14.07.2026ՈՐՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՁԵՌՔԸ, ԳՈՐԾԻ Է ԴՐՎՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Լարիսա Ալավերդյան
«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
— Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորեցին: Խուզարկեցին տունը եւ անգամ նրա կենդանիներին տեղափոխեցին Կենդանաբանական այգի: Ինչե՞ս կմեկնաբանեք եղելությունը:
— Այստեղ ամենապարզ իրավիճակն է, որովհետեւ իշխանության գլուխ նստած անձը դրա մասին հայտարարել էր։ Նա շատ պարզ ասաց, որ Ծառուկյանին դարձնելու է «բոմժ»։ Թողնում եմ վարկածները մի կողմ, բայց դա խարան է լինելու ՔՊ-ի եւ Սահմանադրական դատարանի ճակատին, Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը հավաքել էր, եթե չեմ սխալվում, 976 000 ձայն։
Հիմա խոսեմ այն վերաբերմունքից, որը ցուցադրվել է: Շատերը ասում են, որ դա հրաման է եղել: Բայց, կներեք, արդեն մի քանի անգամ եմ ասել, որ սկսած որդեկորույս մայրերի հանդեպ ցուցաբերած դաժան վերաբերմունքից՝ կոնկրե՛տ անձինք դա իրականացնելով, կոպտորեն խախտում են կոնվենցիան, որը ստորագրել է Հայաստանը դեռ 1993 թվականին, եւ որը խոշտանգումների, դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մասին է։ Չպետք է չարաշահել ուժի եւ օրենքի կիրառումը: Այնինչ մենք տեսանք, որ դա ցուցադրաբար է արվել: Դա չի արվում զուտ այդ անձի նկատմամբ, այլ դա արվել է որպես դաս՝ բոլորին, ովքեր հանկարծ, այսպես ասած, ոտնձգություն կփորձեն անել եւ չհամաձայնել իշխանության քաղաքականության հետ։
Տեսեք, եթե լինում է անհամաձայնություն իշխանության քաղաքականության հետ, անմիջապես դրան հետեւում է դաժան, արժանապատվությունը նվաստացնող, անհիմն մեղադրանքներ, որոնք մի քանի անգամ եղել են: Այդ ցուցադրականությունը ոչ միայն ներքին լսարանի համար է, որ հանկարծ չքննադատեք եւ միայն հլու-հնազանդ լսեք իշխանություններին, այլեւ դա արվում է նաեւ արտերկրի համար: Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիեւի եւ Էրդողանի ձեռքը, այդտեղ անմիջապես գործի է դրվում ՔՊ-ական իշխանության գործողությունները: Դա օրենքի կոպիտ խախտում է թե՛ Քրեական օրենսգրքի, թե՛ ոստիկանության, թե՛ հատուկ զորքերի կամ որեւէ մի այլ ուժային կառույցի կողմից։ Այն, ինչ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, էլի եմ շեշտում՝ ուժի կիրառման չարաշահում է, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Երկու ամսով կալանավորումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ տվյալ դեպքում իշխանությունները օգտագործում են ամբողջ իրավապահ մարմիններն ու համակարգը, զուտ այդ մեկ անձի հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար, քանի որ իշխանության գլուխ նստած անձն ասել էր, որ Ծառուկյանին դարձնելու է «բոմժ»:
Բացի այն, որ տեղի է ունենում կոպիտ, գռեհիկ ձեւով սեփականության վերաբաշխում, նկատենք նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը կառուցում է Քրիստոսի արձանը, որը պիտի աշխարհում վերին աստիճանի երեւացող լինի: Ու քանի որ այս իշխանությունն իր առաջնորդի գլխավորությամբ ոչ թե զուտ կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ է պայքարում, այլ հակաքրիստոնեական արշավ է իրականացնոմ, փաստորեն, դա էլ իր գործոնն ունի: Նրանք, անաստված, անհավատ, բոլոր պատվիրանները խախտող անձնավորություններ են, որոնք եկեղեցին դարձնում են քաղաքական ամբիոն եւ հարթակ:
— Ծառուկյանին պատկանող գործարանները, կարծես թե, փակվում են, որի հետեւանքով կարող են հազարավոր աշխատողներ մնալ անաշխատանք։ Ի՞նչ պետք է լինի նրանց ճակատագրերը, չէ՞ որ սա էլ է մարդու իրավունքի ոտնահարում:
— Այո՛, Դուք ամբողջովին ճիշտ եք: Այդ գործարանները կարող են աշխատել, իսկ իրավական գործընթացը ընթանար, բայց՝ ոչ, պատժվում են եւ նրանք, ովքեր աշխատում էին Գագիկ Ծառուկյանի գործարաններում: Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր այդ աշխատողների հետ, չի բացառվում, որ վաղը կարող է ինքնիրավչության արդյունքում տեղի ունենա ցանկացած գործարանի, մասնավոր որեւէ մի հիմնարկի աշխատողների հետ։ Սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր նոր բիզնես կամ գործ կցանկանան ստեղծել, այդ բիզնեսի ստեղծողն ու աշխատողները, որպեսզի իմանան, որ պետք է ենթարկվեն քաղաքացի Փաշինյան Նիկոլի կամքին։
