ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Մուշեղ Լալայանի «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» (երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն) գրքում ներկայացված են հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները։ Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները և հարակից այլ հարցեր։
(Սույն գրախոսությունը մասնակի կրճատումներով տպագրվել է ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների հանդեսի 2008թ. 3-րդ համարում, էջ 245-248)։
Օրավուր փոփոխվող և գլոբալացվող աշխարհում միտումնավոր կամ ակամա անտեսվում, մոռացության են տրվում կամ այլակերպվում են մի շարք արժեքներ ու արժեհամակարգեր։ Եվ եթե մեծ ազգերի ու կայացած պետությունների համար դրանց հասցրած վնասը, թերևս, աննշան է կամ անվտանգ, ապա մեզ նման բարդ տարածաշրջանում ապրող և բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեցող ազգի համար այն հղի է լուրջ և անկասելի հետևանքներով։ Այս ամենն էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ առնչվում է ամենակարևոր հիմքերից մեկին` Ազգային գաղափարախոսությանը։ Ինչպես մի շարք այլ արժեքներ, Ազգային գաղափարախոսությունը ևս նորանկախ Հայաստանում ենթարկվեց տարատեսակ փորձությունների` սկսած «կեղծ կատեգորիա» հռչակվելուց մինչև անտեսվելը։ Մինչդեռ Ազգային գաղափարախոսությունը կարևոր հիմք և ուղեցույց կարող էր դառնալ հայերիս համար առկա և առաջիկայում ի հայտ գալիք բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու համար։ Վերը նշվածի առհավատչյան կարող է լինել այն հանգամանքը, որ Ազգային գաղափարախոսությունը կարծրացած և անշարժ չէ, հակառակը՝ ճկուն է և շարժուն, նաև, համաձայն ժամանակի թելադրած մարտահրավերների, կարող է փոխել առաջնահերթությունները, այլ կերպ ասած` Ազգային գաղափարը։
Այս բնագավառի մշակներից մեկի` Մուշեղ Լալայանի վերջին աշխատությունը վերնագրված է «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ», որտեղ հեղինակն անդրադառնում է հիշյալ խնդրին, ինչպես նաև դրան ուղղակի և անուղղակի առնչվող մի շարք ուրիշ հարցերի։ Նշենք, որ աշխատության կարևոր արժանիքներից մեկը մատչելի լեզվով շարադրանքն է, և այս հանգամանքը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք ընդհանրապես թեմայի վերաբերյալ առկա գրականության բարդ լեզուն ու դժվարամատչելի սահմանումները։ Գիրքն ասես յուրահատուկ համառոտ հանրագիտարան լինի, ուր գրեթե սպառիչ պատասխաններ են տրված Ազգային գաղափարախոսությամբ հետաքրքրվողներին։ Ամենասկզբում տրված սահմանումն արդեն սպառիչ պատասխան է «կեղծ կատեգորիայի» թեզի ջատագովներին. «Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն։ Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում» (էջ 3)։ Բնական է, որ առանց ուղեցույց-կողմնորոշիչ Ավետարանի մեր ազգը նմանվելու է բաց ծովում հայտնված անկողմնացույց ու անղեկ նավի։ Չունենալով կամ անտեսելով Ազգային գաղափարախոսությունը` մեր ազգը հավաքական առումով դառնում է անսկզբունք, առանց իղձի, նպատակի, և այս պայմաններում մարդկանց համար գերակայություն են ստանում սեփական-անհատական իղձերը, ցանկությունները, որոնք վեր են դասվում նաև Ազգի և Հայրենիքի շահերից, երբեմն էլ նույնիսկ հակասում դրանց։ Մինչդեռ Ազգային գաղափարախոսությունը` շնորհիվ նաև իր ճկունության, կենսունակ է և ի զորու է դառնալ բոլորիս իղձերն ամփոփող սահմանադրություն։ Մ.