ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ադրբեջանում հակահայկական տեղեկատվական գործողություններ իրականացնում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունները, որոնց մի մասն օգտվում է պետության հովանավորությունից: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը, լինելով ոչ պետական կազմակերպություն, ձևավորման օրից կառավարվում է անմիջականորեն Ալիևների ընտանիքի կողմից։ Հիմնադրամի նախագահն է ակտիվ քաղաքական գործիչ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Իլհամ Ալիևի կինը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրամի ներկայացուցչությունը գլխավորում է նրանց դուստր Լեյլա Ալիևան:
Հիմնադրամը, սերտորեն համագործակցելով պետական և այլ կառույցների հետ (նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության նախարարություն, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններ), սպասարկում է Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջին հերթին` հակահայկական քարոզչությունը ԼՂՀ հակամարտության համատեքստում: Հիմնադրամը ֆինանսավորում է բազմալեզու գրականության` գրքերի, ամսագրերի ու բրոշյուրների հրատարակում, տարբեր երկրներում դրանց տարածումը, Ադրբեջանում և արտերկրում միջոցառումների անցկացումը, ֆոտոցուցահանդեսների կազմակերպումը, վավերագրական ֆիլմերի նկարահանումն ու ցուցադրումը, երիտասարդական քարոզարշավների համակարգումը, ինչպես նաև ինտերնետային էջերի գործարկումը։
Ալիևի հիմնադրամը ստեղծվել է 2004թ. մայիսի 10-ին Բաքվում, կազմված է հետևյալ բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ.
Հումանիտար ծրագրերի բաժին.
- Մշակույթ և զբոսաշրջություն
- Սոցիալական քաղաքականություն
- Կրթություն, երիտասարդության և սպորտի հարցեր:
Միջազգային հարաբերությունների բաժին.
- Հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ
- Հարաբերություններ ԱՊՀ պետությունների հետ
- Հարաբերություններ արտասահմանյան պետությունների հետ:
Հասարակական հարաբերությունների բաժին.
- Հարաբերություններ իրավական և ֆիզիկական անձանց հետ
- Հարաբերություններ զանգվածային լրատվամիջոցների հետ:
Գործառնական բաժին.
- Գլխավոր բաժանմունք
- Վերլուծական-տեղեկատվական բաժանմունք
- Քարոզչության և հետազոտության բաժանմունք
- Անվտանգության բաժանմունք
- Մարդկային ռեսուրսների բաժանմունք
- Տնտեսական բաժանմունք
- Արձանագրային բաժանմունք։
Ինչպես տեսնում ենք, հիմնադրամը ներկայացվում է որպես հիմնականում գիտամշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպություն, որի նպատակներից են, օրինակ` մուղամների ադրբեջանական ծագման վերաբերյալ գովազդը, մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրերի իրականացումն ու ֆինանսավորումը:
Մինչդեռ Ալիևի հիմնադրամի գործունեությունում գերակայողը հակահայկական քարոզչությունն է տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այդ քարոզչությունը համապարփակ է, այն գործում է գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով` ընդգրկելով քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, հոգևոր, կրթական, տեղեկատվական ոլորտները։ Հիմնադրամն Ադրբեջանում և արտասահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացին ձգտում է հաղորդել հակահայկական բնույթ: Կառույցն իրականացնում է Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից կարևորագույն գործառույթ. այն կենտրոնացված սկզբունքով ուղղորդում, վերահսկում, ֆինանսավորում և գաղափարախոսական աջակցություն է ցուցաբերում երկրում և նրա սահմաններից դուրս գտնվող կազմակերպություններին ու անհատներին, որոնք իրականացնում են հակահայկական քարոզչություն։
Հիմնադրամի գործունեության կիզակետերից են ԼՂՀ հակամարտության ենթատեքստում Հայաստանի և հայերի ներկայացումն իբրև «ագրեսիվ, բռնի, նվաճողական քաղաքականություն իրականացնողներ», իբրև «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրածներ», «ահաբեկիչներ» և այլն: Կառույցի ջանքերը հատկապես ուղղված են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» առասպելի գովազդմանը, այդ մասին տեղեկատվության հորինմանն ու տարածմանը լայն լսարանի շրջանում` օգտագործելով բոլոր հնարավոր զանգվածային տեղեկատվական ալիքներն ու միջանձնային շփումները: Հիմնադրամն այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է կատարում, որոնցից նշենք հետևյալները.
- «Խոջալուի ցեղասպանության տարելիցը» պաշտոնապես նշվում է մոտ 50 երկրում գտնվող ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսություններում:
- Կազմակերպվում են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ տարբեր պետությունների մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոնդոնում, Դուբայում, Կիևում, Մոսկվայում, Վարշավայում, Ստրասբուրգում, Փարիզում, Անկարայում, Ստամբուլում, Թբիլիսիում և Բուխարեստում:
- Ստեղծվել է «Խոջալուի ցեղասպանությունը» ֆիլմը, կառույցի կողմից կազմակերպվել է «Խոջալուն երեխաների աչքերով» ցուցահանդեսը, որի համար նկարները պատրաստել են ադրբեջանցի դպրոցականները` ազդված լինելով ադրբեջանական դպրոցական դասագրքերում իրենց ակտիվորեն մատուցվող և պարտադրվող պետական հայատյաց քարոզչությունից:
- Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է բազմաթիվ քարոզչական գրքերի հրատարակումը, այդ թվում` «Պատերազմն ընդդեմ Ադրբեջանի. կիզակետում է մշակութային ժառանգությունը» գիրքը` հրատարակված անգլերեն լեզվով և միտված օտարերկրյա լսարանին: Նման գրքերում Ադրբեջանը ներկայանում է որպես «հին ժողովուրդ` համաշխարհային կարևորություն ունեցող մշակութային ժառանգությամբ», որի դեմ Հայաստանը «պատերազմ է իրականացնում»:
- Կառույցի կողմից հարյուր հազարավոր տպաքանակով հրատարակվում և լայնորեն տարածվում են հակահայկական ուղղվածության բուկլետներ: Դրանց հիմնական թեմաներն են` «Ղարաբաղի պատմությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», «Ղարաբաղյան հակամարտության պատճառները», «Հայկական ագրեսիայի հետևանքները», «Հայկական ահաբեկչական խմբերի գործունեությունն ընդդեմ Ադրբեջանի» և այլն: Դրանցում ԼՂՀ-ի հետ առնչվող բոլոր կարևոր հիմնախնդիրները ներկայացվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, ինչը տեղեկատվական առումով շատ արդյունավետ է և հակազդման բացակայության պայմաններում կարող է մեծ վնաս պատճառել հայկական կողմի միջազգային կերպարին: Նման հրատարակումները միտված են միջազգային լայն լսարանին. դրանք հրատարակվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և հունգարերեն լեզուներով և տարածվել տարբեր պետություններում: Ադրբեջանցիներից շատերն այս թերթիկներն իրենց հետ տանում են միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների ու տարածում օտարերկրյա մասնակիցների շրջանում:
Ինչպես տեսնում ենք, Հեյդար Ալիևի հիմնադրամը ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական պատերազմում ուրույն և բավական պատկառելի տեղ է զբաղեցնում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.11.2017]
- ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ԵՌԱՄԱԿԱՐԴԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[20.01.2011]