետության շահերից: Միայն անվտանգություն-արդյունավետություն տանդեմի դեպքում կարող ենք խոսել կոնկրետ ոլորտի զարգացման հնարավոր ուղիների մասին: Ընդ որում` անվտանգությունը պետք է համարել բազիս, որի վրա պետք է կառուցվի արդյունավետության համակարգը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունն իր էներգետիկ պոտենցիալի իրականացման ուղիներ է փնտրում, ինչը հնարավոր է միայն օտարերկրյա պետական և մասնավոր ընկերությունների հետ ակտիվ համագործակցությամբ: Դա ենթադրում է փորձի փոխանակում, նոր տեխնոլոգիաների ներդրում, բիզնեսի վարում երկուստեք շահավետ և ընդունելի պայմաններով: Սա, իր հերթին, կհանգեցնի նշված աշխարհաքաղաքական եռանկյունու փոխակերպման աշխարհաքաղաքական քառակուսու` Հայաստանի լիարժեք մասնակցությամբ: Կարելի է փաստել, որ Իրան-Հայաստան գազատարի անցկացումը, Արաքս գետի վրա ՀԷԿ-երիի կառուցումը, ՆՎԳ շինարարությունը և այլ համատեղ նախագծեր, դրանց խելամիտ տնտեսական և քաղաքական իրականացման պարագայում, հիմնականում կորոշեն Հայաստանի էներգետիկայի հետագա զարգացումը, ինչպես նաև նրա ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային էներգետիկ շուկաներում:

12009թ. մարտի 6-ին Ժնևում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նրան նվիրեց խորհրդանշական մի նվեր` կարմիր կոճակ «Վերալցարկում» մակագրությամբ:

2Հայաստանում «Ինտեր РАО ЕЭС»-ը Հայաստանի էլցանցեր ընկերության և Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է, այն տնօրինում է նաև Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը:

Աղբյուրներ և գրականություն

  1. «Новое время», Ереван, 2005, 12 февраля.
  2. Жильцов С.С., Зонн И.С., Ушков А.М., Геополитика Каспийского региона, М., Междунар. отношения, 2003.
  3. Саруханян С., Газопровод Nabucco и Армения // Энергетическая и региональная безопасность, N 3, с. 3-8.
  4. Вартанян А.М., Энергетическая дипломатия Тегерана в Закавказском регионе. - www.iimes.ru (Институт Ближнего Востока).
  5. Погосян С., Президенты решили: НПЗ в РА – быть! // Базис. – Ереван, август-сентябрь 2007, N 6-7 (20-21), с. 32.
  6. www.panorama.am
  7. www.IRANnews.com
  8. 100 лет энергетике Армении / Под редакцией Л.В. Егиазаряна и др. – Ереван: Изд-во «Медиа-Модель», 2003.

դեպի ետ