Լալայանը շատ դիպուկ նկատում է, որ Ազգային գաղափարախոսությունը բազմաշերտ է ու ընդգրկում է «և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ Հայոց Աստվածաճանաչությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը (ընդգծումը մերն է - Ռ.Մ.) (էջ 3)։ Նշվում է նաև, որ «Ազգային գաղափարախոսության հիմքում չեն կարող դրվել ներմուծված արժեքներ, օտար ուսմունքներ կամ դրանց պատճենումները, քանզի մի ազգի հարատևումը իրականանալի է միայն սեփական, այլ ոչ փոխառյալ գաղափարներով» (էջ 13)։ Ձգտելով էլ ավելի մատչելի և ընկալելի դարձնել Ազգային գաղափարախոսության ձևակերպումը` հեղինակն ավելացնում է. «Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է» (էջ 4)։ Խոսելով Ազգային գաղափարախոսության ձևավորման ժամանակի մասին` հեղինակը գտնում է, որ այն գոյություն է ունեցել ի սկզբանե` Ազգի ծննդի հետ, և կարևոր է ոչ այնքան այն ստեղծելը, որքան ճանաչելը, ինչին էլ, մեր կարծիքով, ուղղված է այս աշխատությունը։ Տեսական խնդիրներից անցում կատարելով գործնականին, ավելի կոնկրետ` մեր օրերին, Մուշեղ Լալայանն անդրադառնում է Ազգային գաղափարախոսության արդի վիճակին և առանձնացնում, որ դրա հետ կապված 20-ամյա քննարկումներն ասես մտել են փակուղի։ Լինելով իրատես և ձգտելով իրականությունը ներկայացնել ոչ միայն դրական, այլև առկա բացասական կողմերով` հեղինակը սահմանում է ցավալի մի իրողություն. «ՀՀ առաջին իշխանության կողմից այն (Ազգային գաղափարախոսությունը - Ռ.Մ.) միանշանակորեն մերժվում էր։ Հաջորդ իշխանության համար Ազգային գաղափարախոսության խնդիրն օրակարգի հարց չդարձավ» (էջ 6)։ Մեր այսօրվա իրականության շատ ու շատ բացասական կողմեր Մ.Լալայանը պայմանավորում է հենց Ազգային գաղափարախոսության անտեսմամբ կամ մերժմամբ, այսինքն` քաղաքացին չունի այն արժեհամակարգը, այն տեսլականը, համաձայն որի և որի համար նա պետք է հայ մնա, ապրի Հայրենիքում, պայքարի դրա համար, լինի լավ քաղաքացի և այլն։ Հայաստանյան քաղաքական և մտավոր ընտրանուն Մ.Լալայանը կտրուկ, բայց միևնույն ժամանակ իրական գնահատական է տալիս. «Հայ կյանքում այսօր առկա ճգնաժամն, առաջին հերթին, հետևանք է մեր քաղաքական և մտավոր ընտրանու հիմնական մասի` օտար արժեհամակարգերից կախվածության, արժեքների սեփական համակարգ հաստատելու նրա անկարողության, որի արդյունքում` հայությունը, համատարած կապկումի պայմաններում, դառնում է անդիմագիծ» (էջ 6)։ Այս նույն համատեքստում խոսելով մտավորականության մասին` նա իրավացիորեն նկատում է, որ այդ կատեգորիան՝ որպես միմյանց ընդհանուր գաղափարով շաղկապված մարդկանց համախումբ, գոյություն չունի, և կան միայն անհատ մտավորականներ։ Չափազանց հետաքրքիր և իրատեսական են Մ.Լալայանի գնահատականները Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի վերաբերյալ, և այդ որակումներից մի քանիսը կարելի է մեկնաբանել նաև որպես ինքնաքննադատություն. «Հայաստանի այսօրվա հասարակական-քաղաքական դաշտը չի ձևավորված Ազգային գաղափարախոսության պահանջներին ու տրամաբանությանը համապատասխան։ Նույնիսկ քաղաքական այն ուժերը, որոնք սովորաբար հանդես են գալիս Ազգային գաղափարախոսության գոյության և պետականորեն անհրաժեշտ լինելու օգտին, այսօր գործի և գաղափարի ներդաշնակեցման դժվարին խնդրի առաջ են (ընդգծումը մերն է - Ռ.Մ.)¦ (էջ7)։
