• am
  • ru
  • en
Версия для печати
30.10.2009

ԹԱԼԻՇԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Թալիշներն իրանական հնագույն ժողովուրդներից են, հիմնականում շիադավան, բնակվում են Ադրբեջանի հարավարևելյան` Իրանին սահմանամերձ կասպիական շրջաններում (Լենքորան, Լերիկ, Մասալին, Աստարին, Յարդմիլին), նաև` Բաքվում և հարակից շրջաններում, ինչպես նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում: Թալիշների հետ կապված կնճռոտ հարցերից մեկն այդ ժողովրդի թվաքանակի մասին տարաբնույթ տվյալներն են։ Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաև այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։

XIX դարում ռուս-պարսկական պատերազմների և դրանց արդյունքում կնքված Գյուլիստանի (1813թ.) ու Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով վերջ դրվեց թալիշական խանության գոյությանը, և թալիշաբնակ հյուսիսային շրջաններն անցան Ռուսաստանի վերահսկողությանը: XX դարում թալիշներն ինքնավար պետական միավորում ստեղծելու երկու անհաջող փորձ կատարեցին: Առաջինը 1919-ին էր, երբ թալիշներն ապստամբեցին մուսավաթական Ադրբեջանի դեմ և հռչակեցին Խորհրդային Մուղանի Հանրապետությունը, որը երեք ամսվա կյանք ունեցավ: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո թալիշաբնակ հյուսիսային շրջանները հայտնվեցին Խորհրդային Ադրբեջանի կազմում` վերջնականորեն բաժանելով Իրանի և Ադրբեջանի թալիշներին:

Ընդհուպ մինչև 1930-ականների վերջերը Ադրբեջանում թալիշների ազգային իրավունքները որոշակիորեն պաշտպանվում էին. նրանք սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Սակայն այդ շրջանից ի վեր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականությունների հետևանքով թալիշներն աստիճանաբար սկսեցին ձուլվել: Ոչ թուրքական տարրի, այդ թվում` թալիշների նկատմամբ կիրառվող կոշտ քաղաքականության արդյունքում թալիշերենը սկսեց աստիճանաբար դուրս մղվել` հօգուտ ադրբեջաներենի: Վտանգվեց նաև թալիշական ինքնության գաղափարը:

Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատևելով մինչև օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում և ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաև հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի և ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլևս փակուղի մտավ:

Տասնամյակների ընթացքում իրականացված հետևողական քայլերի արդյունքում թալիշական շրջանակներում ուսուցման և հաղորդակցության հիմնական լեզուն դարձավ ադրբեջաներենը: Թալիշերենը պահպանեց իր նշանակությունը հիմնականում առանձին գյուղական շրջաններում` որպես ընտանեկան շփման միջոց: Հատկանշական է, որ Ադրբեջանում թալիշերենով հրատարակություններ գրեթե չկան, հազվադեպ դարձած թալիշական մամուլը և գրականությունը հիմնականում հրատարակվում են ադրբեջաներենով:

Միևնույն ժամանակ, թալիշների թուրքացման գործընթացը զուգորդվեց Ադրբեջանի նոր պատմության համար ոչ ցանկալի հնագույն թալիշական տեղանունների անվանափոխությամբ կամ թուրքացմամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում թալիշների մասին չի խոսվում, նրանք, ընդհանուր առմամբ, դիտարկվում են որպես Լենքորանի բնակիչներ կամ Լենքորանի մշակույթի կրողներ։

