• am
  • ru
  • en
Версия для печати
21.10.2005

Կլոր սեղան՝ նվիրված աշխարհի ապագային

   

2005թ. հոկտեմբերի 13-ին Քենանի ինստիտուտի մոսկովյան գրասենյակը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտում կազմակերպել էր կլոր սեղան՝ «2020թ. գլոբալ կանխատեսում» խորագրով։ Բանախոսն էր Միթչըլ Ռիսը (Mitchell Reiss), որը ղեկավարում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրման բաժինը Ք.Փաուելի օրոք։ Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էր «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։

Մ.Ռիսը նշեց այն հիմնական խնդիրները, որոնց կբախվի ԱՄՆ-ը առաջիկայում։ Դրանց թվում են.

  1. Իրանի միջուկային նկրտումները,
  2. ԿԺԴՀ միջուկային ծրագիրը,
  3. միջազգային ահաբեկչությունը։

Հատկապես արդիական էին Մ.Ռիսի տեսակետները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ նրա, շատերն են ԱՄՆ-ում հասկանում, որ առաջիկա 5 տարիներին Իրանը դժվար թե կարողանա միջուկային տերություն դառնալ։ Սակայն հարցի լուծման ռազմական ուղին որոշ պատճառներով անընդհատ քննարկվում է։ Ռիսն ինքը կարծում է, որ ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն դա մեծ վտանգ է պարունակում ԱՄՆ-ի համար. «Եթե մենք խփենք Իրանին, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ մեր խնդիրներն Իրաքում ավելի կբարդանան։ Ավելին, նույնիսկ «Ալ Կաիդան» ԱՄՆ-ի համար այնքան մեծ մարտահրավեր չի ներկայացնում, որքան լիբանանյան «Հըզբոլլահը», որը վերահսկվում է Իրանի կողմից։ Մենք պետք է իմանանք, որ Իրանին հարվածելուց հետո աշխարհի ամենատարբեր երկրներում մեր դեսպանատներն ու քաղաքացիները կդառնան հարձակումների թիրախ։ Մենք չենք կարող փակել մեր բոլոր մերձավորարևելյան դեսպանատները»։ Այն հարցին, թե ԱՄՆ-ը կարող է Իրանին անվտանգության երաշխիքներ տալ, եթե վերջինս հրաժարվի իր ռազմական միջուկային ծրագրից, Ռիսը պատասխանեց. «Հարցը շատ տեղին է։ Ներկայիս ամերիկյան վարչակարգը Իրանին երբեք նման երաշխիքներ չի տա։ Հաջորդը՝ գուցե։ Այս մեկը՝ երբեք։ Հարցն այստեղ այն է, թե որն է Բուշի իրանական քաղաքականության գլխավոր սկզբունքը՝ միջուկային զենքի չտարածո՞ւմը, թե՞ վարչակարգի փոփոխությունը»։ Ռիսը Իրան-Եվրոպա գազատարի նախագիծը խիստ վտանգավոր է համարում, քանի որ այն կմեծացնի ԵՄ կախվածությունը Իրանից և կամրապնդի վերջինիս դիրքերը։

Ռիսի ելույթի տոնից և բովանդակությունից հասկանալի էր, որ վերջինս ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրման բաժինը ղեկավարելու ընթացքում եղել է իրանական հարցը ռազմական ճանապարհով լուծելու հակառակորդը։

Բավական մեծ հետաքրքրություն առաջացրին նաև Մ.Ռիսի կանխատեսումները Չինաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ ապագայի մասին։

Չինաստան.- Չնայած տնտեսության զարգացման արագ տեմպին, Չինաստանը դժվար թե համաշխարհային առաջնորդ երկիր դառնա։ Պատճառն ազգի արագ ծերացումն է։ 10-12 տարի հետո Չինաստանը կդառնա «ամենածեր» ազգն ունեցող երկիրն աշխարհում։ Իսկ բնակչության աճի ապահովումն այսօր անհնար է, քանի որ նոր սերունդների համար անհրաժեշտ կենսական և տնտեսական տարածք չկա։

Ռիսի կարծիքով՝ երկիրը, որ կարող է հավակնել տարածաշրջանում ուժի իրական կենտրոն դառնալուն, Հնդկաստանն է՝ ավելի երիտասարդ, քան Չինաստանը, բարգավաճող մի երկիր, որի հետ ԱՄՆ-ը մտադիր է համագործակցել հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության։ ԱՄՆ-ը հույսեր է կապում Հնդկաստանի հետ։

Եվրոպա.- ԵՄ հիմնական խնդիրը կլինի ներքին անկայունությունը՝ կապված Եվրոպայի տարբեր երկրներում մահմեդական բնակչության աճի հետ։ Բացի այդ, ըստ Ռիսի, վերջին ժամանակներս եվրոպական երկրների մահմեդական բնակչությունը տարօրինակ կերպով առավել լոյալ է վերաբերվում ծայրահեղ իսլամական գաղափարներին, ինչը, առաջին հերթին, առաջ է գալիս հիմնական եվրոպական երկրների ոչ ճիշտ ազգային և հոգևոր քաղաքականության արդյունքում։

Ռուսաստան.- Երկիրը զարգանում է արագ տեմպերով, սակայն «մարում» է ալկոհոլիզմից, ծնելիության ցածր մակարդակից, գործազրկությունից և զանազան հիվանդություններից։ «Պուտինն ի վիճակի չէ վերահսկել այս գործընթացը»։ Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ կարևոր դեր կխաղա բացառապես շնորհիվ իր ածխաջրածնային պաշարների և, հնարավոր է, միջուկային զինանոցի, որը մեծ վտանգ է ներկայացնում այն առումով, որ կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում։

ԱՄՆ.- ԱՄՆ-ը հետագայում ևս կշարունակի զարգանալ արագ տեմպերով, սակայն 20 տարի հետո բացարձակապես այլ երկիր կլինի, որտեղ մեծամասնություն կկազմի իսպանախոս բնակչությունը։ Երկրի ապագան կախված է նոր էթնոպայմաններում զարգանալու նրա ունակությունից։


դեպի ետ