Կրկնում եմ՝ դա արվում է ցուցադրաբար, որպես դաս բոլորին։ Բոլորը պետք է ոչ թե համոզվեն, այլ ենթարկվեն ցանկացած ցանկության, որը կներկայացնի այդ անձնավորությունը: Բոլորը պատասխանատու են այդ գործողությունների համար, որովհետեւ նրանք ռոբոտ չեն։ Այսինքն, ունեն կամք, ունեն, հուսով եմ՝ ինտելեկտ, եւ այդ առումով իրենք անում են իրենց ընտրությունը։
Ես համաձայն չեմ այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, որովհետեւ դեռ 2018 թվականի սեպտեմբերից հիմնավոր ձեւով ասում եմ, որ այդ ուժը, այդ թիմը, եկել է երկու միասնական խնդիր լուծելու՝ առաջինն օր առաջ Արցախը հանձնելու Ադրբեջանին, իսկ երկրորդը, որը հիմա տեղի է ունենում, շատ սահուն ձեւով Հայաստանը դարձնել տարածք Թուրքիայի եւ Ադրբեջանի հարմարության համար: Բայց դա քիչ է։ Դրանում շահագրգռված են ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Հյուսիսը, ե՛ւ Հարավը։ Այսինքն, նրանք շատ պարզ տեսնում են, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում եւ սպասարկում են թուրք-ադրբեջանական քաղաքականությանը տարածաշրջանում: Եվ պետք է նկատել, որ նրանցից ոչ մեկ, ոչինչ չի անում: Եթե մենք խոսում ենք միջազգային հանրության մասին, ապա նրանք այն ժամանակ են մի բան անում, երբ տեսնում է, որ այդ տուժող կամ շահագրգիռ կողմը կա ու ցույց է տալիս դիմադրություն: Իրականում մենք տեսնում ենք, որ այստեղ ոչ մի դիմադրություն չկա։
— Վերջերս շատ հաճախ կանայք էլ են ձերբակալվում ու կալանավորվում: Այս մասին ի՞նչ կասեք։
— Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ ուժային եւ շատ այլ կառույցներում կանայք են հիմա ղեկավարները։ Հենց այդ կանանց ձեռքով այսօր այդ նորությունն ի հայտ է եկել: Եվ դրանով, փաստորեն, զրոյացնում են այն ամբողջ տեսությունը, որ կանանց մասնակցությունը, նրանց ընդգրկումն անպայման ավելացնում է մարդասիրական տարրը՝ ե՛ւ կառավարման համակարգի մեջ, ե՛ւ սոցիալական օրենքների փաթեթում: Ամբողջովին ընդգրկվել են հատուկ ընտրված, արդեն իրենց նվիրվածությունն ապացուցած կանայք, որոնք ուղղակի՝ հլու- հնազանդ կատարում են ցանկացած ոչ միայն ասածը, հրամանը կամ գրած հաղորդագրությունն, այլ մինչեւ անգամ մտածածը։ Այդ անձնավորությունը, որն ինքն իրեն ներկայացնում է որպես ոչ միայն քաղաքական ուժի, այլեւ ընդհանրապես ժողովրդի առաջնորդ, արհամարհանք ունի ցանկացած քաղաքացու դժվարությունների, հոգսերի վրա:
— Եվ ամենազարհուրելին այն է, որ օրերս հայտնի դարձավ, թե կալանավորված կնոջն անգամ չեն թույլատրել իր անչափահաս երեխաները տեսակցեն: Սա ո՞ր օրենքով:
— Դա սադիզմ է: Իրենց սադիստական կողմնորոշումների դրսեւորումն է, ուրիշ բան չկա այդտեղ: Որովհետեւ ո՛չ երեխան կարող է վնասել ինչ-որ գործընթացի, ո՛չ էլ մայրը: Հրաշալի իմանալով, որ մոր եւերեխայի համար դաժան վերաբերմունք է, նման կերպ են վարվում: Կրկին կոնվենցիան եմ մատնանշում՝ դա դաժան վերաբերմունք է մոր եւ երեխաների հանդեպ: Այդպիսով՝ ե՛ւ երեխաների իրավունքներն են ոտնահարվում, ե՛ւ մոր: Որեւէ անհրաժեշտություն նմանատիպ արգելքների մեջ չկա, հատկապես, որ դա հնարածին մեղադրանքներ են եւ որը կապացուցվի ուշ, թե՝ շուտ:
Ոչ թե բուն կառավարումը նշանակություն ունի երկրում, այլ դրա փիառը, տեղեկատվական քաղաքականությունը: Անշուշտ, քաղաքական տեղեկատվության մեջ քաղաքացի Փաշինյանը ունի բավականին մեծ փորձ, ինչը չի կարելի ասել կառավարման մասին ընդհանրապես: Կառավարման արդյունավետությունը օրեցօր անկում է ապրում, իսկ փիառը թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ ներքին, ուղղակի ավելի դաժան տեսք է ընդունում եւ սերմանում է ատելություն, մեկը մյուսի հանդեպ՝ բոլորին հանելով բոլորի դեմ։
Նանա Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