ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԱՄՆ) («ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ» ՇԱՐՔԻՑ)
Մայիսի 15-18-ը «Նորավանք» ԳԿՀ «Հայության անվտանգության՝ Համայնքների գծով հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պ.գ.թ. Թամարա Վարդանյանը Միչիգանի համալսարանի հրավերով մասնակցել է այդ հաստատության «Հայագիտական հետազոտություններ» ծրագրի կազմակերպած միջազգային կոնֆերանսին։ «Վրաստան. ազգային մշակույթի կերտում» խորագիրը կրող կոնֆերանսին հրավիրված էին հայտնի մասնագետներ Վրաստանից (10 մասնակից), ԱՄՆ տարբեր համալսարաններից (8), Ռուսաստանից (2), Հայաստանից (1), Ավստրալիայից (2), Ճապոնիայից (1), Կանադայից (1), Ֆրանսիայից (2), Թուրքիայից (1), Շվեյցարիայից (1)։ Ելույթները նվիրված էին տարբեր խնդիրների՝ սկսած վրացական, հայկական, բյուզանդական ճարտարապետության առանձնահատկությունների ներկայացումից մինչև վրաց ինքնության և մշակույթի կերտման գործընթացները, ինչպես նաև «վարդերի հեղափոխության» համատեքստում քաղաքական զարգացումների քննարկումը։ Կոնֆերանսն առաջին միջոցառումն էր «Հայաստանը և նրա հարևանները» խորագրով նախատեսված կոնֆերանսների շարքից, ուստի հայ-վրացական հարաբերությունների, թիֆլիսյան ուրույն մշակույթի կերտման մեջ հայության ներդրումների և վրաց ազգայնականության համատեքստում հայկականության ուսումնասիրման թեմաները կոնֆերանսում առանցքային էին։ Օրակարգը բավական հագեցած էր. բազմաթիվ էին գիտական հետաքրքրություն ներկայացնող, հրատապ, նաև բանավիճային թեմաներն ու ելույթները։
Կոնֆերանսի թեմատիկ բազմազանությունն ու դիսկուրսիվ տարրերի առկայությունը հիմք էին ստեղծում աշխույժ գիտական բանավեճերի ծավալման համար, որը հնարավոր դարձավ ինչպես մասնակիցների, այնպես էլ կազմակերպիչների (պրոֆեսորներ Ռ.Սյունի, Ժ.Լիպարիտյան, Գ.Բարդաքչյան) բարձր պրոֆեսիոնալիզմի և խոր գիտելիքների շնորհիվ։ Նշենք նաև, որ համաշխարհային գիտական հանրույթը բացառիկ հնարավորություն ուներ կոնֆերանսի ամբողջ ընթացքին հետևել ինտերնետային օն-լայն տարբերակով՝ http://umtv- live.rs.itd. umich.edu/ asp/asp052008.asx. կայքէջի շնորհիվ։
«Նորավանք» ԳԿՀ-ն ներկայացնող Թ.Վարդանյանի զեկույցը կրում էր «Հայ-վրացական միջէթնիկ հարաբերությունները Թիֆլիսում. փոխընկալումներ և ստերեոտիպեր» խորագիրը և մեծ հետաքրքրությամբ ունկնդրվեց կոնֆերանսի մասնակիցների կողմից։
դեպի ետ