«Ազգային գաղափարախոսությունը նաև ազգային գաղափարների համախումբ է»-, կարծում է Մ.Լալայանը և շարունակելով զարգացնել այդ միտքը` ավելացնում, որ «ազգերի պատմության անկյունաքարային ամեն ժամանակահատված առաջ է մղում մեկ կամ մի քանի գաղափարներ» (էջ 8)։ Ի դեպ, այս հանգամանքը ևս խոսում է Ազգային գաղափարախոսության ճկունության մասին։ Տարբեր ժամանակահատվածներում մենք ունեցել ենք տարբեր Ազգային գաղափարներ` ելնելով ժամանակի և իրավիճակի պարտադրանքից` անկախություն, ազատագրական պայքար, Արցախի վերատիրում և այլն։ Մեր նորօրյա պատմությունն ունի հնարավոր և անհրաժեշտ ազգային գաղափարների կորսված օրինակներ` ազատագրված հայրենի տարածքների վերաբնակեցում, հայրենադարձություն և այլն։ Արդ, ո՞րն է մեր այսօրվա Ազգային գաղափարը կամ ո՞րը պետք է լինի։ Այս դժվարին հարցի պատասխանը ևս տրված է Մ.Լալայանի աշխատության մեջ, որը, մեր կարծիքով, չափազանց ճշգրիտ է. մեր այսօրվա Ազգային գաղափարը պետք է լինի Հայկական Դիմադրությունը` ընդդեմ հոգևոր-գաղափարական, քաղաքական, տնտեսական և այլ ազդեցությունների, օտար պարտադրված արժեքների, տարբեր «իզմերի» անհաջող կապկման, որոնք խարխլում են մեր ազգային հիմքը։ Մ.Լալայանը կարծում է, որ «շատ շուտով «ընտանիք», «բարոյականություն», «ավանդույթ», «ազգ», «հայրենիք» հասկացությունները որակվելու են իբրև «հետադիմական» (էջ 10)։ Հեղինակի այս կանխատեսումը, մեր կարծիքով, փոքր-ինչ «լավատեսական» է, քանի որ այդ ամենի՝ որպես հետադիմական ներկայացումը և ընկալումն արդեն արմատացել և լայն ծավալներ են ընդգրկում մեր հասարակության մեջ։ Կա «ուլտրալիբերալ» մի զանգված, որի համար ոչ միայն հետադիմական են վերը նշված հասկացությունները, այլև ծիծաղելի են «ցեղակրոնություն», «տարոնականություն», «նժդեհականություն» եզրերը, ում համար ազգային խորհրդանիշներն անգամ արժեք չունեն. նրանց մի մասը լրջորեն խորհում է Արարատի՝ որպես խորհրդանիշի, աննպատակահարմարության մասին, իսկ մի մասի մոտ Արարատն արդեն սոսկ հողի գունդ է։ Ազգային հերոսները նույնպես ծաղրի և անարգանքի, անգամ ամոթի առարկա են նրանց համար. Անդրանիկը ընդամենը հրոսակապետ է, իսկ Նժդեհը` «հայ նացիստ»։ Ազգային հերոսների և այլ ազգային արժեքների միտումնավոր ամնեզիան համարել պատահականություն` ընդամենը միամտություն է, և այս նույն համատեքստում ավելորդ չէ նշել, որ ներկայիս Թուրքիայում գտնվող Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում բնակվող իսլամացված և ծպտյալ հայերի ու նրանց սերունդների հիշողություններում, որքան էլ զարմանալի է, այդ նույն ազգային հերոսները պահպանված են, ավելին` իրենց ազգային պատկանելության կամ դրա մասին հիշողության մի կարևոր մասնիկն են կազմում։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես են, օրինակ, Մուշում և նրա հարակից գյուղերում բնակվող իսլամացված հայերը կամ անգամ իսլամացված հայերի խառնածին սերունդներն ամենայն