Չարլզ Տիլիի և Իմանուիլ Վալերստայնի «Պետության և հեղափոխության մակրոսոցիոլոգիական տեսությունները»

Հունիսի 16-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի (North-Western University) պրոֆեսոր, հայտնի հասարակագետ Գեորգի Դերլուգյանը դասախոսություն կարդաց Չարլզ Տիլիի և Իմանուիլ Վալերստայնի «Պետության և հեղափոխության մակրոսոցիոլոգիական տեսությունները» թեմայով։ Նա անդրադարձավ 20-րդ դ. բազմաթիվ հեղափոխությունների պատճառների, այս առնչությամբ Խորհրդային Միության դերի, գլոբալիզացիայի առաջացման հետ կապված մի շարք հարցերի։ Պրոֆեսորը նշեց, որ հեղափոխությունները, համաձայն Չարլզ Տիլիի դասական սխեմայի, սկսվում են ներվերնախավային ընդհարումներով վերևներում, հետո պայթում են ներքևներում, սակայն նորից ավարտվում են վերևներում։ Գալիս են Ջորջ Վաշինգտոնի, Նապոլեոնի, Բիսմարկի, Ստալինի, Ֆրանկոյի, Դը Գոլի, Կաստրոյի կամ Խոմեյնիի նման գործիչներ, որոնք ընդունակ են անհավասարակշռությունը վերափոխել իշխանական այս կամ այն ինստիտուտների կայունության։ Այսքան տարբեր անունների «հարևանությունը» պատահական չէ. պատմական խնդիրներ լուծելու կարողությանը իշխանությունները նախկինում հասնում էին մի քանի բացարձակապես տարբեր ճանապարհներով՝ ժողովրդավարությունից սկսած մինչև ազգային անկախություն և աջ կամ ձախ ուղղվածության դիկտատուրա։ Վատագույն դեպքերից է, երբ հին վարչակարգը փլուզվում է, իսկ նորին չեն բավականացնում ո՛չ քաղաքական էներգիան, ո՛չ էլ նյութական ռեսուրսները։
Հենց այդ դժբախտությունն էլ բաժին ընկավ Խորհրդային Միության նախկին հանրապետություններից շատերին։ Ավելի հաջողակ գտնվեցին Կենտրոնական Եվրոպայի երկրները, որոնք տարբեր պատմական ու աշխարհագրական գործոնների բերումով արագ փոխեցին առատաձեռնությունը սպառած Մոսկվայից կախվածությունը Եվրամիությունից կախվածությամբ։ Կախվածության վեկտորի փոփոխությունը հեղափոխությունից դուրս գալու նրանց ռազմավարությունը դարձավ։
Ռուսաստանը «զարգացման հետևից հասնող» պետության բնորոշ օրինակ է, որը կապիտալիստական ռացիոնալության պակասը վերջին հինգ հարյուրամյակների ընթացքում բավական հաջող լրացնում էր պետական պարտադրանքի և կենտրոնացված բյուրոկրատական կոորդինացիայի կիրառումով։ Սակայն 20-րդ դ. երկրորդ կեսին այդ մոդելը «սպառվեց», քանի որ վերացել էր պարզ ու հասարակ ռուսական գյուղացիությունը և նրա փոխարեն ի հայտ էին եկել կրթված մասնագետների նոր դասակարգեր, որոնք պահանջում էին ավելի մեծ մասնակցություն արդյունաբերական ձեռնարկությունների, մշակութային ոլորտի և հենց պետության կառավարման մեջ։
Խորհրդային ժողովրդավարացումը ձախողվեց հենց պետության անսպասելի փլուզման պատճառով։ Իսկ հետո՞. ընկղմվել Երրորդ աշխարհին հատուկ կոռուպցիայի ու թշվառության գի՞րկը, հերթական ռազմաբյուրոկրատական բարեփոխումնե՞ր, ինչպես Պետրոսի և Ստալինի ժամանակ էր, թե՞ մի այլ բան, որ կարող էր առաջադրվել միասնական Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական աշխարհամշակույթի կողմից, որը փորձում է ազատվել ԱՄՆ հեգեմոնիայից՝ ներքին ինտեգրման խորացման և դեպի արևելք ընդարձակվելու միջոցով։