Թալիշների նկատմամբ խտրականության մեկ այլ ապացույց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտոնավարում են ոչ թե թալիշներ, այլ տարբեր շրջաններից, հատկապես Նախիջևանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբեջանցիների և քրդերի վերաբնակեցում, իսկ առկա սոցիալ-տնտեսական ահագնացող դժվարությունների պայմաններում թալիշ երիտասարդների զգալի մասը ստիպված է արտագաղթել։ Առկա միտումները տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու և թալիշական խնդրից վերջնականորեն ձերբազատվելու հստակ նպատակ են հետապնդում1։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների համոզմամբ` թալիշական ազգային շարժումը հիմքում անջատողական է, միտված Ադրբեջանից և Իրանից անջատված տարածքների վրա անկախ թալիշական պետության ստեղծմանը։ Մինչդեռ իրականում թալիշ գործիչների հիմնական մասը հակված է խոսել ոչ թե անկախության կամ ինքնավարության, այլ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում թալիշների ինտեգրման, Բաքվի կողմից նրանց` որպես առանձին էթնոս ճանաչելու մասին։ Թալիշները ցանկանում են ունենալ հավասար իրավունքներ, կրթություն ստանալ մայրենի լեզվով, չհետապնդվել ազգային պատկանելության համար: Այդ տեսանկյունից հետաքրքիր դիտարկում է արել վտարանդիության մեջ գտնվող թալիշ ազգային գործիչ Ալիքրամ Հումատովը, որը 2009թ. այցելել էր Ռուսաստան։ Ռուսաստանցի լրագրող Յանա Ամելինայի հետ զրույցի ժամանակ նա առաջ էր քաշել թալիշների ինքնակազմակերպվելու և ինքնավարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ա.Հումատովի համոզմամբ` միայն Ադրբեջանի երբևէ ժողովրդավարացումը կարող է օգնել թալիշներին` վերականգնելու իրենց ազգային իրավունքները2:

Առանձին տեսակետների համաձայն` չնայած վարչակարգի դիմակայությանը, թալիշական ազգային շարժումն իր մեջ ինքնակազմակերպվելու ուժ երբևէ կգտնի, անշուշտ, եթե դա այլևս ժամանակավրեպ չլինի։ Չնայած ժամանակ առ ժամանակ ընդհատակում գտնվող թալիշական ազգային շարժման անդամները հայտարարություններ են անում, սակայն դրանք, հասկանալի պատճառներով, որոշակիորեն կաշկանդված են։ Այդ իմաստով` թալիշական ազգային իրավունքներին վերաբերող օրակարգերը բավական կենսունակ են արտերկրում (ինչը նկատի է առնում հիմնականում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, եվրոպական որոշ երկրներ), որտեղ գործում են թալիշական կազմակերպություններ։ Դրանք առաջ են քաշում թալիշական ազգային իրավունքների վերականգնումը տարբեր ձևաչափերում։ Ընդհանրապես, այս հարցում կան հիմնականում երեք մոտեցումներ՝ թալիշական շրջանների անկախացումն Ադրբեջանից, Ադրբեջանի կազմում թալիշական մշակութային ինքնավարության ձեռքբերումը և, պարզապես, թալիշական ազգային իրավունքների վերականգնումն Ադրբեջանում։ Հատկանշական է, որ թե՛ սփյուռքում և թե՛ Ադրբեջանում բնակվող թալիշների շրջանում տիրապետող են հիմնականում երկու կողմնորոշումներ` ռուսամետությունն ու իրանամետությունը։ Կան նաև բացառապես սեփական ժողովրդի ուժերին ապավինող շրջանակներ, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Արևմուտքի աջակցության ակնկալիքներն այլևս սպառել են իրենց։ Ամեն պարագայում, թալիշական սփյուռքը միակ ասպարեզն է ազգային զարթոնքի համար3։

Առանձին հետազոտողներ նշում են, որ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների շրջանում նկատվում են նաև իսլամական վերածննդի շարժումներ: Ինչ վերաբերում է թալիշական շրջաններին, ապա դրանք զգալիորեն զերծ են Իրանի կրոնական ազդեցությունից, կրոնական ծայրահեղական գաղափարախոսություններից, չնայած իսլամի նկատմամբ կա հետաքրքրության աճ։ Տեղի հոգևորականները ենթարկվում են Կովկասի մուսուլմանների վարչությանը, չնայած իրենց կրոնական կենտրոնը համարում են Իրանը4։

