Ռուս Ուղղափառ եկեղեցին և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնախնդրի քրիստոնեական մոտեցումները
Համաշխարհային ռուսական ժողովրդական X հավաքը (սոբոր) 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ
Գլոբալացվող աշխարհում մարդկությանը հուզող աշխարհընկալման և աշխարհաճանաչողության կարևորագույն հիմնախնդիրներից է մարդու իրավունքների և ազատությունների սկզբունքների համատեղելիությունը բարոյական նորմերի հետ։ Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ մարդու արժանապատվության առանցքային սկզբունքը բարոյականությունն է, մինչդեռ ազատական փիլիսոփայության հիմքում ընկած է օրենքի, այլ ոչ թե բարոյականության գերակայությունը։
Ըստ քրիստոնեական դավանաբանության՝ մեղքը քայքայում է մարդու հոգևոր աշխարհը։ Մինչդեռ ազատական արժեհամակարգն անտեսում է մեղքի հիմնախնդիրն ընդհանրապես։ Առօրյա կյանքում և փիլիսոփայության ժամանակակից դիսկուրսում մեղք հասկացության անտեսումը հանգեցնում է բարու և չարի միջև սահմանագծի վերացմանը։ Մարդու ազատությունը որպես արժեք պետք է շաղկապվի բարու և չարի տարբերակման ու բարոյական ընտրության հետ։ Տեղին է հիշել Պողոս Առաքյալի խոսքերը. «Եղբայրներ, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի օգտի համար չլինի» (Պօղոս Առաքեալի թուղթը գաղատացիներին, Գլուխ Ե, կէտ 13)։
Այսպիսով, ըստ ճշմարիտ քրիստոնեության՝ գոյություն ունեն արժեքներ, որոնք մարդու իրավունքներից գերակա են։ Դրանք են՝ հավատը, բարոյականությունը, սրբությունները, Հայրենիքը։
Այս հիմնախնդիրների քննարկմանն էր նվիրված ապրիլի 3-5-ը Մոսկվայում անցկացված Համաշխարհային ռուսական ժողովրդական X հավաքը (սոբոր), որի ընթացքում մասնակիցները կարևորել են ուղղափառության՝ մարդու իրավունքների և ազատությունների ընկալման ու մեկնաբանման անհրաժեշտությունն ու հրատապությունը ուղղափառ հասարակությանը զարգացման ճշմարիտ ուղի հաղորդելու տեսանկյունից։ Իր հայեցակարգային ելույթում Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը շեշտել է. «Մարդու իրավունքների հասկացությունը մշակված չէ ուղղափառ դավանաբանության կողմից, քանի որ դրա հիմքում ընկած են արևմտյան մշակույթի արժեքները, իսկ ուղղափառությունը երբեք չի մասնակցել այդ հայեցակարգի մշակմանը։ Երբ ԽՍՀՄ-ը ստորագրում էր Մարդու իրավունքների հռչակագիրը, դա «քաղաքական բլեֆ» էր, և խորհրդային առաջնորդները հասկանում էին, որ այն երբեք չի իրականացվի։ Բայց հիմա մարդու իրավունքների հայեցակարգն ընկած է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմքում, հետևաբար՝ մեր երկրի ուղղափառների համար առաջացել է «նոր իրողությունների» գիտակցման անհրաժեշտություն։ Դա մարտահրավեր է ոչ միայն ուղղափառությանը, այլև մեր պատմությանը»,- նկատել է միտրոպոլիտը։
Հայությունը նույնպես պաշտպանված չէ արժեհամակարգային և դավանաբանական վերոնշյալ մարտահրավերներից։ Մեր եկեղեցու կողմից մշակված չեն համապատասխան «գործիքներ» այդ մարտահրավերներին դիմակայելու, գլոբալացվող աշխարհին արժանապատիվ ինտեգրվելու համար։ Ուստի արժեհամակարգային սկզբունքների նկատմամբ դիրքորոշման նպատակով հայ մտավոր ներուժի կենտրոնացումն արդի հրատապ խնդիրներից է։
Համաշխարհային ռուսական ժողովրդական X ժողովը քննարկման արդյունքում ընդունել է Մարդու իրավունքների և արժանապատվության Հռչակագիր։
Ռուսերեն էջում ներկայացված են Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլի հարցազրույցը «Аргументы и факты» շաբաթաթերթին (թիվ 14, 05.04.2006), նաև Հռչակագրի տեքստը։
դեպի ետ