Կապիտալիստական ազատ շուկայի լայնածավալ և համաշխարհային էքսպանսիայի գործընթացը, որն ստացել է «գլոբալիզացիա» անվանումը, իրականում կապիտալիզմի պատմության մեջ կրկնվող շղթայական միտումներից մեկն է ընդամենը։ Ըստ էության, մենք մոտենում ենք տնտեսական-տեխնոլոգիական ցիկլերից մեկի (և կուտակման ռեժիմի) ավարտին և անցնում հաջորդի սկզբին. 1970-ականներին հովանավորչական-բյուրոկրատական «ֆորդիստական» մոդելը խոր ճգնաժամի մեջ ընկավ, որի սկիզբը հանդիսացավ 1968թ. «համաշխարհային հեղափոխությունը», իսկ «վերջին կաթիլը» դարձավ 1989թ. հեղափոխությունը։ Խորհրդային համակարգի փլուզումը 1980-ականների վերջին այդ ճգնաժամի տարրերից մեկն էր միայն, և հենց այդ փլուզումն էլ նշանավորեց հերթական կապիտալիստական գլոբալիզացիայի սկիզբը։ Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր տարր էր 1990-ական թթ. համաշխարհային շուկայի ամերիկյան վերակարգավորումը, որի հետևանքներն էլ հենց ստացան «գլոբալիզացիա» անվանումը։
Պրոֆեսորի կարծիքով՝ «գլոբալիզացիայի» առանցքային խնդիրը Հարավի նոր «վտանգավոր դասակարգեը» համաշխարհային կապիտալիստական համակարգում ինտեգրելն է։ Որպես գլոբալ աշխարհակարգի ինստիտուցիոնալացման սոցիալ-դեմոկրատական տարբերակի այլընտրանք հանդես է գալիս բազմակողմ առճակատումն ըստ քաղաքակրթությունների բախման հանթինգտոնյան հայտնի սցենարի։ Այստեղ արդեն այլևս անհնար է երաշխավորել, որ, ի տարբերություն խորհրդային-ամերիկյան լավատեսական ու զուսպ մրցակցության, քաղաքակրթական բլոկների գլոբալ պատերազմը չի վերաճի իսկական ցեղասպանության։
Դասախոսությունից հետո Գեորգի Դերլուգյանը հարցազրույց տվեց «Նորավանքի» ինտերնետային կայքի համար։
- Որոշ հետազոտողների կարծիքով՝ Երրորդ աշխարհի երկրներում արդիականացման գործընթացը զգալիորեն դանդաղել է։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
- Արդիականացումը զուտ գաղափարական կառույց է, որն արևմտյան երկրները զետեղում են բուրգի վերնամասում։ Այն թելադրում է այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են արևմտյան երկրների մակարդակին հասնելու՝ նրանց նմանվելու համար։
Արդիականացման գաղափարը շատ կարևոր դեր էր կատարում. ծայրամասերում գտնվող երկրների առջև պետք էր նպատակ դնել, նրանց մի ինչ-որ հույս տալ, որպեսզի վերջիններս սպասեն՝ առանց այդ համակարգի դուռ-պատուհանը կոտրելու, այնքան ժամանակ, քանի դեռ իրենք ինքները չեն կարողանա հասնել, այսպես կոչված, զարգացած երկրների մակարդակին։ Իսկ մինչ այդ դուք պետք է համակերպվեք այդ համակարգի ծայրամասում գտնվելու մտքի հետ։ Վերջին ժամանակներս խնդրի էությունն այն է, որ ոչ թե տեմպն է դանդաղել, այլ համաշխարհային համակարգն է խաթարվում։ Ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ են հայտնվում այդ ծայրամասերում, իսկ հայտնվածներն էլ շատ արագ կենտրոնանում են ընտրանու ձեռքում և նորից այդ ծայրամասերից կենտրոն են հասցվում։ Այստեղ մի լուրջ խնդիր է առաջանում, որն Արևմուտքը կրկին ծայրամասին է վերագրում՝ այդ երկրներին կոռումպացվածության