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները թալիշական խնդիրների նկատմամբ ժամանակի ընթացքում նորանոր, նաև անսպասելի դրսևորումներ են ձեռք բերում: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ 2007թ. փետրվարի 2-ին պետության դավաճանության մեղադրանքով ձերբակալվեց և տասը տարվա ազատազրկման ենթարկվեց թալիշ հայտնի մտավորական, Թալիշական մշակութային կենտրոնի տնօրեն, «Թոլիշի սյադո» («Թալիշների ձայն») թերթի խմբագիր, թալիշագետ Նովրուզալի Մամեդովը։ Երկու շաբաթ անց՝ փետրվարի 16-ին, ձերբակալվեց նաև թալիշ մեկ այլ գործիչ՝ նույն կենտրոնի աշխատակից, իրանագետ Էլման Գուլիևը և ազատազրկվեց վեց տարով: Հետաքրքիր է, որ վերջիններս մշտապես աչքի են ընկել իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունքով: Փետրվարի 27-ին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ն.Մամեդովի իրավապաշտպան Հիլալ Մամեդովը հաստատեց, որ Մամեդովին մեղադրում են «Թոլիշի սյադո» թերթի հրատարակության համար Իրանից գումարներ ստանալու մեջ։ Ռամիզ Մամեդովը՝ Ն.Մամեդովի փաստաբանը, EurasiaNet-ին տված հարցազրույցում նշել էր, որ լեզվաբանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են5։

Թալիշ մտավորականների ձերբակալությունն Ադրբեջանում անարձագանք չմնաց։ Փաստը դատապարտող հայտարարություն տարածեցին Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը6, առանձին իրավապաշտպան կառույցներ, ովքեր Ն.Մամեդովին ճանաչեցին իբրև քաղբանտարկյալ7։ 2007թ. ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին շրջանառվող լուրերը թույլ տվեցին առանձին վերլուծաբանների, այդ թվում` Ն.Մամեդովի իրավապաշտպաններին, պնդել, որ նման քայլով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ի ցույց դնել ԱՄՆ-ին, որ սեփական երկրում չեզոքացնում են իրանական հետաքրքրությունները պաշտպանող ուժերին։ Հ.Մամեդովի համոզմամբ` դրանով Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոֆիլակտիկ աշխատանք են տանում, որպեսզի էթնիկ փոքրամասնությունները չպայքարեն իրենց իրավունքների համար8: Քաղաքագետ Արիֆ Յունուսովի համոզմամբ՝ ձերբակալությունները նպատակ ունեն ապացուցել ԱՄՆ-ին և Արևմուտքին, որ իշխանությունները պայքարում են ահաբեկչության դեմ։ Նրա կարծիքով՝ եթե իրավիճակն Իրանի շուրջ սրվի, անկանխատեսելի է, թե իրենց ինչպես կդրսևորեն մարդիկ Ադրբեջանի հարավում9։

Ունենալով առողջական լուրջ խնդիրներ և չդիմանալով բանտային ծանր պայմաններին՝ ձերբակալությունից երկու տարի անց, 2009թ. օգոստոսի 17-ին Ն.Մամեդովը մահացավ բանտի հիվանդանոցում։ Իշխանությունները որևէ կերպ չէին արձագանքել բանտարկյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու իրավապաշտպան կառույցների խնդրանքին։ Ն.Մամեդովի այրու՝ Մարիամ Մամեդովայի կարծիքով, իր ամուսնուն սպանել են։ Վերջինս Ադրբեջանի գլխավոր դատախազից պահանջել է պարզել մահվան հանգամանքները՝ այդ գործընթացում ներգրավելով միջազգային իրավաբանների և փորձագետների։ Նա նշել է, որ իշխանությունները բարոյական և ֆիզիկական ճնշումներ են իրականացրել թե՛ իր ամուսնու և թե՛ ընտանիքի նկատմամբ, որի հետևանքով 2007թ. սեպտեմբերին մահացել է ավագ որդին, իսկ կրտսերը բանտարկված է10։

Հարկ է նշել, որ թալիշական խնդիրներն Ադրբեջանում շոշափում են նաև ուժային տարբեր կենտրոնների, առաջին հերթին` Իրանի և Ռուսաստանի հետաքրքրությունները։ Իրանը Թալիշստանը, իսկ ավելի ճիշտ, Իրանից ժամանակին անջատված հյուսիսային Թալիշստանը, դիտարկում է որպես իրանական աշխարհի բաղկացուցիչ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր Թեհրանը թալիշական շրջաններում իրականացրել է գործուն քարոզչություն` իր քաղաքական և կրոնական ազդեցությունը տարածելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ իրանական հատուկ ծառայություններն Ադրբեջանում սովորաբար հավաքագրում են թալիշական ծագման գործակալներ։ Իսկ իրանական «Սահար» հեռուստաալիքը, որ հեռարձակվում է Ադրբեջանի հարավում, թալիշներին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ11։ Միևնույն ժամանակ, Իրանը մշտապես զգուշանում է սեփական երկրում թալիշական գործոնի ակտիվացումից։