մանրամասնությամբ պատմում Գևորգ Չավուշի, նրա զոհվելու, Սուլուխի ճակատամարտի և այլնի մասին։ Այդ ամենը նրանք լսել են իրենց ծնողներից և ակնհայտ է, որ փոխանցելու են իրենց սերունդներին, իսկ Հայաստանում շատ հազվադեպ կարելի է հանդիպել այդ տարիքի երիտասարդների, ովքեր որևէ մանրամասն իմանան ազգային թեկուզև ամենահայտնի հերոսների մասին։ Հեռուստատեսային հարցախույզները երբեմն ցույց են տալիս, որ մեր երիտասարդները կարգին չգիտեն էլ քաղաքում կանգնեցված հերոսների, գրողների արձանների մասին, բայց սրան ի հակակշիռ՝ բոլորը քաջածանոթ են ներմուծված օտար հերոսներին։ Այս ամենն ազգային հիմքերը քայքայող երևույթներ են, որոնց դեմ պայքարն արդեն վաղուց վերածվել է հույժ անհրաժեշտության։ Ի դեպ, այս նույն համատեքստում կարելի է մեջբերել մեկ այլ օրինակ, որին անձամբ եմ վերջերս ականատես եղել. Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կառուցվել է «Դիսնեյլենդ», սակայն ամենակարևոր և ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ այստեղ հերոսներն ազգային` թուրքմենական հեքիաթներից, պատմությունից են վերցված, և այս միջոցով երեխաների մեջ դեռ վաղ տարիքից ձևավորվում է սեփական ազգային հերոսների, եթե կարելի է ասել, արժեհամակարգը։
Մեր ազգային հիմքերի դեմ կատարվող այս բոլոր քողարկված և բացահայտ հարձակումները Մ.Լալայանը տեղավորում է ներկայումս ընթացող, սակայն հաճախ չգիտակցվող բազմոլորտ պատերազմների` ինֆորմացիոն, հոգևոր, տնտեսական, համատեքստում։ Այս «խաղաղ պայմաններում» ընթացող պատերազմներում տարբեր պատրվակներով խարխլվում է մեր հիմքը, և այս ամենի դեմ պայքարելու, հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար հեղինակը իրավացիորեն դիմադրության կոչ է անում։ Միայն դիմադրությունից հետո մենք կարող ենք փորձեր անել դուրս գալ անորոշությունից։ Թերևս, ցավալի է, որ մեր այսօրվա Ազգային գաղափար ենք հռչակում դիմադրությունը, այլ ոչ թե ավելի շոշափելի արդյունք ունեցող կամ ավելի վեհ գաղափար, սակայն դրանք են մեզ պարտադրված պայմանները։ Այն, որ այդ տարատեսակ պատերազմներն ընթանում են թվացյալ խաղաղության պայմաններում, էլ ավելի է թուլացնում մեր զգոնությունը։ Մեր կարծիքով, այդ պատերազմների գլխավոր թիրախը հենց մեր զգոնությունը, դիմադրելու կարողությունը թուլացնելն է, որը կհանգեցնի բարոյահոգեբանական անկման, ինչի արդյունքներն արդեն իսկ տեսել ենք։ Հիշենք թեկուզ 1920թ. թուրք-հայկական պատերազմում հայոց բանակի ոգին, Կարսի անկումը և այլն։ Պետք է գիտակցել, ի վերջո, որ տարատեսակ քարոզները բերելու են մեր հատկապես երիտասարդ սերնդի զգոնության թուլացման, դիմադրության անկարողության և ոչ երբեք թշնամիների հետ հարաբերությունների նորմալացման։ Հիշենք, որ անցյալ դարասկզբի թուրք-հայկական ռազմական բախման ժամանակ թուրքերը գնահատեցին ոչ թե Գյումրիում իրենց աղ ու հացով դիմավորելը, այլ Մայիսյան հերոսամարտերում արժանի հակահարված տալը, որից հետո նույնիսկ գովասանքի խոսքեր ասվեցին հայ զորականին։
Այս ամենը մեզ մղում է հոգեկան ամլության, ու հենց սրա դեմն առնելու համար Մ.Լալայանը դիմում է գուցե փոքր-ինչ ծայրահեղ բնորոշման և թուրքերի հետ մեր հարաբերությունները հատկապես հայրենատիրության համատեքստում տեսնում է անխուսափելի բախման միջոցով. «Այո, բախումով, քանզի մնացած ճանապարհները պատմությամբ արդարացված չեն։ Եվ «խաղաղ գոյակցության» անարժեք քարոզները միայն մեզ կարող են խաբել, բայց ոչ թուրքին» (էջ 17)։ Ի դեպ, անդրադառնալով Հայության առաջնային խնդիրներից հայրենատիրությանը և 1915-ի ցեղասպանությանը՝ հեղինակը դրանց տալիս է մի բացատրություն, որն աչքի է ընկնում թե՛ իր յուրօրինակությամբ, թե՛ Մ.Լալայանի բառերով ասած՝ «հայրենազգաց հայորդիների» համար ընկալելի լինելով. «Կորսված հայրենիք տենչալով` մենք ոչ թե բաղձում ենք տնտեսական կամ այլ կարգի շահավետություն, այլ` նախ և առաջ աղճատված էության ամբողջացում» (էջ 20)։ «Մենք ասում ենք. 1915-ը մեզ համար սոսկ ողբերգանք չէ, այլ, առաջին հերթին, Հայրենիքի տենչ» (էջ 73)։ Մեր բնօրրանի 1/10 մասում սեղմված ապրելը, ըստ հեղինակի իրավացի դիտարկման, աղճատում է մեր էության ամբողջականությունը։ Եվ իրոք, մեզանում հայրենիքի մի մասի կորստի տրավմատիկ հիշողությունը փոխանցվում է սերնդեսերունդ, երբեմն նաև ուռճացվում ու բացարձակացվում է, նույնիսկ հասնում առասպելացման։ Այս ամենը վկայում է, որ դրանք սոսկ տարածքներ չեն, այլ մեր էության բաղադրիչները, որոնց կորուստը շարունակ հետապնդելու է մեզ։
Մ.Լալայանը կոչ է անում ազգային արժեքների և ժառանգության գնահատման հարցում առաջնորդվել «ներցեղային բարոյականով», և այդ դեպքում պատմության ընթացքում ստեղծված կամ ստեղծվելիք յուրաքանչյուր իրողություն արժևորվում է համահայկականության սկզբունքով։ Հենց այս սկզբունքն է օգնում անաչառ գնահատական տալ Հայության համար ներդրում ունեցողներին` անկախ նրանց կուսակցական, դավանական պատկանելությունից։ Պետք է օրինակելի և մերը համարել Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների ձեռքբերումները, գործիչներին, ընդ որում՝ ինչպես քրիստոնեության ընդունումից հետո, այնպես էլ դրանից առաջ։ Մ.Լալայանի բնորոշմամբ՝ պետք է ամրագրվի, որ «Մեր անցյալը, ներկան և ապագան մի անխզելի ամբողջություն են» (էջ 40)։ Ներցեղային բարոյականը որպես գերակա արժեք է հռչակում էթնիկ պատկանելությունն ու ազգային գիտակցությունը և ժխտում ցանկացած բաժանումներն ըստ տեղային սկզբունքի, այսպես կոչված, տեղային ազգայնականությունը, ախպարներ, ֆրանգներ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ կործանարար բաժանումները։ Ազգային գաղափարախոսությունն ազգի բնորոշման կրոնական և էթնիկ սահմանումների մեջ առավելությունը տալիս է էթնիկ ծագմանը` գտնելով, որ «ազգությունը վեր է կրոնական դավանանքից, և դա է միակ բնական կապը ազգի տարբեր դավանանք ունեցող անդամների միջև» (էջ 40)։ Հեղինակը Հայության տարբեր հատվածների համախմբման անհրաժեշտ պայման է համարում ներցեղային բարոյականի արմատավորումը մեր կյանքում (էջ 37), իսկ վաղվա օրվա ազգային համաձայնության գրավական տեսնում նորահասների «Ցեղի և Հայրենիքի հավիտենարժեք գաղափարներով դաստիարակելը» (էջ 37)։ Սակայն, ցավոք, մեր օրերում այս վեհ գաղափարներին ծառայելու պատրաստակամ երիտասարդների կողքին շատ հաճախ հանդես են գալիս պաշտոնամոլներ, պատեհապաշտներ, որոնք իրենց վարքագծով վարկաբեկում են գաղափարը, և սրանում նույնպես կա այդ ամենը կազմակերպողների մեղքի բաժինը։ Խեղվող արժեքների շարքում սրանք ևս իրենց աղավաղված տեսքով են ընկալվում թե՛ դրանք «կրողների» և թե՛ հասարակության մեջ։ Արդյունքում՝ դա հակառակ էֆեկտ է ունենում։
Մ.Լալայանը ազգային չարիքների շարքում է դասում նաև կուսակցամոլությունը. այստեղ տեղին կլինի ասել, որ ինքը` հեղինակը, հեռու է այս մոլությունից։
Ինչպես նշել էինք, աշխատությունը պատասխան է տալիս մի շարք խրթին հարցերի կամ որոշակիորեն կողմնորոշում այդ հարցերի պատասխանները որոնողներին։ Նմանօրինակ խնդիրների շարքում առանձնացնենք Ազգային գաղափարախոսության, եթե կարելի է ասել, հետադիմական, ժամանակի ռիթմից դուրս քայլելու հարցը։ Շատերը դա համարում են անցած էտապ և համեմատում ատոմային դարում նետ ու աղեղով կռվելու կոչի հետ։ Սակայն այս ամենի սպառիչ պատասխանը ևս տրվում է աշխատության մեջ. «Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն» (Էջ 38)։ «Այսպիսով, թեև բոլոր ազգերը` իբրև Արարչի ծնունդ, Հավերժի և Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող իր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրեն տրված ճանապարհը» (էջ 39)։ Այսինքն` սա կարելի է բնութագրել իբրև կոչ` պահելով ազգային յուրահատկությունները, պահանջել հարգանք դրանց հանդեպ և շփում այլոց հետ՝ ազգայինը պահելով, արժանապատիվ հարաբերություններ, որևէ մեկից չգերադասելով և չթերագնահատելով ինքներս մեզ։ Մ.Լալայանի ձևակերպմամբ՝ «Ազգերի մշակութային մերձեցում (բայց ոչ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ոչ մեկուսացում), այսինքն` հոգևոր մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը» (էջ 39)։ Հեղինակի դիպուկ բնորոշմամբ՝ Ազգային գաղափարախոսությունը պետք է խարսխվի ոչ թե օտարատյացության, այլամերժության, այլ` հայրենապաշտության, այսինքն` առողջ ազգայնականության հիմքի վրա (էջ 40)։
Չընդունելով և քննադատելով եկեղեցու մերժողական մոտեցումը մեր հեթանոսական անցյալի նկատմամբ` հեղինակը սահմանում է մի շատ ընկալելի հասկացություն, որ Հայ եկեղեցին նախ և առաջ պետք է որդեգրի ազգային նկարագիր և նույնիսկ վերագնահատի իր պատմությունը ազգային շահի դիրքերից (էջ 47)։
Այսօր շատերը, այդ թվում և մամուլը, գաղափարականներին կամ գաղափարականությունը վերցնում են չակերտների մեջ և սրա համար երբեմն ունեն նաև օբյեկտիվ պատճառներ։ Սակայն միանշանակ մերժելի է առանձին մարդկանց ոչ գաղափարական նկարագիրը կամ դրա քողի տակ այլ նպատակներ հետապնդելը վերագրել ամբողջ գաղափարին կամ գաղափարականությանը։ Սա, անկասկած, խայծ է, որի մասին Մ.Լալայանը գրում է. «Սակայն մեզանում գաղափարականությունը համարել ռոմանտիզմ, կնշանակի դրսի քարոզչական տեխնոլոգիաների ծուղակն ընկնել, որոնց խնդիրներից է իրապաշտության (ռեալիզմ) կամ գործապաշտության (պրագմատիզմ) անվան տակ մարդկանց գաղափարների, իդեալների դաշտից կտրելը» (էջ 65)։
Որպես գրքի ամփոփում և առաջիկա գործողությունների ուղենիշ` նշվում է երկրի հոգեբարոյական վերանորոգման, նոր արժեքների հաստատման, այսինքն՝ արմատական-համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, իսկ դրա համար հարկ է նախ փոխել հասարակության հիմքում եղած արժեքային համակարգը։
Մելքոնյան Ռ.Հ.
բանասիրական գիտությունների թեկնածու
դեպի ետ