մեջ մեղադրելով. «Ձեզ մոտ ամեն ինչ վատ է, որովհետև ընտրանին կաշառակեր է, իսկ արևմտյան վերնախավը (պատկերացնո՞ւմ եք) միանգամայն ազնիվ է։» Բանն այն է, որ եթե դուք քիչ փող ունեք ու հետն էլ գողանում եք այդ փողերը, ապա դուք, ամենայն հավանականությամբ, ուսուցիչների աշխատավարձը վճարելու փող չեք ունենա։ Իսկ երբ փողը շատ է, ապա կարելի է գողանալ, դեռ մի բան էլ կբավականացնի աշխատավարձի համար։ Սա է ամբողջ տարբերությունը։ Դա արդիականացում չէ, այլ ընդամենը համակարգերի դիրքն է տարածության մեջ։
- Հնարավո՞ր է, արդյոք, Ռուսաստանում հասնել զարգացած կապիտալիզմի փուլին։
- Այո, հնարավոր է, բայց «փուլ» չասենք. Ռուսաստանը կարող է վերադառնալ այն դիրքերին, որոնք իրականում մշտապես գրավել է։ Կենսամակարդակի և մեկ շնչին ընկնող եկամտի չափով Ռուսաստանը քիչ զիջում է Ավստրիային ու Հունգարիային, բայց, օրինակ, ավելի բարձր է Թուրքիայից ու Հարավային Կովկասից։ Բացի այդ, ակնհայտ է, որ Ռուսաստանում ձևավորվում են բնակչության կազմով բացարձակապես տարբեր օջախներ։ Վառ օրինակ է այն, թե որքան է Մոսկվան այժմ տարբերվում Ռուսաստանի ծայրամասային քաղաքներից։ Միանգամայն հնարավոր է, որ այս խզումը խորանա։
Ռուսաստանը հնարավորություն ունի իր շուրջը սեփական ազդեցության փակ գոտի ստեղծել, ինչն էլ նա հիմա փորձում է անել ԱՊՀ երկրներում։ Հնարավոր է, որ դա այնքան էլ վատ չէ։ Ինչ-որ մեկն, ինչպես միշտ, կշահի, ինչ-որ մեկն էլ կկորցնի։ Այն երկրները, որոնք կներգրավվեն ռուսական այդ համակարգում, կկարողանան ինչ-որ չափով բարելավել իրենց կենսամակարդակը, բայց կավելանա՞, արդյոք, համաշխարհային գործընթացների վրա ազդելու նրանց կարողությունը, արդյո՞ք ավելի երջանիկ կդառնան նրանք դրանից։ Դե, ինչ-որ մեկը, երևի, կդառնա, բայց ոչ բոլորը։ Բոլորի համար կանխագուշակել դժվար է։
Ռուսաստանը հնարավորություն ունի իր շուրջն ստեղծել ազդեցության փակ գոտի, ինչն էլ ներկայումս փորձում է անել ԱՊՀ երկրներում։ Հնարավոր է՝ դա այնքան էլ վատ չէ։ Ինչ-որ մեկը, ինչպես միշտ, կպարտվի, բայց ինչ-որ մեկն էլ կհաղթի։ Այն երկրները, որոնք «կտեղավորվեն» ռուսաստանյան այս համակարգում, կարող են մի փոքր բարձրացնել իրենց կենսամակարդակը։ Սակայն կբարձրացնե՞ն, արդյոք, նրանք իրենց ազդեցության չափը համաշխարհային գործընթացներում, ավելի երջանիկ կլինե՞ն, արդյոք, դրանից։ Դե, հավանաբար, ինչ-որ մեկը կլինի երջանիկ, բայց ոչ բոլորը։ Բոլորի համար կանխատեսելը շատ դժվար է։
Ռուսաստանի գլխավոր խաղաթուղթը համաշխարհային ասպարեզում, անշուշտ, բանակն էր և ոչ թե տնտեսությունը։ Ռուսաստանը, ինչպես և 500 տարի առաջ (Իվան Ահեղի օրոք ապագա Ռուսական կայսրության հիմնադրումից սկսած) նախևառաջ ռազմական ուժ էր Եվրոպայի ծայրում։ Այն պահպանում էր կայունությունն Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Ասիայի անհանգիստ տարածաշրջանում։ Ըստ ամենայնի, Ռուսաստանը փորձում է ևս մեկ անգամ խաղալ իր այդ ավանդական դերը։ Կստացվի՞, թե՞ ոչ. ինչպես և ֆուտբոլում, անհնար է կանխագուշակել։ Կկարողանա՞ն, արդյոք, ինչպես առաջ, գոլ խփել։ Կարող է պատահել...
- Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանում հնարավո՞ր են, արդյոք, ֆրանսիականին նման էթնիկական խլրտումներ, մանավանդ որ անլեգալ ներգաղթյալների թիվն այդ երկրում տարեցտարի ավելանում է։
- Շատ բարդ հարց է։ Իմ կարծիքով՝ դժվար թե։ Ուղղակի այն պատճառով, որ ներգաղթյալները Ռուսաստանում, մի կողմից՝ ավելի ապահովված են. նրանք աշխատատեղեր ունեն։ Պարզապես Ռուսաստանում ֆրանսիականի նման աջակցության սոցիալական ցանց չկա։ Մյուս կողմից՝ նրանք բոլորովին վերջերս են ներգաղթել, ուստի դա ավելի շատ նման է 50-ական թթ. Արևմուտքի ներգաղթին, երբ մարդիկ փորձում էին, առաջին հերթին, կենաց հարց լուծել։ Իսկ թե ինչ կանեն նրանց երեխաները, եթե մեծանան նոր, Աստված մի արասցե, ռասիստական Ռուսաստանում, դժվար է կանխագուշակել։ Հատկապես, եթե զուտ ժողովրդագրական պատճառներով այդ երկրում շարունակի նվազել բնիկների մասնաբաժինն ընդհանուր թվաքանակի մեջ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի այդ ժողովրդագրական «փոսը» լցնել նախկին Խորհրդային Միության աշխատունակ քաղաքացիների հաշվին։
Այստեղ արդեն ընդհարումների ակնհայտ ներուժ կա։ Շատ դժվար է կանխատեսել ընդհարումները, դրանց իրականացման կոնկրետ ձևերը։
- Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են համարժեք արտացոլվում գլոբալ սոցիալական գործընթացները ռուսական և ամերիկյան հասարակագիտության և փիլիսոփայության մեջ։
- Ինչ վերաբերում է փիլիսոփայությանը, չեմ պատասխանի. վատ գիտեմ։ Սոցիալական գիտություններն այսօր անցումային-քաոսային վիճակում են, որովհետև անհետացել են 60-70-ական թթ. շատ մակրոդպրոցներ։ Ի դեպ, ես խոսում եմ ոչ միայն մարքսիզմի մասին. անհետացել է արդիականացման դպրոցը։ Այստեղ բոլորը խոսում են արդիականացման մասին, բայց Արևմուտքում այդպիսի դպրոց չկա։ Այն պայթեցվել էր ներսից. այդ դպրոցից հիասթափված մարդիկ հեռացել էին դեռ 70-ական թթ. վերջին։ Այն նոր տեսքով մասնակիորեն վերածնվեց որպես գլոբալիզացիայի դպրոց։ Իսկ գլոբալիզացիան գրեթե նույնն է, ինչ արդիականացումը. դա տնտեսության, քաղաքականության և վարքուբարքի արևմտյան մոդելների տարածումն է աշխարհով մեկ։ Արդիականացումն այդ ամենը ներկայացնում է որպես անցում դեպի նոր փուլ, իսկ գլոբալիզացիան՝ որպես ընդարձակում, աշխարհի կերպափոխում մեկ ընդհանուր դաշտի, մի միասնական շուկայի՝ կառուցված ամերիկյան նմուշներով։
Այսօր մեծ տեղաշարժ է կատարվել դեպի սուբյեկտիվիստական, անձնական մոդելները։ Տնտեսության մեջ բոլոր մոդելներն աշխարհը բացատրում են՝ ելնելով այն բանից, թե ինչ է կատարվում ռացիոնալ սուբյեկտի գլխում։ Դա, այսպես կոչված, ռացիոնալ ընտրության տեսությունն է։ Մշակութաբանության, հասարակագիտության մեջ գերիշխում են հետմոդեռնիզմը, հերմենևտիկան (բազմիմաստականությունը), ֆենոմենոլոգիան (անկախ ինքնարարում), միկրովերլուծության ազգագրական մեթոդները, փորձերը՝ վերլուծել մշակույթը հատկապես անհատի մակարդակով։ Ե՛վ մոդեռնիզմը, և՛ հերմենևտիկան 80-ական թթ. թվում էին, իհարկե, յուրատեսակ հումանիտար ընդվզում այն ժամանակների ուռճացված ու թանձրամիտ գիտության դեմ։ Բայց, ցավոք, իրականացնելով այդպիսի օգտակար գործառույթ, այն է՝ թափահարելով կանգնած ջուրը՝ գիտությունը թմբիրից արթնացնելը, հետմոդեռնիզմն ու հերմենևտիկան այդ ջուրը շատ պղտոր թողեցին։ Գործողության նախօրեին կոնկրետ անհատի վարքից բխող անձնական բացատրություններն այսօր անհամոզիչ, նույնիսկ անհետաքրքիր են հնչում։ Ուստի շատերն իմաստակության գիրկն են ընկնում։ Հետմոդեռնիստական գրականության շատ նմուշներ դժվար է կարդալ տեխնիկապես բարդացված, հաճախ հենց հեղինակի կողմից հայտնագործված և որևէ լսարանի համար անհասկանալի ժարգոնի պատճառով։ Մարդիկ, իհարկե, ենթադրում են, թե այնտեղ ինչ-որ կարևոր բան կա, բայց ես պետք է հիասթափեցնեմ նրանց։
Ի դեպ, նույնն է վիճակը և հասարակական գիտությունների մաթեմատիզացիայի առումով։ Սովորական մարդկային լեզվով բացատրել փորձելիս շատ հաճախ հարց է առաջանում. «Եվ ի՞նչ։ Ա՞յս է ամբողջը։» Ահա թե ինչի ենք հասել բոլոր այդ մաթեմատիզացիաներով ու փիլիսոփայական ժարգոնով։ Ինձ թվում է, թե գիտական հետազոտություններում սթափության ու գործնական իրատեսության ժամանակաշրջան է գալիս։ Մենք հասկանում ենք, որ անհատները կարևոր են, բայց նրանք գոյություն ունեն բազմաթիվ սոցիալական դաշտերում։ Հարկ է տեսնել, թե ինչպես և ինչից են կազմավորվել այդ դաշտերը, դիտարկել նրանց պատմական ուղին և այն, թե դեպի ուր են շարժվում դրանք այժմ։ Ինչպես արդեն նշել եմ, անհատական հետագիծը կանխատեսելն անհնար է. դա սովորական գուշակություն կլինի։ Մինչդեռ դաշտը կանխատեսել հնարավոր է, դա ռելիեֆ է։ Իսկ թե նրա վրայով ինչպես կանցնեն անհատական հետագծերը՝ դա արդեն քաղաքական ու անձնական բարոյական ընտրության հարց է։
դեպի ետ