Թե՛ թալիշներին և թե՛ Ադրբեջանի էթնիկ այլ փոքրամասնություններին առնչվող խնդիրները կարևոր գործոն են Ռուսաստանի համար` Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ Ռուսաստանում են ապաստան գտել և գտնում թալիշական ազգային շարժման բազմաթիվ գործիչներ, այստեղ կան թալիշ աշխատանքային էմիգրանտներ, և վերջապես` թալիշական սփյուռք։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն, ըստ էության, դարձել է թալիշական շարժման ինտելեկտուալ և տեղեկատվական հովանոցը12, այն հրապարակայնորեն չի արձագանքում թալիշական խնդիրներին: Այս հանգամանքը շատ ցավագին է ընդունվում թալիշների կողմից, որոնց կարծիքով` Ռուսաստանը պատմականորեն պատասխանատվություն ունի թալիշական խնդիրների նկատմամբ: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա վերջինս ներկա փուլում հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում իրանական ծագում ունեցող թալիշներին աջակցելու համար և բավարարվում է առանձին հայտարարություններով: Մասնավորապես՝ վերջերս Ն.Մամեդովի մահվան կապակցությամբ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին մի նամակ է հղել, որում կոչ է անում օբյեկտիվորեն ուսումնասիրել Ն.Մամեդովի մահվան հանգամանքները13։

Թալիշական շարժման հեռանկարները մշուշոտ են: Տեսականորեն, թալիշական ազգային շարժումը դաշնակիցներ և անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու պարագայում կարող է աշխուժանալ: Թալիշ առանձին գործիչներ հեռանկարում չեն բացառում նաև զինված պայքարի հնարավորությունը:

Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ և երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսևորման նորանոր ձևեր: Միևնույն ժամանակ, թալիշների օրինակը մեկ անգամ ևս ի ցույց է դնում, որ էթնիկ փոքրամասնություններն Ադրբեջանում հեռանկար չունեն։

1Яна Амелина, Талышский вопрос в современном Азербайджане, http://www.centrasia.ru/newsA.php?st=1217577960

2«Россия помнит о нас, но ничего не делает», http://www.rosbalt.ru/2009/04/06/631499.html

3Մանրամասն տե՛ս Яна Амелина, Скрученная пружина «талышского вопроса», http://www.rosbalt.ru/2007/08/20/407337.html

4Idrak Abbasov, Talysh of Azerbaijan Look South and North, http://lgi.osi.hu/documents.php?id=1781

5Х.Бакинский, М.Мурадова, Американо-иранские трения становятся причиной арестов среди представителей национальных меншиств?, http://www.eurasianet.org/russian/departments/insight/articles/eav030507aru.shtml

6"Институт Мира и Демократии": суд над лидером талышей в Азербайджане абсурден, http://www.kavkaz-uzel.ru/newstext/news/id/1207204.html

7В Азербайджане глава Талышского культурного центра объявлен политзаключенным, http://www.kavkaz-uzel.ru/articles/139755

8Комитет защиты Мамедова: в Азербайджане ущемляются права не-тюрков, http://www.kavkaz-uzel.ru/newstext/news/id/1191514.html

9Х.Бакинский, М.Мурадова, նշվ. հոդվածում։

10В Азербайджане вдова Новрузали Мамедова считает, что ее мужа убили в тюрьме, http://www.kavkaz-uzel.ru/articles/158854

11Х.Бакинский, М.Мурадова, նշվ. հոդվածում։

12Ա.Հակոբյան, Թալիշական ազգային շարժման հեռանկարները, http://www.noravank.am

13Տե՛ս http://kavkaz-uzel.ru/articles/158525


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր