• am
  • ru
  • en
Версия для печати
04.11.2009

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՈՒՄ 2008-2009ԹԹ.» ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

   

Կարեն Վերանյան

1.Karen Veranyan (original)«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության մասին

1971թ. հիմնադրված «Համաշխարհային տնտեսական ֆորում»-ը (World Economic Forum-WEF) անկախ միջազգային կազմակերպություն է, որը գրանցված է որպես շահույթ չհետապնդող շվեյցարական հիմնադրամ։ Այն իր առջև խնդիր է դնում դառնալ առաջատարը՝ միջազգային հանրության բազմաբնույթ գործունեության ներդաշնակության ամրապնդման ու խթանման, տարածաշրջանային ու ազգային արդյունաբերական ռեսուրսների աջակցման գործում։ Այդ նպատակներին հասնելու համար կազմակերպությունը հանդես է գալիս նաև խորհրդատվական նախաձեռնություններով։ Կազմակերպությունը լուրջ գործունեություն է ծավալում նաև համաշխարհային կրթության ու առողջապահության, էներգետիկ ու տնտեսական զարգացման ոլորտներում, կաշառակերության դեմ պայքարում և այլ բնագավառներում։ «Համաշխարհային տնտեսական ֆորում» (այսուհետ՝ ՀՏՖ) կազմակերպության անդամ են աշխարհի շուրջ 1000 առաջատար ընկերություններ և ավելի քան 200 փոքր ձեռնարկություններ։

Ընդհանուր ակնարկ

Ս.թ. հունիսին ՀՏՖ-ն հրապարակեց «Համաշխարհային առևտրի խթանում – 2008թ.» վարկանիշային զեկույցը, իսկ վերջերս լույս տեսավ նաև հաջորդ՝ 2009թ. հաշվետվությունը։ Փորձենք առավել հանգամանորեն անդրադառնալ այդ երկու զեկույցներում Հայաստանի և հարակից երկրների վարկանիշային համեմատական վերլուծությանը՝ ներկայացնելով առանձնացված երկրների ցուցանիշների փոփոխության դինամիկան։

ՀՏՖ-ն սույն հաշվետվությունների նախաձեռնման գործում առաջնորդվել է գերազանցապես այն կարգախոսով, ըստ որի` յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման կարևոր խթանիչ կամ ցուցիչ է միջազգային առևտուրը։ Կազմակերպության ղեկավարությունն այս զեկույցներով նպատակ է հետապնդում միջազգային հանրությունում բարձրացնել միջազգային առևտրի ու դրա խթանման հիմնահարցի կարևորությունը ազգային, տարածաշրջանային և ընդհանրապես միջազգային տնտեսական համակարգի կայուն զարգացման համատեքստում։ Վարկանիշային հաշվետվությունների բուն առաքելությունն այն է, թե ինչպես և որքանով են արժևորվում և իրագործվում աշխարհի տարբեր երկրներում ու հասարակություններում առևտուրը խթանող գործոնները, սպասարկող ծառայություններն ու այդ ուղղությամբ տարվող քաղաքականությունը՝ աջակցելու ու հեշտացնելու սահմանային առևտուրը։

«Համաշխարհային առևտրի խթանման 2008-2009թթ.» զեկույցները պատրաստվել են կազմակերպության «Արդյունաբերական համագործակցության ծրագրի» (Industry Partnership Programme) շրջանակներում՝ սերտորեն համագործակցելով այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ու ծրագրերի հետ, ինչպիսիք են «Համաշխարհային Էքսպրես ասոցիացիան», «Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան», «Միջազգային առևտրի կենտրոնը», ՄԱԿ Առևտրի և զարգացման գիտաժողովը, «Համաշխարհային բանկը», «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը»։

«Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային զեկույցները կազմվել են չորս հիմնական ենթացուցիչներից ստացված արդյունքների համադրության միջոցով: Այդ ենթացուցիչներն են՝

  1. շուկայի մուտք
  2. սահմանային վարչարարություն
  3. տրանսպորտային և հաղորդակցությունների ենթակառուցվածք
  4. գործարար միջավայր։

«Համաշխարհային առևտրի խթանում 2008-2009թթ.». Հայաստան և հարակից երկրներ

Կազմակերպության երկու՝ 2008-2009 թթ. զեկույցներում էլ համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշներով Հայաստանի վարկանիշն առաջատար դիրքեր է արձանագրել ԱՊՀ երկրների շարքում։ Այսպես, 2008թ. վարկանիշային հաշվետվությունում ներառված ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի վարկանիշը լավագույնն է (զեկույցներում ներառված չեն ԱՊՀ անդամ հանդիսացող բոլոր երկրները)։ Հայաստանը, զեկույցում ընդգրկված 118 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը, բավական բարձր՝ 3,90 միավոր ունի։ Ինչպես տեսնում ենք ստորև պատկերված առաջին աղյուսակից, ըստ ենթացուցիչների հաշվարկի, Հայաստանի վարկանիշն առավել աչքի է ընկել հատկապես շուկայի մուտքի և գործարար միջավայրի ենթացուցիչների պարագաներում՝ համապատասխանաբար կազմելով 4,73 և 4,59 միավոր։ Հայաստանի ցածրագույն ենթացուցիչը սահմանային վարչարարությունն է. 87-րդ դիրք՝ 3,28 միավորով։ Հայաստանն իր վարկանիշով բավական մոտ է Արևելյան Եվրոպայի այնպիսի երկրների ցուցանիշներին, ինչպիսիք են Բուլղարիան, Ռումինիան, որոնք Հայաստանին աննշան են գերազանցում։

ԱՊՀ երկրների շարքում իրենց լավագույն արդյունքներով Հայաստանին աննշան տարբերությամբ հաջորդում են Մոլդովան և Ուկրաինան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 62 և 68-րդ դիրքերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս ցուցանիշը զեկույցում ներառված ԱՊՀ երկրների շարքում 76-րդ դիրքում է՝ 3,68 միավորով՝ առաջ անցնելով Ռուսաստանից և միջինասիական երեք հանրապետություններից (մանրամասն տե՛ս Աղյուսակ 1քաշել .pdf ֆայլ )։ Հարավային Կովկասի հարևան՝ ԱՊՀ-ին չանդամակցող երկրներից բավական բարձր արդյունք ունի Թուրքիան, որն ընդգրկված 118 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ դիրքը՝ 4,53 միավորով։

Ի տարբերություն 2008թ., «Համաշխարհային առևտրի խթանում 2009թ.» հաշվետվությունում թեև Հայաստանը կրկին ԱՊՀ երկրների շարքում առանձնացել է բարձր ցուցանիշով, սակայն չի պահպանել առաջատարի դիրքը։ Զեկույցում ներառված ԱՊՀ անդամ 8 երկրների շարքում Հայաստանի ցուցանիշը զիջում է միայն Մոլդովային, որը նախորդ հաշվետվության համեմատ զգալիորեն բարելավել է իր վարկանիշը (52-րդ դիրք, 4,15 միավոր)։ Հաշվետվությունում ընդգրկված 121 երկրների ցանկում Հայաստանն զբաղեցրել է 64-րդ դիրքը (3,81 միավոր)՝ որոշակի հետընթաց արձանագրելով նախորդ տարվա համապատասխան արդյունքի համեմատ։ Ըստ ենթացուցիչների միավորների հաշվառման, 2008թ. համադրությամբ Հայաստանը հետընթաց է ունեցել 3 ենթացուցիչներով։ Առաջընթաց է արձանագրվել միայն երրորդ՝ տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ենթակառուցվածքի ենթացուցչի պարագայում, երբ այդ ցուցանիշը 3 միավորի փոխարեն կազմել է 3,42։ Աղյուսակում առանձնացված Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանը գերազանցում է Բուլղարիային, որը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։

2009թ. հաշվետվությունում ԱՊՀ երկրների շարքում նախորդ տարվա համեմատությամբ զգալի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի պարագայում, որն իր վարկանիշով գերազանցելով Ուկրաինային ու Ղազախստանին՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է երրորդ դիրքը՝ զիջելով միայն Մոլդովային ու Հայաստանին։ 2008թ. համեմատ Ադրբեջանի վարկանիշի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ 3 ենթացուցիչների՝ ըստ միավորների հաշվառման. բացառություն է կազմում առաջին՝ շուկայի մուտքի ենթացուցիչը, որտեղ թեև հարավկովկասյան այս հանրապետության ցուցանիշն ունեցել է դիրքային բարելավում նախորդ տարվա համեմատ, սակայն միավորի պարագայում, ընդհակառակը, հետընթաց է գրանցվել (մանրամասն տե՛ս Աղյուսակ 2քաշել .pdf ֆայլ )։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր